Վահան Տերյանը մահացել է 1920 թվականի հունվարի 7-ին Օրենբուրգում։ Բանաստեղծի հիվանդության, Մոսկվայից Օրենբուրգ ճանապարհորդության ու վերջին օրերի ու ժամերի մասին պահպանվել են Տերյանի կնոջ՝ Անահիտ Տերյան-Եղիազարյանի (Շահիջանյանի)(1899–1950) հուշերը, որոնք ներկայացնում է բանաստեղծի դուստր՝ Նվարդ Տերյանը (Տե՛ս Վահան Տերյանի վերջին ուղևորության առեղծվածը)։ Այս հուշերում, ցավոք, տեղեկություններ չկան այն մասին, թե արդյո՞ք Վ․ Տերյանը հիվանդության ծանր ընթացքի մեջ ու կյանքի վերջին օրերին ստեղծագործել է։ Սակայն, կա մի բանաստեղծություն, որը հետագայում համարվել է նրա վերջին գործը․
Գինով եմ, գինով եմ
Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր, մեզ պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի։
Պոետ մի անտեր ու անտուն,
Գիտեմ ես կորա՜ծ եմ, կորա՜ծ
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում—
0, երա՜զ է, երա՜զ ու երա՜զ…
Ինչ քաղցր է նստել այստեղ,
Ժպտալ քո խոսքին սեթևեթ…
Իսկ ներսում իմ, ներսում մի ասեղ
Ասղտում է — ննջե՜լ առհավետ…
Պարում են, երգում վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս` «հանգեաւ ի տէր»…
Այս բանաստեղծության վերջինը լինելու ենթադրությունը պայմանավորված է «Սամարա, 1919 նոյեմբեր» նշումով, որը սակայն բանաստեղծինը չէ։ Այն հետագայում Պողոս Մակինցյանն է ավելացրել բանաստեղծության մեքենագրված օրինակի տակ։ Բանաստեղծի երկերի 1-ին հատորի առաջաբանում այդ գրությունն արդեն փոխարինվել է «Օրենբուրգ, 1919-ի դեկտեմբեր - 1920-ի հունվար» նշումով։ Պատճառը թերևս Անահիտ Տերյանի հուշն է այն մասին, որ երբ դեկտեմբերի վերջին մեծ դժվարությամբ հասնում են Օրենբուրգ և հյուրընկալվում ծանոթ հայ ընտանիքում, բանաստեղծն իրեն փոքր-ինչ լավ է զգում․
«Սահնակով անցանք 9 վերստ, մինչև հասանք Օրենբուրգ. երբ տեղ հասանք, նա գրեթե անգիտակից էր, սակայն ընտանեկան ջերմ մթնոլորտը, տաք պայմանները, ընտանիքը կենդանացրին նրան։ Նա գիտակցության եկավ, և երեկոյան բոլորով թեյի սեղանի շուրջ նստած` հանգիստ ու ջերմ զրուցում էինք։ Հաջորդ օրը մինչև երեկո նա իրեն լավ էր զգում։ Սենյակում դաշնամուր կար, և նա ողջ օրը ստիպեց ինձ նվագել», -պատմում է Ա․ Տերյանը։
Այս հիշատակության համապատասխան էլ թերևս ստեղծվել է Օրենբուրգում եղած խնջույքի պատմությունը, որը նույնպես չի փաստվում Տերյանի կնոջ, կամ նրանց հյուրընկալ՝ Բ. Վեքիլյանի հուշերով։
Աղբյուրներ՝
Ոչ մի շաբաթ առանց Տերյանի(կազմ․ Հ․Համբարձումյան), Երևան, Զանգակ, 2023:
Գ. Էմին–Տերյան, Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր, Երևան, 2015: