Ուիլյամ Շեքսպիրի «Ինչպես կցանկանաք» (անգլ.՝ As You Like It) կատակերգությունը բացող՝ հերոս Ժակի մենախոսությունը նշանավոր է դարձել «Ամբողջ աշխարհը թատրոն է կամ բեմ, և բոլոր տղամարդիկ ու կանայք դերասաններ» (All the world's a stage, // And all the men and women merely players) թևավոր դարձած խոսքով։ Աշխարհը՝ որպես բեմ կամ թատրոն ընկալումը գալիս է դեռևս հին Հունաստանից, որտեղ էլ ծնվում է թատրոնը։ Հետագայում, իհարկե, թատրոնը փոխվել է ու զարգացել, նոր ձևեր ու գույներ ստացել, սակայն մշտապես ուղեկցել է մարդկությանն ու լավագույնս արտացոլել իրականությունը։ Թատրոնի միջազգային օրվա առթիվ ներկայացնում ենք 10 ուշագրավ փաստեր թատրոնի մասին։
1. Թատրոնն ու ծեսը
Թատերական գործողության ակունքները ուսումնասիրողները գտնում են հնագույն կրոնական և ծիսական արարողությունների մեջ։ Ծեսը պարբերաբար կրկնվող հմայական նշանակությամբ սրբազան արարողություն էր։ Թատրոնի ծագման տեսանկյունից հատկապես նշանակելի էին հունական Դիոնիսոս աստծուն նվիրված ծեսերը։
2. Առաջին դերասանի ծնունդը
Հին հունական թատրոնում դերասանը սկզբում պարզապես քորոսի՝ երգչախմբի մաս էր, մինչև որ առանձնացավ որպես առանձին կերպար ու խոսք ասաց։
3. Դերերում՝ միայն տղամարդիկ
Դասական անտիկ և միջնադարյան թատրոնում կանանց մասնակցությունը ներկայացումներին արգելված էր։ Ըստ այդմ էլ՝ կանանց մարմնավորում էին տղամարդ դերասանները։
4. Դիմակները և ձայնը
Հին թատրոնում դիմակները ոչ միայն կերպարի ստեղծման համար էին, այլև ուժեղացնում էին դերասանի ձայնը՝ կատարելով ձայնային «ռեզոնատորի» դեր։
5. Թատրոնը արգելքի տակ
Ինչպես մշակութային շատ այլ դրսևորումներ պատմության ընթացքում թատրոնը նույնպես բազմիցս ենթարկվել է արգելքների, դիտվել որպես «վտանգավոր» արվեստ։ Օրինակ 17-րդ դարի երկրորդ կեսին Անգլիայում փակվել էին բոլոր թատրոնները։
6. Շեքսպիրի ժողովրդական թատրոնը
Շեքսպիրի կենդանության օրոք նրա թատրոնի ներկայացումները նախատեսված էին ժողովրդական լայն լսարանի համար։ Հասարակ ժողովուրդի մասնակցությամբ ներկայացումներն ուղեկցվում էին աղմուկ-աղաղակով ու անմիջական արձագանքով։
7. Հավերժ փոփոխվող
Թատրոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր ներկայացում եզակի է․ միևնույն պիեսը երբեք չի կրկնվում նույն ձևով։
8. ․․․այլ լռությունը բառերի միջև
Թատրոնում լռությունը հաճախ նույնքան արտահայտիչ է, որքան խոսքը․ այն ստեղծում է լարվածություն, ենթատեքստ և դրամատիկական խորություն։
9. Քաղաքական թատրոն
Մշտապես լինելով ժամանակակից ու ներկա իրականության մասին․ թատրոնը սերտ կապերի մեջ է քաղաքական ու հասարակական շարժումների հետ։ Այն գրեթե միշտ եղել է ու մնում է քննադատության հարթակ, որտեղ բարձրացվում են արդարության, ազատության, հավասարության և այլ կարևոր հարցեր։
10. Թատրոնն այսօր
Այսօր թատրոնը բարդ ու համադրական երևույթ է։ Բեմի վրա սինթեզվում են խոսքը, վիդեոարտը, երաժշտությունը, պարը, թվային տեխնոլոգիաները։