• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հրանտ Մաթևոսյան․ Մեսրոպ

Հրանտ Մաթևոսյան․ Մեսրոպ

Հրանտ  Մաթևոսյանի «Մեսրոպ» վիպակը նրա վաղ շրջանի գործերից է, որը սակայն ինչպես մեծ արձակագրի 1960-ական թվականներին գրված մի քանի այլ ստեղծագործություններ, մեր գրաքաննությունը  մերժում է և դրանք հրատարակվում են Մոսկվայում՝ «Дружба народов» ամսագրում։ Ավելին Հրանտ Մաթևոսյանը 1967-ին ստանում է նաև այդ հեղինակավոր գրական ամսագրի մրցանակը։ Հարցազրույցներից մեկում արձակագիրն այս մասին հիշում է․ 

Մի խոսքով, «Ծառերը» ամբողջական մի գիրք չեղավ: «Մեսրոպը» դուրս էին գցել «Օգոստոսից»: «Բեռնաձիեր» շարքի մեջ էր, լավ տղերքը դուրս գցեցին, չնայած որ Մոսկվայում արդեն տպագրվել էր և «Դրուժբա նարոդովի» տարեկան մրցանակն էլ ստացել: Հայերեն «Մեսրոպը» առաջին անգամ դրսում է տպագրվել, Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում, 1969-ին: 77-ի գրքում դարձյալ դա և «Խումհար» վիպակը իմ կյանքը կերան: Էդ ժանիքավորները, որ դեռ կան հիմա, որ ետին թվով իրենց երեկվա հրապարակի հերոս են տեսնում, չեն ասում՝ ինչ ենք արել: Գիրքը չորս տարի ուշացումով տպագրեցին: Զզվեցրին ինձ ինձանից, իրենցից, գրից ու գրչից: Դա ուղղակի նողկալի էր:  

Երևում է, որ միջավայրից շատ տարբեր, կարդացած, հայոց պատմություն իմացող ու վտանգավոր հարցեր բարձրացնող ձիապան Մեսրոպը հեղինակին հանգիստ չի տվել  ստեղծագործական կյանքի ամբողջ ընթացքում։ Ի՞նչ է ուզում Մեսրոպը, ինչո՞ւ չի կարողանում հանգիստ ապրել բազմազգ երկրում, ինչո՞ւ է ընդվզում։  Մեկ այլ առիթով՝ ավելի ուշ, Հրանտ Մաթևոսյանը նրան դնում է Չարենցի խմբապետ Շավարշի ու էպոսի Փոքր Մհերի կողքին․

Եվ «Դատավարությունը» պետք է գրվեր ոչ այստեղ և ոչ այն ժամանակ, այլ հետո և Եվրոպայում. անիրական թշնամու պես մահը կգա, ուղղակի ժպտալով քեզ մեռնելու կհրավիրի իրական աղբանոցում, իսկ դու մահվան այլ պատկերացում ունեիր: Մեկ էլ Խմբապետ Շավարշն է Մհերը՝ տիտան, քաջ, ողբերգական ու ծիծաղելի: Իմը դեռ ճանապարհին է: Ձեռագիր «Մեսրոպս»՝ տղայի իմ իսկապես հանդգնությունը, վիրավորելու չափ քաշքշեցին ու դեսուդեն արին...

Իսկապես հանդգնություն էր այդ տարիներին այդպիսի կերպարի ստեղծումը։ Մեսրոպին կարելի է կասկածամիտ համարել, գուցե հիշաչար, անցյալով ապրող ու ներկային չհամակերպվող, իհարկե, հայրենասեր, սակայն խնդիրն այն է, որ մեր ժողովրդի անցյալն այնքան ողբերգական ու դաժան է, որ ներկան մշտապես սև գույներով է երևում, իսկ ապագան էլ վտանգավոր ու անորոշ։ Ինչպես այս շրջանի այլ գործերում է հեղինակը բարձրացնում է հարցեր, որոնց պատասխանները դժվար է գտնել, դժվար է ընտրություն կատարել, դժվար է մոռանալ անցյալը։Դժվար է ասել արդյո՞ք հեղինակի համակրանքը այս կերպարի կողմն է, թե՞ ընդհակառակը։ Ամեն դեպքում Մեսրոպ մնում է հայ գրականության ամենից տպավորիչ ու ողբերգական կերպարներից մեկը։

