Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունները համարվում են համաշխարհային գրականության ամենաբարդ գործերից։ Նրա արձակի ներքին լարվածությունը, անորոշությունը, խորհրդանշական լեզուն և հոգեբանական խորությունը դժվար է ամբողջությամբ վիզուալիզացնել, ներկայացնել կինոյի լեզվով։ Այնուամենայնիվ, բազմաթիվ ռեժիսորներ խիզախել են․ փորձել են էկրան բարձրացնել Կաֆկայի ստեղծագործությունների աշխարհը, ստեղծել ֆիլմեր, որոնք փոխանցում են նրա գործերին բնորոշ «կաֆկայական» մթնոլորտը, անդրադարձել հեղինակի ողբերգական ճակատագրին։ Նրա ստեղծագործությունների բազմաթիվ էկրանավորումների շարքում ավելի հետաքրքիր են հատկապես այն ֆիլմերը, որոնք ուղղակիորեն հիմնված չեն, նրա գրքերի վրա, սակայն կառուցված են դրանց մթնոլորտի շուրջ։ Կաֆկայի վեպերում արծարծվող թեմաները՝ բյուրոկրատիան, իշխանությունների ճնշումները, փակ համակարգերը, անհաղթահարելի վարչական մեքենան, մեղքի անբացատրելի զգացումը, ինքնության կորուստը և անհատի անզորությունը, հոգեհարազատ են նաև ժամանակակից կինոյին։ Հուլիսի 3-ը Կաֆկայի ծննդյան օրն է և ներկայացնում ենք մեծ գրողի կյանքին ու ստեղծագործությանն առնչվող 3 նշանակալի ֆիլմ։
«Դատավարություն» (The Trial, 1962), ռեժ․՝ Օրսոն Ուելս
Կաֆկայի ստեղծագործությունների լավագույն էկրանավորումներից է Օրսոն Ուելսի «Դատավարություն» ֆիլմը։ Գլխավոր հերոս Յոզեֆ Կ․-ին մարմնավորել է Էնթոնի Փերկինսը։ Անորոշ դատավարության մղձավանջային մթնոլորտը, համակարգի առջև հերոսի անզորությունը Ուելսի այս ֆիլմում արտացոլվում է ճարտարապետական ճնշող տարածքների, հսկայական դատարկ սրահների, սև-սպիտակ պատկերաշարի միջոցով։ Այս պատկերները լավագույնս փոխանցում են Կաֆկայի ստեղծած տարօրինակ աշխարհը։ «Դատավարություն»-ը համարվում է կինոյի պատմության էքսպրեսիոնիստական կարևորագույնստեղծագործություններից մեկը։

«Կաֆկա» (Kafka, 1991), ռեժ․ ՝ Սթիվեն Սոդերբերգ
Սթիվեն Սոդերբերգի այս յուրահատուկ ֆիլմը կենսագրություն չէ սովորական իմաստով։ Ջերեմի Այրոնսի մարմնավորած Կաֆկան հայտնվում է մի պատմության մեջ, որտեղ իրականությունը միախառնվում է «Դատավարության», «Դղյակ»-ի և նրա այլ ստեղծագործությունների աշխարհներին։
Ֆիլմը կարծես պատասխանում այն հարցին, թե ինչպիսին կլիներ Կաֆկայի կյանքը, եթե նա ինքը դառնար իր վեպերի հերոսը։ Սև-սպիտակ պատկերաշարը, խորհրդավոր միջավայրը և դետեկտիվ սյուժեն ստեղծում են կաֆկայական բացառիկ մթնոլորտ։

«Կերպարանափոխություն» (Metamorphosis, 2012), ռեժ․՝ Քրիս Սուոնթոն
Քրիս Սուոնթոնի այս ֆիլմը համարվում է «Կերպարանափոխություն» վեպի ամենահարազատ կինոտարբերակը։ Այն մեծ ուշադրություն է դարձնում ոչ թե մղձավանջին արտաքին կողմին, այլ վիպակի հերոս Գրեգոր Զամզայի հոգեբանական աշխարհին, ներքին ողբերգությանը և ընտանիքից աստիճանական օտարմանը։ Ֆիլմը փորձում է հնարավորինս պահպանել Կաֆկայի բնագրի կառուցվածքն ու գաղափարական շեշտադրումները։
