Փլուզվող հին աշխարհ, վախճանաբանական տրամադրություններ, հուսահատություն և այս ամենին դիմակայել փորձող արվեստ ու գրականություն։ Այս գծերով է բնութագրվում է հունգար գրող Լասլո Կրասնահորկայիի (László Krasznahorkai)(ծն․1954) գրականությունը։ Ճգնաժամի մեջ գտնվող աշխարհում արվեստն ու գեղեցկությունը որպես փրկողակ ընկալող այս գրողին էլ շնորհվել է գրականության 2025 թվականի Նոբելյան մրցանակը։ Գրական հեղինակավոր այս մրցանակը տրվել է հետևյալ հիմնավորմամբ․
․․․hամոզիչ և հեռատես ստեղծագործության համար, որ ապոկալիպտիկ սարսափի ժամանակներում հաստատում է արվեստի ուժը։
Հայտնի ստեղծագործությունները
«Սատանտանգո» (Sátántangó, 1985)
Լ․ Կրասնահորկայի առաջին և ամենահայտնի վեպն է, որ գրական սենսացիա դարձավ Հունգարիայում, ապա թարգմանվեց այլ լեզուներով ևս։ Այս վեպում Կոմունիստական հասարակարգի փլուզումից առաջ հունգարական փոքրիկ գյուղի կոլտնտեսականները մահվան սպասման մեջ են, մինչ այն պահը, երբ ապագայի փոքրիկ հույս է հայտնվում։ Բայց հո՞ւյս է դա, թե պատի՞ժ․․․։ 1994 թվականին վեպն եկրանավորել է ռեժիսոր Բելա Տարիին։
«Դիմադրության մելանխոլիան» (The Melancholy of Resistance, 1989)
Այս վեպի լույս ընծայումից հետո ամերիկացի քննադատ Սյուզան Սոնթագը հեղինակին բնութագրեց, որպես ՝ ժամանակակից գրականության «ապոկալիպսիսի վարպետ»։ Սա մի տպավորիչ խորհրդանշական վեպ է՝ անսպասելի դիպաշարով ու վախճանաբանական պատկերներով։ Այն պատմում է զանգվածային խուճապի, անցումային շրջանում հասարակական քաոսի ու բարոյական անկման մասին, որոնք էլ բռնության տարածմանն ու բռնապետության հաստատմանն են տանում։
Պատերազմ և պատերազմ («Háború és háború», 1999)
Այս վեպում հեղինակի տեսադաշտում արդեն մեծ աշխարհում հայտնված մարդու ճակատագիրն է։ Սակայն վեպը նաև խիզախության, նվիրվածության ու հայրենիք վերադարձի մասին է։ Հերոսը դիմադրում է հուսահատությանը լեզվի, գրականության ու գեղեցիկի միջոցով։
Խավարն ու գրականությունը
Լ․Կրասնահորկայի գրականությունը հիշեցնում է, որ ամենից մութ պահը լուսաբացից առաջ է, որ խավարն ու սարսափը հնարավոր է հաղթահարել, և այստեղ կարևորագույն նշանակություն ունի արվեստը։ Նրա վեպերի հերոսներն ապրում են կործանման եզրին, բայց գեղեցկությունը, հոգևորն ու մարդկայինը նրանց համար բացում են փրկության ճանապարհը։ Իհարկե, այս գաղափարներով չի սպառվում հեղինակի բավական մեծ ու բազմաժանր ստեղծագործության բովանդակությունը։ Հեղինակը համարվում է Ֆ․Կաֆկայի աբսուրդի գրականության շարունակողը, օգտագործում գիտակցության հոսքի մեթոդը, ունի ստեղծագործություններ նվիրված Արևելքին, որոնք տարբերվում են նրա հիմնական գործերից։ Գեղարվեստական առումով սակայն հենց այս գաղափարների շնորհիվ է նրան տրվել աշխարհի ամենհեղինակավոր գրական մրցանակը, քանի որ արդի իրականության մեջ աշխարհը հենց այս գաղափարների կարիքն ունի։