• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
«Ի՞նչ է ճշմարտությունը». Պիղատոսի հարցի պատասխանները

«Ի՞նչ է ճշմարտությունը». Պիղատոսի հարցի պատասխանները

     «Ի՞նչ է ճշմարտությունը» («Quid est veritas?»)(Հովհ․ 18:38)։ Այս կարճ հարցը,  մարդկության պատմության ամենահայտնի փիլիսոփայական հարցերից մեկն է թերևս։ Այն ձևակերպում է Հռոմի կուսակալ Պիղատոսը մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատավարության ժամանակ։   
     Դրան  նախորդում են Հիսուս Քրիստոսի խոսքերը ի պատասխան կուսակալի հարցի՝ թե արդյո՞ք նա թագավոր է.
«...ես դրա համար իսկ ծնվել և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի վկայեմ ճշմարտության համար. ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնն է լսում» (Հովհաննես 18:37)։
Եվ հենց այդ պահին Պիղատոսը հարցնում է. «Ի՞նչ է ճշմարտությունը» և կարծես չսպասելով պատասխանի՝ հեռանում։  Երկխոսությունն ընդհատվում է։
Բայց արդյո՞ք պատասխան իսկապես չեղավ և ինչպե՞ս է հնարավոր պատասխանել այս հարցին։
 
Ավետարանական պատասխան

 

Պիղատոսի հարցն ունի փիլիսոփայական  խորություն։ Այն կարելի է հասկանալ որպես թերահավատի հարց, քաղաքական գործչի հեգնանք կամ հոգնած մարդու հուսահատ արձագանք։ Նրա աշխարհում ճշմարտությունը հաճախ որոշվում էր իշխանությամբ, ուժով և անհրաժեշտությամբ։ Այդ պատճառով նա, կարծես, հարցնում է ոչ թե պատասխան ստանալու, այլ պատասխանների նկատմամբ անվստահություն արտահայտելու համար։

Քրիստոնեական մեկնողական ավանդույթը վաղուց նկատել է, որ Հիսուսն ավելի վաղ պատասխանել է այդ հարցին․ 

«Ես եմ Ճանապարհը, և Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14:6)։

Այսինքն՝ ճշմարտությունը քրիստոնեական մտածողության մեջ ոչ թե վերացական գաղափար է կամ տրամաբանական բանաձև, այլ անձնավորված իրականություն։

 

Փիլիսոփայական պատասխան

 

Միջնադարում գտնվել է նաև այս հարցի պատասխանը լեզվական որոշակի խաղի միջոցով։  Եթե Պիղատոսի հարցի լատիներեն տարբերակի տառերը վերադասավորենք, ապա կստացվի մի նոր պատասխան

Quid est veritas? - «Ի՞նչ է ճշմարտությունը», 

Est vir qui adest -  «Ահա այն մարդը, որ կանգնած է քո առաջ» կամ «Նա է այն մարդը, որ այստեղ է»։

Այս անագրաման առաջին դարերի քրիստոնեական ավանդությունից չէ և չի հանդիպում ավետարաններում։ Այն հայտնի է միջնադարյան լատինական մշակույթից և առավելապես ընկալվում է որպես հռետորական ու աստվածաբանական խաղ։ Սակայն դրա գաղափարն ուշագրավ է. Պիղատոսը հարցնում է, թե ինչ է ճշմարտությունը, մինչդեռ, չի նկատում, որ ճշմարտությունն արդեն կանգնած էր իր առջև։

 Երբեմն մարդը փնտրում է ճշմարտությունը հեռավոր տեսությունների, գաղափարների և սահմանումների մեջ, մինչդեռ այն կարող է լինել անմիջական ներկայություն, որը պարզապես չի ճանաչվում։

 

Գրական պատասխան

 

Փրկչի ու կուսակալի այս երկխոսությունը  դարեր շարունակ ներշնչել է արվեստագետներին, գրողներին և փիլիսոփաներին։ Նրանք էլ փորձել են գտնել այս հարցի պատասխանը։ Ամենահայտնի պատասխաններից մեկը տալիս Միխայիլ Բուլգակովն իր նշնավոր «Վարպետը և Մարգարիտան» վեպում․

«― Թափառականի մեկը, իսկ ինչո՞ւ էիր շուկայում ժողովրդի մեջ խռովություն գցում, պատմելով ճշմարտության մասին, որից գաղափար չունես։ Ի՞նչ բան է ճշմարտությունը։

Եվ այստեղ կուսակալը մտածեց․ «Ո՜վ իմ աստվածներ։ Բաներ եմ հարցնում նրանից, որոնք պետք չեն դատի ժամանակ․․․ Խելքս ինձ չի ծառայում այլեւս․․․»։ Ու կրկին նրա աչքին երեւաց մուգ հեղուկով լի գավաթը։ «Թո՜ւյն տվեք ինձ, թո՜ւյն»։

Ու դարձյալ լսեց ձայնը։

― Ճշմարտությունն ամենից առաջ այն է, որ գլուխդ ցավում է ու այնքան սաստիկ, որ փոքրոգությամբ մտածում ես մահվան մասին։ Դու ոչ միայն ինձ հետ խոսելու ուժ չունես, այլև դժվարանում ես նույնիսկ վրաս նայել։ Ու ես հիմա ակամա քո դահիճն եմ դառնում, ու դա ինձ վշտացնում է։ Դու նույնիսկ չես կարող որեւէ բան մտածել ու սոսկ երազում ես, որ մոտդ գա քո շունը, ըստ երևույթին, միակ արարածը, ում հետ կապված ես։ Բայց տանջանքդ հիմա կվերջանա, գլխացավդ կանցնի»(թարգմ․՝ Ա․ Հովհաննիսյանի)։

Պիղատոսը տառապում է գլխացավից, կայսրության հանդեպ վախից ու հրեաների նկատմամբ ատելությունից: Նրա հարցը ոչ թե պարզապես հեգնանք է, այլ հուսահատություն։ Միաժամանակ,  ըստ Բուլգակովի, Պիղատոսն այն մարդն է, որը տեսնում է ճշմարտությունը, բայց չի համարձակվում կամ ծուլանում է հետևել նրան։

Այսօր՝ հարաբերական ճշմարտությունների ժամանակներում, Պիղատոսի հարցը նորից հնչում է նույն ուժով։ Ու թերևս ամենահետաքրքիր պատասխանը շարունակում է մնալ միջնադարյան լեզվական խաղը, որը հիշեցնում է, որ ճշմարտությունը հաճախ մեր առջև է, և դժվար է ոչ թե  այն գտնելը,  այլ՝ ճանաչելը։ Էլ ավելի դժվար մի բան է այն ընդունելը։

Art 365

12.08.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.