2025 թվականը հոբելյանական է հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի համար։ Հոկտեմբերի 30-ին լրանում է Վարպետի ծննդյան 150-ամյակը։ Հոբելյանական տարվա ընթացքում art365-ը տարաբնույթ նյութեր է ներկայացրել՝ նվիրված Ավ․ Իսահակյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Այս անգամ անդրադառնում ենք Վարպետի նախնիներին ու մանկական տարիներին։
Ավ. Իսահակյանի նախնիները Պատմական Հայաստանի Կոգովիտ գավառի Բայազետ (Դարոյնք) քաղաքից էին։ Բանաստեղծի տատն ու պապը՝ Նիկողայոսն ու Փարին, 1828 թ. ռուս–թուրքական պատերազմի
ժամանակ գաղթել էին Արևելյան Հայաստան՝ Շիրակի Կումայրի (Գյումրի) քաղաք։ Այստեղ էլ ծնվում է բանաստեղծի հայրը՝ Սահակը։ Իսահակյանի նախնիները, հատկապես պապը՝ Նիկողայոսը,
բանաստեղծական շնորհ է ունեցել, տիրապետել աշուղական արվեստին, հորինել երգեր ու կատարել դրանք թառի նվագակցությամբ.
«Չգիտեմ,— տեսել եմ պապիս (Նիկողոս աղային), թե լսել եմ նրա մասին, որովհետև երևակայությունս խառնվել, հյուսվել է իրականության հետ, որ միշտ պատահում է, պապս կարճահասակ էր, սուր փափախով, խելացի աչքերով, քայլում էր դանդաղ, բայց առույգ էր... այսպես։ Ուղղակի ինձ թվում է, թե հիմա տեսնում եմ նրան»,— հիշում է Իսահակյանը, թեև Նիկողայոսը մահացել 1876 թ., երբ Ավետիքը մեկ տարեկան էր։

Ավ․Իսահակյանի հայրը
Նիկողայոսը գործունյա մարդ էր, ագարակներ ու ջրաղաց ուներ Ղազարապատ գյուղում։ Ավելի ուշ Գյումրու Յոթ Վերք եկեղեցուց ոչ հեռու՝ Գեներալսկայա փողոցի վրա, սրբատաշ սև տուֆ քարից երկու առանձնատուն է կառուցում՝ մեկը իր, մյուսը ավագ որդու՝ Ավետիքի հոր՝ Սահակի համար։
«Նիկողայոսի զավակներից խոսքաշեն, երգասեր, գրապաշտ մարդու անուն է հանել նրա անդրանիկ որդին՝ Սահակ աղան՝ Ավետիք Իսահակյանի հայրը: Սահակը կարդացել է նաև գրաբար գրքեր՝ Աստվածաշունչ, Գրիգոր Նարեկացի, սիրել է ժողովրդական երգ ու նվագը: Եղել է ազգանվեր, հայրենասեր մարդ: Ինքը և կինը՝ Ալմաստ խանումը, դրամական նվիրատվությամբ մասնակցել են Արթիկի շրջանի Հառիճ (Ղփչաղ) զյուղի 12–րդ դարում կառուցված սքանչելի վանքի վերանորոգմանը և դպրոցի կառուցմանն ու պահպանմանը»,— պատմում է Ավ. Իսահակյանի կենսագիր Մուշեղ Նարյանը։

