• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
«Արաքսի արտասուքը»․ ինչպե՞ս Ռ․ Պատկանյանին մեղադրեցին գրագողության մեջ

«Արաքսի արտասուքը»․ ինչպե՞ս Ռ․ Պատկանյանին մեղադրեցին գրագողության մեջ

Հայ պոեզիային ամենահայտնի ու սիրված հայրենասիրական ստեղծագործություններից մեկի՝ Ռափայել Պատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծության ստեղծման ճշգրիտ թվականը հայտնի չէ։ Ըստ ուսումնասիրողների, այն գրվել է 1855 թվականի փետրվարից, մինչ օգոստոս ընկած ժամանակահատվածում։ 
 
ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ
 

Նվեր Գևորգ Քանանյանին

   Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ։

Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին։

   — Արա՛քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած՝
Սըգավոր ես ինձ նըման։

   Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փաղչում ես
Այդ հարազատ ափերից։

   Մի՛ պըղտորիլ հատակըդ,
Հանդարտ հոսե՛ խայտալով,
Մանկությունը քու կարճ է՝
Շուտ կը հասնիս դեպի ծով։

   Վարդի թըփեր թո՛ղ բըսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչև առավոտ:

Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին,
Ճկուն ոստըն ու տերև
Թող թաց անեն տապ օրին։

   Ափերիդ մոտ երգելու

Հովիվք թո՛ղ գան համարձակ,
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ։

   Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նըման գոռալով,
Էսպես խոսեց հատակից.

   — Խիզա՜խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՜ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր։

   Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտից գըլուխ պըճնվի
Իր զարդերով թանկագին։

    Որի՜ համար զարդարվիմ,
Որի՜ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին՝ ես օտար եմ...

    Իմ ազգակից գիժ Քուռը,
Թեև այրի ինձ նըման,
Ըստրկորեն կրում է
Գայթակղիչի կուռ շղթան։

   Բայց նա ինձ չէ օրինակ,
Ես հայ՝ հայիս կըճանչնամ,
Օտար փեսա չուզելով,
Ես միշտ այրի կըմնամ։

Կար ժամանակ, որ ես էլ,
Շըքեղազարդ հարսի պես,
Հազար ու բյուր պըչրանքով
Փախչում էի ափերես։

   Հատակըս պարզ ու վըճիտ,
Կոհակներըս ոլորուն,
Լուսաբերը մինչև այգ
Ջըրիս միջին էր լողում։

    Ի՞նչըս մընաց էն օրից,
Ո՞ր ջըրամոտ գեղերըս,
Ո՞րը իմ շեն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերըս։

   Տուրքը ջըրի ամեն օր
Իր սուրբ ծոցեն Արարատ
Մայրախընամ ինձ սընունդ
Պարգևում է լիառատ։

   Բայց ես այն սուրբ ջըրերով,
Սուրբ Ակոբի աղբյուրին,
Պիտի ցողեմ արտորա՞յք
Իմ ատելի օտարին...

   Մինչ իմ որդիք,— ո՞վ գիտե —
Ծարավ, նոթի, անտերունչ
Օտար աշխարհ հածում են
Թույլ ոտքերով կիսաշունչ...

   Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին
Բընիկ ազգըն իմ Հայկյան,
Նորա տեղը ինձ տըվին
Ազգ անկըրոն, մոլեկան։

   Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հյուրընկալ ափերը,
Եվ կամ՝ դոցա՞ հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած աչերը։

 Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընամ պանդուխտ՝
Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք,—
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ...

   Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին։

 

Այս և այդ շրջանում գրված  հայրենասիրական այլ բանաստեղծություններով հեղինակը շատ որոշակի ուղերձներ է փոխանցում հայ երիտասարդությանը․

«Եթե երեք հոգի ինձ համաձայնել են, կարեկից են եղել կարդալով «Ազգասերը», «Հայ և հայությունս, «Արաքսի արտասուքը», «Օրորոցի երգը Հայաստանին», ես կիսով չափ հասել եմ իմ նպատակիս»,— գրում է նա 1855 թ. սեպտեմբերի 7-ին, Գևորգ Քանանյանին։

Բանաստեղծության մեծ հռչակը շարժում է շատերի նախանձը և բամբասանքներ են տարածվում, որ Ռափայել Պատկանյանը ոչ թե հեղինակել է այս գործը, այլ թարգմանել  մի արաբ  ժամանակակից բանաստեղծի նմանատիպ ստեղծագործություն։ Ռ․ Պատկանյանի ժամանակակից Ռուբեն Բերբերյանը հիշում է Պատկանյանի ընկեր իր քեռու՝ Անանիա Սուլթան-Շահի պատմածը  հնարավոր գրագողությանն առնչվող մի զրույցի մասին, որին մասնակցում է նաև  Միքայել Նալբանդյանը․ 

 

