• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Կոդավորված գրեր, պաշտպանիչ աղոթքներ ու չարխափան պատկերներ․ Հմայիլների խորհրդավոր աշխարհը  Մատենադարանում

Կոդավորված գրեր, պաշտպանիչ աղոթքներ ու չարխափան պատկերներ․ Հմայիլների խորհրդավոր աշխարհը Մատենադարանում

Հմայիլը հայկական ձեռագրական ժառանգության ուշագրավ ու խորհրդավոր տեսակ է։  Այն հմայական խոսքի, աղոթքի, պատկերների և պաշտպանական նշանակություն ունեցող կոդավորված նշանների յուրօրինակ համադրություն է։ Հմայիլները պատրաստվել են տարբեր ձևերով, իսկ ժապավենաձև օրինակները հատկապես հետաքրքիր են իրենց երկար, ձգվող կառուցվածքով․ դրանք կարծես աղոթային փոքրիկ ճանապարհներ լինեն, որոնց ապավինում էին մարդիկ՝ վերերկրային զորությունների պաշտպանությունը խնդրելով։ Հմայիլը, այս իմաստով, պարզապես աղոթական տեքստեր ու սրբերի պատկերներ կրող առարկա չէ։ Այն պատմում է մարդու վախերի, հույսերի, գերբնականի ու սրբազանի նկատմամբ վերաբերմունքի մասին։

 

Մատենադարանի հավաքածուն

 

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում է պահվում ձեռագիր հմայիլների աշխարհում ամենամեծ հավաքածուն՝ 586  հմայիլ, որոնք տարբեր լեզուներով են։  Հավաքածուն հիմնականում ընդգրկում է ժապավինաձև կամ փաթեթաձև հմայիլներ, սակայն կան նաև ավելի ուշ շրջանի այլ օրինակներ՝ գրքաձև, վարդանման և այլն։ Հայերեն ժապավինաձև հմայիլներից ամենից հին օրինակը ստեղծվել 1428 թ.Պատմական Հայաստանի Աղձնիքի Մուֆարղին քաղաքում։ Հեղինակը Սիմեոն դպիրն է: Հմայլիները տարբեր չափեր ունեն։ Մատենադարանի ամենամեծ հմայիլն ունի 22,6 մետր երկարություն, իսկ, ընդհանրապես, հայկական ամենամեծ հմայիլը 27․77 մետր է և պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում։ 

 

Հմայիլներն ու ձեռագրերը

 

2026 թվականի հոկտեմբերի 14–ին Մատենադարանում մեկնարկեց և մինչ հոկտեմբերի 17-ը կշարունակվի «Հմայությունն ու ձեռագրերը» 18-րդ միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպության (ISFNR) «Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն» (Charms, Charmers and Charming) հանձնաժողովի համագործակցությամբ։  Ռուսաստանից, Լատվիայից, Էստոնիայից, Ռումինիայից, Վիետնամից և այլ երկրներից ժամանած բանագետները, ազգագրագետները, մշակութաբանները  իրենց հայաստանյան գործընկերների հետ կքննարկեն ամենատարբեր թեմաներ՝ Մատենադարանի հմայիլների հավաքածուն, տարբեր լեզուներով ժապավենաձև հմայիլները, իռլանդական ժողովրդական հմայագրերը, ռուսական հմայական ձեռագրերը, ուկրաինական Կարպատների բանավոր աղոթքները և այլն։

Բացի այս կքննարկվեն այլ թեմաներ ևս․ ինչպե՞ս էին փորձում պաշտպանել մորն ու մանկանը, ինչպե՞ս էին աղոթքներով կանգնեցնում ձիու արնահոսությունը, ի՞նչ նշանակություն ունեին տան պաշտպանությանը վերաբերող ձեռագրերը, և ինչպե՞ս էին սերնդեսերունդ փոխանցվում հմայագործության մասին գիտելիքները։

Այս ամենը ցույց է տալիս, որ հմայիլների ուսումնասիրությունը միայն մոռացված ծեսերի մասին չէ։ Այն նաև հնարավորություն է հասկանալու, թե տարբեր հասարակություններն ինչպես էին արձագանքում  մարդկային նույն խնդիրներին՝ հիվանդությանը, անորոշությանը, վտանգին և ապահովության ցանկությանը։

 

 

Պաշտպանության խորհրդավոր գրերը

 

Գիտաժողովին զուգահեռ հոկտեմբերի 14–ին Մատենադարանում բացվեց նաև «Եվ մի տանիր զմեզ… Պաշտպանության խորհրդավոր գրերը» խորագրով ցուցադրությունը։ Ներկայացվեց Մատենադարանում պահվող ձեռագիր ժապավենաձև հմայիլների հավաքածուն։ Ցուցադրության խորագիրը հիշեցնում է «Հայր մեր» աղոթքի հայտնի խոսքերը և միանգամից հուշում հիմնական հարցը․ ինչպե՞ս են աղոթքն ու պատկերը դարձել պաշտպանության ակնկալիքի արտահայտություն։ Այս ձեռագրերը կարելի է դիտարկել նաև որպես մշակութային հիշողության յուրահատուկ փաստաթղթեր։ Դրանցում պահպանվել են ոչ միայն տեքստեր այլև անցյալի մարդկանց պատկերացումները վտանգի, հիվանդության, բարու և չարի, սրբազան խոսքի ու մարդկային խոցելիության մասին։

 

 

 

 

 

Art 365

14.10.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.