• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
[10 քայլ] լավ խմբագիր դառնալու համար

[10 քայլ] լավ խմբագիր դառնալու համար

 

 

Ի՞նչ է պետք լավ խմբագիր դառնալու համար, ո՞վ է լավ խմբագիրը, ինչպե՞ս պետք է կառուցվեն գրող-խմբագիր հարաբերությունները, տեքստի հետ ինչպե՞ս պետք է աշխատի լավ ու ճիշտ խմբագիրը...

Այս հարցերի շուրջ է այսօր խոսելու գրականագետ, խմբագիր Սևակ Ղազարյանը:

 

1. Գրականության ընթերցումից հաճույք ստանալ նույնքան, որքան սեքսից

 

            Լավ խմբագիր դառնալու համար առաջին հերթին պետք է սիրել գրականու­թյունը (կամ արվեստի այն ճյուղը, որ ուզում ես քննել)։ Սիրել այնպես, որ առանց դրա չպատկերացնես կյանքդ, կենցաղդ, օրդ։ Եվ գրականության հետ հարաբերվելիս զգալ նույն հաճույքը, ինչ զգում ես սեքսից։ Բայց ոչ թե շարքային, այլ այն սեքսից, որ անում ես սիրելի մարդու հետ։

 

2. Հնարավորինս շատ լեզուներով գրականություն ընթերցել

 

            Թեև (եզակի բացառությամբ) լավ խմբագիր կարելի է դառնալ միայն մեկ լեզվի շրջանակում, սակայն չափազանց կարևոր է ծանոթ լինել ինչպես «քո» լեզվով գրված, այնպես էլ ընդհանուր համաշխարհային գրանությանը։ Եվ որքան ավելի լավ ես ծանոթ խոշոր գրականությանը, այնքան ավելի մեծ հնարավորություն ունես հաջող խմբագիր դառնալու։ Իսկ գրականու­թյանը «լավ ծանոթ» լինել հնարավոր է միայն բնագրին տի­րապետելու դեպքում։

 

3. Հնարավորինս շատ գրականություն ընթերցել

 

            Լավ խմբագիր դառնալու համար պետք է անընդհատ ընթերցել։ Ընդ որում՝ հիշելով առաջին կետը և փոքր-ինչ հակասելով դրան՝ երբեմն այս կամ այն գործի ըն­թերցումը կարող է ոչ թե սիրելի մարդու հետ սեքս անելու պես հաճելի լինել, այլ ընդհակառակը՝ բռնաբարվելու պես անտանելի։ Բայց լավ խմբագիր լինելու համար, հատկապես երիատասարդ, անփորձ հասակում՝ պետք է կարդալ ամեն ինչ։ Նույնիսկ երբ որևէ վեպի կամ վիպակի 10-րդ էջից պարզ է, որ աղբ ես կարդում (իսկ առջևում դեռ 90 կամ 190 էջ կա), միևնույնն է, պետք է մինչև վերջ ընթերցել։ Ինչո՞ւ։ Որովհետև լավ խմբագիրը պետք է իմանա ու կարողանա բացատրել՝ ոչ միայն ինչպես է պե՛տք գրել, այլև ինչպես պետք չէ՛ գրել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեծաթիվ աղբ կար­դալ։

 

4. Հնարավորինս շատ գրականագիտական գրականություն ընթերցել

 

            Ճիշտ է՝ գրականագիտական վերլուծություններն ու կարծիքները հա­ճախ չա­փա­զանց սուբյեկտիվ են (ինչպես արվեստի ընկալումն ընդհանրապես), բայց խմբա­գրական վարպետության հասնելու համար պետք է գոնե ընդհանուր առմամբ տեղյակ լինել վերջին երկու հարյուրամյակների գրականագիտական պահանջներից։ Սա չի նշանակում, թե խմբա­­գիրը պարտավոր է հետևել այդ պահանջների թելադրանք­ներին, ընդհակառա­կը՝ խմբագիրը պետք է պատրաստ լինի իր «նորարար» կամ «ավանդույթներ քան­դող» գրողին աջակցելու՝ անգամ եթե այդ նորարարությունը կամ քանդումը հակա­սում է ընդունված գրականագիտական պահանջներին։ Սակայն այդպես վարելու՝ նախկինը գրագիտորեն քանդելու կամ արժեքավոր նորը ստեղծելու համար, պետք է տեղ­յակ լինել վերոհիշյալ պահանջներից։

 

5. Գրականություն զգալու տաղանդ ունենալ

 

            Ինչ խոսք՝ ցանկացած գործում ամենակարևորը աշխատասիրությունն է, որը, որպես կանոն, հաջողության հասնելու 90 տոկոսն է։ Բայց ամեն դեպքում տաղանդի գոր­ծոնն էլ է կարևոր։ Ու որքան էլ տարօրինակ հնչի՝ գրականություն (ընդհան­րա­պես՝ արվեստ) զգալ-հասկանալու համար որոշակի տաղանդ է պետք։ Ես ճանաչում եմ խմբագիրների, որ «սրբորեն» հետևում են նախորդ թվարկածս պայմաններին, բայց անհաջող խմբագիրներ են, որովհետև, ցավոք, չունեն գրականությունը ճշմարիտ ըն­կալելու տաղանդ՝ ճիշտ այնպես, ինչպես ոմանք զուրկ են, օրինակ, բնության գեղեց­կության ընկալման տաղանդից։

 

6. Հնարավորինս օբյեկտիվ լինել

 

            Ցանկացած գործում անհնար է առավելագույնս օբյեկտիվ լինել։ Բայց խմբա­գիր­­ները շատ հաճախ փորձում են սեփական գրական ճաշակը թելադրել իրենց գրող­ներին։ Սա անթույլատրելի է։ Լավ խմբագիրը պետք է ունակ լինի տեսնելու և հասկանալու, որ գործ ունի X գրողի X աշխար­հայացքի և X հնարավորությունների հետ։ Ըստ այդմ՝ նա պետք է սահմանափակվի եղած նյութով, էական չէ՝ «լավն» է այն, թե «վատը», «հզոր» է, թե «թույլ»։

 

7. Չմոռանալ, որ դու ընդամենը խմբագիր ես, այլ ոչ թե գրող

 

            Հաճախ, երբ հանդիպում են փորձառու խմբագիրն ու սկսնակ գրողը (կամ անվանի խմբագիրն ու անհայտ գրողը), խմբագիրն իրեն գրողի տեղն է դնում և եղած տեքս­տը ոչ թե «խմբագրում» է, այլ «նորից գրում»։ Սա նույնպես անընդունելի է։ Ան­գամ ամենաթույլ տեքստի հետ աշխատելիս՝ խմբագիրը պետք է առավելագույնս որակ­յալ դարձնի այն՝ տվյալ տեքստի հնարավորության սահմաններում, այլ ոչ թե փորձի նոր տեքստ գրել։ Ինչո՞ւ։ Որովհետև, նախ՝ դրանից գրողը ոչինչ չի շահում (նրա հաջորդ գրքի տեքստը կրկին թույլ է լինելու), և հետո՝ եթե խմբագիրն իսկապես գրելու այդքա՜ն մեծ ցանկություն ունի, ապա թող ի՛ր գիրքը գրի, ոչ թե ուրիշինը։ Վերջապես՝ պետք է չմոռանալ, որ խմբագիր-գրող հարաբերություններում գլխավորը ԳՐՈՂՆ է։

            Միևնույն ժամանակ՝ բարեխիղճ խմբագիրը թույլ գրողին կմատնանշի բոլոր այն կետերը, որ վկայում են այդ թուլության մասին, և կասի՝ «կներե՛ս, բայց քո հնարա­վորությունները դեռևս այս են»։

 

8. Լրացնելով նախորդ երկու կետերը

 

            Հնարավորինս օբյեկտիվ լինելով ու գրողական նկրտումներից հրաժարվելով՝ լավ խմբագիրը պետք է նաև զիջող լինի։ Իհարկե, նա պարտավոր է գրողին ցույց տալ այս կամ այն բառակապակցության, նախադասության, դրվագ-հատվածի կամ ամբողջ գործի «թույությունը» կամ «կաղելը», սակայն եթե այդ ամենից հետո գրողը իրենն է պնդում, խմբագիրը պետք է զիջի (ծայրահեղ դեպքում՝ համագործակցությու­նից հրաժարվի), որովհետև, ի վերջո, տեքստի հեղի­նակը գրողն է, և նրա անունն է գրվելու գրքի շապիկին։

 

9. Ինչպես սեքսում՝ պատրաստ լինել փորձարարության՝ թե՛ նորը տեսնելու, թե՛ նորի պիտակով աղբը զանազանելու

 

            19-րդ դարի երկրորդ կեսին, երբ սկսվեց իմպրեսիոնիստական շարժումը, ժամանակի բոլոր արվեստագետները միաձայն հայտարարեցին, որ այն նողկալի աղբ է։ Բայց անցավ ընդամենը 15-20 տարի տարի, և իմպրեսիոնիզմն համաշխարհա­յին ճանաչում գտավ՝ խորապես ազդելով 20-րդ դարի հետագա շար­ժում­ների վրա (պոստիմպրեսիոնիզմ, կուբիզմ, սյուռեալիզմ, մոդեռնիզմ և այլն)։ Սակայն զարմա­նալին այդ չէր, այլ այն, որ (հատկապես նկարչության մեջ, թեև նույնը մասնակիորեն վերաբերում է ինչպես գրականությանը, այնպես էլ արվեստի մյուս ճյուղերին), արվեստաբանները սկսեցին վախենալ որևէ նոր ուղղություն կամ շարժում քննադատելուց։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք չէին ուզում կրկնել իրենց «հայրերի կամ պապերի» սխալը՝ հայտարարել թե այս կամ այն շարժումը աղբ է (ու սխալվել), քանի որ X տարի անց այդ շարժումը կարող էր մեծ հռչակ ձեռք բերել։ Արդյունքում՝ ամբողջ 20-րդ դարի արվեստը (հատկապես կերպ­արվեստը) գրեթե զուրկ մնաց քննադատությունից, հետևաբար և՝ որակյալ խմբագրու­մից։

            Եվ այսօր իրավիճակը գրեթե չի փոխվել. որևէ մեկը ներկ է ցփնում կտավին, ու ոչ ոք չի համարձակվում ասել, որ եղածը ընդամենը «կտավին ցփված ներկ է», կամ որևէ մեկը գրում է՝ «ես քեզ սիրեցի, երբ չսիրեցի», ու ոչ ոք չի ասում՝ «տղա/աղջիկ ջան, Փարիզում մի շատ լավ հոգեբուժարան կա…» (կամ գոնե՝ «էլ մի՛ գրի, էլի՜»)։

            Ինձ թվում է, թե 19-րդ դարի արվեստաբան-խմբագիրները արվեստի (հավա­նա­բար նաև՝ սեքսի) ընկալման հարցերում շատ պահպանողական էին, քանի որ պատ­րաստ չէին նորին, անսովորին, առավել ևս՝ արտասովո­րին։ Սակայն լավ խմբա­գի­րը, հաշվի առնելով պատմական ողջ փորձը, պետք է բաց լինի ցանկացած նորա­րա­րության՝ անգամ սեփական անունը «արատա­վո­­ր­ե­լու» գնով։ Բայց, միևնույն ժա­մանակ, նա պետք է կարողանա հստակ հասկանալ՝ արդյոք իր նորարար գրողին խոր­հուրդ տալ նույն կերպ շարունակել, թե Փարիզի հոգեբուժարանի հասցեն տրա­մադրել։

 

10. Եվ ամենակարևորը՝ սիրել սեփական աշխատանքը

 

            Իմ խորին համոզմամբ՝ մարդ որևէ գործում կարող է հաջողել ու մեծ բարձ­րունքների հասնել միայն սեփական աշխատանքն իսկապես սիրելու դեպքում։ Այս­ինքն՝ պետք չէ խմբագիր լինել ճարահատ (որովհետև այլ բան չես կարող անել)։ Ընդ­հակառակը՝ վերհիշելով ու ձևափոխելով Լև Տոլստոյի հայտնի միտքը՝ կասեմ. «Եթե կարող եք չխմբագրել, ուրեմն՝ մի՛ խմբագրեք»։

shushan karapetyan

05.10.2021

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.