1933 թ․ մայիսի 9-ով է թվագրվում Եղիշե Չարենցի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Պատգամը»։ Այն ընդգրկված է նրա վերջին՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուում։ Այս գաղտնագիր բանաստեղծությունն էլ, հաճախ նշվում որպես բանաստեղծի բանտարկության պատճառ․
Պատգամ
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց։ —
Ահա ոսկյա մի արև՝
Ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն։
Նոր աշխարհին ու մարդուն
Ո ՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ
Հրակարմիր, հրավարս.
Ադամանդյա լույսը այս։ —
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում —
Քանի ՜ տարի, քանի ՜ դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարչտին
Ուր հայրենիքն էր մեր հին, —
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ հոսելով դարից դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հու՜ր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա՜ն այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜ անկոր, հո՜ւր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արև է՛լ.
Նա՛ է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևե՛…
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար. —
Մեր անցյալի խորամիտ
Է՛ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…
Ե․ Չարենցն այս բանաստեղծությունը կառուցել է առաջին բառերի երկրորդ տառերի բանակապի կամ մեզոստիքոսի սկզունքով, որով էլ կազմվել է՝ «Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» պատգամը։ Ըստ որոշ վկայությունների բանաստեղծության այս գաղտնիքը Չարենցը հաղորդել է բանաստեղծ Նաիրի Զարյանին, ինչն էլ հետագայում հայտնի է դառնում իշխանություներին։ Չարենցը հարցաքննվում է՝ 1936 թ.-ի նոյեմբերի 16-ին։ Գրականագետ Դավիթ Գասպարյանն իր Փակ դռների գաղտնիքը գրքում ներկայացվում է այս բանաստեղծության հետ կապված հարցաքննության արձանագրությունը․
Քննիչ- Ձեր «Գիրք ճանապարհի» «Պատգամ» բանաստեղծության մեջ աքրոստիկոսով Դուք անց եք կացրել հետևյալ բովանդակությամբ հակահեղափոխական, նացիոնալիստական լոզունգը.«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ընդունո՞ւմ եք այդ լոզունգի հակահեղափոխական, դաշնակցական լինելը:
Չարենց- Ընդունում եմ, որ իմ «Գիրք ճանապարհիում», հրատարակված 1934-ին, «Պատգամ» բանաստեղծության մեջ երկրորդ տառերի աքրոստիկոսով ես ասել եմ.«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Բայցև ես դա ամենևին չեմ համարում հակահեղափոխական դաշնակցական լոզունգ, որովհետև «ժողովուրդ» հասկացությունը ես կիրառել եմ սկզբունքորեն հակադիր ըմբռնումներով «ազգ» տերմինին, որ օգտագործում են դաշնակցականները: Այդ բանաստեղծությունը գրված է 1933 թվականին, երբ, ինչպես հայտնի է, Հայաստանի լեռնային շրջանների դրությունը աղետալի էր, դա օբյեկտիվ նախադրյալ է հանդիսացել իմ՝ որոշ չափով հոռետեսական տրամադրության համար, ինչը եւ արտահայտվել է իմ գրքի մի քանի էջերում, հատկապես այդ լոզունգի մեջ:
Քննիչ- Ումի՞ց էիք ցանկանում փրկել հայ ժողովրդին:
Չարենց- Այն ղեկավարներից, ովքեր մեղավոր էին Հայաստանի՝ վերը նշված վիճակի համար:
Քննիչ-Եթե այդ լոզունգը հակահեղափոխական չէ, ինչո՞ւ եք Դուք այն գաղտնագրել:
Չարենց- Խոստովանում եմ, որ չնայած այդ լոզունգի բովանդակության վերաբերյալ իմ ունեցած սուբյեկտիվ պատկերացմանը՝ որպես ոչ հակահեղափոխական, ամբողջապես և լիովին կարող է ընկալվել նաև որպես հակահեղափոխական:
Ըստ բանաստեղծի վկայության, նա բանակապի գաղտնիքը վստահել է Ակսել Բակունցին և Սուրեն Հարությունյանին: Գաղտնագրված տողը Ե․ Չարենցին ազգայնական գործունեության մեջ մեղադրելու հնարավորություն է տալիս, ինչն էլ հետագայում օգտագործվում է նրա գործը կազմելիս։