 «Մեկ օր, Մոսկվայի հայ ուսանողական շրջանում ժողոված էին: Բժշկական ուսանող Սուլթան-Շահը պատմեց, որ նախընթաց օրը նա իր ռուս ընկերոջ տանը ծանոթացավ մեկ արաբացի ուսանողի հետ, որ նորան ծանոթացրեց արաբ նորագույն բանաստեղծության հետ: Այդ ուսանողը կարդացել էր նույնպես ազատ թարգամանված մեկ ոտանավոր, որ կոչվում էր «Եփրատի արտասուքը»: Այդ ոտանավորը գրված է քառասնական թվականներին և շատ-շատ տեղերում հիշեցնում է Գամառ-Քաթիպայի «Արաքսի արտասուքը»: Ընկերները խորին ուշադրությամբ լսում էին Սուլթան-Շահին, որը շարունակում է,— այդ ոտանավորի մեջ Եփրատը պատմում է, թե ինչպես նորա որդիք իրանց հայրենիքը թողած, թափառում են աշխարհիս չորս ծայրը։ Այնուհետև Եփրատի հետ խոսող բանաստեղծը իր իղձն է հայտնում, որ մշտադալար ուռենիներ ծաղկեն Եփրատի ափերում: Իհարկե, Պատկանյանը` անգիտակ, որ Արաքսի ափերի կլիման մեր Մոսկվայի կլիմայից շատ չի զանազանվում արտագրել է.


Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին,
Ճկուն ոստըն ու տերև
Թող թաց անեն տապ օրին։

 

Սուլթան-Շահի այդ զեկուցումից հետո բարձրանում է մեծ աղմուկ ու իրարանցում, որովհետև ամենքը միասին ուզում են խոսել, առարկել ու վիճել: Նալբանդյանը լուռ նստած էր.

—Նալբանդ, լսենք քո կարծիքը, — դիմում են ուսանողները:

— Հարցը անոր մեջ չէ, —բացատրում է Նալբանդյանը, թե Պատկանյանի «Արաքսի արտասուքը» թարգմանություն է, թե նմանություն արաբերեն բանաստեղծության: Ես տասնյակ անգամներ կարդացել եմ «Արաքսի արտասուքը» և միշտ հիացել եմ, որովհետև դորա մեջ լսում եմ և զգում եմ հայ ազգի իղձը, որովհետև ճշգրիտ և գեղեցիկ խոսում է ազգի ցավերի մասին. կասեմ և ավելին. ես այն կարծիքին եմ, որ 19-րդ դարում ամբողջ եվրոպական բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Բայրոնի, Գյոթեի և Պուշկինի ստեղծագործությանց ավել, կամ պակաս կրկնություններն ու նմանություններն: Հազվագյուտ են այն բանաստեղծները, որոնք իրենց գլխից որևէ բան ստեղծեն, եթե լավ խառնխտեք, դուք կգտնեք, որ այսօրվան լավ ճանաչված բանաստեղծների գրվածքների սաղմը արդեն գոյություն ունի հույն, լատին, ֆրանսիացի, թե, գերմանացի, անգլիացի, թե ռուս բանաստեղծների ստեղծագործությունների մեջ: Գաղտնիքը անոր մեջ է, սակայն, որ գրածդ ճշտովին համապատասխանե քու նկարագրած պատմական շրջանին, նորա հոգուն ու բնության, և եթե կարողանաս տալ կարգին լեզու և գեղեցիկ բանաստեղծական ձևեր—նպատակիդ հասած կլինես: Կա՞ ձեր մեջը մեկը, որ ասե, թե Պատկանյանի այդ ոտանավորը մեր աշխարհաբար բանաստեղծության զարդը չէ...»

Միքայել Նալբանդյանը ճիշտ է նկատում, որ ռոմանտիկական պոեզիայի շատ մոտիվներ կրկնվում են տարբեր բանաստեղծների գործերում, և թեմատիկ ու պատկերավորման որոշ ընդհանրությունները դեռ գրագողության մեջ մեղադրելու հիմք չեն կարող լինել։  Ռ․ Պատկանյանի բանաստեղծությունը իսկապես հիացնում է իր քնարականությամբ ու խոհականությամբ, ժամանակի և մշտապես արդիական թեմաների տպավորիչ իրացումներով, քնարական հերոսի ապրումների անմիջականությամբ ու խորությամբ։ Ընդ որում, այս բանաստեղծությունը թեմատիկ ու կառուցվածքային ընդհանրություններ ունի Ռ․ Պատկանյանի այլ գործերի, մասնավորապես «Զարմայր նահապետի մահը» և «Պանդուխտ հայ ի Փարեզ» պոեմների հետ, որտեղ կրկին քնարական հերոսը ժամանակակից երիտասարդն է՝ հայոց պատմության փառավոր ավերակների առջև։Հենց փառավոր անցյալի ու անմխիթար ներկայի բախումից էլ ծնվում է ողբերգությունը,  բանաստեղծության յուրահատուկ մթնոլորտն ու ազդեցիկությունը։ 

Ուշագրավ է նաև, որ այս բանաստեղծությունը նախնական տարբերակում ունեցել է ևս երկու տուն, որոնք հեղինակը պետերբուրգյան գրաքաննիչներին չի ուղարկել, այլ գրել է տետրում և տարածել ձեռագիր։ Այստեղ արդեն որոշակի հակացարական տրամադրություններ կան․

 

Իմ ազգակից գիժ Քուռը

Թեև այրի ինձ նման,

Ըստրկորեն տանում է,

Գայթակղիչի կուռ շղթան:


Բայց նա ինձ չէ օրինակ

Ես հայ հայիս կճանչնամ,

Օտար փեսա չուզելով

Ես միշտ այրի կմնամ:

Art 365

20.11.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.