• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Տերյանի մեջքը, Թումանյանի պարգևն ու հրաժեշտը Զորավար Անդրանիկին․ հիշում է Վիկտոր Համբարձումյանը

Տերյանի մեջքը, Թումանյանի պարգևն ու հրաժեշտը Զորավար Անդրանիկին․ հիշում է Վիկտոր Համբարձումյանը

Մեծ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը (1908-1996 թթ.) ի թիվս իր մեծարժեք գիտական ուսումնասիրությունները, թողել է նաև հուշեր և օրագրային գրառումներ, որտեղ արդեն տեսնում ենք  գրականությամբ ու արվեստով հետաքրքրված, կյանքի անչափ ուշագրավ ճանապարհ անցած, իր երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ հայ մարդուն: Ապրելով Թիֆլիսում, Լենինգրադում ու Երևանում, մեծանալով հայտնի թարգմանիչ ու գրականագետ Համազասպ Համբարձումյանի ընտանիքում  Վ. Համբարձումյանը վաղ մանկությունից հնարավորություն է ունեցել շփելու հայ գիտական, գրական, մշակութային կյանքի երևելի դեմքերի հետ: Նրանց հետ կապված  փոքրիկ պատմություններն ու տպավորությունները աստղաֆիզիկոսը ներկայացնում է «Կյանքի դրվագներ» գրքում (2003 թ.): Ներկայացնում ենք հատվածներ այդ գրքից: 

 

Տերյանի հետ առաջին ու վերջին հանդիպումը

 

Հիշում եմ, որ Թիֆլիսում ապրած ժամանակ մեր ընտանիքը սերտ բարեկամության մեջ էր իմ հայրիկի համալսարանական ընկեր Արամ Տեր-Գրիգորյանի ընտանիքի հետ: Նրա կինը` տիկին Հայկանուշը, հետագայում (Արամի մահից հետո) երկար տարիներ աշխատեց Պետհրատի ապարատում: Արամ Տեր-Գրիգորյանը Վահան Տերյանի հարազատ եղբայրն էր: Վահան Տերյանը այդ տարիներին ապրում էր Մոսկվայում, բայց այցելում էր Անդրկովկաս: Լավ հիշում եմ, ինչպես մի օր հնչեց մեր բնակարանի մուտքի զանգը: Մայրս բացեց դուռը. Վահան Տերյանն էր` հայրիկիս էր փնտրում: Հայրիկս տանը չէր: Տերյանը հեռացավ և մայրիկս ինձ ասաց, որ Վահան Տերյանն էր: Ես կարողացա պատշգամբից տեսնել հեռացող Տերյանի միայն մեջքը: Դա, ըստ երևույթին, 1915 թվականին էր կամ, ավելի հավանական է, 1916 թվականին: Ես արդեն գիտեի, որ Տերյանը հայտնի բանաստեղծ է:  Այժմ ես պարծանքով եմ ասում, որ գրողներից տեսել եմ Հովհաննես Թումանյանին, հետագայում հաճախ հանդիպել եմ Ավետիք Իսահակյանին (վերջինիս` Երևանում բնակություն հաստատելուց հետո), լավ ծանոթ էի Դերենիկ Դեմիրճյանի հետ: Բայց Վահան Տերյանին տեսել եմ միայն մեջքից, թեև նրա եղբոր ընտանիքի անդամների հետ անց ենք կացրել բազմաթիվ ժամեր:  Հիշում եմ` ինչպես 1920 թվականին մեր երկու ընտանիքները միասին Կոջորում մի ամառանոց վարձեցին և այնտեղ անցկացրին ամառը: Համարյա ամեն օր Տեր-Գրիգորյանների ընտանիքի հետ միասին էինք ճաշում: Մեր երկու ընտանիքները շատ մտերմացան: Արամի խելացի և ազնիվ դուստրը` Սեդան, իմ հասակակիցն էր, և մենք ընկերացանք: Հետագայում` Կոջորից Թիֆլիս վերադառնալուց հետո մեր ընտանիքների մտերմությունը շարունակվեց: 

 

Երանի՜ մեր ժողովուրդը միշտ այդպիսի Հայր ունենար

 

Հիշում եմ 3-րդ գիմնազիայում կայացած մի ցերեկույթ (1918 թվականին): Թեև այդ ժամանակ գիմնազիան համարյա ամբողջապես բաղկացած էր ռուսալեզու դասարաններից, ցերեկույթում ներկայացնում և խոսում էին միայն հայերեն: Ես սիրում էի հայերեն ոտանավորներ արտասանել: Ձայնս էլ բավականաչափ զիլ էր, և այդ պատճառով ինձ հանձնարարված էր արտասանել Հովհաննես Հովհաննիսյանի «Արտավազդը»: Ըստ երևույթին, մեծ ոգևորությամբ արտասանեցի:

Ցերեկույթին ներկա էր նաև Հովհաննես Թումանյանը, որն ապրում էր մեր գիմնազիայից ոչ հեռու (Վոզնեսենսկայա փողոցում): Նստած էր երկրորդ կարգում: Ասացին, որ Հովհաննես Թումանյանն ինձ իր մոտ է կանչում: Ես մոտեցա. նա գովեց և համբուրեց ինձ: Հարցրեց` արդյո՞ք ես Համազասպի որդին եմ: Կյանքումս շատ պարգևներ և շքանշաններ եմ ստացել: Բայց մինչև այսօր ես ամենից շատ հպարտ եմ Հովհաննես Թումանյանի այդ պարգևով, այդ գովասանքով: Ափսոս, շուտ հեռացավ կյանքից: Երանի՜ մեր ժողովուրդը միշտ այդպիսի Հայր ունենար:

 
Զորավար Անդրանիկը

 

1919 թվականին Թիֆլիսի Վոզնեսենսկայա փողոցում` Հովհաննես Թումանյանի տան առջև, աշակերտներով ճանապարհ դրեցինք հայ ժողովրդական հերոս Անդրանիկին: Անդրանիկը դուրս եկավ Հովհաննես Թումանյանի տնից և ողջունեց բազմահազար աշակերտներին: Նրա հետ էին նաև նրա թիկնապահները: Մեզ համար պարզ չէր, թե Անդրանիկն ինչու է մեկնում արտասահման: Չգիտեինք, որ նա վերջնական հրաժեշտ է տալիս այս աշխարհամասին: Մենք գլխի չէինք ընկնում, որ այդ տարիքի մարդն այլևս չի կարող մնալ կամավորների, թեկուզ և մեծ խմբի հրամանատար: Տխուր վերադարձանք տները:

 

 

 

Art 365

18.09.2024

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.