• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչպե՞ս էին հայերը միջնադարում ընկալում և չափում ժամանակը

Ինչպե՞ս էին հայերը միջնադարում ընկալում և չափում ժամանակը

Ինչպե՞ս էին միջնադարյան Հայաստանում ընկալում ժամանակը, երբ այն չափելու համար դեռ չկային մերօրյա ժամացույցները։ Հայ մտածողների համար ժամանակը միայն անցնող օրերի ու տարիների հաշվարկ չէր․ այն կապված էր երկնքի շարժման, բնության պարբերականության և աշխարհի գոյության մասին պատկերացումների հետ։ Այս հարցերին անդրադարձել են Անանիա Շիրակացին և 15-րդ դարի նշանավոր հայ տոմարագետ Հակոբ Ղրիմեցին։ Տոմարագետը 1416 թվականին Մեծոփավանքի դպրոցում դասավանդում է  տոմարագիտության, ապա շարադրում  «Մեկնութիւն տոմարի» աշխատությունը։ Այս մատյանը ժամանակի, օրվա և տոմարական հաշվարկների մասին միջնադարյան հայ գիտելիքի կարևոր աղբյուրներից է։

 

Ի՞նչ է ժամանակը

 

Այս բարդագույն փիլիսոփայական հարցին միջնադարյան մտածողները պատասխանում են տարբեր կերպ։ 

Անանիա Շիրակացին ժամանակը բնորոշում է որպես «անզուգաւոր ընթացք, երկհաւասար պատահ, երկանցիկ, փոփոխաչափ բերման»։ Այս սահմանման մեջ ժամանակը ներկայացվում է որպես շարունակական երկնային ընթացք, որը հնարավոր չէ կանգնեցնել կամ վերադարձնել։

Հակոբ Ղրիմեցին ևս ժամանակը կապում է երկնքի շարժման հետ։ Նրա ձևակերպմամբ՝ «ժամանակն ի շրջագայութենէ երկնիցն պատճառի, և թուականն ի ժամանակէն»։ Այսինքն՝ երկնային շարժումն առաջացնում է ժամանակի ընթացքը, իսկ թվականը՝ ժամանակի հաշվարկը, ձևավորվում է այդ ընթացքի հիման վրա։

Ղրիմեցու համար ժամանակը և՛ շարունակական է, և՛ անցողիկ։ Անցյալն արդեն ավարտվել է, ապագան դեռ գոյություն չունի, իսկ ներկան աննկատ վերածվում է անցյալի։ Այս դիտարկումը ցույց է տալիս, որ նա ժամանակը դիտարկել է ոչ միայն որպես տոմարական հաշվարկի առարկա, այլև որպես փիլիսոփայական խնդիր։

 

Օրը, գիշերն ու ցերեկը

 

Միջնադարում ժամանակը չափում էին ցերեկվա և գիշերվա հերթագայությամբ։ Հակոբ Ղրիմեցին հատուկ ուշադրություն է դարձնում օրվան՝ տարբերակելով՝ բնական և արվեստական օրեր։ Ըստ մտածողի, բնական օրը ցերեկվա և գիշերվա ամբողջական շրջանն է՝ 24 ժամ, իսկ արվեստական օրը լուսավոր ժամանակահատվածն է՝ արևածագից մինչև երեկո։

Այս տարբերակումը կարևոր է, որովհետև ցերեկվա տևողությունը տարվա ընթացքում փոխվում է․ ամռանը այն երկար է, ձմռանը՝ կարճ։ Իսկ բնական օրը, որը ներառում է և՛ ցերեկը, և՛ գիշերը, մնում է ամբողջական ժամանակային շրջան։

Այսպիսով՝ միջնադարյան հայ մտածողը տարբերակում էր բնության մեջ դիտվող փոփոխական երևույթը և ժամանակի հաշվարկի համար ընդունված ամբողջական միավորը։

 
Երկնքի շարժումն ու ժամանակի չափումը
 

Հակոբ Ղրիմեցու պատկերացմամբ՝ երկնքի շարժումը ժամանակը ճանաչելու և չափելու հիմքն էր։ Նա հետևում էր իր ժամանակի տիեզերագիտական պատկերացումներին, որոնց համաձայն՝ Երկիրը գտնվում է տիեզերքի կենտրոնում և երկինքն շարժվում։ Այդ համակարգում երկնային շարժումները հնարավորություն էին տալիս հաշվելու ժամանակը և կատարելու տոմարական հաշվարկներ։

