• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Թե ինչպես Կոմիտասը վիճակախաղով գումար շահեց

Թե ինչպես Կոմիտասը վիճակախաղով գումար շահեց

1896 թվականին Կոմիտասը  Ալեքսանդր Մանթաշյանի կրթաթոշակով մեկնում է Գերմանիա երաժշտության մեջ հմտանալու համար։ Բեռլինոմ անցկացրած ուսման տարիները Կոմիտասի համար դառնում են սուղ պայմաններում անդուլ աշխատանքի, մասնագիտական մեծ ձեռքբերումների ու որպես երաժիշտ ձևավորման շրջան։ Ջութակահար-երաժշտագետ Յոախիմի խորհրդով Կոմիտասը հետևում է Ռիխարդ Շմիդտի մասնավոր դասերին։ Նաև մասնակցում է Բեռլինի արքունի համալսարանի երաժշտական, պատմական ու փիլիսոփայական դասընթացներին։
     Այս շրջանի մասին ուշագրավ հուշեր է ներկայացնում Կոմիտասի մտերմուհի Մարգարիտ Բաբայանը։

 

         1896|7 թվականներին երիտասարդ Կոմիտաս մեկնում է Բեռլին, իր տաղանդը մշակելու համար: Այնտեղ շատ շուտ մտնում է կոնսերվատորիային կից բարձրագույն երաժշտանոցը, որտեղ կդասավանդեր պրոֆ. Շմիդտը: Այդ երաժշտին անունը և անձը սիրելի պիտի լինեն՝ Կոմիտաս վարդապետի բոլոր բարեկամների ու հարգողների համար և ահա թե ինչու:

Կոմիտասի թոշակը շատ համեստ էր. գեղարվեստը ուսանելը շատ սուղ էր, և խեղճ վարպետին ամբողջ դրամը կերթար թե՛ դաշնակ, թե' երգեհոն վարձելու, թե՛ դասերի, թե՛ համալսարանի ծախքերը հոգալու, չմոռնանք և սենյակին, և ապրուստի հոգսը, այնպես որ հազիվ օրը մի անգամ կարողանում էր ճաշել համեստ ժողովրդական պանդոկում: Իր պրոֆեսորը` կնկատե, որ երիտասարդը քանի կերթա ավելի ու ավելի կնվազի ու կհալի: Վերջապես մի օր դասեն հետո՝ իր գործերը ձգած՝ կհետևի մեր վարդապետին և կմտնե նույնիսկ պանդոկը և հեռվեն կտեսնի նրա համեստ կերածը, այնուհետև կշարունակե հետևիլ մինչև Կոմիտասին բնակարանը և կերթա ծանոթանալու տանտիկնոջ հետ:  Զուգադիպությունը կուզե, որ վարդապետին սենյակը ճիշտ տիկնոջ ընդունարանեն մի հարկ բարձր լինի լինի: Այդ սքանչելի դասատուն մնում է ամբողջ կեսօրը ընդունարանում և ունկնդրում է, ինչպես վարդապետը երգեհոն է նվագում, մերթ դաշնամուր, մերթ երգում է և սարսափով հասկանում է, որ տղան ուտելու ուրիշ առիթ չի գտնում: Այժմս թողնեմ պատմությունը Կոմիտաս վարդապետին․ «Ժամը 10-ին իրիկունը դուրս կբախեն, զարմացած պրոֆեսորիս կտեսնեմ դռան ետևը: «Դո՞ւք, սիրելի պրոֆեսոր, այստե՞ղ»: Պ. Շմիդտը ներս է մտնում և սկսում է սաստիկ բարկանալ. «Դուն, անպիտան, ինձ կվճարես, երբ ուտելու հաց չունիս: Կարգիլեմ քեզի մի պֆենիգ ինծի վճարելու այսուհետև»:

    Այնուհետև շաբաթը երեք անգամ մեր սիրելի Կոմիտասը պիտի ընդուներ իր պրոֆեսորին հրավերը և իր տունը ճաշեր ու հետո նրա հետ միասին երթար օպերա և ուրիշ նվագահանդեսները: Մեր սքանչելի երաժիշտը վերադառնալով հայրենիք և Էջմիածնա ճեմարանը իբրև երաժշտության դասատու նշանակվելով, հավատարմորեն վճարեց պ. Շմիդտին իր հոգևոր պարտքը:

Ամեն շաբաթ Կոմիտաս վարդապետը, արդեն Կովկաս մեկնած, լուր պիտի տար իր պատվական վարժապետին, և վայ թե իր նամակը ուշանար, պ. Շմիդտը հեռագրով իր անհանդարտությունը կհայտներ Բեռլինեն:

      Մի ուրիշ դեպք պատմած է ինծի վարդապետը նույն ուսանողական շրջանեն:

      Մի ամսո վերջում Կոմիտասը շատ նեղ նյութական դրության մեջ է լինում և գրպանը իսպառ դատարկ: Զուր գնում է բախելու մի քանի բարեկամներու դուռը, ոչ մեկը տանը չի լինում: Տխուր տրամադրությամբ, անոթի գնում է զբոսնելու Բեռլինի հոյակապ պարտեզը — Tie-garten: Գետնին վրա հանկարծ գտնում է կես մարկ (այդ ժամանակներին մոտավորապես 60 սանտիմ): Բարձրացնում է այդ դրամին կտորը և մտածում, թե ծախսելով իր անոթությունը հագեցնելու իր վիճակը չպիտի բարվոքի և չի կարողանում վճռել, թե ինչ կարող է անել այդ դրամով: Հանկարծ մի խանութի առջև անցնելով տեսնում է, որ հետևյալ օրվան վիճակախաղին համար կարելի է կես տոմսակ գնել, որին գինն է կես մարկ:

Իսկույն վճիռ է կայացնում և գնում է այդ կես տոմսակը և այդ իրիկունը նորեն անոթի քնում է... Երևակայեցեք, որ հետևյալ առավոտ նամակաբերը իր դուռն է խփում և իրեն հանձնում 100 մարկ, որ այդ փոքր վիճակախաղին մեջ տանում է իր կես տոմսակը։

Art 365

13.08.2025

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.