• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Աղասի Այվազյան․ Թիֆլիսի ցուցանակները

Աղասի Այվազյան․ Թիֆլիսի ցուցանակները

 Աղասի Այվազյանի այս նշանավոր պատմվածքը վերականգնում է  Թիֆլիսյան կյանքի, կենցաղի, մարդկային հարաբերությունների մի յուրահատուկ մթնոլորտ, որն այլևս գոյություն չունի։ Այն գուցե կարելի է գտնել թիֆլիսահայ նկարիչներ Կարապետ Գրիգորյանցի (1865–1943), Վանո Խոջաբեկյանի (1875–1922), Վաղարշակ Էլիբեկյանի (1910–1994), նաև, իհարկե, հենց վրացի պրիմիտիվիստների, մասնավորապես Նիկո Փիրոսմանիի կտավներում։ Պատմվածքում հին Թիֆլիսը ներկայանում է  իր գետնափոր միկիտաններով, կինտոներով, ղարաչոխելիներով, գինու հոտով, կռիվներով, երգով ու պարով, բարությամբ ու մեղքով։ Այս ամենի մեջ ապրում, այս ամենը ապրեցնում և այս ամենին անկեղծություն ու հմայք է հաղորդում նկարիչ Գրիգորը։ Նրա համար անկեղծ լինելը պարզապես բարոյական հատկություն չէ, այլ գոյության պայման. եթե մարդը թաքցնում է իր ցավը, վախը, ուրախությունը, թուլությունը, նույնիսկ իր տգեղությունը, ապա, ըստ Գրիգորի, թաքցնում է ինքն իրեն։ Իսկ ինքն իրեն թաքցնելը գրեթե նույնն է, ինչ չապրելը։
Այդ պատճառով էլ Գրիգորի ցուցանակները սովորական ցուցանակներ չեն․ դրանք քաղաքը մաքրող, նրան մարդկային անկեղծ, անմիջական ու բարի դարձնող պատկերներ են։ Նկարիչը  քաղաքին ու մարդկանց է տալիս իր ունեցածը, հետո հասկանում, որ սխալվել է ու մի գիշերում ետ վերցնում ամենը։ Նա քաղաքի դեմքից ջնջում է իր կարծես փոքրիկ, սակայն, իրականում մեծ ու կարևոր ներկայությունը։ Թիֆլիսն աղքատանում է ու անդառանալիորեն կորցնում իր անկեղծությունը։

 

«Սիմպատիա»` գետնափոր միկիտանի սանդուղքը տասնութ աստիճան ուներ: Իջնելը դժվար էր, բարձրանալը՝ էլ ավելի դժվար, տղամարդ էր պետք, որ Բուղդանի մոտ հինգ-վեց շիշ խմելուց հետո ոտքերն ուղիղ պահեր բարձրանալիս, իսկ եթե ճանապարհի կեսին ծնկները ծալվեին, նա ամոթից այլևս ոտք չէր դնի Բուղդանի մոտ: Կարծես դա քիչ էր, Բուղդանը դեռ մի փայտե ծանր դուռ էլ կախել էր փողոցի կողմից, բարձրացողը հետո այդ դուռը պետք է բացեր. պինդ ձեռք էր հարկավոր և մկանուտ թիկունք:

Եթե կարճ լինեիր, ձեռ էին առնում «Սիմպատիայում», եթե բարձրահասակ լինեիր՝ գլուխդ կպչում էր ցածր առաստաղին: Պետք է բարձր լինեիր և այնպես աննկատ ճկվեիր, որ ոչ ոք ընկատեր, թե խոնարհվում ես, որովհետև «Սիմպատիայում» չէին սիրում, երբ տղամարդը խոնարհվում էր... Մի քիչ տուտուց էր Թիֆլիսը, մի քիչ իմաստուն, մի քիչ շռայլ, ասպետ ու դարդիմանդ... օղորմի հոգուն...

