• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Չարենցն ու Արմենուհու գլխարկը

Չարենցն ու Արմենուհու գլխարկը

Արմենուհու գլխարկը

 

Գիտե՞ս, որ գլխարկիդ համար

Ու լենտի համար գլխարկիդ

Կարող եմ ես զոհվել հիմա —

Գլխարկդ կարող է ինձ փրկել:

Գիտես, որ երգից ավելի

Ու փառքից ավելի — այս սին

Կյանքում կարող է հմայել

Գլխարկդ, գլխարկիդ փոշին:

Թավիշ գլխարկիդ համար

Եվ լենտի համար մոխրագույն

Կարող եմ ես զոհվել հիմա —

Միայն թե հասկացիր այդ դու:

Ես ինչպե՞ս քեզ ասեմ հիմա,

Որ դու իմ կարոտը հասկանաս,

Դու — լույս, լուսեղեն — քամի,

Դու այլ փրկության երազ:

Եվ ես, պոետ մի անտուն,

Կյանքում, օրերի միգում

Փնտրում եմ մի վերջին խնդում,

Որ կարող ես ինձ տալ միայն դո՜ւ:

 

9. III. 1920թ․

 

«Նորից Արմենուհի Տիգրանյանին» շարքի բանաստեղծություններից է՝ ձոնված բանաստեղծի մտերմուհուն։ Այս և շարքի մյուս բանաստեղծությունները գրվել են «Էմալե պրոֆիլը ձեր» շարքի ոճավորմամբ, որը նույնպես նվիրված է Արմենուհուն։ Այս բանաստեղծությունների տոնայնությունը թերևս թելադրված է  Չարենցի և Արմենուհի Տիգրանյանի հարաբերությունների միաժամանակ մտերմիկ ու «պաշտոնական» բնույթով։

Բանաստեղծուհի (գրական կեղծանունը՝ Մենուհի), հայտնի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրը՝ Արմենուհին, 1920-ականների սկզբի գրական-մշակութային կյանքի հայտնի դեմքերից էր։ Ուներ գրական սալոն, աշխատում էր Լուսավորության և արվեստի նախարարությունում։ Ե․ Չարենցի հետ ծանոթացել են 1920 թ․ հունվարին։ Ըստ հուշագիրների, հենց նա է նախարար Նիկոլ Աղբալյանի հանձնարարությամբ գտել և նախարարություն աշխատանքի հրավիրել բանաստեղծին։ Չարենցը հաճախ հյուրընկալվել է Արմենուհու տանը։ Բացի «Գալանտ երգերից», նրան նվիրել է ևս վեց բանաստեղծություն․

 

Նորից Արմենուհի Տիգրանյանին

 

․․․Միայն դո՜ւ կարող ես հասկանալ

Հոգուս տխրությունը անել,

Ուզում եմ ցնդել, վերանալ, —

Ուզում եմ միշտ քե՜զ հետ լինել:

Ուզում եմ հավիտյան շնչել

Անուշ թովչությունը դեմքիդ —

Խմել քո երգերը հնչեղ

Ու կորչել քո երգում վճիտ...

 

 

 Ա․ Տիգրանյանին նվիրված բանաստեղծությունները վկայում են բանաստեղծի՝ նրա նկատմամբ ջերմ վերաբերմունքի ու սիրո մասին, որը թերևս անպատասխան է եղել։ Ա․ Տիգրանյանը Հայաստանի առաջին հանրապետության դատախազ Վարդգես Ահարոնյանի կինն էր։ Իսկ Վարդգեսը՝  հայտնի գրող ու հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի որդին։ Չարենցի՝ Արմենուհուն նվիրված բանաստեղծությունները, շարժում են Վ․ Ահարոնյանի զայրույթը և նա քննադատական հոդվածներ է գրում բանաստեղծի դեմ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Արմենուհին ամուսնու հետ չի հեռանում Հայաստանից և թերևս Չարենցի միջնորդությամբ աշխատանքը շարունակում  նախարարությունում։ Հայաստանից հեռացել է 1922 թ․, ապրել Ֆրանսիայում, ապա ԱՄՆ-ում։ Զբաղվել է մանկավարժական, հրապարակախոսական ու բարեգործական գործունեությամբ։ Մահացել է 1962 թ․։ Չարենցի՝ նրան նվիրված անտիպ բանաստեղծությունները Հայաստանի գրողների միությանն է փոխանցել Արմենուհու ամուսինը՝ Վարդգես Ահարոնյանը՝ 1964 թ․։

Վարդգես Ահարոնյան

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Art 365

05.11.2021

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.