• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Կըտեսնեմ ահա, - լուռ երեկոյին․ Ավետիք Իսահակյանն ու մայրը

Կըտեսնեմ ահա, - լուռ երեկոյին․ Ավետիք Իսահակյանն ու մայրը

Հայ պոեզիայի՝ մորը նվիրված ամենից սրտառուչ բանաստեղծություններից մեկը՝ «Կըտեսնեմ ահա, - լուռ երեկոյին» սկսվածով գործը  Ավետիք Իսահակյանը գրել է 1911 թվականին Կոստանդնուպոլսում, երբ խուսափելով քաղաքական հետապնդումներից՝ անորոշ ժամանակով հաստատվում է այնտեղ։ Բանաստեղծը շատ ծանր է տանում բաժանումը մորից․

 

Կըտեսնեմ ահա, - լուռ երեկոյին
Բարակ ծուխ կելնի իմ հոր օջախեն.
Եվ ուռիներս մարմանդ կօրորվին,
Ծղրիդը կերգե անտես խորշերեն…

 

Մեղմ ճրագի տակ նստել է տխուր
Ծերունի մայրս` մանկիկս գրկին. –
Մուշ – մուշ քնել է մանկիկս` անդորր.
Ու աղոթք կանե մայրիկս` լռին. –

 

«Ամենեն առաջ թող ինքը հասնի
Ամեն հիվանդի, հեռու ճամփորդի.
Ամենեն հետո թող ինքը հասնի
Քեզ, իմ խեղճ որդի, իմ պանդուխտ որդի»:

 

Անո˜ւշ ծուխ կելնի իմ հոր օջախեն,
Մայրս կաղոթե` մանկիկս գրկին.
Ծղրիդը կերգե անտես խորշերեն
Եվ ուռիներս մարմանդ կօրորվին…

 

Այս հուզիչ բանաստեղծությունը մայրերգության մի բացառիկ օրինակ է, որը նաև մեծ ճանաչում է ստացել ռուսալեզու ընթերցողների շրջանակում, շնորհիվ Ալեքսանդր Բլոկի ռուսերեն բարձրարժեք թարգմանության։

 

Александр Блок
Матери
 

Мне грезится: вечер мирен и тих,
Над домом стелется тонкий дым,
Чуть зыблются ветви родимых ив,
Сверчок трещит в щели, невидим.

У огня сидит моя старая мать,
Тихонько с ребенком моим грустит.
Сладко-сладко, спокойно дремлет дитя,
И мать моя молча молитву творит:

«Пусть прежде всех поможет господь
Всем дальним странникам, всем больным,
Пусть после всех поможет господь
Тебе, мой бедный изгнанник, мой сын».
.

Над мирным домом струится дым,
Мать над сыном моим молитву творит,
Сверчок трещит в щели, невидим,
Родимая ива едва шелестит.

 

Իսահակյանի մայրերգության նմուշներ են թարգմանել նաև բանաստեղծներ՝ Վյաչեսլավ Իվանովը, Մաքսիմ Ռիլսկին,  Պավլո Տիչինան, Տիցիան Տաբիձեն,  Իրակլի Աբաշիձեն, Լահուտին, Լյուդմիլա Մուտալովան,  Բելա Ախմադուլինան, Միխայիլ Դուդինը և Աննա Ախմատովան։ 

«Իմաստուն, իմաստասեր կին էր: Իր առօրյա խոսքի մեջ միշտ օրինակներ էր բերում զրույցներից, հեքիաթներից: Մեծ համարում ուներ քաղաքում՝ որպես իմաստուն կին: ճիշտ է, նա ուսում չէր առել, բայց բնական խելք ուներ: Որդու՝ Ավետիքի բանտերում լինելը և պանդխտությունը նրա վրա ծանր էր նստել: Համահավասար սիրում էր թոռներին, տղաներին: 1918 թվին, երբ թուրքերը մտան Ալեքպոլ, երեկոյան դեմ խուճապից, սպանությունից ազատվելու համար, նա իր թոռների հետ միասին մտնում է Աստվածամոր եկեղեցու ուխտավորների սենյակը և ծնկաչոք աղոթում, որ քաղաքը սրի չմատնվի: Ապլան անհունորեն բարի էր: Անընդհատ հիշում էր Ավետիքին, որդիներից ամենաշատ սիրում էր Ավետիքին, նրան փոքր հասակում միշտ քնեցրել էր իր կողքին, չկար մի գիշեր, որ չարտասվեր Ավետիքին հիշելիս», -հիշում է Իսահակյանի Փեփրոնյա քրոջ որդին՝ Գեղամ Աֆրիկյանը։

 

Ավետիքը եղել է մոր ամենասիրելի զավակը և բանաստեղծն  էլ մոր հետ կապված է եղել նուրբ զգայական կապով։ Այս հուզիչ հարաբերությունների արտահայտությունն է այն, որ սկսած առաջին գրքից՝ «Երգեր ու վերքեր»-ից (1898) մայրական սիրո թեման ամենանուրբ ու բազմազան արտացոլումն է գտնում Ավետիք Իսահակյանի ստեղծագործության մեջ։ Մորն են նվիրված Իսահակյանի բազում գործեր՝ «Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված... », «Մայրիկ, նայիր, արևն ինչպես... », «Մայրս տեսավ ինձ շատ տխուր», «Երազիս տեսա, որ մայրս թշվառ... », «Իմ այրվող վշտից սիրտըս է մաշվել... », «Կըտեսնեմ ահա, — լուռ երեկոյին... », «Մոր սիրտը» և այլն:

 

 

Hayk Hambardzumyan

07.04.2026

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.