Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմը շարունակում է քննարկվել ու վեճեր հարուցել։ Դիտողների մի մասը համեմատում է այն Հոմերոսի «Ոդիսական»-ի հետ՝ փորձելով գտնել դիպաշարի, գաղափարական աշխարհի էսթետիկայի ընդհանրություններ ու չի գտնում։ Շատերն էլ՝ վերացարկվելով Հին Հունաստանից, առասպելաբանությունից և Հոմերոսի անմահ պոեմից, փորձում են ֆիլմը դիտարկել որպես հոլիվուդյան արկածային բլոքբասթեր՝ մեծ ռեժիսորի հակապատերազմական հզոր ու արդիական ուղերձ և այդպես «արդարացնել» Նոլանին։ Սակայն, ֆիլմի՝ պատմական կամ արդիական ծիրերում ընկալելուց, գնահատելուց կամ մերժելուց անդին կան խորքային այլ գաղափարներ՝ հունականի ընկալում, ակնածանք ու սեր, գեղեցիկ ու բարձր մի աշխարհ, որոնց էլ անդրադառնում է Շուշան Մարուքին իր էսսեում։
Ես կինոգետ չեմ, ես գրականասեր եմ ու հունասեր։ Հա, էդպիսի տերմին կա․ հենց հույներն են ստեղծել՝ ֆիլելինաս՝ հունասեր։ Ես մեծացել եմ հունական լեգենդների ու առասպելների բազմաշերտությունները, նրբությունները, հերոսների ոչ միանշանակ և միս ու արյուն լինելը տարեցտարի նորանոր կողմերից բացահայտելու հրճվանքով։ Էդպես էլ սկսել եմ սիրել գրականությունը, երազել Հունաստանի ու հունարենի մասին՝ մինչև էն պահը, երբ վերջապես հայտնվեցի էնտեղ ու սովորեցի հունարեն։
Թե որքանով ներկայիս Հունաստանը կապ ունի էն հին ու էպիկ հույների հետ, կամ այսօրվա հունարենը՝ հին հունարենի, ես չեմ ուզում մտածել։ Դա հեչ կարևոր չէ։ Ես ուզում եմ շարունակել հիանալ էն գիտակցությամբ, որ հազարամյակներ առաջ հույները էնպիսի սյուժեներ են հյուսել, որոնք դարեր շարունակ բազում արվեստագետներ ու արվեստասերներ քանդում են կծիկի պես, նորից ժանյակներ հյուսում, նորից ասեղնագործում կտավներ՝ դրանցով ոգեշնչված։ Որ նույն պատմությունը կարող է հազար անգամ պատմվել ու հազար անգամ ուրիշ պատմություն դառնալ՝ առանց երբևէ սպառվելու։ Որ այդ ամենը ոգեշնչման անսպառ աղբյուր է ու դեռ երկար այդպիսին էլ մնալու է։
Մոտավորապես էնպես, ինչպես Արախնեն ասեղնագործեց իր կտավը։ Էն մահկանացուն, որը համարձակվեց հայտարարել, թե ինքն ավելի լավ ասեղնագործող է, քան հենց Աթենա աստվածուհին։ Արախնեն գործեց մի այնպիսի կատարելություն, որ նույնիսկ աստվածուհին չկարողացավ հերքել նրա վարպետությունը։ Բայց չներեց նրա մեծամտությունը։ Բարկությունից պատռեց կտավը, Արախնեին վերածեց սարդի՝ դատապարտելով նրան հավիտյան հյուսել իր ոստայնը։ Ու էդ առասպելը ինձ համար միշտ եղել է ոչ միայն հպարտության, այլև ստեղծագործողի պատասխանատվության մասին։ Այն մասին, թե որտեղ է ավարտվում ոգեշնչումը, որտեղ է սկսվում մրցակցությունը, և ինչ գին կարող է ունենալ սեփական ստեղծածով հիանալու մոլուցքը։