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված  «Խոսքի աշխարհը» նախագծի շրջանակում Art365-ը ներկայացնում է հատված «Մեսրոպ» վիպակից։   

 

Մեսրոպ

(հատված)

 

 Ձիապանը լավ Հայոց պատմություն գիտեր և սարերի միակ մարդն էր, որ զգում էր իր հայությունը։ Մյուսները գիտեին, որ իրենք գառնարած, հորթարած են, հնձվոր, կթվոր, խուզվոր են, որ ցրտերի հետ իջնելու են ձորը՝ Ծմակուտ, շոգի առջևից զովի հետ դուրս են գալու սարերը։ Ձիապանին այդքանը քիչ էր թվում, և նա պատմում էր Հայոց պատմություն, ինչը որ լավ գիտեր։ Եթե լսող էր ունենում՝ մի քիչ հնարում էլ էր, երեկվա պատմածն այսօր սուտ էր համարում, Հայոց պատմության սկիզբը մեկ քշում, տանում, չորս հազար տարվա խորք էր իջեցնում, մերթ ծլեցնում էր երեկվա միջից, նայած այդօր ինչ  վերաբերմունք ուներ մեզ հարևան ուրթին։

 — Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել։ էն է Լեոյի ժամանակներն էր, էլի, սարի պես մարդուն տվին աչքիս դեմ շուռ տվին՝ մի ձեն հանող չեղավ։ Հայ կա՞ր՝ որ հայի համար ձեն հանող լիներ — կաթ, ոչխար, ես ինչ իմանամ ուրիշ ինչ։ Մերանը Լեոն գցեց։ Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում՝ դառնում է մածուն, Լեոն հայերին էդպես է հնարել։ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»— ոչ կատուն է արհեստավոր եղել, ոչ էլ շունը անգլխարկ, գլխարկր շան ինչի՞ն է պետք, այտա, Հովհաննես Թումանյանը նստել ու երեխեքի համար հնարել է։ Կարդում են։ Էն է մյուս սեղանին էլ Լեոն է նստել ու մեր հայերիս պատմությունը հնարել։ Զարմայր նահապետ, չէ՜ մի,  զահրումար նահապետ։

Սարվորները գառնարած, տավարած մարդիկ էին, չէին վիճում, իրենցը խուզելն ու կթելն էր՝ խուզում ու կթում էին։ Այդ բոլոր բաները՝ Լեոն, Զարմայրը, Քրիստոսի ծնունդից առաջը, Հովհաննես  Թումանյանր՝ բոլորը ձիապանի տան կարասիներն էին, ուզածի պես դասավորում էր, և սարվորները մտածում էին, որ նա ձիապան չէր լինելու, երևաններում-բանում մի տեղ դասատու էր լինելու։
   — Գայլ Վահան։ Եկան՝ ջարդեց. եկան՝ ջարդեց՝ նորիդ եկան։ Եկածին ջարդեց՝ հաշվեցին, հաշվեցին —  Պարսկաստանը սրբել էր, էլ Պարսկաստանում մարդ չէր մնացել։ Աշխարքում հիմա էլ Պարսկաստան չկա, հայոց մեր գելը սրբել է։ Գայլ Վահան, չէ՜ մի, քաջ Նազար։

Մեկ էլ՝ հակառակն էր ասում։ Թե ուրեմն տղամարդ ենք եղել՝   որ թուրքը հազար տարի բկներիս նստած դիմացել ենք։

