Խաչիկ Դաշտենցի նշանավոր «Խոդեդան» վեպը լույս է տեսել 1956 թվականին։ Հեղինակը վեպը նվիրել է Ավետիք Իսահակյանին: Բանաստեղծը 1943 թվականին այցելել է Թալինի շրջանի Իրինդ ու հարակից գյուղեր և երկու ամիս ապրել գաղթից հետո այնտեղ հաստատված սասունցիներ հետ։ Ինչպես և իր «Ռանչպարների կանչը» վեպում, այստեղ ևս Խաչիկ Դաշտենցը վերստեղծում է կորսված հայրենիքը՝ իր մարդկանցով, բնությամբ, առասպելներով, ավանդություններով ու ոգով.
««Խոդեդանը» վեպ է մի հայ շինականի և նրա սերնդի մասին: Այդ վեպը 1950 թվականին Երևանում լույս տեսած մեր համանուն վիպակի նյութի վրա գրված մի բոլորովին նոր և ամբողջական գործ է: Ինչ որ այս գրքում պատմված է՝ մեծ մասը եղած կատարված բաներ են: Վեպի որոշ գլուխներում զգացվող առասպելի պատրանքը, հեքիաթային ու երազային շունչը արգասիք է այն բանի, որ նկարագրված մարդիկ Հայաստանի լեռների բնակիչներ են (ծնված են մեծ մասամբ Սասունում) և, գրեթե, ամենքն էլ իրենց համարում են սերված Սասնա ծռերի տոհմից: Ամեն մեկը նրանցից առանձին վերցրած մի սասնա ծուռ է», -նշում է հեղինակը առաջաբանում։
Թեև իրական նախատիպեր ունեցող հերոսներով, պատմական ողբերգական ու հերոսական իրադարձությունների նկարագրություններով, սակայն վեպը կորսված հայրենի եզերքը վերստեղծում է սասնո զրույցներով, ավանդություններով և, իհարկե, «Սասնա ծռեր» էպոսով։ Եվ այս ամենի շնորհիվ պատումը ձեռք է բերում որոշակի էպիկական-մոգական մթնոլորտ, որը գրավում է ընթերցողին։ Ներկայացնում ենք մի հատված «Խոդեդան» վեպից, որտեղ ներկայացվում է Սասնո լեռներում գտնվող «Դավթի բերդ» կոչվող ամրոցը։ Վեպում և այլուր թեև այն նույնանում է Սասնասարի և Բաղդասարի հիմնած էպիկական բերդի՝ Սասնո տան հետ, սակայն հնարավոր է, որ դարանք տարբեր բերդեր են եղել և այստեղ նկարագրվողը հիմնել է Սասունցի Դավիթը։ Բերդի ավերակներն այսօր էլ կան Սասնո Քաղքիկ գյուղի հարևանությամբ։ Կցված լուսանկարներն արվել են 2024 թվականին։