Ավ․Իսահակյանի մայրը
Այս ընտանիքում էլ 1875 թ. հոկտեմբերի 30–ին ծնվում է ընտանիքի յոթերորդ զավակը՝ Ավետիքը։ Սահակ աղան վաղ է մահացել, երբ Իսահակյանը ընդամենը 15 տարեկան էր։ Սահակ աղայի տանը այժմ գտնվում է Ավ. Իսահակյանի Գյումրու թանգարանը։ Այն հիմնադրվել 1975 թ. Վարպետի 100–ամյակի առիթով Գյումրու Վարպետաց փողոցում և գործում է մինչ օրս։ Ընտանիքում Նրանք յոթ երեխա են եղել, որոնցից ամենակրտսերն ու մոր ամենից սիրելին Ավետիքն էր։
«Սկզբնական կրթությունս ստացել եմ իմ հայրենի քաղաքի հայոց դպրոցում, այնուհետև 1885 թ. հայոց դպրոցների փակվելուց հետո մտել եմ քաղաքային ուսումնարանը, ուր դասերն ավանդվում էին ռուսաց լեզվով: Այստեղ ես սովորեցի միայն մի տարի, ապա մտա հայկական երեքամյա դպրոցը, որ կար Ղփչաղ (Հառիճ) գյուղի վանքում, որը Էջմիածնի սեմինարիայի նախապատրաստական աստիճաններն էին: Դպրոցն ավարտելով՝ ես ընդունվեցի Սեմինարիայում, ուր սովորեցի երեք տարի»,— հիշում է Իսահակյանը։
Բանաստեղծի նախնական կրթության առաջին՝ Աննա Էնֆիաճյանի դպրոցի մասին հիշողություններն արտացոլվել են նրա «Շողո–բաջու ուսումնարանը» պատմվածքում։ Իհարկե, այստեղ Իսահակյանը գրագետ չի դառնում։ Հաջորդում են մի քանի այլ դպրոցներ ևս, ապա ապագա բանաստեղծն ընդունվում է
Ալեքսանդրապոլի Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից ծխական դպրոցը 1883 թ.։
1885 թ. ցարական կառավարությունը փակում է այդ դպրոցը, և Իսահակյանը տեղափոխվում է քաղաքային պետական դպրոց, որտեղ ուսումն իրականացվում էր ռուսերեն։
Սակայն բանաստեղծի դպրոցական կրթության ամենակարևոր հանգրվանն է դառնում Հառիճավանքի դպրոց–վարժարանը։ Այսօր էլ Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող այս ճեմարանը սովորողներին նախապատրաստում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու համար։
Այն հիմնվել է բարերարների նվիրատվություններով, իսկ նվիրատունե
րի մեջ էին նաև Ավ. Իսահակյանի ծնողները, հորեղբայրն ու քեռին։ Այս դպրոցում կրթությունն իր որակով, իհարկե, գերազանցում էր նախորդող ծխական, մասնավոր ու քաղաքային դպրոցներին, և Հառիճավան
քի հոգևոր–կրթական միջավայրը մեծ ազդեցություն է թողնում ապագա բանաստեղծի աշխարհայացքի ձևավորման վրա։ Այստեղ են գրվել Ավ. Իսահակյանի առաջին բանաստեղծությունները։ Հետագայում՝
հատկապես արտասահմանում գտնվելու ժամանակ Ավետիք Իսահակյանը մտովի անըդհատ վերադառնում է մանկության տարիներ ու այս վայրեր, գրում բանաստեղծությունների մանկության հրաշալի հեքիաթի մասին։ Այդ գործերից է 1926 թվականին գրված Հայրենի ծուխ բանաստեղծությունը․
Ուրախ քրքիջով վազում է կայտառ
Իմ հին խաղընկեր գետակը փայլուն,
Տեսնում եմ նրա զմրուխտ հայելում
Ծաղկի պես ցնծուն` պատկերս պայծառ:
Կապույտ երեկոն ա՜յնքան է խաղաղ,
Երգում է ծառից մի հավք սրտագոհ,
Տեսնում եմ` հայրս բարի, մտախոհ,
Ծանոթ շավիղով քայլում է դանդաղ:
Ինձ տուն է կանչում ձայնը մայրենի,
Խաղըս թողնում եմ. երեկո է ուշ.
Գգվում է մայրս, ժպտում է քնքուշ,
Մի արևի պես, որ նման չունի:
Վառվել է նորից օջախն հինավուրց,
Ելնում է ծուխը անուշ խընկի պես,
Խոսում են մերոնք… բայց ննջում եմ ես,
Հոգիս պարուրած հեքիաթ ու անուրջ:
Ոչինչ չեմ տենչում այս ծխից ավել,
Ոչինչ, դատարկված այս մերկ աշխարհում.
Ո՛չ կին երազած, պանծալի անուն,
Ո՛չ գանձ աշխարհի – այս ծուխից ավել:
Կուզեի նստել այս սուրբ ծխի տակ
Ու տեսնել նորից հոգով մանկական
Հարազատներս, որ հիմա չկան,
Եվ հրաշք նորից – աշխարհ բովանդակ …

Ավ․Իսահակյանը Գևորգյան հոգևոր ճեմարանում