«Սիմպատիայի» պատերին Շեքսպիրի, Րաֆֆու, Կորպերնիկոսի, Թամար թագուհու և Պուշկինի դիմանկարներն էին: Գրիգորն էր նկարել: Մյուս պատերն էլ էր Գրիգորը նկարազարդել: Ու բոլորը լավ ճանաչում էին Շեքսպիրին, Րաֆֆուն, Կոպերնիկոսին ու Գրիգորին:

Բոլորին սիրում էր Գրիգորը լավ մարդիկ էին, ուտում-խմում էին, ուրախ էին, կռվում էին, տխուր էին մեկ-մեկ լաց էին լինում, երգում էին... Ասես բոլորը ինքը լիներ, երբ խոսում էր Բուղդանի հետ, ասես խոսում էր իր հետ, երբ խոսում էր Փիչխուլայի հետ, էլի էր իր հետ խոսում. ինքը ինքն էր. Փիչխուլան էլ ինքն էր: Ու ասես բոլորը մի մարդ լինեին Գրիգորի համար:

Բաց էր Գրիգորը, ասում էր ամեն ինչ, հարցնում էր ամեն ինչ: Պատմում էր իր կասկածների մասին, իր թուլությունների մասին, քերում-հանում էր ներսը և ցույց տալիս... Վերջում, երբ նրան թվում էր, որ դիմացինն իրեն ավելի լավ գիտե, Գրիգորը այդ դիմացինին, ուրիշին՝ իր ներսն էր տանում, որ նա տնօրինի այնտեղ... Տարօրինակ մի բան գիտեր Գրիգորը. եթե ինքը չանկեղծանա, չբացի իր թուլությունները, իր վախերը, իր հավատը, իր տգեղությունը, ապա ինքը չի ապրի: Թաքցնել իր իսկական զգացածը՝ ցավը, ուրախությունը, պոռթկումը, անօգուտ խոսքը, վախը, նշանակում է թաքցնել իրեն. սպանել իրեն և ստեղծել մի ուրիշ մարդ իր փոխարեն: Այդ մարդը միայն թվացող է, ուրիշների աչքի համար, պատրանք, թղթից շինած... Իսկ ինքը ուղղակի չի ապրի: Ու դրա համար Գրիգորը պահանջ էր զգում ներքին ճշմարտության. դա միակ փաստն էր նրա գոյության:

Գրիգորը ապրում էր իր խելքով, ու նրա անկեղծությունը փռվել էր Թիֆլիսով մեկ. նա նկարել էր ցուցանակներ միկիտանների դռներին, վարսավիրանոցների ապակիներին, դուքանների վրա...

Գրիգորը Կապլոյի դուքանի ճակատին նկարել էր կինտոներին թռիչքի մեջ ու տակը գրել մի տեսակ ազատ ու պարզ ուրախ ու հասարակ.

Танцую я

Танцуют все

Хочиш смотри хочиш не

Գրիգորը համոզված էր, որ այդ գռեհիկ խոսքերը, որոնցից գինու հոտ էր գալիս և որոնց տակ հաճախ պետք է փսխեին՝ կենդանի են, ապրում են: Իսկական ազատություն էր․․․

Ուզում իս նայիր, թե չիս ուզում՝ մի նայիր... Վուա՜... Գրիգորի ազատության հիմնն էր դա... Ազատություն, եղբայրություն, հավերժությո՛ւն... Խոչիշ սմոտրի, խոչիշ նե․․․

Ցուցանակ Շեյթան բազարում՝

ԲԱՐԵՎ, ԿԱՑՈ, ՄԱՐԴ-ՕՔՄԻՆ,

Добри человек

Ցուցանակ Սիրաչխանայում՝

Балница                       пускай без работи

Частни венерически    умру я

Фелшер                        лечу все болезни

Не заходи, не надо

ՈՒՆԵՄ ԾՈՒՌԲԵԼԱ 

Ցուցանակ Սոլոլակում՝

В духане Гога

апетит бога

Ցուցանակ Օրթաճալայում՝

Гостиница

Имееш место

На моя галава

Ցուցանակ Կլոր թաղում՝

Вини погреба

Кахетински Акоба

Пном до гроба

И даже в гроба

Ցուցանակ Հավլաբարում՝

Душа рай

Двер откривай

Не стучай

Ցուցանակ Նարիղալայում՝

Скори файтон

Весоли Антон

Иду вагзал

И обратон

Ցուցանակ Նարիղալայում՝

Салидни обеди для салидни люди

Բանը` միայն բառերի բովանդակությունը չէր. Գրիգորը ամեն ինչի մեջ էր. նրա ներքինն առանց մնացորդի դուրս էր գալիս ցուցանակի ձևով:

Գրիգորի անկեղծությունը Թիֆլիսի անկեղծությունն էր, ու երևի մի մարդու անկեղծությունը հերիք էր քաղաքի մնացած ամբողջ սուտն ու կեղծիքը ծածկելու համար: Գրիգորի ցուցանակները Թիֆլիսի դրոշներն էին: Ամեն ծուռտիկ փողոց իր ցուցանակն ուներ, ու այդ ցուցանակը բացում էր փողոցը, լույս տալիս: Գրիգորի անկեղծությունն էր քաղաքի վրա ապրում, նրա յուրաքանչյուր զգացումը մի գույն էր տալիս քաղաքի մասերին...

Բացվել էր Գրիգորը քաղաքի վրա ու ապրում էր...

«Սիմպատիայում» մարդ չկար. Փիչխուլան արղան էր նվագում. Գրիգորը Շեքսպիրի, Րաֆֆու, Կոպերնիկոսի ու Թամար թագուհու կողքին Խաչատուր Աբովյանին էր նկարում, իսկ Բուլդանը, ծանր գլուխը ափերի մեջ առած, հետևում էր Փիչխուլայի ձեռքի շարժմանը և Գրիգորի վրձնին: Բուղդանը ինքն էլ էր հավատում, որ ինքը բարի է. նա Մամաշա Քալինկայի աղջիկներից՝ Սոնյային, հաճախ քնելու տեղ էր տալիս միկիտանի մի սենյակում, մեկ-մեկ Սոնյան Բուղդանի յուղոտ ձեռքն էր լիզում կրքոտ վեհերոտությամբ, մեկ-մեկ Բուղդանը պառկում էր Սոնյայի հետ, ու Սոնյան իրեն լավ էր զգում: Դա լինում էր, երբ Բուղդանը տխուր էր և խմած, արղանի հնչյունները ականջում ցատկոտում էին, ու Բուղդանը խղճում էր իրեն:

Բուղդանը ուզեց բարություն անել Սոնյային և որոշեց նրան ամուսնացնել Գրիգորի հետ:

Գրիգորը որոշեց բարություն անել Սոնյային և որոշեց ինքը ամուսնանա Սոնյայի հետ:

Հենց միկիտանում հավաքվեցին կինտոները, ղարաչոխելիները, արղանշչիկները, դուդուկչիները, վառեցին գույնզգույն մոմեր, պարեցին շալախո ու ամուսնացրին Քալինկայի հիմնարկի աղջիկներից մեկին՝ Սոնյային, Գրիգորի հետ:

«Սիմպատիայի» ցածր, կամարաձև խեղդել-խտացրել էր օդը, ու խիտ էր կարմիրը լույսի մեջ, խիտ էր գինու գույնը կարմրի մեջ, խիտ էին արխալուղների կարմիրները կարմիրների մեջ, սև էին չուխաները կարմիրների մեջ, ու այդ խտության արանքներում ոստոստում էին արղանի հնչյունները, անցք փնտրում, կիրք տալիս, տնքոց տալիս, ախուվախ տալիս կարմիր խտությանը, պատերից նայում էին Շեքսպիրը, Րաֆֆին, Կոպերնիկոսը, Թամար թագուհին, Խաչատուր Աբովյանն ու Պուշկինը: Մամաշա Քալինկան աչքերն էր սրբում: Ու արղանը նվագեց շարական: Բուղղանը ժպտում էր բեղերի տակից և ուրախանում, որ ինքը այդքան բարի է: Խառնվել էին իրար մեղքը, բարին, երկինքն ու գետինը: Ամեն ինչ միասին էր, ամեն ինչ մեկն էր, ամեն ինչ խեղճ ու ուրախ էր, և ամեն ինչ ճի՛շտ էր․․․

Գետնափոր` միկիտանը և՛ հարսանիք էր, և՛ քեֆ, և՛ եկեղեցի...

