ՀԱԳՈՒՍՏՈՎ ԾՆՎԱԾԸ
Գործըս թողած`
Ես քեզ համար
Նոր հագուստներ եմ հորինում,
Որովհետև ես չգիտեմ,
Թե դու ի՞նչ ես հագնում հիմա:
Եվ գարունը`
Այս նոր ու հին
Ճարպիկ-ճարտար ջուլհակուհին,
Ի՛մ պատվերով ու քե՜զ համար
Ճորտուհու պես
Անձեռագործ կերպասներ է ձեռագործում
Ու դիպակներ զանազան ու զարմանազան,
Եվ թվում է, թե ընկել եմ
Ինչ-որ աշխարհ խորհրդավոր ու բազմաբույր,
Ինչպես... ինչպես դեղատունը:
Եվ թվում է,
Թե քեզ համար շոր ընտրելը
Հեշտ է այնքա՛ն,
Որքան լեցուն դեղատնից
Սովորական դեղ խնդրելը,
Հե՜շտ ու դյուրին`
Իր սեփական ազգանունը ասելու չափ:
Բայց... քիչ հետո հասկանում եմ,
Որ դա հեշտ է,
Ինչպես մարդու երկու աչքում
Միանգամից ու նույն պահին նայելն է հեշտ:
Փորձե՞լ ես դու:
Հապա փորձի՜ր...
Ու հիմա քեզ հագցընելու գործըս թողած`
Մտածում եմ,
Որ կան կանայք
Եվ աղջիկներ կան աշխարհում ,
Որոնց մարմինն ասես ճչում ու հայցում է
Իրեն փրկել հանդերձանքի կաշկանդումից.
Թեպետ միշտ էլ հագա՜ծ-կապա՜ծ`
Մե՜րկ են քայլում նրանք կարծես:
Իսկ դո՜ւ...
Ուրի´շ, ուրի՜շ ես դու:
Դու ծնվել ես
Կարծես այդպե՛ս՝ հենց հագուստո՜վ...
Քո սեփական ստվերն անգամ
Քեզ փաթաթվում-ծածկում է քեզ՝
Խորհրդապաշտ թիկնոցի պես...
Ո՛չ մի կոպիտ միտք ու տենչանք
Քեզ չի հասնում,
Իսկ հասնելիս՝
Քեզ դիպչելով ընկրկում է
Ու վնասում
Հենց այդ մտքի կամ տենչանքի տիրոջն իրե՜ն,
Իրե՛ն գցում իր իսկ աչքից...
Ուրի՜շ ես դու:
Քոպեսներին սիրում են լոկ,
Միա՛յն սիրում:
Քոպեսների անունն ի՜նչ էլ դրած լինեն`
Իմպեսները միշտ կոչում են նրանց... Մարիամ:
Պարույր Սևակի «Հագուստով ծնվածը» բանաստեղծությունը գրվել է 1964 թվականին։ Այն նորաձևության հետ ուղղակի կապ չունի, այլ սիրելիի մի հիանալի գովք է, նրա գեղեցկությանը անուն տալու, կերպավորելու ցանկությունից ծնված։ Բանաստեղծի այս գործն ես ակամա հիշում Պարույր Սևակի տուն-թանգարանի և ALEX YVN հայկական բրենդի համագործակցությամբ ստեղծված «Պարույր Սևակ» հագուստի նոր հավաքածին ծանոթանալիս։ Կարծես այդ հավաքածուով շարունակվում է բանաստեղծի երկխոսությունը սիրելիի ու նաև նոր ժամանակների հետ` պոեզիան գրքի էջերից տեղափոխելով նորաձևության, առօրյայի և ժամանակակից մշակույթի տարածք։

