• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
552 թվական․ ինչո՞ւ հայերը ժամանակը սկսեցին հաշվել իրենց թվականությամբ

552 թվական․ ինչո՞ւ հայերը ժամանակը սկսեցին հաշվել իրենց թվականությամբ

Հայ միջանադարյան մատենագրության մեջ և վիմագիր արձանագրություններում կարելի է հանդիպել ՝ թուականութիւն ասքանազեան, թուականութիւն թորգոմեան, թուաբերութիւն արամեան, թուականութիւն հայկազեան տոհմի արտահայտությունները։ Դրանցով հին ժամանակներում կոչվել է Հայոց մեծ թվականը։ Այն տարեթվերի հաշվման հայկական յուրահատուկ համակարգն  է։ Համակարգի ելակետը՝ 552 թվականի հուլիսի 11-ն է։ Այդ օրը, ըստ հուլյան տոմարի, սկսվում էր հայոց մեծ թվականության առաջին տարին։ Հայոց առաջին ամսվա՝ Նավասարդի 1-ը հենց այդ օրվան էր համապատասխանում։

 

Ինչո՞ւ հենց 552 թվականը

 

Հայոց մեծ թվականության հիմքում ընկած էր 532-ամյա զատկացանկը։ Այդ պարբերաշրջանը կարևոր էր Զատկի՝ Սուրբ Հարության օրվա հաշվարկման համար, քանի որ անհրաժեշտ էր համադրել Արեգակի տարեկան ընթացքն ու Լուսնի փուլերը։ Ըստ ձեռագրական տեղեկությունների՝ հայերը որոշ ժամանակ դժվարություններ էին ունեցել զատկական հաշվարկներում, իսկ եգիպտացի տոմարագետ Էաս Ալեքսանդրացու զատկացանկի կիրառումը կապված է եղել նոր թվականության սկզբնավորման հետ։

Այս հաշվարկներում կարևոր էր 532-ամյա շրջանը՝ 28 տարվա արևային և 19 տարվա լուսնային ցիկլերի արտադրյալը։ Այդ համակարգի հետ է կապված հայոց մեծ թվականության ելակետը՝ 552–553 թվականները։

Այսպիսով՝ 552 թվականը պատահական ընտրված թիվ չէր։ Այն կապված էր եկեղեցական տոների հաշվարկման որոշակի համակարգի հետ։

Այստեղ, սակայն, կարևոր է տարբերակել թվականության ելակետը դրա պաշտոնական ընդունումից։ Հարցը քննարկվել է 554 թվականի Դվինի երկրորդ եկեղեցական ժողովում, իսկ հայոց մեծ թվականությունը պաշտոնապես ընդունվել է 584 թվականին։ Այսինքն՝ 552 թվականը նշում էր հաշվարկի սկիզբը, բայց համակարգի հաստատումն ու տարածումը ավելի երկար ընթացք ունեցան։

 

Հայոց շարժական տոմարը

 

Հայոց մեծ թվականության առանձնահատկություններից մեկն այն էր, որ հայկական օրացույցի տարին մշտապես հաշվվում էր 365 օր։ Նահանջ տարիներ չկային։ Իսկ հուլյան տոմարում յուրաքանչյուր չորս տարին մեկ ավելացվում էր մեկ օր։ Դրա հետևանքով հայոց և հուլյան տոմարների ամիսների ու ամսաթվերի համապատասխանությունը ժամանակի ընթացքում փոխվում էր․ հայկական ամսաթվերը աստիճանաբար տեղաշարժվում էին մյուս տոմարի համեմատ։ Այդ պատճառով էլ հայոց մեծ թվականությունը հայտնի է նաև որպես շարժական տոմար։ Այն ժամանակի հաշվարկման ինքնուրույն համակարգ էր, բայց պահանջում էր մշտապես կատարել համեմատություններ ու ճշգրտումներ։ Հետագա դարերում հայ գիտնականները շարունակել են զբաղվել այդ խնդրով։ Հովհաննես Սարկավագը, օրինակ, առաջարկել է 532-ամյա պարբերաշրջանի հետ կապված շեղումը հաշվի առնել տոմարական հաշվարկներում։

 

Ինքնուրույն թվարկությունից՝ մշակութային ու քաղաքական ինքնուրույնություն

 

Հայոց մեծ թվականության հաստատման նշանակությունը միայն օրացույցի խնդիր չէր։ Այն հնարավորություն էր տալիս պատմական իրադարձությունները, եկեղեցական տոները և կյանքի ընթացքն ընդհանրապես արձանագրել սեփական հաշվարկային համակարգով։Հայոց թվականության կիրառության ամենավաղ վկայությունը՝ Թալինի 783 թվականի արձանագրությունն է։ Արձանագրության սկզբում նշված է հայոց ՄԼԲ թվականը, ինչը համապատասխանում է 232 թվականին։ Հասկանալու համար, թե դա այսօրվա թվարկությամբ որ թվականն է, անհրաժեշտ է  232+552 և կստացվի 783 թ.։ Իսկ հայերեն թվագրված ամենավաղ պահպանված ձեռագիրը՝  862 թվականի Մլքե թագուհու Ավետարանն է։

552 թվականը հայոց պատմության մեջ պարզապես նոր հաշվարկի սկիզբ չէր։ Այն արտահայտում էր ժամանակը սեփական համակարգով չափելու ձգտումը՝ միավորելով աստղագիտական դիտարկումները, մաթեմատիկական հաշվարկները, եկեղեցական կյանքի պահանջներն ու քաղաքական ինքնուրույնության ձգտումները։

Hayk Hambardzumyan

23.10.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.