Գիշերը Գրիգորը Սոնյայի հետ մենակ մնաց, Գրիգորը նայում էր Սոնյային ու նրան թվում էր, թե ինքն է իր դիմաց, ինչպես իր նկարները, և խոսում էր ինքն իր հետ: Ու սիրեց Գրիգորը` Սոնյային: Ամեն գիշեր Գրիգորը Սոնյային պատմում էր սիրո մասին, պատմում էր ինչ-որ բաներ, պատմում էր բաներ, որ մինչև այժմ ինքն էլ չգիտեր... Պատմում էր, որ ինքը Սոնյային ճանաչել է դեռևս մի քանի հարյուր տարի առաջ: Սոնյայի միջով հիշեց իր սկիզբը, իր նախնիներին, նրանց այն մեծ սերը, որից սկսվել էր, պայթել, տարբեր կողմեր` գնացել, ու հիմա կրկին առանձնացել իրենց սերը: Հիշեց և ներքուստ տեսավ մարդկանց, որոնք շատ էին, և որոնք բազմանում էին... Սոնյան ու ինքը այդ բազմաթիվ մարդկանց միությունն են՝ իրենց տառապանքներով, իրենց ապրած հին և կրկին նորացած կրքերով, այդ բոլոր մարդկանց հարաբերությունների, զգացմունքների ամբողջացումը: Եվ հարազատ էր իրեն Սոնյան, և իրենք մի մարդ էին:

Գրիգորի գիշերները` ցուցանակներ դարձան, տարածվեցին, մտան քունջ ու պուճախ: Նրա խենթ սերը թառեց հիվանդանոցների ճակատներին, փողոցների լապտերներին, եկեղեցիների պատերին, չարչիների խանութներին... Սոնյան մի նոր կատաղությամբ հանեց Գրիգորի անկեղծությունը, Թիֆլիսը առավել լուսավորվեց Գրիգորի ցուցանակներից, Թիֆլիսի արյան շրջանառությունն արագացավ...

Գրիգորը բաժանում էր իրեն աջ ու ձախ՝ իր ուրախությունները, իր տխրությունները, իր թուլությունները, իր ուզելը, իր չուզելը, իր մեծությունը, իր ոչնչությունը... Նա իր սերը դնում էր ցուրտ ու բաց փողոցներում, միաչքանի նկուղների մուտքերին, միջանցիկ քամու դիմաց... Ու ցուցանակները սկսեցին սիրել․․․

Թիֆլիսը սիրահարված էր:

Սիրահա՜ր քաղաք...

Շեքսպիրի, Րաֆֆու, Կոպերնիկոսի, Պուշկինի, Թամար թագուհու, Խաչատուր Աբովյանի կողքին մի սպիտակ տեղ էր մնացել, Գրիգորը որոշեց նկարել Սոնյային: Ինչ իմանար Գրիգորը, որ Սոնյան էլի է գնում Բուղդանի միկիտանը, կրկին կրքոտ վեհերոտությամբ լիզում է Բուղդանի ձեռքերը:

Գրիգորը` իջավ «Սիմպատիայի» սանդուղքով, պատրաստեց ներկերը, մոտեցավ պատին և վարագույրի արանքից` տեսավ Սոնյային արղանշչիկ Փիչխուլայի հետ: Պտտվեց, ծանոթ էր փնտրում, տեսավ Բուղդանին, հազիվ ճանաչեց, Բուղդանը

ասաց.

— Բան չկա՜...

