Վիլյամ Սարոյանի յուրաքանչյուր այց Հայաստան նշանավորվել է տարբեր միջոցառումներով, հետաքրքիր շրջագայություններով, հանդիպումներով ու ծանոթություններով։ Մասնավորապես 1960 թվականին իր երկրորդ այցելության ժամանակ Վ․ Սարոյանը ծանոթանում է դրամատուրգ Արամաշոտ Պապայանի հետ։ Երկու գրողներին կապում է ոչ միայն գրականությունը, այլև ընդհանուր արմատները։ Երկուսն էլ արմատներով Բիթլիս քաղաքից էին, և սա դառնում է գրողների մտերմության պատճառներից մեկը։ Հետագայում հանդիպումները շարունակվում են։ Ա․ Պապայանը նաև հուշեր է գրում այդ հանդիպումների մասին։ Վ․ Սարոյանի հետ անցկացրած մի ուշագրավ երեկոյի մասին դրամատուրգը պատմում է Պտույտ մը Երևանի թաղերուն մեջ ակնարկում, որը լույս է տեսել 1991 թվականին Գրական թերթում։ Ներկայացնում ենք հատված այդ հուշից։
Այդ օրը, ըստ երևույթին, նրա ուղեկցողները շատ խիստ զբաղված էին, նույնիսկ նրան երկրպագող երեք Հրաչները՝ Հրաչ Քոչար, Հրաչ Ներսիսյան, Հրաչ Հովհաննիսյան, գումարած Գուրգեն Մահարին։ Այնպես որ՝ ինձ որպես բիթլիսցու, հանձնարարված էր այդ երեկո զբազեցնել մեծ բիթլիսցուն։ Եվ քանի որ այդ երեկոն «ազատ» էր. այսինքն ոչ մի միջոցառում չկար, թողնված էր իմ հայեցողությանը։ Մտածեցի՝ ախր ո՞ւր տանեմ. Սունդուկյանում եղել է, օպերայում՝ նույնպես... Անծրագիր հայտնվեցի մոտը։ ժամը վեցն էր, երբ դուրս ելանք հյուրանոցից։ Սարոյանը թե՝ «Ո՞ւր պիտի երթանք։ Ի՞նչ պիտի ընենք»: Ես էլ արևմտահայերենով՝ «Բան մը կընենք»: Առաջարկեցի «պտույտ մը Երևանի թաղերուն մեջ»։ «Հոյակապ է», — պայծառացած համաձայնվեց Սարոյանը։ Տաքսի նստեցինք ու սլացանք «Երևանի թաղերով»։ Մտանք կայարանի հրապարակը:
Երբ տաքսին պտույտ գործեց Սասունցի Դավթի շուրջը, Սարոյանը վարորդին ասաց. «Վայրկյան մը կանգ առ»։ Մեքենան կանգնեց։ Իսկույն հայտնվեց արձանի մոտ։ Լուռ պտույտ գործեց Դավթի պղնձակոփ արձանի շուրջն ու ոգևորված ասաց.
- Պատվավոր գործ է:
Հետո թե՝
- Անուն։
- Երվանդ Քոչար:
Ան ո՞ւր կապրի, Երևա՞ն:
-Երևան:
-Է, կրնանք իրեն տեսնել:
- Կրնանք։
Սարոյանը հիացած Քոչարի ստեղծած դյուցազնի մոնումենտալ կերպարով, հայացքը շարունակ դեպի սլացող կողմը, մի անգամ էլ պտտվեց արձանի շուրջբոլորը ու կանգնեց «համբերության բաժակի» դիմաց ու երկմտանքի մեջ նայելով բաժակից ներքև թափվող ջրին, հարցրեց՝ «Ադ ընկած բաժակ ու թափվող ջուր ի՞նչ կնշանակե»։ Բացատրեցի, որ դա համբերության բաժակն է, լցվել է բերնեբերան, ու Դավիթը սուրը հանած արշավում է թշնամու վրա։
-Հոյակապ է,— ասաց Սարոյանը ու իսկույն հարցրեց. — այդ ինչո՞ւ Դավիթը դեպի Մասիսը չի երթա, ինչո՞ւ հակառակ կողմ կերթա։ Ադ սխալ է։
Մի զինվորական, որ մի խումբ հայորդիների հետ շրջապատել էր Սարոյանին, կեսլուրջ-կեսկատակ պատասխանեց.
- Դեպի Ղարաբաղ:
- Ղարաբա՞ղ,— զարմացավ Սարոյանը:
- Այո՛, Ղարաբա՛ղ, — պնդեց զինվորականը, — առայժմ Ղարաբաղն է ուզում ազատագրել։ Հետո նոր շուռ կգա դեպի Մասիս:
Սարոյանը պայծառացած նայեց զինվորականին.
- Տա Աստված, հաջողությո՛ւն իրեն։ ժողովրդին հրաժեշտ տվեց, ու մենք շարունակեցինք մեր երևանյան պտույտը: Երկար ժամանակ լուռ էր: Հետո թե՝
- Արամաշոտ, հաջորդ գալուս կուզեմ անպայման Ղարաբաղ, Զանգեզուր գնամ: Կրնանք երթալ հոն:
- Իհարկե:
Քիչ անց դարձյալ՝
- Բայց հաջորդ գալուս կուզեմ անպայման մեկ–երկու ամիս մնալ հոս, շրջեմ ամբողջ Հայաստան։ Կուզեմ ճանչնալ մեր հող, մեր ջոտ։ — Ու հետո թե՝ կուզեմ, որ չիմանան, որ ես Սարոյանն եմ: Որպես Սարոյան չեմ ուզեր պտտել: Պետք չէ ճաշ, պատիվ։ Կավրվի իմ երազ: Ես կուզեմ իմ ազգ ճանչնամ։ Մտնեմ իր տուն ու ըսեմ՝ բարև՛, հա՛յ: Կրնաս բաժակ մը ջուր տաս։ Ջուր խմեմ ու ըսեմ՝ օխայ, Աստված քո տուն շեն պահի: Նստենք, զրուցենք: Աս ձևով կուզեմ պտտել:
Երկու տարի անց, երբ Սարոյանը կրկին ժամանեց Երևան, եղավ Հայաստանի մի շարք շրջաններում, նաև՝ Զանգեզուրում։ Ցավոք, չկարողացավ Ղարաբաղում լինել, Բաքուն թույլ չէր տվել: Ծրագրված էր Գորիսում լինել. Սերո Խանզադյանի տանը, բայց վերջում հրաժարվեց՝ չգնաց։

Սարգիս Հարությունյան, Հրաչյա Հովհաննիսյան, Աբիգ Ավագյան, Արամաշոտ Պապայան, Մկրտիչ Արմեն, Վիլյամ Սարոյան, Գուրգեն Մահարի