• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Յարութիւն Պէրպէրեան․ Փարիզ

Յարութիւն Պէրպէրեան․ Փարիզ

Բանաստեղծ, գրականագետ ու մանկավարժ Յարութիւն Պէրպէրեանը (ծն․ 1951) ծնունդով Հալեպից է։ Սովորել է Բեյրութի Հայկազեան համալսարանում, ապա Կանադայում։ Երկար տարիներ աշխատել է Համազգային կրթամշակութային հիմնարկում և «Բագին» հանդեսի խմբագրությունում։ Երեսուն տարի  Մոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանում դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ Հեղինակել է «Կորիզ»(1979), «Ոսպնեակ»(1984), «Անցման Եղանակ»(1993) և «Սահմաններ» (2007) բանաստեղծական ժողովածուները։ Երկար դադարից հետո, արդեն Հայաստանում՝ 2021 թվականին լույս է տեսել  Յարութիւն Պէրպէրեանի  «Առաձգական» ժողովածուն։ Բանաստեղծն իր տարբեր գործերում բարձրաձայնում է Սփյուռքում հայ մարդու ինքնության, մեծ աշխարհի հետ հարաբերության խնդիրների մասին, անդրադարձներ կատարում հայ ժողովրդի պատմության, մշակույթի ու գրականության անցյալի ու ներկայի կարևոր  հարցերին։
Art365-ը ներկայացնում է  Յարութիւն Պէրպէրեանի վերջին գործերից մեկը՝ «Քաղաքներ» բանաստեղծական շարքից։ «Փարիզը»  նոստալգիկ ճամփորդություն է անցյալ, որտեղ բանաստեղծը համաշխարհային արվեստի այս կենտրոնում գտնում է ֆրանսահայ գրական-մշակությաին կյանքի նվիրական անունները, տալիս այդ կյանքի  խտացված պատկերը։ Հեղինակը ցավով արձանագրում է հայկական մշակութային ներկայության նահանջը և ժամանակակից Փարիզի հոգևոր սնանկությունը։

 

Փարիզ
 

Քաղաք, հեքիաթդ ներկայ էր մտքիս

հազար ծալքերուն,

երբ եկայ քեզի:

Շուշանեանը շատոնց չկար,

ոչ ալ նոր անջրպետ նուաճած

Սարաֆեանը հրաշալի:

Սակայն ինչպէ՞ս չկային,

մեզի համար միշտ

անուանդ եւ փողոցներուդ

մէկ մասնիկն էին:

Գրիգորը ժառանգորդն ու պահապանն էր

այդ աշխարհին,

եւ ինչքան բան աւելցուցած էր

անոնց վրայ՝ ի՛ր ստեղծածով,

ընթերցումներու, մեկնաբանութեանց

տարբեր շերտերով:

Ան է որ մեզ առաջնորդեց եկեղեցին,

ուրկէ ամէն օր

ղօղանջները զանգերու

կը հասնէին Պետրոսի

Նենէթ երազող նկարչատունը,

եւ ցոյց տուաւ այն թաղը,

ուրկէ կ'իջնէր Որբունին,

տղոց հարցնելով՝ ի՞նչ պիտի խմենք:

Նաեւ տեսանք այն սրահը,

ուր Ասատուրը առաջին անգամ

իր գործերը ցուցադրած էր:

Ո՛չ, վարձու սենեակ,

նոյնիսկ ներկայիս, դժուար էր գտնել,

նահանջը երգով կամ առանց երգի,

դեռ կը շարունակուի,

հալող ասֆալթին մէջ

կուլ տալով շատ բան:

Եւ կորսուած

արձագանգներ կը հասնին

Վէնսէնի եւ այլ անտառներէ:

Անդրանիկը, ձիուն վրայ,

այլայլած ու զայրացած կը դիտէ

ինչ որ կը պատահի

հողին վրայ հայրենի:

Քաղաքը, ամէն այցելուի պէս,

չտեսաբար ըմբոշխնեցինք

Էյֆէլի եւ Սաքրը Քէորի բարձունքներէն:

Փողոցներուն ոչ Փիքասօն կար,

ո՛չ Տալին, ոչ Պրըթոնը.

իրենց ստեղծած՝

տպաւորապաշտ,

գերիրապաշտ կամ իւրայատուկ

աշխարհները կը մնային

թանգարաններուն:

Մայթ սրճարանները Շան Տ'Էլիզէի

արաբ շեյխերով կամ քաղքենի

յաճախորդներով

կը հեւային ծանրաբեռն –

բնականաբար, մեզ շահագրգռող

վայրերը չէին,

սակայն Մարալը,

երբ քմծիծաղով ինծի հարցուց, թէ

ցուցադրուած պայուսակներէն

արդեօք մէկը իրեն համար կը գնե՞մ,

ատոր փոխարէն

զինք լուսանկարեցի Լուի Վիթոնի

ցուցաբեղկին դիմաց կանգնած:

Քաղաքը գողտրիկ

իր աշխարհը մեր դիմաց բացաւ

շատ անակնկալ,

երբ Նոթրը Տամի տաճարէն դուրս,

Սէնի միւս ափը անցած, յոգնաբեկ

լուռ կը շրջէինք –

կաթողիկէ մըն էր,

ուր աւանդական

պատկերազարդ պատուհաններու

պատումին կողքին, խորանի ետին,

արդիական ապակիներու

թեթեւ ու շնչող

տարբեր աշխարհ մը ստեղծուած էր,

իսկ մէկ անկիւնը, մատուռի մը մէջ,

Ռուոյի քանի մը գործերուն դիմաց,

իւրայատուկ յղացումով պատարագի սեղանը

եւ խաչուած Քրիստոսը կը հանգչէին,

աւելի անկեղծ, աւելի թեթեւ ու անմիջական

կապ ստեղծելով արարիչին հետ՝

յոյս ներշնչելով մարդու փրկութեան:

Art 365

11.08.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.