• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ոչ ոք չկա, որին նայելով կարողանայի քո պատկերը մոռանալ. Հովհաննես Թումանյանի նամակը կնոջը

Ոչ ոք չկա, որին նայելով կարողանայի քո պատկերը մոռանալ. Հովհաննես Թումանյանի նամակը կնոջը

Թեև ավելի հաճախ մեջբերվում ու տարածվում են մեծ գրողների կամ արվեստագետների սիրային այն նամակները, որոնք ուղղված են նրանց գաղտնի սիրելիներին, սակայն կան նաև սրտառուչ նամակներ ուղղված օրինական կանանց։ Մասնավորապես Հովհաննես Թումանյանի պարագայում, թեև հաճախ հիշվում են նրա նամակները իշխանուհի Մարիամին, սակայն Ամենայն հայոց բանաստեղծը սիրային նամակներ գրել է նաև կնոջ՝ Օլգային։ Ներկայացնում ենք մի այդպիսի նամակ՝ գրված 1890 թվականի սեպտեմբերի 27-ին։

 

« …Արի՛, հոգիս, որ առանց քեզ

Կյանքը դառն է և անձուկ,

Արի՜, արի՛, որ նորոգես

Եվ մեր սերը վաղանցուկ…

 

Օլա ջան,

 

Թեև այսօր մի նամակ էլ եմ ուղարկել, բայց, այնքան քաղցր է ինձ համար քեզ վրա նամակ գրելը, որ ստիպված եմ այսօր երկրորդ նամակը գրել։ Այնպես հափշտակված էի այսօրվան նամակը գրելիս, որ մոռացել եմ (կարծեմ) ամսաթիվը դնել։ Մի շատ ծիծաղելի թերահավատությամբ և անմիտ կասկածանքով ես տանջվում եմ, կարծելով, թե քեզ… կամ թե շատ ուշ եմ տեսնելու։ Ի՜նչքան տխուր են անցնում առանց քեզ իմ ժամերը, նրանցից յուրաքանչյուրը մի ծանր բեռան նման է անցնում սրտիս վրայից և ես համրում եմ։ Ոչ ոք չկա, որին նայելով կարողանայի քո պատկերը մոռանալ, ոչ ոք յուր խոսքով չի կարողանում սիրտս սփոփել, ոչ ոքի ժպիտ ու ծիծաղ ինձ չէ ուրախացնում, այլ, ընդհակառակը, զայրացնում է. ես կարծում եմ, թե դու դեռևս աղբյուրի մոտ նստած, Մուշեղը գիրկդ արտասվում ես… Ես չեմ ուզում ոչ ոք ծիծաղի։ Ես զգում եմ և խոստովանում — չկա մեկ էակ, մեկ անձնավորություն, որ քեզ փոխարիներ ինձ համար։ Բայց դու դեռ կասկածում ես իմ մասին…

Տերտերն ինձ պատմեց, թե Օլեն ասում էր՝ «հիմա էլ նա (իբրև ես) էլ տանը կնստի՞, ով գիտի էլ տուն չի գալիս…»։ Հետ նայիր, հոգիս, հիշիր մեր անցյալը, թեև կարճ, բայց փոթորկալի անցյալը, ձև էլ չես կասկածիլ իմ սիրո և անկեղծության մասին, կհամոզվես, որ մի բան ինչքան դժվարությամբ և թանկ է ձեռք բերված, այնքան էլ թանկ և սիրելի է, եթե ոչ՝ ինչ կարիք կար նրա համար զոհեր անել։ Բայց ես հավատում եմ, ես գիտեմ, որ դեպի միմյանց այդպես զգույշ, այնքան զգույշ, որ պարզ կասկածանքի է փոխվում, այո՛, այսպես վերաբերվիլը սիրող սրտի նախանձն է, մի նախանձ, որ երջանկացնում է մարդու։

Եվ թող, իմ անգին, քո սիրտդ որքան սիրով է լեցուն, այնքան էլ հույսով լինի լիքը մեր ապագայի երջանկության և բարելավության հույսով…»:

 

Art 365

24.07.2025

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.