Երբ բանաստեղծությունը կարելի է կրել
Հավաքածուն ներառում է Սևակի խոսքն ու ձեռագիրը կրող շապիկներ և այլ հագուստ։ Ըստ նախագծի հեղինակների, շապիկների վրա հայտնված Սևակի անունը, ձեռագրի գիծը կամ բանաստեղծական տողը պարզապես ձևավորում չեն․ դրանք գրական հիշողությունը տարածելու միջոց են, որով գրական խոսքը դուրս է գալիս գրքից և հայտնվում ընթերցողի առօրյայում։ Ըստ այդմ էլ՝ Պ․ Սևակի պոեզիայի մասին հիշեցումներ կարելի է տեսնել ոչ միայն գրադարանում, գրախանութում, դպրոցում, թանգարանում, այլ ամենուր։

Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՛ն…
Զարմանալի կլիներ, որ Սևակի բանաստեղծության ամենահայտնի տողը չլիներ հագուստի վրա։ Այս դեպքում սիրո մասին անսպասելի դատողությունից զատ այս տողն ուղեկցում է ընթերցողին ու հագուստը կրողին Սևակին բացահայտել ոչ թե նորից, այլ կրկին՝ նոր ձևի մեջ։ Կյանքի ու առօրյայի հետ շատ ուղղակի կապերը բնորոշ են Պ․ Սևակի պոեզիային։
Բանաստեղծի սիրային քնարերգության աշխարհում կարելի է հանդիպել սուրճի գավաթ, տաք հաց, քաղաքի, տաքսու, դռան զանգի, հագուստի, մազերի, մարմնի և առօրյայի այլ մանրամասներ։ Ուստի, Պ․Սևակի խոսքերի հագուստի վրա հայտնվելը, որքան էլ առաջին հայացքից անսովոր թվա, գուցե շատերի համար ոչ այնքան ընդունելի, այդուհանդերձ, իրականում այնքան էլ օտար չէ նրա պոետիկային։

Գրքից դեպի մարմին, մարմնից՝ աշխարհ
Գրականության կրիչը, պահպանողն ու փոխանցողը դարեր շարունակ եղել է գիրքը։ Հետո դրան միացան կինոն ու մեդիան, այսօր արդեն կայքերն ու սոցիալական ցանցերը։ Այսօր գրականությունը կարող է հայտնվել նաև այնպիսի առարկաների վրա, որոնք մենք կրում ենք։ Այս իմաստով «Պարույր Սևակ» հավաքածուն կարելի է դիտարկել որպես գրականության միջավայրի ընդլայնում․ տեքստը տեղափոխվում է էջից՝ առարկա, առարկայից՝ մարդու մարմին, մարդու մարմնից՝ աշխարհ։ Բանաստեղծական խոսքով հագուստ կրողը փոխվում է, նոր արտաքին տեսք ու ընկալումներ է ստանում։

Իսկ ի՞նչ է սա տալիս Սևակի ընթերցողին ու գրականության հանրահռչակմանը
Արդյո՞ք հագուստը կրողը, կբացի նաև գիրքը, դժվար է ասել, սակայն սա Սևակի հետ նոր հարաբերության հնարավորություն է։ Նախագծի հեղինակները թերևս նախատեսում են, որ հագուստը կրողները, կամ ուղղակի տեսնողները, եթե դեռ չեն կարդացել Պ․Սևակ, թեկուզ մեկ տողով կգնան ու կփնտրեն ամբողջական բանաստեղծությունը։ Եվ այդպես պատկերը կամ տողը չեն ավարտվի հագուստի վրա, այլ կառաջնորդեն դեպի բանաստեղծություն։ Այդ դեպքում նորաձևությունը կդառնա միջնորդ։ Ոչ թե Պ․Սևակը կդառնա բրենդ, այլ բրենդը կստեղծի Սևակի ստեղծագործությունների նոր ընթերցման առիթ ու հնարավորություն։
Պ․Սևակի պոեզիան չի փոխվում, փոխվում է այն ճանապարհը, որով մենք հանդիպում ենք նրան։