1911 թ․ փետրվարին Վահան Տերյանը Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցում ամուսնանում է Սուսաննա Պախալովայի հետ: Հարսանեկան համեստ արարողությանը մասնակցում են ամենամտերիմները՝ Կարապետ Կուսիկյանը, Ցոլակ Խանզադյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, հետագայում հայտնի քաղաքական գործիչ և Սուսաննայի երկրորդ ամուսին Ալեքսանդր Մյասնիկյանը և այլք:
Թեև Տերյանն ու Սուսաննան վաղուց էին ճանաչում միմյանց, սակայն նրանց ամուսնությունը անակնկալ և պարտադրված է լինում․
«Վերջին նորությունը այն է, որ շուտով կպսակվեմ — բայց երևի դու կհասնես այդ հանդեսին, եթե գալու լինես, որովհետև պսակվել որոշել ենք մոտավորապես բարիկենդանին կամ մի քիչ վաղ։ Երևի կհետաքրքրվես, թե ինչ պատճառով ենք շտապում։ Ավաղ և ախ, թեև ես անկեղծ կերպով համոզված էի, որ մենք, ներողություն՝ ես երեխա ունենալ չեմ կարող.․.! Չգիտենք ինչ անել։ Սուսաննան խոմ գլուխը կորցրել է։ Դու գիտես, թե ինչպես էր վախենում այդ բանից։ Ես ավելի հաշտ եմ նախախնամության հետ։ [Ոչինչ չես կարող անել։ Թերևս դեռ կարելի է որևէ բան անել։ Դե այդ կերևա]։ Բայց պսակվելը որոշված է այնուամենայնիվ։ Եվ ես գոհ եմ», -գրում է բանաստեղծը ընկերջը՝ Ցոլակ Խանզադյանին 1911 թ․ հունվարին։

Պսակադրության մասին Վ․ Տերյանը գրում է նաև մեկ այլ նամակում, որն ուղղված է Սուսաննայի մորը․
«Չնայած ես և Սուսաննան որոշել էինք ոչ մի հարսանիք չանել, բայց մեր պսակադրումը առանց հոգսերի ու գլխացավանքի անցավ: Հարկ եղավ բավականին զբաղվել այդ ամենով և, ահա, միայն այսօր կարողացա մի ազատ և, որ գլխավորն է, հանգիստ րոպե գտնել, որպեսզի մի քանի տող գրեմ Ձեզ: Ի սրտե շնորհակալ եմ Ձեզնից ինձ ուղարկած մատանու համար իսկ Մարտին Սերգեևիչից և Նազար Սերգեևիչից՝ ծանրոցների, հատկապես շամպայնի համար, որով դեռ երեկ հյուրասիրում էինք մեր հարսնահորը հանդերձ ընտանյոք (Կուսիկյանին՝ Լազարյան Ճեմարանի իմ նախկին ուսուցչին և մեր բարեկամին) և իմ մանկության բարեկամին ու ընկերոջը՝ Ցոլակին, որը եկել է մի քանի օրով և ապրում է մեզ մոտ: Նա մեր խաչեղբայրն էր և իր ողջույնն է հղում Ձեզ»։

Իսկ ժամանակակիցներից՝ Արսեն ավագ քահանա Սիմոնյանը այսպես է հիշում Սուսաննային և պսակադրության արարողությունը․
«Մոսկուայի հայ ուսանողուհիներից էր, մի շատ համակրելի, թուխ դէմքով և սեւորակ մազերով օրիորդ, շատ հմայիչ ու գեղեցիկ աչքերով: Նա մեծ ազդեցութիւն ունէր Վահանի վրայ ու նուիրուած էր նրան անսահման կերպով: Մեծ խնամք էր տածում եւ ուշադրութեամբ հսկում նրա առողջութեան վրա, մանավանդ, երբ մեր դժբախտ բանաստեղծը յաճախ անկողնին էր ծառայում, իր թոքերի թուլութեան պատճառով: Նրանց պսակադրութեան ժամանակ խաչեղբայր եղավ Լազարեան ճեմարանի Հայոց լեզուի ուսուցիչ, յայտնի մանկավարժ եւ Մոսկուայի հայ գաղութի աչքի ընկնող հասարակական գործիչ Կարապետ Կուսիկեանը, որ Վ․ Տէրեանի ուսուցիչներից էր եւ նրա վրայ հօր նման էր նայում»։
Համատեղ լուսանկար
«Վահանի կինը՝ գեղեցկուհի Սուսաննա Պախալյանը եկել էր Մոսկվա Ստավրոպոլից, ավարտել էր այնտեղի իգական գիմնազիան: Նրա ծնողները Նոր-Նախիջևանի մեշչաններ էին, նրանք առևտրական գործերով հիմնվել էին Ստավրոպոլում։ Այդ իրավունք էր տալիս Վահանին իրեն անվանել Նոր-Նախիջևանի փեսա, ես էլ իմ կողմից անվանում էի մեր փեսան»,- հիշում է Վ․ Տերյանի ուսանողական ընկեր՝ Խ․ Փորքշեյանը:
Սուսաննան (1887-1936) ծնվել է Նոր Նախիջևանում, կրթություն է ստացել Ստավրոպոլում։ Նրանք ծանոթացել են 1908 թվականին։ Պահպանվել է Վահան Տերյան կատակ-գրությունը Սուսաննային․
«Սիրելի բալիկ/ Արթնացրու ժամի 6-ին/ ես պառկեցի/ժամը/5-ին/ Թեյի համար շաքար չըկայ վայ ինձ = (= гope мне!)/Մնամ քո օրինաւոր ամուսին/ և պաշտպան Վահան Տէրեան
1916 VIII/7 Պետրոսաքաղաք»:
Ունեցել են երկու երեխա(1916, 1917), որոնք չեն ապրել։ Հեղափոխության ու քաղաքացիական կռիվների, գուցե նաև այլ պատճառներով Վ․ Տերյանն ու Սուսաննան բաժանվում են։ Տերյանի մահից հետո Սուսաննան ամուսանցել է Ալեքսանդր Մյասնիկյանի հետ, հետագայում ապրել Թիֆլիսում և մահացել Դիլիջանում՝ 1936 թվականին։
Սև Շուշան
Դառը կյանքի խավարում,
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժըպտաց քո հեռուն,
Տխուր ծաղիկ, սև շուշան։
Շարժումներըդ երերուն
Եվ հայացքըդ վշտագին
Վհատության օրերում
Կախարդեցին իմ հոգին։
Ես սիրեցի մենավոր
Տխրությունը քո անխոս,
Ուղիներում հեռավոր
Արշալուսվող սև փարոս։
Մոլորումիս գիշերում
Հոգիս գերեց մի նշան,
Դու ես այստեղ ու հեռվում,
Ցնո՛րք ծաղիկ, սև շուշան…
1908