Հետո Գրիգորը նկատեց, որ դա Բուղդանը չէ, քիչ հետո նկատեց, որ նա և Փիչխուլան Փիչխուլա չէ, Սոնյան Սոնյա չէ, մի ուրիշ կին է: Գրիգորը աչքերը տրորեց, նայեց, ուրիշ մարդիկ էին, չէր կարողանում ճանաչել: Նայեց ետ. պատին Շեքսպիրն էր, Րաֆֆին, Կոպերնիկոսը... Նայեց անկյունում նստած Կապլոյին, Կապլոն փոխվեց, փոխվեց և դարձավ ուրիշ մարդ. ուրիշ մարդը ժպտաց. Գրիգորին թվաց, իրեն էլ չեն ճանաչում, որ ինքն էլ ուրիշ է... Գուցեև չի ծանոթացել այդ մարդկանց հետ... Ամաչեց Գրիգորը. հավաքեց ներկերը և սուսուփուս գնաց սանդուղքի կողմը:

Տանը օղի խմեց Գրիգորը և սկսեց հարվածել իր գլխին: Ամբողջ գիշեր Գրիգորը ման էր գալիս Թիֆլիսի փողոցներով և գողանում էր իր ցուցանակները. իջավ Շեյթան բազար, բարձրացավ Հավլաբար, գնաց Դիդուբե, մտավ Խարփուխ... Հավաքեց ինչ կարողացավ, բերեց պատերը, հանեց թիթեղները, ներկեց ապակիները...

Արթնացավ Թիֆլիսը, և Գրիգորի ցուցանակները չկային Բուղդանը շատ չմտահոգվեց, կանչեց Զազիևին, առավոտյան խաշ տվեց՝ օղու հետ, ճաշին չանախ՝ գինու հետ, իրիկունը դանդուրի՝ էլի գինու հետ, և ուղիղ նույն ձևի նոր ցուցանակ 

ունեցավ: Հետո նրա հարևանը նոր ցուցանակ կախեց, իսկ Սոնյան գնաց մամաշա Քալինկայի մոտ... Թվում էր՝ չէին նկատում Գրիգորի բացակայությունը՝ սակայն կամաց-կամաց Թիֆլիսը տխրեց, ու մի զարմանալի գորշություն եկավ նրա վրա. ասես հորանջում էր քաղաքը ու սառնասիրտ էր ամեն ինչի նկատմամբ: Դանդաղ, բայց հետևողականորեն բոլորն զգում էին, որ քաղաքում ինչ-որ բան պակասում է: Հասկանալ դժվար էր..

Ոչ ոք գլխի չէր ընկնում, թե ինչու այս նոր ցուցանակները, ավելի շքեղ, ավելի վարժ նկարած, չէին փոխարինում` Գրիգորի ցուցանակներին... Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի թույլ մարդու անկեղծությունը, մի խեղճ մարդու ճշմարտությունը կարող էր պահել մեծ ու հարուստ, կրքոտ ու տաք, կուշտ ու խորամանկ, շռայլ ու աչքաբաց, գեղեցիկ ու դաժան քաղաքը...

Ինչ-որ մի հեռավոր բնազդով դարդիմանդները` կրկին հավաքվում էին «Սիմպատիա» գետնափոր միկիտանում, որտեղ դեռ երկար ժամանակ մնում էին Գրիգորի միամիտ Շեքսպիրն ու միամիտ Րաֆֆին, միամիտ Թամար թագուհին ու միամիտ Կոպերնիկոսը, միամիտ Խաչատուր Աբովյանը և միամիտ Պուշկինը... ու մի կտոր սպիտակ պատ, որի վրա չհասցրեց նկարել Սոնյային: Երկար ժամանակ մնում էին այդ նկարները գետնափոր միկիտանում... Հետո սվաղեցին այդ պատն էլ...

Շատ ուշ, երբ գլխի ընկան, թե ինչ է պակասում քաղաքում, սկսեցին փնտրել Գրիգորի ցուցանակները...

Ու մինչև հիմա, երբ որևէ կոմիսիոն խանութում, հնավաճառի մոտ, սև շուկայում տեսնում են հին նկար՝ թեկուզ թիթեղի վրա, թեկուզ պատառոտած ջվալի վրա, թեկուզ փայտի վրա, ագահորեն վրա են ընկնում, զգուշորեն պտտեցնում ձեռքերի մեջ, հույս ունենալով, որ կարող է հանկարծ ձեռք բերեն անկեղծությունը...

Hayk Hambardzumyan

07.09.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.