1920 թ․ փետրվարի 19-ին՝ իր ծննդյան օրն է Հովհաննես Թումանյանը գրել «Հայկական բանակը» բանաստեղծությունը։ Ըստ չհաստատված տվյալների այս բանաստեղծությունն առաջին անգամ լույս է տեսել «Բանակի օր» մեկօրյա թերթում։ Հետագայում հրատարակվել է երկերի լիակատար ժողովածուի 4-րդ հատորի հավելվածում, ապա 2018 թ․ Երկերի նոր հրատարակության առաջին հատորում։
Հայոց լեռներ սև֊սև ամպեր
Կուտակվել են, փաթաթվել,
Հայոց լեռներ սեգ-սեգ խմբեր,
Գոռ գընդեր են ողջ պատել։
— Ո՞վ է կանգնած լեռների հետ
Էն հըզորը անսասան.
Ծածանում է գըլխին վետ-վետ
Իր դրոշը սրրբազան։
— Էն Սասունցի Դավիթն է հին,
Մըսրա շըղթան խորտակել,
Թուր-Կայծակին իրեն ձեռին՝
Լույս աշխարհ է դուրս եկել։
Հայոց մըթին լեռների հետ
Նա է կանգնած անսասան,
Ծածանում է գըլխին վետ-վետ
Հայ դըրոշը սրբազան։
Էլ ո՞ր հավքը կանցնի թևով
Էն լեռների մութ շարքից,
Ո՞ր թշնամին կանցնի կենդան
Դավթի զորքից ու զարկից։
Հայոց լեռներ սև-սև ամպեր
Կուտակվել են, փաթաթվել,
Հայոց լեռներ սեգ-սեգ խմբեր,
Գոռ գընդեր են ողջ պատել։
Թեև այս բանաստեղծության ստեղծման հանգամանքների հետ կապված այլ տեղեկություններ չեն պահպանվել, սակայն, բանաստեղծության ստեղծման ժամանակը հնարավորություն է տալիս որոշակի ենթադրություններ անել բանաստեղծի այդ շրջանի տրամադրությունների մասին։ Հայաստանի առաջին հանրապետության գոյությունը, հայկական զինված ուժերի առկայությունը՝ դժվարագույն քաղաքական պայմաններում, մեծ բանաստեղծի մեջ ապագայի նկատմամբ հույսեր են ներշնչում։ Հայոց բանակը Հովհաննես Թումանյանը ներկայացնում է առասպելական-էպիկական պատկերներով ու շնչով։ Հայկական զորքերը բանաստեղծը համեմատում է լույս աշխարհ ելած Սասունցի Դավթի ու բռնակալների շղթաները խորտակող Թուր-Կեծակիի հետ՝ ընդգծելով մեր ժողովրդի ազատության ձգտումները, անսասանությունը՝ հայրենի լեռների պես և միասնությունը՝ ծածանվող սրբազան դրոշի ներքո։ Եվ այս ամենի երաշխավորն ու խորհրդանիշն ըստ Հովհաննես Թումանյանի հայկական բանակն է։