• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
«Կապուտաչյա հայրենիքից»՝ «Բորիս Ձնելաձե»․ Չարենցի երկերի նոր երկրորդ հատորը

«Կապուտաչյա հայրենիքից»՝ «Բորիս Ձնելաձե»․ Չարենցի երկերի նոր երկրորդ հատորը

Օ՜, իմ հեռու, կապուտաչյա՜ սիրուհի,

Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ…

Օրերում այս տառապանքի ու մահի

Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ։

Օրը կգա։ Ու հեռավոր դաշտերից

Մեր հնձվորները, հոգնաբեկ, կգան տուն։

Կբոլորեն սեղանի շուրջը նորից

Ու կլինի հազար ծիծաղ ու խնդում։

Ու խնջույքում, աներևույթ դու կգաս,

Սիրտս կզգա քո թովչությունը մոտիկ.

Եվ չես լինի դու արնավառ մի երազ,

Ու կխնդան քո զավակներն անոթի…

Կտեսնեն քեզ հանկարծ լուսե՜ ու պայծառ

Ու կլինես դու հարազատ ու անուշ։

Մութը կանցնի ու մառախուղը անծայր

Հուշ կդառնա, հնամենի մի զրույց…

 

1915 թվականին Եղիշե Չարենցը Կարսում գրում է իր առաջին՝ «Կապուտաչյա հայրենիք» պոեմը, որը լույս է տեսնում նույն թվականին Թիֆլիսում։ Այս և հետագայում գրված պոեմները առանձնահատուկ նշանակություն ունեն ոչ միայն բանաստեղծի ստեղծագործության մեջ, այլև ընդհանապես հայ գրականության մեջ պոեմի ժանրի զարգացման համատեքստում։  Եղիշե Չարենցի 1915 թվականից մինչև 1931 թվականը գրված և հեղինակի կենդանության օրոք հրատարակված պոեմներն ու բալլադները ընդգրկված են Չարենցի երկերի նոր ակադեմիական հրատարակության երկրորդ հատորում, որը լույս է տեսել օրերս։ Խմբագրակազմի որոշմամբ, հաշվի առնելով նաև գրապատմական տարբեր իրողություններ այս հատորում չեն ընդգրկվել բանաստեղծի ստեղծագործության  «Դեկլարացիա Երեքի» շրջանում (1922, հունիս) և Standard-ի կուրսից (1924,մայիս) հետո գրված պոմները, որոնք լույս կտեսնեն առանձին հատորով։ 

Պոեմների և բալադների բնագրերը հարատարակության է պատրաստել գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։ Հատորի խմբագիրը՝ գրականագետ Դավիթ Գասպարյանն է։ Գիրքը բովանդակային առումով թեև արտաքուստ կրկնում է Եղիշե Չարենցի երկերի նախորդ հրատարակության երկրորդ հատորը, սակայն իրականում խմբագրական, ծանոթագրական, բնագրերի ճշգրտման հսկայական աշխատանք է արվել։ Այս աշխատանքի ընթացքում հաշվի են առնվել ինչպես նախորդ հրատարակության կազմողներին անհայտ փաստերն ու նյութերը, գրաքննական միջամտությունները, այնպես էլ հեղինակի՝ իր պոեմների հրատարակությունից հետո գրքերի վրա արված նշումներն ու ուղղումները։ 

Ի մասնավորի նույն՝ «Կապուտաչյա հայրենիք» պոեմի դեպքում վերականգնվել է պոեմի ընթերցման ու ընկալման տեսանկյունից կարևոր,  և՛ պոեմի առանձին հրատարակության, և՛ երկերի մոսկովյան հրատարակության մեջ բանաստեղծի որդեգրած սկզբունքը՝ պոեմի յուրաքանչյուր հատվածը նոր էջից սկսելը։ Դրանով բանաստեղծը թերևս ցանկացել է ընդգծել պոեմի  ենթավերնագիրը՝ «հատվածներ անավարտ պոեմից»: 

Նմանատիպ և այլ բնույթի կարևոր ճշգրտումներ կան հատորում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների դեպքում։ Ի տարբերություն նախորդ հրատարակության, այստեղ մեծացել է ծանոթագրությունների բաժինը, լրացվել պոեմների ու բալադների ստեղծման հետ կապված նորահայտ փաստերով, պատմական դեմքերի ու դեպքերի մասին տեղեկատվությամբ, որը  նախորդ հրատարակություններում տարբեր պատճառներով հնարավոր չի եղել ընդգրկել։ 

Նույն կերպ նոր հրատարակության մեջ մեծ փոփոխությունների են ենթարկվել Չարենցի նշանավոր «Դանթեական առասպել» և «Սո՛մա» պոեմները, «Ստամբոլ», «Չարենց-նամե» և այլ գործերը։ Գրքի կազմողները շեշտում են, որ այս փոփոխությունները կամայական չեն, այլ թելադրված են բանաստեղծի վերջին կամքը կատարելու ձգտմամբ։ 

Հատորը լույս է տեսել Ե. Չարենցի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի և «Անտարես» հրատարակչության համագործակցությամբ։

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի էջից

Art 365

27.12.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.