—  Պարծենալու բան է,— ասում էր,— պիտի պարծենանք։

Նրա ասածներից չէին ուրախանում և չէին տխրում: Ուղղակի՝ իրենց գործին էին — կթում էին, խուզում էին, թրջվում ու չորանում էին, խոսում էին նրանց հետ թուրքերեն և իրենց ասածը և նրանց ասածից մի երկու բան քեզ ասում էին թուրքերեն ու թարգմանում հայերենի, և դա գեղեցիկ էր, ծիծաղում էին թուրքերեն լավ չիմացողների վրա, աշխօր էին ստանում, փող էին ստանում,— ապրում էին։ Եվ տպավորությունն ահա այս էր, հիսունհինգ-հիսունութ տարեկան մի մարդ, Ղազարյան Մեսրոպ անունով, ինքն իր համար խոսելով պտտվում է երամակների, հոտերի ու ամպերի միջև կանաչ սարերում, ուրկից երևում է այս անսահմանորեն մեծ աշխարհից Գուգարքի մի մասի միայն մի մասը։ Նա չէր խոսում թուրքերեն և ոչ էլ ուզում էր նրանք հայերեն խոսեն։ Նա նրանց թուրք էր ասում, որպեսզի նրանք վիրավորվեն, բայց նրանք չէին վիրավորվում, որովհետև ամենևին էլ թուրք չէին։ նրանց զբաղմունքն այդ չէր, թրքությունը չէր նրանց զբաղմունքը այլ, մերոնց նման, ոչխար, պահելը, խուզելը, թրջվելը, չորանալը, անձրևին ու աշխարհին հայհոյելը։ Եվ մերոնց մեծերը Մեսրոպին ասում էին։

— Դե լավ, էլի, ձենդ կտրիր։

Բայց մի տեղ կար, երբ Մեսրոպը կարծես հասնում էր նպատակին։ Նրանք սար էին գալիս իրենց հեռու դեղին հովիտներից, իսկ սարերին մոտիկը մեր գյուղն էր և սարերը մեր սարերն էին, համարյա թե կլոր տարին՝ աշնանը, ձմռանը, գարնանը մերն էին։ Ամռանը նրանք իրենց քոչերով հա գալիս էին, և մեր տունը դառնում էր ուրիշի տուն։ Աղբյուրի գուռը Արթընանց Արթինն էր գցած լինում, մեկ էլ՝ նրանց ոչխարն էր կիտվում գռի վրա։ Է՛, հարյուր տարի առաջ արոտներում ոչխարին աղ տալու աղաքարեր թաղած էր լինում Ղազարի Ավետը,  մեկ էլ՝ նրանց ոչխարն էր կուտապ-կուտապ գալիս  աղաքարերի  վրա։  Ձորի մեր անտառում հաճարի մեր ծառերին մենք գրած էինք լինում մեր անունր և կարծած, թե ծառը մեզնից հետո մեր անունր պահելու է դեռ երկար ու երկար, մեկ էլ մեր գիրը վրան այդ ծառը գոմեշների քամակով էր տալիս նրանց չոբանն ու, հո հա հո, քաշում իրենց ուրթ մեր անունը վրան այդ ծառը։

— Թուրքերը եկա՜ն,— ասում էր ձիապանը։— Չկային, է, չկային։ Քսան թվին ստեղծվեցին։ Սերգեյ Միրոնովիչ Կիրով,— ասում էր ձիապանը։— Երեսուն տարում ոնց ժողովուրդ դարձան։ Սոցիալիզմի մերը չմեռնի, ապա մի ասա՝ սոցիալիզմ։   Սրանց սոցիալիզմն ստեղծեց, չկային, է, չկային, ստեղծեց, քշեց Արթինի աղբյուր՝ եղբայրաբար ջուր խմեք։ Լույս դառնաս, Արթին, դու էլ որ չէիր եղել՝ սրանց ոչխարը  որտե՞ղ էր ջրվելու։  Ես ասում եմ բողոք գրենք Մոսկվա՝ մեր հանդերը մեզ տան, հը՞:

Մեր հոտը մի եզրով քսվում էր նրանց խոտհարքին, կամ նրանց հոտն էր կոխ տալիս մեր արոտը, և տեղնուտեղը փետակռիվ էր ճայթում։ Գլուխ էր ծակվում, թև էր ջարդվում, շապիկ էր ճղվում, նրանք մերոնց հայհոյում էին հայերեն՝ որպեսզի մեր սիրտը խառնի, և մերոնք նրանց թուրքերեն էին հայհոյում, շներն էին իրար հասնում և շնակույտ էր լինում և այլն։ Հետո հացի էին նստում։ Կենաց էին խմում և բարիացած զարմանում էին, թե ինչու է փաթաթված դիմացինի գլուխը, ճղված՝ շապիկը, վզից կախ՝ թևը։ Կռվի մասին խոսք չէր լինում, և ասես թևերը ջարդվել էր հաց ուտելիս։ Ձիապանն իրիկունը թքոտում ու մերոնց ուշունցի էր կապում։

— Էդ՝ կարոտել էիք, գնացել էիք մի քիչ ֆարսերե՞ն խոսեք։ Էդ՝ հունարեն էիր խոսում, զոռից գլուխդ ծակվեց, հա՞, Մուքելանց դատարկ։ Տո՝ լի՛րբ եք, լի՛րբ, կնկա լիրբ եք, ով ձեռը մեկնում է՝ չէ ասել չունեք։

Սարվորները լռում էին։

— Հը՜,— լարվում էր ձիապանը,— Մասկվա— Կրեմլ, Պրեդսեդատելյու  Պրեզիդիումա  Վերխովնովո  Սավետա  Սայուզ  ԷՍԷՍԷՌ:

Դա  տպավորություն թողնում էր, սարվորներն ասում էին.

 — Սայուզ ԷՍԷՍԷՌ, հետո՞:

— Առաջարկում ենք թուրքերին մեր խոտհարքներից հանել:

Սարվորները լռում էին։

— Հը՜,—  բղավում էր ձիապանր։

— Ամոթ է,— նեղվում էին սարվորները,— հետները նոր հացի էինք նստած։

— Այ քթիցդ գա էդ հացը,— հայհոյում էր ձիապանը,– քթիցդ գա էդ կերածդ հացը, որ քու զավակր չի ունենալու, որ ուտի։ Հետո մեկն ասում էր անհոգ-անհոգ.
   — Դե լավ, էլի, Մեսրոպ, սարեր են, էլի, կապրենք, էլի, ինչո՞ւ անտեղի նեղանանք-նեղացնենք։
   — Հա՜յ,—  կատաղում էր ձիապանր,— Քեզ մի կտրուկ բան է պետք, դաշտը իրենցն է, սարերդ էլ են  խլում, հա՜յ: Ոչխարդ  արոտ չունի՝  սարիդ կեսը տվել ես նրանց։
   Սարվորներն իրենք իրենց վրա սրտնեղում ու ծիծաղում էին.
   — Դե, բա հո չէի՞նք թողնելու էս տժտժան շոգով ոչխարն էն շոգ դաշտում պահեին։

Ձիապանը խելագարվում էր.

— Տո, տո, տո, տո, տո, տո, դե դաշտը շոգ է՝ էգուց էլ թող տան շլինքդ կոտրեն։
   Ուրթի մթան միջից մեկ էլ ասում էին.

   — Դե որ էդքան լավ մարդ ես ու չես ուզում իմ շլինքը կոտրեն՝  ձիդ նրանց խոտհարքը մի թող....

Բնագրի աղբյուրը՝ www.hrantmatevossian.org

©Հրանտ Մաթևոսյան -բնագրի համար

 

Art 365

12.08.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.