• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Թումանյանի սիրած ուտելիքներն ու դրանց բաղադրատոմսերը հենց պոետից [7 ուտեստ, 7 բաղադրատոմս]

Թումանյանի սիրած ուտելիքներն ու դրանց բաղադրատոմսերը հենց պոետից [7 ուտեստ, 7 բաղադրատոմս]

 

Ի՞նչ էր սիրում ուտել Հովհաննես Թումանյանը, ի՞նչ էր պատրաստում անձամբ, ի՞նչ էր սիրում հյուրասիրել իր բազմաթիվ հյուրերին... Այս հարցերի շուրջ զրուցել ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի հետ:

Անիի հետ զրույցներում պարզեցինք, որ ամենայն հայոց բանաստեղծը սիրել է և՛ համեղ ուտել, և՛ համեղ պաատրաստել: Հաճախ է հյուրեր ունեցել, որոնց համար իր «ֆիրմային» ուտեստներն է պատրաստել:

Անի Եղիազարյանը մի շարք արխիվային նյութերի, նամականիի և ընտանիքի անդամների հուշերի ուսումնասիրություններից հետո առանձնացրել է յոթ ուտեստ, որը սիրել է ուտել և պատրաստել մեծ պոետը:

 

Հիշում է Նվարդ Թումանյանը

 

«Սիրում էր քաշովի՝ խորոված ձկան (դասպիչի) հետ: Ձուկը փաթաթում էր լրագրի կամ թիթեղյա թերթիկի մեջ, դնում վառարանը, խորովում: Ծննդավայրի թխվածքներն էր սիրում, որ կերել էր մանուկ օրերին՝ ամենից շատ թարմ սերուցքով պատրաստած ագդակը, ապա և հալվան, խավիծը, նազուկը, գաթան, բաղարջն ու բիշին: Սիրում էր բամյա և մրգի պահածոներ, ձվածեղ պոմիդորով և սուխարիկներով: Սուրճն իրեն վնաս էր, բժիշկներն արգելել էին, բայց ինչպես ինքն էր ասում. «շախի խաթեր» և՛ պատրաստում էր, և՛ խմում»:

 

«1915-ին Հայրիկն Էջմիածնում ամբողջ օրն զբաղված էր գաղթականների և որբերի վիճակը թեթևացնելու, նրանց կերակրելու, բուժելու գործը կազմակերպելով: Ինքը ոչինչ չէր կարողանում ուտել, միակ բանը թեյն էր ու սուրճը, որ կոնյակով օրը մի քանի անգամ խմում էր զանազան հիվանդությունների դեմն առնելու համար:

Այդ օրերին ապրում էինք Մատենադարանի շենքի  ներքին հարկում. վերևում  կաթողիկոսի տեղակալ Հուսիկ արքեպիսկոպոսի սենյակն էր: Նա ամեն առավոտ պոմիդոր էր ուղարկում հայրիկին: Հայրիկն առաջին անգամ պատրաստեց ձվածեղ՝ պոմիդորով ու սուխարիկներով: Դրանից հետո ամեն օր պատրաստում էինք: Դա եղավ նրա սիրած նախաճաշը»:

 

 

Եվ այսպես, յոթ ուտեստ ու յոթ բաղադրատոմս Հովհաննես Թումանյանից

 

1.  Կրյուշոն

 

Պատրաստման եղանակը

 

Կրյուշոն են կոչվում մրգային հյութերից, գինուց, չգազավորված ջրից, շամպայնից, նաև թարմ և սառեցված մրգերից պատրաստված և մինչև 7-10C  պաղեցրած ըմպելիքները: Մրգերը խառնում են շաքարավազի և գինու հետ և թողնում են թմրեցման սառը միջավայրում մի քանի ժամ: Այնուհետև ավելացնում են գինի, սառույց և մատուցելուց անմիջապես առաջ լցնում են գազավորված հյութեր:

 

Թումանյանը հաճախ էր պատրաստում կրյուշոն՝  իր տանը հավաքված հյուրերին հյուրասիրելու համար: Հիմնականում նախընտրում էր տանձով, խնձորով, սերկևիլով, բալով և կարմիր գինով բաղադրատոմսը:

 

 

2.  Ձուկը՝ լավաշով

 Անհրաժեշտ բաղադրիչներ

Ձուկ – 1 հատ

Կարագ – 100 գրամ

Կանաչի (ըստ նախասիրության) – կես փունջ

Լավաշ – 2 հատ

Ձեթ – 2 ճաշի գդալ

Աղ, սևպղպեղ, կարմիրաղացածպղպեղ

Պատրաստման եղանակը

 

Ձուկը կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից: Վրան ու մեջը աղով, սև ու կարմիր պղպեղով համեմել: Վերջում ձեռքով ողջ ձուկը պատել ձեթով և թողնել մի կողմում, որ համեմունքները ներծծվեն:

Այնուհետև կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի հետ (կարելի է տարբեր կանաչիներ օգտագործել՝ համեմ, թարխուն, կամ էլ բոլորն իրար հետ), տեղադրել ձկան փորի մեջ:

Ձկան ճեղքերի մեջ նույնպես դնել կարագի կտորներ: Վերցնել սառը թավան, վրան փռել լավաշը, մեջը դնել ձուկը և փաթաթել: Այդպես նաև մյուսը: Դնել ջեռոցը և եփել 180 աստիճան ջերմաստիճանում 30-40 րոպե: Վերջին 10 րոպեն ձուկը բաց վիճակում տապակել, որպեսզի կարմրի: Հանել և մատուցել տաք վիճակում:

 

Թումանյանը ձկան պատրաստումն անում էր շատ թեթև ու արագ, առանց ավելորդությունների՝ ձկան փորի մեջ տեղադրում էր կարագ, կանաչիներ, փաթաթում լավաշի, իսկ հետո փայլաթիթեղի  մեջ և տեղադրում վառարանի մեջ: 30 ր. անց  համեղ ուտեստը պատրաստ էր մատուցման:

 

 3.  Եղնջապուր

Անհրաժեշտ բաղադրիչներ


500
գրամ եղինջ
2-3
միջին չափի կարտոֆիլ,
2
ձու
100
գրամ յուղ
1
գլուխ սոխ

Աղ


Պատրաստման եղանակը

 

Թարմ եղինջը եփել, քամել, մանրացնել և նորից լցնել բանջարի ջրի մեջ։ Ավելացնել կարտոֆիլ կամ մի քիչ ալյուր՝ ըստ նախասիրության և նախապես պատրաստած սոխառածը։ Վերջում ավելացնել ձու և աղ

Սոխառածի պատրաստման համար թավան դնել կրակին, մեջը լցնել անհրաժեշտ քանակությամբ յուղ, սոխը մանր կտրատել, ավելացնել յուղին, անընդհատ խառնել մինչև սոխը փափկի և ստանա վարդագույն երանգ:

 

Թումանյանները նախընտրում էին ճաշատեսակի հետ մատուցել կաթի սեր, հացի չորացրած կտորներ, որոնք նախապես թաթախված էին սխտորով պատրաստված թանձրուկի մեջ:

 

4.  Թել պանիրով ձվածեղ

Անհրաժեշտ բաղադրիչներ

ձու

կարագ

թել պանիր

աղ, պղպղեղ

 

     Պատրաստման եղանակը

 

Անալի թել պանիրը (ջիլ) (կամ եթե աղ դրած է, նախապես 2 ժամ թողնում են ջրի մեջ) նախօրոք մանրացնում ենք: Թավայի մեջ լցնում ենք կարագ, այն դաղվելուց հետո ավելացնում ենք թել պանիրը և անընդհատ խառնում: Համասեռ մասսա դառնալուց հետո, ավելացնում ենք հարած ձու: Մատուցվում է տաք վիճակում:

 

Թումանյանները նախընտրում էին թել պանրի հետ խառնել նաև ռեժան, իսկ ձվի մեջ մանրացրած սպանախ ավելացնել:

 

5. Ընկույզով կոզինախ

 

Անհրաժեշտ բաղադրիչներ

600 գր. ընկույզ

350 գր.մեղր

 9 ճ. գդալ շաքարավազ

 

 

Կոզինախն արևելյան քաղցրավենիք է: Ամենից հաճախ կոզինախը պատրաստում են ընկույզից, որը միացնում են իրար մեղրի և շաքարավազի խառնուրդով: Դրանից հետո զանգվածից շերտ են ձևավորում, թողնում են սառչի և կտրատում են:
Կոզինախ կարելի է պատրաստել ընկույզից, քնջութից, գետնանուշից և այլն:

 

Պատրաստման եղանակ

 

Ընկույզները կեղևազրկել, սուր դանակով կտրատել, մաղել` թեփերից մաքրելու համար, թեթևակի բովել: Մեղրը շաքարավազի հետ եփել մարմանդ կրակի վրա այնքան ժամանակ (երբեմն-երբեմն խառնել), մինչև ստացվի միասեռ զանգված:

Ընկույզը լցնել խորը կաթսայի մեջ, ավելացնել հալեցված մեղրի և շաքարավազի խառնուրդը, գդալով լավ խառնել:

Հետո ստացված զանգվածը շրջել թաց տախտակի վրա և թաց գրտնակով գրտնակել և 1 սմ հաստությամբ շերտ ձևավորել: Մի փոքր սառելուց հետո կտրատել և հյուրասիրել:

 

 Քաղցրավենիքն այս հաճախ էր պատրաստում Թումանյանի դուստրը՝ Թամարը, և մատուցում այն թեյի հետ:

 

 6.Բաղարջ

 

Անհրաժեշտ բաղադրիչներ


1
կգ ալյուր,
100
գր. մեղր,
150
գր. ձեթ,
200
գր. ջուր,
12
գր. սոդա,

20 գր., աղ

 

Պատրաստման եղանակը

 

Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել արծաթյա դրամ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, կողքերը կսմթելով նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում:

 

Նույն կերպ էր պատրաստում Թումանյան ընտանիքը՝ բաղադրատոմսին հավելելով տարբեր մրգերից պատրաստված չրեր:

 

 

7. Ագդակ

 

Անհրաժեշտ բաղադրիչներ

 

1 բ. ալյուր
1
ձու

50 գր կաթի սեր

1 թ. գ. սոդա

յուղ՝տապակելու համար:

 

 

Պատրաստման եղանակը

 

Հունցել խմորը, թողնել հանգչի 25-30 րոպե: Ապա խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ կտորների և տապակել տաք յուղի մեջ: Վրան մեղր լցնել և մատուցել տաք վիճակում:

 

Նույն կերպ էր պատրաստում Թումանյան ընտանիքը՝  հատկապես Թումանյանի մայրիկը՝ Սոնան:

shushan karapetyan

24.03.2021

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.