Անանիա Շիրակացին ևս մանրամասն անդրադառնում է երկնային մարմինների շարժմանը։ Նա բացատրում է, որ երկինքը շարժվում է արևելքից դեպի արևմուտք, իսկ Արեգակի և մյուս լուսատուների տեսանելի ընթացքը կապված է այդ շարժման հետ։ Այս պատկերացումը հիմնված էր միջնադարում ընդունված երկրակենտրոն տիեզերագիտական համակարգի վրա։

 

Ժամանակը՝ լույսի ու խավարի մեջ

 

Ժամանակի ընկալման մեջ կարևոր էր նաև լույսի և խավարի տարբերակումը։ Ա․Շիրակացին գրում է, որ ցերեկը առաջանում է Արեգակի լույսից, իսկ գիշերը՝ այնտեղ, որտեղ այդ լույսը բացակայում է։ Այսպիսով՝ գիշերը ոչ թե առանձին ուժի գործողության արդյունք է, այլ լույսի բացակայության վիճակ։ Հ․ Ղրիմեցին ևս անդրադառնում է այս հարցին՝ միավորելով բնության երևույթների բացատրությունն ու կրոնական աշխարհայացքը։ Նրա աշխատության մեջ օրը դիտարկվում է ոչ միայն որպես ժամանակի չափման միավոր, այլև որպես լույսի և խավարի հերթագայությամբ արտահայտվող երևույթ։

Հետաքրքիր է, որ այս պատկերացումը պահպանվել է նաև հայ ժողովրդական ավանդության մեջ։ Գարեգին Սրվանձտյանցի գրառած մի ավանդության մեջ  ժամանակը ներկայացվում է ծերունու կերպարով, որը սև թել է կծկում, երբ գիշեր է, և սպիտակ թել՝ երբ ցերեկ է։

Շիրակացին, սակայն, չի սահմանափակվում միայն նկարագրությամբ․ նա փորձում է բացատրել դիտվող երևույթները՝ ցույց տալով երկնային շարժումների և ցերեկվա ու գիշերվա հերթագայության կապը։

 

Ժամ, օր, տարի, հավիտենություն

 

Հակոբ Ղրիմեցու աշխատության մեջ օրը ոչ միայն առանձին միավոր է, այլև ավելի մեծ ժամանակահատվածների հաշվարկի հիմք։ Օրերի կրկնությամբ կազմվում են շաբաթը, ամիսը, տարին և ավելի երկար ժամանակաշրջանները։ Մի կողմից՝ ժամանակը չափվում է կրկնվող բնական երևույթների միջոցով, մյուս կողմից՝ այն ունի սկիզբ, ընթացք և ավարտ։ Մարդու կյանքն ու պատմությունը սահմանափակ են, իսկ անցած ժամանակը հնարավոր չէ վերադարձնել։ Ղրիմեցին քննարկում է նաև ժամանակի և հավիտենականության տարբերությունը։ Նրա հայացքով,  հավիտենականությունը պատկանում է Աստծուն, իսկ մարդը ապրում է ժամանակի մեջ և փորձում է այն հաշվել ու կարգավորել։

Անանիա Շիրակացու և Հակոբ Ղրիմեցու աշխատությունները ցույց են տալիս, որ միջնադարյան Հայաստանում ժամանակի ուսումնասիրությունը ներառում էր աստղագիտությունը, մաթեմատիկան,  տոմարագիտությունը և փիլիսոփայությունը։ Ժամանակը չափելու համար անհրաժեշտ էր դիտարկել երկինքը, հասկանալ ցերեկվա և գիշերվա հերթագայությունը, հաշվել օրերն ու տարիները։ Բայց անհրաժեշտ էր նաև խորհել ժամանակի բնույթի մասին՝ ինչն է անցյալը դարձնում անցյալ, ինչու ներկան անընդհատ անհետանում է, և ինչ կապ կա ժամանակի ու հավիտենականության միջև։

Միջնադարյան հայ մտածողների համար ժամանակը պարզապես հաշվարկվող մեծություն չէր, այլ  բնության կարգը ճանաչելու, աշխարհի կառուցվածքը հասկանալու և մարդկային գոյության սահմանները գիտակցելու։

Աղբյուրը՝ Ջուլիետտա Էյնաթյան, Տոմարի և տիեզերագիտության հետքերով,

Երևան, Մատենադարան, 2021։

Hayk Hambardzumyan

09.10.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.