Հազարամյակներ շարունակ աշխարհը ոգեշնչվում է հույներով։ Կառուցում են քաղաքակրթություններ, պետական համակարգեր, խոսում ժողովրդավարության, արվեստի, գեղեցկության, բժշկության, սիրո, ողբերգության մասին՝ հենց հույների ստեղծած հիմքերի, հասկացությունների ու բառերի հիման վրա։
Ու որքան էլ մարդկությունը փորձի առաջ գնալ, թվում է՝ էդ ամենի մասին ավելի ուժեղ, ավելի ճշգրիտ, ավելի համամարդկային բան, քան հույներն են ասել, դեռ ոչ ոք չի հնարել։
Հունասեր եմ ու, մի քիչ էլ, հույն՝ ըստ էության։ Ու ամենևին էլ չեմ բացառում, ավելին՝ անսահման ոգևորվում եմ, երբ տեսնում եմ հին ստեղծագործության նոր ընթերցումներ, հերոսների, դեպքերի ու նրբերանգների լրիվ ուրիշ տեսանկյունից բացահայտումներ։ Ինձ երբեք չի վախեցրել նոր մեկնաբանությունը։ Ընդհակառակը՝ եթե դասական ստեղծագործությունը չի դիմանում նոր ընթերցման, ուրեմն դասական էլ չի եղել։
Զուտ մի բան եմ ուզում զգալ․ որ ոգեշնչվածը ակնածանք ունի իր ոգեշնչման աղբյուրի հանդեպ։ Որ հասկանում է՝ ինքը մտնում է մի խոսակցության մեջ, որն իրենից հազարավոր տարիներ առաջ է սկսվել ու իրենից հետո էլ շարունակվելու է։ Որ իր նպատակը Հոմերոսին ուղղելը կամ նրանից խելոք դուրս գալը չէ, այլ նրա հետ խոսելը։ Նորից կարդալը, վիճելը, հակադրվելը, նույնիսկ գլխիվայր շրջելը՝ երբեք չուրանալով էն աշխարհը, որի վրա ինքն է կանգնած։ Որովհետև առանց դրա ոգեշնչում չկա։
Առանց դրա մնում է միայն սեփական գաղափարներն ապացուցելու փորձ՝ ուրիշի ստեղծած տիեզերքի հաշվին։ Մնում է խաղ՝ սեփական փորձարարասիրության ու սրբազան բաների սահմանագծին։ Ու հենց էդ սահմանը հատելու պահին ամենահեշտը կորցնում ես ամենակարևորը՝ մտքի, հոգու ու ասելիքի թելը։
Նոլանի ֆիլմն ինձ համար հենց էդպիսինն էր։ Մեծամտության դրսևորում։ Մի փորձ՝ նորից հյուսելու Հոմերոսի կտավը՝ առանց ակնածանքի, առանց ներշնչման։ Զուտ վիզուալիզացիաների ինքնանպատակություն, մարտաֆիլմ ու հակապատերազմական քարոզ՝ մի պատմության միջոցով, որտեղ պատերազմը մարդկային գոյության անբաժան մասն է, սովորական բան, մահը՝ աստվածների կամք, ոչ թե վերջ, հերոսությունը՝ հակասություններով լի ճանապարհ, ու որտեղ հազարամյակներ շարունակ ամեն սերունդ նոր իմաստներ է գտնում։ Ուժը՝ լաց լինելու կարողություն։
Անհոգի ու մերկապարանոց, թեպետ կարևոր, ժամանակակից գաղափարների իրականացում մի պատմության միջոցով, որն ինքն իրենով արդեն այնքան հզոր է, այնքան բազմաշերտ, այնքան հարուստ իրադարձություններով, էմոցիաներով ու հերոսների անվերջ վերլուծության հնարավորություններով։
Ոդիսևսի նման ոչ միանշանակ, ոչ պաթետիկ, ոչ ստանդարտ, ոչ դասական հերոսական, այլ իսկական միս ու արյուն կերպար, որի շերտերը ինչքան բացես, այնքան նոր շերտեր են բացվում, վերցնել ու դարձնել ամերիկյան դասական բլոքբասթերի զուսպ, լուռ ու գրեթե անէմոցիա տիպիկ հերոսի մարմնավորում...
