• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Աստծո արքայությունն ու մանուկները

Աստծո արքայությունն ու մանուկները

Մարկոս, Մատթեոս և Ղուկաս ավետարանիչները գրեթե նույնությամբ ներկայացնում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի` մանուկներին օրհնելու դրվագը (Մտթ. 19.13-15, Մրկ. 10.13-16)։ 

13. Հիսուսի մոտ երեխաների էին բերում, որ օրհնի նրանց, բայց աշակերտները սաստում էին բերողներին։

14․ Բայց երբ Հիսուսը տեսավ, բարկացավ ու նրանց ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, ու մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։

15․ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունը երեխայի պես չընդունի, նրա մեջ չի մտնի»։

16․ Եվ նրանց գիրկն առավ, ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։

Մարկ․ 10.13-16

Հիսուս Քրիստոս՝ հեռանալով Երուսաղեմից գնում է Անդրհորդանան և այստեղ հրաշքներ գործում, առակներ պատմում ու պատգամներ տալիս։  Ի մասնավորի, ըստ Ղուկասի Ավետարանի, ներկայացնում է Անիրավ դատավորի և այրի կնոջ, Փարիսեցին և մաքսավորը առակները, խոսում ամուսնալուծության ու հարստության մասին։ Եվ այս ընթացքում նրա մոտ են բերում երեխաներին, որպեսզի օրհնի նրանց․

 

15․ Մանուկներին էլ էին նրա մոտ բերում, որպեսզի նրանց դիպչի։ Աշակերտները, այդ տեսնելով, սաստում էին նրանց։

16․ Բայց Հիսուսը մանուկներին իր մոտ կանչեց ու ասաց. «Թո՛ւյլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։

17․ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունն ինչպես մի մանուկ չընդունի, նա այնտեղ չի մտնի»։

 

Եկեղեցու հայրերը և աստվածաբաններն այս դրվագը ներկայացնում են նրա խորհրդանշական մեկնաբանությամբ՝ անմեղության, բարության, առաքինության հանգամանքները շեշտելով։ Մասնավորապես Թեոֆիլակտ Բուլղարացին նշում է․

 

 Իր աշակերտներին խոնարհամիտ լինել և աշխարհի ամբարտավանությունը մերժել սովորեցնելով՝ Նա ընդունում և գրկում է մանուկներին: Սրանով Տերը ցույց է տալիս, որ ընդունում է չարություն չունեցողներին. դրա համար էլ ասում է. «Որովհետեւ Աստծու արքայությունը այդպիսիններինն է»: Նկատի ունեցի՛ր, որ Քրիստոս ոչ թե ասում է «այս մանուկներինն է «Արքայությունը», այլ ասում է «այդպիսիններինը», այսինքն՝ նրանց, ովքեր ձեռք են բերում այդ նույն բարությունը, որը մանուկներն ունեն ըստ իրենց բնության: Քանզի երեխան չի նախանձում, չարը չի հիշում․ մոր կողմից պատժվելով՝ չի փախչում նրանից․ եթե նույնիսկ մայրը ցնցոտի էլ է հագած լինում,  երեխան նրան նախընտրում է թագուհուց: Այդպես էլ առաքինությամբ ապրողն է իր մորը (նկատի ունեմ Եկեղեցին) նախընտրում ամեն ինչից և չի տարվում կյանքի հաճույքներով: Դրա համար էլ Տերը գրկում է այդպիսիններին՝ ասելով. «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ» (Մատթ. 11։27), և օրհնում է նրանց՝ ասելով. «Եկէ՛ք, իմ Հօ՛ր օրհնեալներ» (Մատթ. 25։34)։ Այստեղ Աստծո Արքայություն է անվանվում Ավետարանի քարոզը և ապագա օրհնությունների խոստումը: Այսպիսով, ով առանց ընդհանրապես երկմտելու և իր մեջ անհավատություն թույլ տալու, այսինքն՝ որպես մանուկ, ընդունում է Աստվածային քարոզը՝ նա էլ  կմտնի Աստծո Արքայություն և կժառանգի այն օրհնությունները, որ արդեն ձեռք է բերել հավատքով:

 

Օգոստինոս Երանելին այս հատվածը մեկնաբանում է ազատ կամքի ու ապաշխարության տեսանկյունից․

 

Իր ազատ կամքին դատավոր նշանակվող յուրաքանչյուր ոք կարող է սրբություններին մոտենալ և նոր կյանք սկսել միայն նախկին կյանքի համար ապաշխարելուց հետո: Մկրտության ժամանակ միայն երեխաներն են ազատվում այդ ապաշխարության անհրաժեշտությունից, քանի որ նրանք դեռ չեն կարողանում առաջնորդվել ազատ կամքով: Այնուամենայնիվ, երբ նրանք սրբագործվում են, սկզբնական մեղքից ազատվում են այն մարդկանց հավատի միջոցով, որոնք նրանց մկրտության են բերում։ Այնպես,  ինչպես նրանք այդ մեղքը ժառանգել են ուրիշներից, այսինքն՝ իրենց մեղքեր գործած ծնողներից, նույն կերպ էլ նրանք մաքրվում են ուրիշների աղոթքներով և բարեխոսությամբ:

 

Անկախ դրվագի խորհրդանշական մեկնաբանությունից մենք այստեղ տեսնում ենք Փրկչի ծնողական հոգատարությունը երեխաների նկատմամբ։ Մանուկների հոգին ու անմեղությունը ճանաչելով՝ Հիսուս Քրիստոս նրանց օրինակ է դարձնում ամբողջ մարդկության համար՝ ընդգծելով Աստծո արքայությունն առանց կասկածի, խոնարհությամբ ու սիրով ընկալելու հանգամանքը։   Միաժամանակ մեծահասակների ուշադրությունը հրավիրում երեխաների վրա, ցույց տալով նրանց էության խորքերը և տարբերությունը մեծերից, ինչն այն հեռավոր ժամանակներում չլսված բան էր։

Բնագրերի աղբյուրը՝ www.shavigh.am

Art 365

02.06.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.