Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մայիսի 29-ին բացված «Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին։ Չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» ցուցահանդես-աշխատարանը նվիրված է վերջին տարիների ամենանշանակալի հնագիտական բացահայտումներից մեկին։ Այն ներկայացնում է Արտաշատի հնավայրում կատարված նորագույն պեղումների արդյունքները, որոնք ոչ միայն վերաիմաստավորում են վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության պատմությունը, այլև նոր լույս են սփռում Հայաստանի՝ Միջերկրածովյան աշխարհի և Կապադովկիայի մշակութային կապերի վրա։

Եկեղեցին հայտնաբերվել է հայ-գերմանական «Արտաքսատա» համատեղ ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի համագործակցությամբ։

Ցուցադրության առանցքում պատմական Արտաշատի վայրում հայտնաբերված ութանիստ եկեղեցին է, որը ըստ հետազոտությունների հնագույններից է Հայաստանում։ Այս կենտրոնագմբեթ կառույցի հիմնական հատակագիծը կազմված է շուրջ 30 մ տրամագծով ութանկյունից։ Այն շրջապատված է չորս ուղղանկյուն էքսեդրաներով, որոնք տեղադրված են գլխավոր ուղղություններով։ Հնագետները շեշտում են, որ այսպիսի կառուցվածքը միավորում է կենտրոնաձիգ և առանցքային տարածական լուծումները՝ եկեղեցուն հաղորդելով ընդգծված խորհրդաբանական և ծիսական բնույթ։

Հատկապես տպավորիչ է այն հանգամանքը, որ եկեղեցու կենտրոնական հատվածը սահմանազատված է եղել ութ ներքին սյուներով։ Պեղումների ընթացքում դրանցից մեկը ամբողջությամբ ուսումնասիրվել է։ Հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ Պատարագի սեղանը գտնվել է կառույցի արևելյան հատվածում։ Ցուցադրության մեջ ներկայացված են նաև փայտյա միջնորմների հետքերը, որոնք, ըստ հետազոտողների, բաժանել են եկեղեցու ներսի տարբեր ծիսական գոտիները։ Այդ փայտե հատվածները հրդեհի հետևանքով ածխացել են, ինչն էլ հնարավորություն է տվել կիրառել ռադիոածխածնային թվագրման մեթոդը։ Դրանով հաստատվել է, որ եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի առաջին քառորդին։

Ցուցադրությունը կարևոր է նաև նրանով, որ ներկայացնում է այս պեղումների ժամանակ կիրառված հեղափոխական հնագիտական մեթոդները։ Արտաշատում կիրառվել են հեռահար զոնդավորում, գեոմագնիսական հետազոտություն, ռադիոածխածնային թվագրում և երկրաքիմիական անալիզներ։ Դրոններով ստեղծված թվային մոդելները և մագնետոմետրիկ չափումները հնարավորություն են տվել դեռևս պեղումներից առաջ պարզել կառույցի հիմնական ուրվագիծը։ Ընդգծվում է, որ հողի շերտով ծածկված ութանկյուն հատակագիծը հստակ արձանագրվել է հենց մագնետոմետրիկ տվյալների շնորհիվ։

Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում մարմարե խորանի վերակազմության հատվածը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են բարձրորակ սպիտակ մարմարից պատրաստված բազմաթիվ բեկորներ, որոնք խորանի և հարակից ծիսական կահավորանքի մաս են կազմել։ Վերակազմության համաձայն՝ խորանը եղել է ուղղանկյուն սեղան՝ օվալաձև ներքին կորություններով, անկյուններում՝ զարդաքանդակներ։ Սեղանը հենված է եղել սյուների վրա․ պահպանվել են դրանց խոյակների և պատվանդանների բեկորներ։ Մարմարների ուսումնասիրությունը ևս ուշագրավ արդյունքներ է տվել։ Երկրաքիմիական վերլուծությունները ցույց են տվել, որ սպիտակ մարմարը ներմուծված է եղել Միջերկրածովյան տարածաշրջանից։

Հայտնաբերված եկեղեցու հատակագիծը ուսումնասիրողները համեմատում են Կապադովկիայի, Նյուսայի, Տյանայի և Սեբաստոպոլիսի ութանիստ եկեղեցիների հատակագծերի հետ։ Եթե Արտաշատի եկեղեցու չորրորդ դարի թվագրումը հաստատվի, ապա այն կարող է ավելի վաղ լինել նույնիսկ Կոստանդիանոս Մեծի ժամանակաշրջանի հայտնի ութանիստ եկեղեցիներից։

Պեղումների ընթացքում բացահայտվել են Արտաշես Ա-ի հիմնադրած քաղաքի թաղամասեր, փողոցային կանոնավոր ցանց, արհեստագործական շրջաններ և բնակելի համալիրներ։ Այդպիսով, ութանիստ եկեղեցին ոչ միայն առանձին կառույց է եղել, այլև խոշոր քաղաքակրթական միջավայրի բաղադրիչ։ Մատենադարանի այս ցուցադրությունն ու աշխատաժողովը մեկ պատումի մեջ են միավորում վաղքրիստոնեական ճարտարապետության մասին վկայությունները, ձեռագրական ժառանգությունը, նորագույն տեխնոլոգիաներն ու սրբազան մասունքների գաղափարը՝ ներկայացնելով Արտաշատը որպես ուշ անտիկ աշխարհի կարևորագույն հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը, որի մասին վկայություններ կան նաև Մատենադարանում պահվող ձեռագրերում։

Ցուցահանդեսի համադրողներն են՝ Նազենի Ղարիբյանը, Հայկ Գյուլամիրյանը, Ախիմ Լիխտենբերգերը և Մկրտիչ Զարդարյանը։
Լուսանկարները՝ Մատենադարանի և
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջերից։