• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ստեփան Զորյանը Դերենիկ Դեմիրճյանի մասին [Քաջ Նազարն ու պիոներները]

Ստեփան Զորյանը Դերենիկ Դեմիրճյանի մասին [Քաջ Նազարն ու պիոներները]

 

 

            Գաղտիք չէ, թե խոսքի ու գործի ազատության ինչպիսի սահմանափակումներ կային  խորհրդային հասարակարգում։ Հատկապես գրողները պետք է շատ ուշադիր լինեին իրենց գրվածքներում, խոսքում ու պահվածքում, որպեսզի իշխող գաղափարախոսությանը չհամապատասխանող դրսևորումներից զերծ մնային։ Ստալինի ղեկավարման շրջանում պետությանը հակառակվելը գրեթե միշտ հավասարազոր էր սեփական կյանքի կործանման դատավճիռը կայացնե­լուն։ Եվ, ինչ խոսք, արվեստագետները հաճախ ստիպված էին զգուշավոր լինել, գնալ ամենատարբեր զիջումների։ Սակայն նրանցից ոմանք առավել զգույշ և հարմարվողական էին, քան մյուսները։ Այդպիսին էր ըստ հուշերի նաև Դերենիկ Դեմիրճ­յանը, որն իր բնավորության այդ գծի պատճառով, ինչպես վկայում է Ստեփան Զորյանը, երբեմն հայտնվում էր բավական զավեշտալի իրավիճակներում։

            Ահա մի քանի պատառիկ Ս. Զորյանի հուշերից։

 

           

  •             Առաջին անգամ, երբ Երևանում ներկայացվեց «Քաջ Նազարը», պիեսը վերջա­նում էր նրանով, որ պիոներները դրոշակներով գալիս էին բեմ և տապալում Նազա­րին։

            Երբ ես իմ զարմանքը հայտնեցի Դեմիրճյանին՝ նա ասաց.

            — Այնտեղ այդպես ցանկացան…

            Այնտեղ-ը Թիֆլիսն էր, ցանկացողը՝ Закрайком-ի քարտուղար Մյասնիկյանը, որը համարվում է գրականագետ։

            Հեքիաթի մեջ մտցնել օրվա կոնկրետ իրականություն — կարմրադրոշ պիոներ­ներ — պարզ անհեթեթություն էր, տարրական էսթետիկայի ոտնահարում և… չգի­տես, էլ ինչ ասես։ Ու այս ցանկացել է գրականագետ համարվող Ալ. Մյասնիկյանը։

            Իսկ հեղինա՞կը, որ համաձայնել է այդ անհեթեթությանը…։

 

 

  •             Երբ «Վարդանանքը» լույս տեսավ ավանդական կոնցեպցիայով — Վասակը բացարձակապես դավաճան — ես հիշեցրի նրան իր պիեսը, ուր նա փորձեր է անում Վասակի քաղաքականությունը հասկանալու, նա ասաց.

            — Դա հիմա չի անցնի։ Հիմա դավաճան են ուզում…

            — Իսկ պատմական փաստ կա՞, որ վրացիները մասնակցել են Ավարայրին և «վաշա» կանչել, — հարցրի ես։

            — Չկա, իհարկե, բայց այսօր դա պետք է…։

 

           

  •             Երկրորդ [համաշխարհային] պատերազմի առաջին տարին էր։

            Մի օր փողոցում Դեմիրճյանին տեսա զինվորական հագուստների մեջ — ոտ­քերին՝ փաթաթաններ, գլխին՝ պիլոտկա, կրծքին՝ Լենինի շքանշանը։

            — Այս ի՞նչ բան է, — զարմացա։ — Ճակա՞տ եք գնում։

            — Չէ՛, — ժպտաց խորհրդավոր։

            — Հապա՞։

            — Խորհուրդ կտայի, որ Դուք էլ հագնեք։

            — Ինչո՞ւ։

            — Պետք է։ Որովհետև քաղաքացու հագուստով մարդուն վատ աչքով են նայում։ Համարում են Հիտլերի ագենտ։ Հագե՛ք…

            Նրա խորհուրդը լսելով՝ հետաքրքրվեցի, հեգնանքս թաքցրած.

            — Լա՜վ, հիմա որ հագնվել եք այդպես՝ չէ՞, կարող են Ձեզ վերցնել և ուղարկել ֆրոնտ։

            — Ճը՛, — լեզուն տրաքացրեց նա։ — Չեն ուղարկի։ Արդեն 65 եմ։

 

  •             Շատ զգույշ, հեռատես էր, բայց մեկ-մեկ սուր բնությունը արտահայտվում էր։

            Մի զրույցի ընթացքում պրոլետգրողները իմ ներկայությամբ հարցրին Դեմիրճյանին, թե Վ. Տերյանի օրոք շատ պոետներ են եղել, որ գրել են, տպագրվել — ի՞նչ եղան դրանք։

            — Գնացի՛ն, — պատասխանեց Դեմիրճյանը շատ լուրջ։

            — Ո՞ւր։

            — Այնտեղ, ուր դուք եք գնալու։ Դեպի անհայտություն…

            Ասաց և, նկատեցի, սփրթնեց իսկույն։

            Եվ այնուհետև երկու շաբաթ չէր հանգստանում։ Ամեն հանդիպելիս՝ հարց­նում էր, թե իր ասածից բան չե՞ն շինի… կամ՝ «մի բան դուրս չգա անախորժ»…

            Ես հանգստացնում էի, որքան կարող էի.

             — Կարևորություն մի՛ տաք։ Նրանք հասկացան, որ հանաք եք անում։

            — Հանա՜ք… Մեր օրերում հանաքը հանաք չի մնում։ Հանաքը դառնում է դա­նակ… Պետք է զգույշ լինել…

 

Աղբյուրը՝ Ստեփան Զորյան, Եռագույն մի ճանապարհ, Երևան, 2007:

 

 

Art 365

25.03.2021

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.