• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Գրիգոր Զոհրապն ինչպես որ էր [հուշեր գրողի մասին]

Գրիգոր Զոհրապն ինչպես որ էր [հուշեր գրողի մասին]

Հայ նշանավոր գրող, իրավաբան, հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապը հայտն ու սիրված է իր նովելներով, որոնք արևմտահայ իրականության մեջ նորավեպ էին անվանում։ Նրան նաև Նորավեպի արքա էին կոչում։ Իր երեք հայտնի ժողովածուներով՝ Խղճմտանքի ձայներ (1909), Կյանքը ինչպես որ է (1911), Լուռ ցավեր (1911) և դրանցում ընդգրկված սիրված նովելներով՝ Փոստալ, Այրին, Ճիտին պարտքը, Երջանիկ Մահը, Զաբուղոն, Ռեհան և այլն հեղինակը հոգեբանական նրբությամբ և գրողական մեծ վարպետությամբ ներկայացնում է մարդկային մեծ ու փոքր ողբերգություններ, տալիս դրանց հասարակական դրդապատճառները։ 

 

Զոհրապը սիրված ու ակտիվ հասարակական-մշակութային գործիչ էր, մարդկային բարձր նկարագրի տեր անձ։ Ժամանակակիցները մեծ հիացմունքով ու ակնածանքով էին հիշում նրա հետ շփումներն ու բարձր գնահատում գործունեությունը։ Ներկայացնում ենք Գրիգոր Զոհրապի ժամանակակից, նրա մտերիմ ընկեր, հասարակական գործիչ Վարդգեսի կնոջ՝ Հռիփսիմե Սերինկյուլյանի հուշերը գրողի մասին։   

 

     Զոհրապ միջահասակ, բավական լեցուն կազմվածքով, կլոր դիմագծերով, ուշագրավ տեսքով, շարժուձևերով աշխույժ մեկն էր, զննող, նկատող հայացքով, այնպես կդիտեր շուրջը, որ կարծես գրելու նյութ կհավաքեր: Արտաքնապես միշտ շատ ճաշակավոր, անգլիական ամենաազնիվ բրդեղեն կտորներով կոստյումներու մեջ և ամեն ինչ հադվածին համապատասխան, բաճկոն, փողկապ, թաշկինակ և այլն, և այս բոլորը շատ անփույթ ձևով, կարծես ինքնիրենը եղած ըլլար։

    Պերճաբան էր էր Զոհրապ, բառի ամենալայն իմաստով, ճիշտ այնպես կխոսեր, ինչպես որ կգրեր: Ուր որ ալ ըլլար՝ խորհրդարան, ազգային երեսփոխանական ժողով, որևէ ընկերական հավաքույթ, գրական երեկո, իրենց տունը, մեր տունը, երբ Զոհրապն էր խոսողը, բոլորը կլռեին և բերանաբաց կլսեին: Ան կնկարեր, կքանդակեր կարծես իր պատմածը: Ամեն նորության, ըլլա գրական, գիտական, գեղարվեստական, քաղաքական, անմիջապես կտեղեկանար, ոչ միայն իր ապրած երկրին մեջ, այլև ամբողջ աշխարհի մեջ և իր հեղինակավոր կարծիքը. կհայտներ այդ մասին:

    Բնակարանը, Բերա թաղամասի Այազփաշա փողոցի ծովահայաց մեծ տան մը մեջ, վերևի 4-րդ հարկը, սքանչելի տեսարան ուներ: Ննջարանի պատշգամեն, պատուհաննե րեն ցույց կուտար շոգենավերու, նավակներրու, մակույկներու անընդհատ լողալ-երթևեկը, կյանքին հետ համեմատելով:

   Աշխատասենյակը կգտնվեր մուտքի դռան ճիշտ դիմացը, ոչ շատ մեծ, պատերը մինչև առաստաղը գրապահարաններ` փառակազմ գրքերով։ Գրասեղանը  նույնպես ոչ մեծ, ամենաազնիվ փայտեղենով շինված, վրան ամեն ինչ գեղարվեստական՝ թանաքաման, գրիչ, մատիտ, թերթահատ, արձանիկներ և  այլն: Կսիրեր առհասարակ դուռը բաց աշխատիլ, գրասեղանին առջև, կքած թուղթեն վրա, պենսնեն քթին: Իրենց այցելելու ձմերուն, երբ կտեսնեինք զինքը այդ դիրքով, արագ մը կանցնեինք և կմտնեինք հյուրասենյակ: Մեր գալեն քանի մը րոպե անց, կուգար եռանդով բարևելու մեզ: Ներողություն կխնդրեինք իրմե որ զինքը խանգարեցինք: «Մինչև ետքը թուղթերուս հետ միս-մենակս մնալու չեմ վերջապես», — կպաասխաներ: Կսկսեր պատմել, կատակել: հասարակ խոսակցությունը միշտ համեմած էր սրամիտ կատակներով: Ամենասովրական դեպքը կպատմեր գունագեղ: Իր աճապարանքին մեջ, տարբեր ձևով շտապ մը  պատկերելու։ Մեծ հաճույքով կլսեինք զինքը, կամ, ավելի ճիշտ, կտեսնեինք պատմուծները:

    Բրյուսելի ցուցահանդեսեն վերադարձին, եթե չեմ սխալիր՝ 1914 թվականին, արձան մը բերած էր՝ սպիտակավարդագույն մարմարի վրա քանդակված ոչխարներու հոտը, հովիվով: Արձանը տեղավորեր էին պատուհանին մեջ, ժանյակավոր վարագույրին և, ելեկտրական լույսին տակ, ուր ավելի ցայտուն, ավելի գեղեցիկ կերևար ան: Զոհապ մեզի ցույց կուտար արձանը ըսելով. «Ի՜նչ ճիշտ մտահղացում և մատներու ի՜նչ նուրբ ճարպիկություն պետք է, սա անխոս մարմարին այս կյանքը տալու համար: Ոչխարներու գեղմը կշոշափես ափիդ մեջ,  հովիվը տիրական կանգնած, խուզարարկու հայացքը նետած հեռուն, պահապան գամմփռը ոտքերուն առջևը: Քանդակագործին մտքիին ավելի նուրբ ու համառ աշխատանքն օգնահատելի»: Զոհրապ առհասարակ ամեն բանի վրա թափված աշխատանքն էր, որ կգնահատեր:

    Ամբողջ բնակարանը նման էր գեղարվեստի թանգարանի մը: Ընտանիքով բոլորը՝ կինը՝ Կլարան,  աղջիկները՝  Դոլորես և Հերմինե, տղաները՝ Լևոն և Արամ վերին աստիճանի նուրբ և գեղեցիկ ճաշակի տեր մարդիկ էին: Ներս մտնողը չէր գիտեր ո՛ր նկարին, էր արձանին, ո՛ր գեղեցիկ ծաղկամանին առջև կանգներ ու դիտեր հիացումով: Ճաշարանի պատերը ծածկված էին Էդգար Շահինի ձեռակերտ նկարներով: «Որչա՜փ շարժուն կյանք կա բոլորին մեջ և համառ, տոկուն աշխատանք», — կըսեր Զոհրապ։

     Որևէ անճաշակ բան կամ ոչ ճիշտ երևույթ տեսնելով կավելցներ. «Բարբարոս ձևով մը եղած է»: Մեծ մտածողը կարո՞ղ էր գուշակել, որ այդ «բարբարոս» ձևը իր վրա պիտի գործադրվեր և ինք պիտի նահատակվեր բարբաոսաբար:

Տան մեջ մանուկի մը պես կխնամեին զինքը, ամեն ինչ նախապես մտածված՝ սնունդ, հանգիստ, հագուստ և ամեն բան: Երբեմն

կբողոքեր, «Ձգեցեք անգամ մըն ալ ուզածիս պես շարժիմ, ուզած» ընեմ», — կկատակեր։ Հաճախ այդ մասին և մենք բոլորս կծիծաղեինք:

     Կիրակի օրերը կսիրեր ոտքով երկար պտույտներ ընել մեծ աղջկան՝ Դոլորեսի հետ: Բավական հեռու կապրեինք մենք: Սովորականեն տարբեր, ուժեղ զանգահարումով մը ներս կմտներ և դեռ միջանցքին մեջ «սատե մը» կպատվիրեր («սատե», թուրքերեն, կնշանակի «միայն, զուտ», այսինքն սուրճ առանց շաքարի)։ Հազիվ նստած, կպատմեր իր տպավորություններեն կամ նոր պատահած դեպքի մը:

    Իրավաբանական ասպարեզին մեջ առաջինն էր. ինչ դատ որ ստանձներ, անպայման պետք է շահեր: Փաշայի մը շատ խճճված դատը շահեցավ փաշան շնորհակալ եղավ մեծ վարձատրությամբ: Ինքն ալ նույն առատաձեռնությամբ կծախսեր ամենուն վրա, ամեն բանի համար:

    Իբրև իրավաբան կցված էր ռուսական դեսպանատան հետ: Կսիրեր ռուսերը, «Անոնք շիտակ մարդիկ են, մեզի պես չեն», — կըսեր: Դեսպանատան զինվորական կցորդը շատ մոտ էր Դոլորեսին, զոր կսիրեր, բայց որովհետև դիվանագիտական ասպարեզին մեջ աշխատողը իրավունք չուներ ամուսնանալու օտարահպատակ աղջկան հետ, խոստացած էր երթալ, ձգել պաշտոնը, վերադառնալ և կապվիլ ամուսնությամբ: Գնաց և ուշացավ: Ազդված էին ընտանիքով, հայր ու աղջիկ մանավանդ, իսկ հետո պատերազմն սկսավ և ամեն ինչ այլ ձև ստացավ արդեն:

    Զոհրապ լիովին վստահ էր ռուսերուն հաղթանակին: «Արևելյան սահմանագլուխին վրա ռազմական ուժ չունինք», — կըսեր: Այդպես ալ եղավ: Կռիվն սկսելեն քիչ վերջ, ռուսական բանակը մտավ Տաճկաստան, բայց ափսո՜ս, նահանջեց, գրեթե իսկույն, որմե  հետո ոճրագործ իթթիհադականները  սկսան իրագործել նախապես  ծրագրված հայերու բնաջնջումը, աննախընթաց բռնագաղթով: Զոհրապի տրամադրությունը փոխվեցավ բոլորովին, մտախոհ,  ծանր տեսք ուներ: Իսկ երբ 1915 թվականի ապրիլ 24-ի գիշերը՝ ձերբակալություններ եղան Պոլսի մեջ, . մտավորականներու մեծ մասը ձերբակալվեցավ և հաջորդ օրն իսկ աքսորվեցավ, Զոհրապ ամեն օր ամուսնուս՝  Վարդգեսին հետ կդիմեր «նեզարեթ»-ները (մինիստրություն),  ինչպես և գլխավոր ոստիկանապետ Բեդրի բեյին ու բացատրություն կպահանջեր անմեղ մարդոց հանդեպ կատարված հալածանքներուն համար։ Մինչև որ․․․զիրենք ևս ձերբակալեցին մայիսի 20-ի երեկոյան, ազատվելու համար բողոքներեն, և հաջորդ օրը, առավոտ կանուխ, աքսորեցին սևածիր ճամբաներով․․․

Art 365

26.06.2025

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.