Ավետիք Իսահակյանի հուշերում, նամակներում, տարբեր ստեղծագործություններում կարող տեսնել մայրենի լեզվի, այդ լեզվով ստեղծված տոհմիկ գրականության նկատմամբ պաշտամունքի հասնող սիրո վկայություններ։ Հայոց լեզվի ու գրականության՝ ինքնությունը պահպանող, աշխարհում սփռված հայ ժողովրդին միավորող նշանակության մասին մեծ բանաստեղծը գրում է նաև կյանքի վերջում՝ 1955 թվականի հոկտեմբերի 29-ին ամերիկահայերին ուղղված մի նամակում։ Ներկայացնում ենք հատված այդ նամակից․
«Շատ սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ.
Հայտնում եմ իմ սրտագին շնորհակալությունը Ձեզ՝ բոլորիդ, որ օտար ափերում հիշում եք ինձ և տոնում եք իմ 80–ամյա հոբելյանը։
Սիրտս լցվում է անհուն բերկրանքով, որ հայրենիքից հեռու, այսպես գուրգուրում եք հայ խոսքը և պանծացնում մայրենի գրականությունը։ Սա արդեն հայկական Ոգու հաղթանակն է, ամուր գրավականը հայ ժողովուրդի հարատևության և ապրելու կամքի։
Սիրեցեք հայ գրականությունը, նա Ձեր հոգևոր հայրենիքն է, որ միշտ և ամենուրեք կլինի Ձեզ հետ։ Հայ լեզուն և տոհմիկ գրականությունը դարերի երկար ընթացքում պահել–պաշտպանել են հայերիս, այժմ էլ մենք պիտի պահպանենք նրանց, որ նրանք էլ այսուհետև կատարեն իրենց փրկարար դերը։
Հայ լեզուն և հայ լեզվով գրականությունը այն անխորտակելի ոսկե կամուրջն է, որ կա Սովետ. Մայր Հայաստանի և Սփյուռքի միջև, բոլոր հայության միջև։
Սփյուռքը մեր նվիրական Արևմտյան Հայաստանն է, նրա ավանդապահ, աշխատասեր, ստեղծագործ ժողովուրդը, որ դարերով հերոսական և անձնուրաց պայքարել է զարհուրելի և խավարակուռ բռնապետության դեմ, այլասերման դեմ՝ հանուն հայրենիքի, մայրենի լեզվի, կուլտուրայի և ազգային իդեալների։
Սրտիս բոլոր ջերմությամբ մաղթում եմ, որ Սփյուոքի հայությունը միշտ վառ պահե հայրենիքի սերը, հավատարիմ մնա մեր բազմադարյան սրբազան ավանդներին, մեր հոյակապ լեզվին, արիաբար բարձր պահե հայ անունը, աշխատե և չվհատի, անհողդողդ հավատա իր լույս–ապագային և ավելի սերտ կապվի մայր հայրենիքին, որ մեր բոլորինս է, մեր երազների և իրականացումների նվիրական հայրենիքը...»։