• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ի՞նչ է պետք լավ պատմվածք գրելու համար ըստ Հեմինգուեյի

Ի՞նչ է պետք լավ պատմվածք գրելու համար ըստ Հեմինգուեյի

Էռնես Հեմինգուեյն իր նշանավոր «Տոն, որ միշտ քեզ հետ է» կենսագրական գրքում ի թիվս փարիզյան կյանքի պատկերների, նշանավոր արվեստագետների հետ հանդիպումների ու իր կենսագրության դրվագների, նկարագրում է նաև, թե ինչպես էր գրում իր պատմվածքները, ինչպես էր գրելը  համադրվում այդ տարիների իր կենսաձևի հետ։ Ընդհանրապես, Հեմինգուեյն հայտնի էր իր ստեղծագործական պրոցեսի կանոնակարգվածությամբ, ամեն բառի ու տողի նկատմամբ մեծ ուշադրությամբ։ Նա ուներ իր աշխատանքային ժամերը, վայրերը, աշխատանքի հետ կապված սովորություններ ու հատուկ կերպ։  Սիրում էր աշխատել կանգնած, երկար մշակում էր արդեն գրված ստեղծագործությունները։  Ներկայացնում ենք մի հատված «Տոն, որ միշտ քեզ հետ է» վեպից, որտեղ գրողը պատմում է լավ պատմվածք գրելու գաղտնիքների մասին:
 
Տոն, որ միշտ քեզ հետ է

(հատված)

 

Երբ վերադարձանք, Փարիզում պարզ էր, ցուրտ ու գեղեցիկ: Քաղաքը հարմարվել էր ձմռանը. մեր փողոցի հակառակ կողմում որակյալ վառելափայտ ու ածուխ էին վաճառում, և լավ սրճարաններից շատերը դրսում կրակամաններ էին տեղադրում այնպես, որ բացօթյա պատշգամբում նստած՝ չէիր մրսում: Մեր բնակարանում տաք էր ու դուրեկան: Բուխարիում վառում էինք boulets՝ ածխափոշուց ստացված ձվաձև գնդեր, ու սքանչելի էր փողոցների վրա ընկնող ձմեռային լույսը։ Արդեն վարժվել էիր կապույտ երկնքի ֆոնին մերկ ծառեր տեսնելուն և պարզկա ու հատու քամու ներքո քայլում էիր Լյուքսեմբուրգյան այգու նոր մաքրված մանրախիճ արահետներով: Ծառերն առանց տերևների գեղեցիկ էին թվում, երբ հաշտվում էիր նրանց մերկության հետ, և օրվա պայծառ լույսի տակ ձմեռային քամիները կնճռոտում էին ջրավազանների դեմքն ու շաղ տալիս շատրվանների ցայտերը: Սարերում ապրելուց հետո բոլոր տարածություններն այժմ կարճ էին մեզ համար:
Այնտեղի բարձրունքներից հետո այստեղի բլուրների հաղթահարումը միայն հաճելի էր, և հյուրանոցի վերին հարկ բարձրանալը՝ դեպի մի սենյակ, որտեղ աշխատում էի, և որի բլրային բարձրությունից երևում էին թաղամասի բոլոր տանիքներն ու ծխնելույզները, նույնպես հաճելի էր: Բուխա-րին ծուխը լավ էր քաշում. սենյակում տաք էր, աշխատելը դուրեկան: Թղթե տոպրակների մեջ մանդարին ու բոված շագանակ էի բերում և կճպում–ուտում էի այդ փոքրիկ նարնջագույն միրգը՝ կրակի մեջ նետելով նախ կեղևը, իսկ հետո թքելով նույն ուղղությամբ էի ուղարկում կորիզները։ Եթե շատ սոված էի, ուտում էի նաև բոված շագանակները: Ես միշտ սոված էի՝ քայլելուց, ցրտից, աշխատելուց: Սենյակում բալի օղի ունեի, որ սարերից էինք բերել, ու մեկ-երկու բաժակ խմում էի, երբ պատմվածքը վերջանալու վրա էր կամ ավարտվում էր հերթական աշխատանքային օրը: Երբ աշխատանքն ավարտում էի, ծոցատետրս կամ թղթերս փակում էի գրասեղանի դարակում, իսկ մնացած մանդարինները դնում էի գրպանս: Եթե դրանք սենյակում մնային, գիշերվա ընթացքում կսառցակալեին:
Հրաշալի էր իջնել երկար ձգվող աստիճաններով՝ իմանալով, որ աշխատանքդ հաջող է ստացվել։ Ես միշտ աշխատում էի այնքան, մինչև որևէ իսկական բան արած լինեի, և միշտ կանգ էի առնում, երբ հստակ գիտեի, թե պատմվածքում հետո ի՞նչ է տեղի ունենալու: Այդպես կարող էի վստահ լինել հաջորդ օրվա շարունակության համար: Բայց երբեմն, երբ պիտի նոր պատմվածք գրեի ու չէի կարողանում սկսել, նստում էի բուխարու առաջ, մանդարինների կեղևահյութը ճզմում էի կրակի մեջ ու դիտում, թե ոնց է կապույտ կայծեր արձակում։ Վեր էի կենում, նայում էի փարիզյան տանիքներին ու մտածում. «Մի անհանգստացիր: Դու առաջ էլ ես կարողացել գրել ու հիմա էլ ես գրելու: Ընդամենը պիտի մի ճշմարիտ նախադասություն գրես: Գրիր ամենաճշմարիտ նախադասությունը, որ գիտես»:

Ի վերջո, ես գտնում էի այդ ճշմարիտ նախադասությունը և հետո դրա օգնությամբ առաջ էի շարժվում: Ու արդեն հեշտ էր, որովհետև միշտ գտնվում էր մի ճշմարիտ նախադասություն, որ գիտեիր, կամ տեսել էիր, կամ լսել էիր ինչ որ մեկից: Իսկ եթե սկսում էի հնարելով գրել կամ՝ այնպես, կարծես ինչ-որ մեկը ներկայացնում կամ տեղեկացնում է ինչ-որ բան, պարզվում էր, որ այդ խուճուճ-մուճուճ զարդարանքները կարելի է կտրել ու դեն շպրտել և սկսել առաջին ճշմարիտ, պարզ պատմողական նախադասությունից, որ արդեն գրել էի: Այնտեղ՝ այդ սենյակում, ես որոշեցի, որ իմ ճանաչած յուրաքանչյուր բանի մասին մեկական պատմվածք կգրեմ: Այդպես էի փորձում մշտապես վարվել, երբ գրում էի. ու դա խիստ, բայց օգտակար կարգապահություն էր:
Այդ նույն սենյակում էր, որ վարժվեցի աշխատանքն ավարտելու պահից սկսած այլևս չմտածել գրածիս մասին՝ մինչև հաջորդ օրը նորից սկսելը: Այդպիսով իմ ենթագիտակցությունը կաշխատի դրա վրա, իսկ ես միևնույն ժամանակ, հուսով էի, ունակ կլինեմ նոր մարդկանց լսել ու նոր բաներ սովորել, հուսով էի՝ ունակ կլինեմ շրջապատս նկատել. ու կարդում էի, որ չմտածեմ աշխատանքիս մասին ու անզոր չդառնամ նրա առաջ: Բարեխիղճ աշխատանքից հետո (իսկ դրա համար պետք էր թե՛ հաջողություն, թե՛ կարգապահություն) այդ երկար աստիճաններով իջնելը հրաշալի զգացողություն էր. հիմա կարող էի ազատ շրջել Փարիզում:
Կեսօրից հետո կարող էի տարբեր փողոցներով մոտենալ «Jardin du Luxembourg»-ին, անցնել այգիների միջով ու մտնել Լյուքսեմբուրգի թանգարան, որտեղ հիասքանչ կտավներ կային. դրանց մեծ մասն այժմ տեղափոխել են Լուվր կամ Ժյո դը Պոմ: Գրեթե ամեն օր այնտեղ էի գնում տեսնելու Սեզանին, Մանեին, Մոնեին և մյուս իմպրեսիոնիստներին, որոնց ծանոթ էի դեռևս Չիկագոյի գեղարվեստական ինստիտուտից: Սեզանի նկարչությունից որոշ դասեր քաղելով՝ ես հասկացա, որ միայն պարզ ու ճշմարիտ նախադասություններ գրելը բավական չէ պատմվածքին այն խորությունը տալու, որին փորձում էի հասնել։ Առհասարակ շատ բան էի սովորում Սեզանից, բայց չէի կարող որևէ մեկին այդ ամենը հստակ բացատրել: Եվ հետո՝ դա գաղտնիք էր: 

Աղբյուրը՝ Էռնեստ Հեմինգուեյ, Տոն, որ միշտ քեզ հետ է/թարգմ., Սևակ Ղազարյան/, Երևան, Մագաղաթ, 2025 

Art 365

21.07.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.