Մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ, Չարչարանաց կոչվող շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր աստվածաբանական խորհուրդն ու մշակութային արտահայտությունը։ Այս շաբաթն ավելի խտացված է ներկայացնում Մեծ պահքի 40-օրյա շրջանի խորհուրդները․ ապաշխարություն, աստվածային ողորմության ու մեղքերի թողության խնդրանքներ, Սուրբ ու հրաշափառ Հարության տոնին հոգեպես պատրաստություն, հոգևոր վերածննդի ձգտում ու սպասում այլն։ Այս և շատ այլ կարևոր ու քրիստոնյաների համար առանքային խորհուրդներ ներկայացվում են Ավագ շաբաթվա ընթացքում։ Հայ միջնադարյան մանրանկարչության մեջ օրվա խորհրդին համապատասխան շաբաթվա յուրաքանչյուր օրը գտել է իր ուշագրավ գեղարվեստական արտացոլումը։ Ներկայացնում ենք Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդաբանությանը համապատասխան մեկական մանրանկար։
Ավագ երկուշաբթի
Օր ի հիշատակ Հիսուս Քրիստոսի կողմից Երուսաղեմի տաճարի մաքրման և անիծված թզենու
Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները:
Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կ՚անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կը կատարուի:

Ավետարան, Վասպուրական, 1306, Մատենադարան
Ավագ երեքշաբթի
Տասը կույսերի առակն ու փարիսեցիների հանդիմանությունը
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ:
Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ:
«Տե՜ր, Տե՜ր, բա՛ց դուռը»: Իսկ փեսան պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ձեզ չեմ ճանաչում»: Առակը վերջացնելուց հետո Հիսուս ավելացրեց. «Արթո՛ւն եղեք, քանի որ ո՛չ օրը գիտեք և ո՛չ՝ ժամը»

Ավետարան, Խիզան, 1604, Մատենադարան
Ավագ չորեքշաբթի
Քրիստոսի օծումն ու մատնությունը
Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ:
Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց:
Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց.
«Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան:
Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց:

Ավետարան, Վասպուրական, 1619
Ավագ հինգշաբթի
Վերջին ընթրիքի հիշատակություն և Սուրբ Հաղորդության խորհուրդի հաստատում։ Ոտնլվայի արարողություն և խավարման կարգ
Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»: Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց.«Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր 930 ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար:

Թարգմանչաց Ավետարան, 1232 թ., Սյունիք, Մատենադարան
Ավագ ուրբաթ
Հիսուս Քրիստոսի ձերբակալություն, խաչելություն, մահ ու թաղում
Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը:
Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ:

Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ., Կիլիկիա
Ավագ շաբաթ
Դժոխքի ավերում և Սուրբ Հարության տոնի ավետիս։ Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը: Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան: Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտռում էք Յիսուսին, որ խաչուեց.
այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր: Եւ իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք: Ահա ասացի ձեզ»:

Ավետարան, 1287, Կիլիկիա