18-րդ դարի կեսերին, երբ Հայաստանը վաղուց զրկվել է պետականությունից, Հնդկաստանի Մադրաս քաղաքում մի խումբ հայ մտավորականներ ոչ միայն մտածում էին հայրենիքի ազատագրության մասին, այլև փորձում էին պատկերացնել ապագա անկախ Հայաստանի պետական կառուցվածքը։ Ինչպիսի՞ն պետք է լիներ այն, ի՞նչ սահմանադրություն և օրենքներ ունենար։ Այդ որոնումների ամենանշանակալի արդյունքը դարձավ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունը։ Այն հայ սահմանադրական մտքի պատմության կարևորագույն դրսևորումներից մեկն է։ Ներկայացնում ենք տասը փաստ այս ուշագրավ աշխատության մասին։
1.Ինչո՞ւ Մադրասում
18-րդ դարում Հնդկաստանի Մադրաս քաղաքը հայ հասարակական, վաճառականական և մշակութային կյանքի կարևոր կենտրոններից էր։ Այստեղ հարուստ հայ վաճառականներ կային և ձևավորվել էր Մադրասի հայրենասիրական խմբակը, որի ներկայացուցիչները՝ Շահամիր Շահամիրյանը, նրա որդի Հակոբը, Մովսես Բաղրամյանը և այլք, զբաղվում էին Հայաստանի ազատագրության ու ապագա պետականության հարցերով։ Նրանց նպատակն էր ոչ միայն վերականգնել հայկական անկախությունը, այլև ստեղծել օրենքի և ժողովրդի իշխանության վրա հիմնված պետություն։
2. Ով է սահամանադրության հեղինակը․ Շահամիր Շահամիրյա՞նը, թե՞ նրա որդին
«Որոգայթ փառաց»-ի տիտղոսաթերթին նշված է Հակոբ Շահամիրյանի անունը, ինչի պատճառով երկար ժամանակ աշխատության հեղինակությունը վերագրվել է նրան։ Սակայն պատմագիտական ուսումնասիրությունները, հատկապես Թադևոս Ավդալբեգյանի աղբյուրագիտական հետազոտությունը, հիմնավորում են, որ աշխատության հեղինակը Շահամիր Շահամիրյանն է (1723–1797)։ Նրա որդին՝ Հակոբը, մահացել էր 1774 թվականին, մինչդեռ գրքում հիշատակվում են դրանից ուշ տեղի ունեցած իրադարձություններ։
3. Ստեղծման թվականը
Գրքի տիտղոսաթերթին որպես հրատարակության թիվ նշված է 1773 թվականը, սակայն դա ոչ թե տպագրության, այլ ստեղծման թվականն է։ Շ․Շահամիրյանի՝ վրաց Հերակլ Բ թագավորին ուղղված 1787 թվականի նամակից պարզվում է, որ այդ ժամանակ աշխատությունը դեռ տպագրված չէր։ 1789 թվականի նամակագրության մեջ արդեն հիշատակվում է դրա տպագիր օրինակը։ Հետևաբար, ընդունված է համարել, որ «Որոգայթ փառաց»-ը տպագրվել է 1787–1789 թվականների ընթացքում։
4. «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ»-ը որպես գաղափարական հիմք
Մադրասի խմբակի գործունեության մեկ այլ կարևոր արդյունք էր Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» աշխատությունը, որը լույս էր տեսել 1772 թվականին։ Այն հայ ժողովրդին ուղղված ազատագրական և քաղաքական արթնացման կոչ էր՝ միապետական կամայականության քննադատությամբ ու ժողովրդի իշխանության գաղափարով։ Եթե «Նոր տետրակը» ներկայացնում էր ազատության և ազգային ինքնուրույնության գաղափարները, ապա «Որոգայթ փառաց»-ը փորձում էր դրանք վերածել ապագա պետության իրավական և կառավարման համակարգի։
5. 521 հոդված
«Որոգայթ փառաց»-ը ապագա հայկական պետության հասարակական, քաղաքական և իրավական հարաբերությունները կարգավորելու մանրամասն նախագիծ է, որը բաղկացած է 521 հոդվածից։ Այդ հոդվածներում քննարկվում են պետական իշխանության կառուցվածքը, կառավարման մարմինների լիազորությունները, դատական համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, բանակը, կրթությունը և հասարակական կյանքի այլ ոլորտներ։
6. Իշխանությունը՝ ժողովրդին
Շ․Շահամիրյանի նախագծի հիմնարար գաղափարներից էր ժողովրդական իշխանությունը։ Պետության կառավարումը չպետք է կախված լիներ մեկ անձի՝ թագավորի կամքից։ Նախատեսվում էր ընտրովի ներկայացուցչական մարմին՝ «Հայոց տունը», որը պետք է դառնար երկրի օրենսդիր իշխանության կենտրոնը։ Այս մոտեցումը ժամանակի համար բավական առաջադեմ էր և արտահայտում էր ժողովրդական ինքնիշխանության գաղափարը։
7. Իշխանությունների տարանջատման սկզբունքը
«Որոգայթ փառաց»-ում նախատեսվում էին օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների առանձին գործառույթներ։ Դրանց տարանջատման նպատակը՝ մեկ անձի կամ մարմնի ձեռքում իշխանության կենտրոնացումը կանխելն էր։ Այս գաղափարը հիշեցնում է Մոնտեսքյոյի՝ իշխանությունների բաժանման տեսությունը և ցույց է տալիս եվրոպական լուսավորական մտքի ազդեցությունը հայ քաղաքական մտածողության վրա։
8. Օրենքի գերակայությունը
Շ․Շահամիրյանի պատկերացրած պետությունում օրենքը հավասար էր բոլորի համար։ Որևէ պաշտոնյա կամ իշխանավոր իրավունք չուներ սեփական կամքը օրենքից վեր դասելո։ Նախագծում կարևոր տեղ էին զբաղեցնում մարդու ազատության, իրավահավասարության և հասարակական պատասխանատվության գաղափարները։ Պետության գոյության նպատակը պետք է լիներ ոչ թե կառավարողների փառքի ու իշխանության պահպանումը, այլ հասարակության բարօրությունը։
9. ժողովրդավարության ժամանակակից չափանիշները
Չնայած իր առաջադեմ գաղափարներին՝ «Որոգայթ փառաց»-ը զերծ չէր ժամանակաշրջանին բնորոշ սահմանափակումներից։ Նախագծով կանանց չէր վերապահվում ընդհանուր ընտրական իրավունք, իսկ պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները սահմանափակվում էին ազգային և կրոնական պատկանելության պահանջներով։ Այս հանգամանքները ցույց են տալիս, որ Շ․Շահամիրյանի պատկերացրած ժողովրդական իշխանությունը դեռևս չէր համապատասխանում ժամանակակից ժողովրդավարության սկզբունքներին։ Այդուհանդերձ, այն պետք է գնահատել 18-րդ դարի քաղաքական ու հասարակական իրողությունների համատեքստում։
10. Սահմանադրություն, որն այդպես էլ չգործեց
«Որոգայթ փառաց»-ը իրավացիորեն համարվում է ապագա անկախ Հայաստանի սահմանադրական նախագիծ։ Այն պարունակում է սահմանադրությանը բնորոշ հիմնարար դրույթներ՝ պետական իշխանության կազմակերպում, օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ, քաղաքացիների իրավունքներ ու պարտականություններ։ Սակայն այն երբեք չգործեց որպես երկրի հիմնական օրենք։