Ինչո՞ւ
Որ պատմությունը դառնա ժամանակակից աշխարհի ամենակարևոր ուղերձներից մեկի մարմնավորո՞ւմը։ Որ՝ պատերազմները վա՞տ բան են։ Որ՝ մի՞ կռվեք իրար հետ։ Մի՞ սպանեք։ Որ՝ սպանելով, նվաճելով, հաղթելով՝ իրականում պարտվո՞ւմ ես։ Որ՝ պատերազմից տունդարձը երբեմն տունդա՞րձ չէ, այլ մահվան ուրիշ տեսակ։
Բայց էդ ամենն արդեն ասված է։ Ու ոչ մեկ անգամ։
Դա կարելի է ասել հազար լեզվով, հազար արվեստով, հազար պատմությամբ՝ առանց Հոմերոսի Ոդիսևսին փոխելու։ Էդ նույն միտքն, օրինակ, ասում է նաև Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը։ Բայց էնտեղ կա հոգի։ Ներշնչում կա։ Կա էնպիսի ներքին ճշմարտություն, որն ուղղակի վարակիչ է դառնում։ Հասնում է հանդիսատեսի սրտին՝ անկախ նրանից՝ կարդացե՞լ է «Ոդիսականը», գիտի՞ հունական դիցաբանություն։ Որովհետև իսկական արվեստը երբեք նախապայմաններ չի դնում։
Ամենաշատ լացող հերոսը հունական դիցաբանության մեջ Ոդիսևսն է։ Նա լացում է կարոտից, ընկերների կորստից, անզորությունից, երջանկությունից, տուն հասնելու հույսից ու դրա կորստից։ Նրա արցունքները թուլություն չեն, նրա մարդկայնությունն են։
Իսկ Նոլանի մոտ նա մի տեսակ անէմոցիա է, չափազանց զուսպ ու անվերլուծելի, կարծես ամբողջ էությունը մարմնացումն է մի մտքի՝ ինքը տառապել է պատերազմից։
Բա ո՞ւր է էն խորամանկը, որը խաբեց Կիրկեին։ Ո՞ւր է էն մեծամիտ գլուխգովանը, որ Կիկլոպի աչքը հանելուց հետո, արդեն փրկված լինելով, չդիմացավ սեփական փառասիրությանը, հետ շրջվեց, ներկայացավ իր անունով ու հենց իր մեծամտության պատճառով արժանացավ Պոսեյդոնի անեծքին։ Ո՞ւր է կյանքը վայելող էն հերոսը, որ տարիներ շարունակ ապրում է Կալիպսոյի գրկում՝ մոռանալով աշխարհի մնացած ամեն ինչ։ Ո՞ւր է էն համարձակը, որ հանդգնում է վիճել իր հովանավոր Աթենայի հետ, խորամանկել, խուսանավել, երբեմն նույնիսկ չանել էն, ինչ աստվածուհին է ուզում։
Չկա՜։
Նոլանի Ոդիսևսը միայն իրենն է։ Ինքն է ստեղծել։ Լավ է արել։ Ամեն արվեստագետ իրավունք ունի իր Ոդիսևսն ունենալու։ Մնում է հաջողել, մնում է Ոդիսևսի բազմաշերտություններից գեթ մի թել պահել։
Մինդեռ Նոլանի Ոդիսևսի մեջ մի գրամ միս ու արյուն չկա։ Չկա հույնը։ Չկա էպիկությունը։ Չկա էն հակասություններով լի հերոսը, որը մեկ նախադասության մեջ կարող է լինել և՛ խորամանկ, և՛ ազնիվ, և՛ մեծամիտ, և՛ խոցելի, և՛ անողոք, և՛ անսահման սիրող։ Չկա կյանքը։
Փոխարենը կա դեպրեսիայի մեջ հայտնված, մերկապարանոց ու քսանմեկերորդ դարին բնորոշ ճառեր ասող մի ամերիկացի, որը պարզապես պատահաբար Ոդիսևս անունն ունի։
