• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Գրիգոր Տաթևացին Սուրբ Ծննդի մասին

Գրիգոր Տաթևացին Սուրբ Ծննդի մասին

Սուրբ Գրիգոր Տաթևացի
Քարոզ Սուրբ Ծննդյան
(հատվածներ)
 

 

Սուրբ Գրքի ուսուցանության համաձայն՝ Քրիստոս երկու ծնունդ ունի:
Նախ՝ Բանն Աստված Հոր ծնունդն է հավիտյաններից և ժամանակներից առաջ՝ ըստ Դավթի սաղմոսի, ուր Հայրն ասում է Որդուն. «Նախքան Արուսյակը ծնեցի Քեզ» [Սաղմ. 2.7]:
Իսկ երկրորդ ծնունդը ժամանակի մեջ է, ինչպես գրված է. «Տերն ասաց Ինձ՝ Իմ Որդին ես Դու, և Ես այսօր Քեզ ծնեցի» [տե՛ս Սաղմ. 109.3]:
Այս խոսքում նշված են երկու ծնունդները. «Իմ Որդին ես Դու» ասելով՝ հայտնվում է հավիտենական ծնունդը, իսկ «այսօր Քեզ ծնեցի»՝ նշանակում է Նրա երևալը ժամանակի մեջ: Եթե այն ծնունդն անմարմին է, ապա սա՝ մարմնով: Այն Հորից է՝ առանց մոր, իսկ սա մորից՝ առանց հոր: Այն երկնքում է, իսկ այս՝ երկրի վրա: Այն ծնունդ է առանց պատճառի, իսկ սա՝ պատճառով, քանզի Աստված մարդացավ հանուն մեր փրկության: Աստված խոնարհվեց, որպեսզի բարձրացնի մարդկանց: Աստծո Որդին եղավ Մարդու Որդի, որպեսզի մեզ դարձնի Աստծո որդիներ: Նա ծնվեց մարմնով, որպեսզի մենք հոգով ծնվենք. քանզի երբ վերստին ծնվում ենք սուրբ ավազանի մկրտությամբ, շնորհով դառնում ենք Աստծո որդի և ժառանգակից Քրիստոսին՝ ըստ այս խոսքի. «Նրանց իշխանություն տվեց լինել Աստծո որդիներ» [Հովհ. 1.12]:
Եվ մեր Քրիստոս Աստծո Ծննդյան և հայտնության այս տոնը սկիզբն ու հիմքն է բոլոր բարիքների և փառավոր շնորհների․․:

 

․․․Նախ՝ ինչպես որ ի սկզբանե Հայրը Որդու և Սուրբ Հոգու հետ խորհուրդ անելով ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ [տե՛ս Ծն. 1.26], այստեղ ևս Հայրը Որդու և Սուրբ Հոգու հետ Իր Բանի մարդեղության միջոցով այժմ հայտնեց խորհուրդը, որ ծածկված էր ազգերից ու հավիտյաններից: Քանզի Հայրը կամեցավ և առաքեց Որդուն, և Սուրբ Հոգին էլ մաքրագործեց սուրբ Կույսին ու մարմնացրեց Որդուն: Միածին Որդին մարդացավ և ծնվեց Կույսից նոր արարչության և մարդկային ցեղի փրկության համար: Այս էր ծածուկ խորհուրդը, որ հայտնի դարձավ այսօր. ուստի և այսօր սկիզբն է բոլոր տերունական տոների:
Երկրորդ՝ այն, ինչ օրենքն ու մարգարեները կանխաճառեցին դարեր առաջ, թե Աստված պիտի երևա մարմնով ու շրջի մարդկանց մեջ, իրականացավ այսօր. դրա համար էլ այս օրը բոլոր տոների սկիզբը և հիմքն է:

 