ԴԱՎԹԻ ԲԵՐԴՈՒՄ
— Հիմա էրթանք ես քեզ Դավթի բերդը ցույց տամ, — Թամոն գդակը ծածկելով և կրակարանի մոտից ելնելով:
Ասատուրը հետևեց ջրաղացպանին:
Նրանք անցան մայր առուն և կանաչ լեռնալանջով շարժվեցին դեպի հյուսիս:
Դավթի բերդը, որ կոչվում էր նաև Սասունի բերդ, շինված էր Ծովասարի ստորոտի Բոզկանք կոչվող մասում, այնտեղ ուր Կուս ու Կապաս գետերը խառնվում են իրար և, դեպի վար խուժելով, միանում են Բաթմանա ջրին: Հասնելով Քաղքիկ արվարձանին, նրանք սալաքարե մի հին ճանապարհով ընթացան դեպի վեր:
Հետզհետե Խոդեդանի աչքերի առաջ բացվեց մի վիթխարի ամրոց, որ տիրաբար իշխում էր շրջապատի վրա: Խոր վիհերով եզերված լեռնակի կատարին բարձրանում էին Սասնո բերդի ավերակները: Հսկա քարե սյուներ կանգնած էին ուրիշ քարե սյուներին: Դրանցից շատերը բերդի գագաթից պոկվելով գլորվել էին ան-ղունդը կամ թափվել էին նրա առաջ: Շրջապատը ներկայացնում էր իր վեհության մեջ ամայացած մի տեսարան: Թրաձև խոտերն ու ծաղիկները աճելով ծածկել էին իրար վրա անկարգորեն ընկած ժայռերը: Բարձրում՝ վեհանիստ ամրոցի կանգուն մնացած աշտարակի շուրջը սավառնում էին հարյուրավոր հավքեր, որոնք մի տեսակ կենդանություն էին հաղորդում այդ կիսակործան ահարկու շինվածքին:
- Էս Դավթի բերդն է, լաո, Ծովասարի վրեն է շինված: Սանասարն ու Ադրամելիքն են էս բոլոր քարերը մեջքով ձորից հանել ու դրել մեկ-մեկու վրա: Ջոջ-ջոջ քարեր կրեցին, քարե սուն քարե սան զարկեցին ու շինեցին Սասունը:
- Էստեղ նայիր,— խորհրդավորությամբ ասաց Թամոն, ձեռնացույց անելով երկու աժդահա սալաքարեր Բերդի բակի մեջ կողք-կողքի դրված: — Էս մեկի տակ Դավիթն է պառկած, էն մյուսի տակ՝ Խանդութ:

Երբ Դավիթն ու Խանդութը մեռան, երկուսին էլ պատանքեցին ու բերեցին Ծովասարի բերդի առաջ թաղեցին:
Թամոն համոզված էր, որ Սասնա ծռերի ամբողջ տոհմը հանգստանում էր այդ քարե սյունազարդ ամրոցի մեջ և նրա շուրջը: Ըստ նրա՝ այդ տարածության վրա հանգչում էր Սասնո հերոսական տունը: Հանգչում էր մի` անմահ սերունդ իր առաքինու-թյուններով, վսեմ գործերով ու հիշատակներով: Յուրաքանչյուր անգամ, երբ որևէ առիթով այցելում էր այդ վայրը, նա ժամերով կանգնած խորհրդածում էր այս կամ այն շիրմի առաջ: Մանավանդ սաստիկ հուզվում էր նա, երբ մոտենում էր Դավթի և Խանդութի սալաքարերին: Որքա՜ն նվիրական, որքա՜ն մարդկային
սիրելի էին այդ անունները նրա հոգու համար: Թագավոր և թագուհի չէին քովքովի պառկած, այլ մի դյուցազուն շինական իր նույնքան դյուցազուն հերոսուհու հետ:
— Հանի'ր գդակդ, լաո, Ջոջանց տան հանգստարանը ծածկված գլխով չեն մտնի,— ասաց ծերունին իր գլխանոցը վերցնելով և ծալելով թևի տակ:

«Դավիթ և Խանդութ», — մրմնջաց Ասատուրը գդակը հանելով և ակնապիշ նայելով այդ վայրատաշ ու բիրտ քարերին: Նրանց շուրջը Թամոն մեկ առ մեկ ցույց տվեց Առյուծաձև Մհերի, Ձենով Օհանի, Քեռի Թորոսի, Ճնճղափորիկի և Խոր Գուսանի շիրիմները:
— Հիմա էնտե՛ղ նայիր,— ասաց ճախրականցին, ձեռքը մեկնելով դեպի բերդի աշտարակից անդունդի վրա կախված երկու սև մազանման փնջեր:— Դրանք Խանդութ Խաթունի ծամերն են, լաո։ Երբ Դավիթ կլողանար լոխորա ջրերի մեջ, Շմշըմ խանումի աղջիկը գողտուկ լարեց իր աղեղը, ու մի դեղված նետ Դավթի պառեկի միջով անցավ: Դավիթն էնպես գոռաց, որ իր ձեն մինչև Սասուն հասավ: Քեռի Թորոս, Ձենով Օվան, Խոր Գուսան, Ճնճղափորիկ, Ցռան Վերգոն ու ամենքը վազեցին հավարի: Քովնտի փուշերու մեջ տեսան չինի աչքերով մի աղջիկ, որ վախից սատկել էր:

Երբ Դավիթ սպանվեց ղամիշների մեջ, Խանդութ կսկծու էլավ բերդի գլուխ, փերթկեց իր մազերն ու իրեն էնտեղից ցած սարեց: Իր ծամերից երկու փունջ ակռկավ Բերդի ծերին և մինչև էսօր վառված գերանի պես կերևան էնտեղից: Երկու բոլորակ ջրբուխ կա բերդի ետև,— շարունակեց Թամոն։ — Էդ Խանդութ Խաթունի ծծերն են, լաո: Երբ Խանդութ վերևից ընկավ, իր պտուկներից երկու պաղ աղբյուր բխեցին: Հազար տարի է անցել, բայց դրանց ջուրը գլգլալով կերթա կխառնվի Ջոջ առվի ջրին:
Թամոն Խոդեդանին տարավ Բերդի ետև և ցույց տվեց այդ աղբյուրները:
— Սրանք են,— ասաց ծերունին:
Ասատուրը չոքեց և երկու ակունքից էլ ջուր խմեց:

Ծածկելով. իրենց գդակները, և այդպես մտերմիկ խոսելով, նրանք ելան ամրոցի ամենաբարձր աշտարակը, որտեղից տեսանելի երևում էր ամբողջ Սասունը:
— Մեր պապերի սիրո՜ւն աշխարհ, մեղրի պես քա՜ղցր, մայրական կաթի պես անո՜ւշ, — շշնջաց Թամոն հոյակապ տեսարանից ազդված:
— Ժամանակին մենք էլ տեր ենք ունեցել, լաո։ Մեր աշխարհը անտիրական չի եղել, — շարունակեց նա։— Տիգրանակերտ քաղաքը տեսա'ծ կլինես, Մոտկանին մոտիկ է: Դրա քարերը արնով են դրված, լաո: Ուրիշ է էս Բերդը: Էս ամրոցը նրա համար էր, որ Մսրա Մելիքը չմտներ Սասուն ու մեր սիրուն աղջիկներին ու կանանց գերի չտաներ: Ոչ մի թագավոր չի հավասարվի
մեր թլոլ Դավթին:
Այնուհետև Թամոն հանգամանորեն պատմեց, Դավթի պատմությունը ստույգ է, որ այն գրված է գրքի մեջ և ինքը սեփական աչքերով տեսել է այդ գիրքը:
— Մեկ լիտր կքաշեր ու պահվում էր Գոմաց վանքում, —ասաց նա:
— Հետո ի՞նչ եղավ Դավթի գիրքը:
— Կռիվների ժամանակ բալաքցի քրդերը վառեցին, — հառաչելով պատասխանեց ծերունին:
Շատ բաներ, որ բացարձակ առասպել էին՝ իրողություն էին ճախրականցի Թամոյի համար, աչքով տեսած ճշմարտություններ: Անկարելի էր նրան առարկել:
— Ճի՞շտ է, որ Հալեպի ճամփին ընկած է էն քարը, որ Դավիթը պարսատիկով շպրտել է Մսրա զորքի ետևից, — հարցրեց Ասատուրը:
— Աչքովս եմ տեսել: Ինձ հետ էին դարբին Զենոբը և տալվորիկցի մի քանի մշակներ: Կանգնեցի՜նք, նայեցի՜նք, լաց եղանք ու անցանք. գնացինք,— ասաց Թամոն:

Լուսանկարները՝ Հ․ Համբարձումյանի