Բա ո՞ւր են աստվածները։ Էն հավատալիքները, որ այս երկրի վրա ոչինչ հենց այնպես չի լինում։ Վստահությունը, որ կա մարդուց վեր մի ուժ։ Հրաշքի սպասման հավատը։ Վատ բաներ պատահելու դեպքում ինքնակեղեքումից ազատագրվելու էն փրկօղակը, որ մարդուն թույլ է տալիս ամբողջ կյանքը չապրել՝ մտածելով, թե ամեն ցավի, ամեն կորստի ու ամեն ողբերգության միակ մեղավորն ինքն է։ Աստվածները Հոմերոսի մոտ հենց դրա համար են։ Ոչ միայն Ոդիսևսին օգնելու, տանջելու, անիծելու կամ ճանապարհից շեղելու, այլ նաև հիշեցնելու, որ մարդը երբեք ամբողջովին մենակ չէ իր ճակատագրի հետ։
Բայց Հոմերոսի աշխարհում աստվածները գործող անձինք չեն միայն։ Նրանք աշխարհի տրամաբանությունն են։ Նրանք մարդու հպարտության, սխալների, պատիժների, ողորմության, բախտի ու պատահականության լեզուն են։ Նրանք ազատում են մարդուն այն մեծամտությունից, թե ինքը տիեզերքի կենտրոնն է, ու միաժամանակ տալիս են նրան հույս, որ ինքը մենակ չէ։
Նոլանի մոտ աստվածները գլխատված են։ Այն բոլոր դրվագներում, որտեղ նրանք պիտի հայտնվեին՝ օգնելու, խանգարելու, գայթակղելու, անիծելու, պաշտպանելու, ուղղորդելու կամ պարզապես հիշեցնելու, որ աշխարհը միայն մարդու չափով չէ, նրանք լռեցված են։ Նրանց տեղը զբաղեցրել է մարդու ներաշխարհը, խիղճը, տրավման, մեղքի զգացումը՝ ժամանակակից հասկացություններ։ Ամեն ինչ մնացել է մարդու ուսերին։
Ու էդ, թերևս, ամենաքսանմեկերորդդարյա որոշումն է, որ կարելի էր կայացնել։
Մի աշխարհ, որտեղ չկան աստվածներ, որովհետև մարդն ինքն է իրեն աստված հռչակել։ Որտեղ չկան հերոսներ, որովհետև հերոսականությունը կասկածելի է դարձել։ Որտեղ չկան հրաշքներ, որովհետև ամեն ինչ պիտի բացատրվի։ Որտեղ չկան առասպելներ, որովհետև ամեն առասպել պետք է թարգմանվի հոգեբանական տրավմայի լեզվով։ Նույնիսկ Աթենան՝ ռազմի, և իմաստության աստվածուհին, այստեղ ավելի շատ ողբասաց կնոջ է նման, քան աստվածուհու։
Ու գուցե հենց դրա համար էլ էս ֆիլմը «Ոդիսական» չէ ինձ համար։ Որովհետև Հոմերոսի «Ոդիսականը» միայն Ոդիսևսի ճանապարհը չէ։ Դա մարդկանց ու աստվածների, ճակատագրի ու կամքի, մեղքի ու ներման, մեծամտության ու հատուցման անվերջ երկխոսությունն է։ Աստվածներին հանելով՝ Նոլանը պարզապես մի քանի կերպար չի հանել պատմությունից։ Նա փոխել է պատմության տրամաբանությունը։
Նոլանն էլ կարծես մոտենում է Հոմերոսին էնպես, ինչպես Արախնեն Աթենային։ Վերցնում է նույն թելերը, նույն հերոսներին, նույն առասպելը և որոշում է նորից ասեղնագործել նույն կտավը՝ արդեն իր ձեռքով։ Ու դա համարձակություն կլիներ, եթե էդ կտավը լիներ այնքան հզոր, որ ինքը՝ Հոմերոսը նախանձեր նրան էնպիսի խորությամբ, ինչպիսին զգում էր Աթենան Արախնեի հանդեպ։
Թելերը նույնն էին։ Կտավն էլ էր նույնը թվում։ Բայց ոգին ինչ-որ տեղ ճանապարհին կորավ։ Իսկ առանց ոգու, նույնիսկ ամենաշքեղ ասեղնագործությունը մնում է պարզապես գեղեցիկ գործվածք։
Հոմերոսը՝ երբեք։