․․․Իսկ մեր Տերը ստվերի մեջ մեզ լույս ծագեցրեց. «Լույսը խավարի մեջ լուսավորում է» [Հովհ. 1.5]. քանզի մեզ տվեց արեգակի պես պայծառ նոր օրենքի լույսը: Այդ պատճառով գիշերն ենք տոնում ծնունդը Քրիստոսի, որ մեզ համար եղավ արդարության Արեգակը [տե՛ս Մաղ. 4.2], քանզի Նա ստվերը լույսի վերածեց և նմանությունը՝ իրականության:
Վեցերորդ՝ իբրև նախօրինակ Քրիստոսի վերջին գալստյան, որը լինելու է գիշերով, ինչպես Ավետարանն է ասում. «Կեսգիշերին ձայն լսվեց. «Ահա՛, փեսան գալիս է փեսան»» [Մատթ. 25.6-7]: Ուստի և առաջին գալստյան տոնը սկսում և տոնում ենք գիշերը:

 

․․․Իսկ ինչո՞ւ է [ս. Ծննդյան նախօրեն] կոչվում Ճրագալույս, Ճրագալույծ կամ Ճրագալույց:
Ճրագալույցն այն է, որ կանթեղ և ճրագ ենք լուցանում (այսինքն՝ վառում) և պատարագում երեկոյան:
Ճրագալույծ՝ քանզի ճրագով [վերադառնում ենք տուն] և երեկոյան լուծարում պահքը:
Իսկ ճրագալույսը բազմաթիվ իմաստներ ունի:
Նախ՝ տոնի Տերը իմանալի Լույսն է, որ ծագեց աշխարհում, ինչպես Ինքն ասաց. «Ես՝ Լույսս, աշխարհ եկա» [հմմտ. Հովհ. 1.9; 3.19]:
Երկրորդ՝ լույսը խորհրդանշում է աստղը, որն առաջնորդեց մոգերին և մտնելով քարայր՝ կանգնեց այնտեղ, ուր գտնվում էր Մանուկը. այդ պատճառով այսօր երեկոյան, բազմաթիվ մոմեր վառած, մտնում ենք եկեղեցի:
Երրորդ՝ ճրագի լույսը ժամանակավոր է, ինչը խորհրդանշում է Հովհաննես Մկրտչին, ինչպես Տերն էր ասում. «Նա էր վառվող ճրագը, և դուք միառժամանակ ցնծացիք նրա լույսով» [տե՛ս Հովհ. 5.35]:
Չորրորդ՝ ճրագալույսը, իբրև աղոտ ճառագում, նշանակն է մարգարեների, որոնք Հովհաննեսից առաջ տեսիլքներով ճանաչեցին և իմացան Քրիստոսի գալուստը:
Հինգերորդ՝ ճրագալույսն ընկալվում է որպես մեծ ավետարանիչ՝ խորհրդանշելով հին օրենքը, որը տրվեց անկատարներին, ինչպես Դավիթն է ասում. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» [Սաղմ. 118.105]: Քանզի օրենքը նախօրինակն էր Ավետարանի, որը տրվեց կատարյալներին:

 

․․․ինչպես որ երեք մանուկները կոչ էին անում բոլոր արարածներին օրհնել Աստծուն, այնպես էլ Եկեղեցու մանուկներս ի վիճակի չենք փոխարենը հատուցել Աստծո մեծագույն շնորհների դիմաց. և մենք, երկնքի ու երկրի, ծովի ու ցամաքի և բոլոր գոյերի հետ միացած, օրհնություն և փառաբանություն ենք վերառաքում Աստծուն, քանզի քաղցր է Նրա ողորմությունը, որ մեր փրկության համար առաքեց Իր Միածին Որդուն:
Օրհնությո՜ւն և փա՜ռք Աստծո մարմնացյալ Բանին, որ մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ [Հովհ. 1.14] և մարդկանց ցեղը փրկեց սատանայի ծառայությունից:
Նաև՝ բարեբանությո՜ւն և փա՜ռք էակից և փառակից Ամենասուրբ Հոգուն, որ մեզ նորոգեց մեղքի հնությունից ու լուսավորեց վերստին ծնունդով՝ որդեգրվելու երկնավոր Հորը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ ժառանգելու երկնքի արքայությունը:
Եվ գոհությո՜ւն ու երկրպագությո՜ւն Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Գրաբարից փոխադրությունը՝ Տիգրան Խաչատրյանի

Բնագրի աղբյուրը՝ www.sacredtradition.am

Art 365

05.01.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.