• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Չարենցն ու Երևանը․ հիշում է Մկրտիչ Արմենը

Չարենցն ու Երևանը․ հիշում է Մկրտիչ Արմենը

Եղիշե Չարենցը ծնվել էր  Կարսում,  ապրել էր Թիֆլիսում ու Մոսկվայում, շրջել արտասահմանում, սակայն յուրահատուկ հարաբերություններ ուներ Երևանի հետ։ 20-րդ դարի առաջին տասնամյակների Երևանը՝  իր արևելյան շնչով, ռուսականա կայսերական նշաններով, ապա նաև ձևավորվող հայ ագային ճարտարապետությամբ ներշնչում էին բանաստեղծին։ Այդ ներշնչանքն ու Երևանի նոր կերպարը հասկանալու ձգտումից էլ թերևս ծնվել է նրա «Երևան» պոեմը։ Մայրաքաղաքին նվիրված մեկ այլ հայտնի ստեղծագործության «Երևան» վեպի հեղինակ Մկրտիչ Արմենը ուշագրավ հուշեր է ներկայացնում բանաստեղծի ու Երևանի հարաբերությունների մասին։

 

Չարենցը տեսել էր Մոսկվան և ապրել այնտեղ, տեսել էր Եվրոպայի մայրաքաղաքները: Ես տեսել էի միայն Մոսկվան: Բայց մի՞թե քիչ էր միայն Մոսկվան: Մենք երազում էինք այդպիսի մի քաղաքի մասին, որովհետև քաղաքը ժողովրդի թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական ու կուլտուրական զարգացման կենդանի չափանիշն է:

Եթե խոսելու լինենք Չարենցի ստեղծագործության մասին, ապա «Չարենցը և Երևանը» մի մեծ թեմա է: Մեր մեծ բանաստեղծն իր բազմաթիվ գրվածքների մեջ գովերգել կամ նկարագրել է մեր մայրաքաղաքն իր անցյալով ու ներկայով, իր ապագայով: Բայց ես ուզում եմ խոսել այդ թեմայի մասին ոչ թե Չարենցի ստեղծագործության, այլ անձնավորության կապակցությամբ:

Չարենցը սիրում էր Երևանը՝ բուռն, անհանգիստ սիրով, որն ընդհանրապես հատուկ էր նրան: Նա, որ տեսել էր Փարիզը, Բեռլինը, Հռոմը և եվրոպական այլ քաղաքներ, ապրել էր Մոսկվայում և այլուր, ոչ միայն չէր «հիասթափվել» մեր փոքրիկ, հետամնաց քաղաքից, ինչպես դա հատուկ է թեթևամիտ մարդկանց, այլև, ընդհակառակը, ավելի ուժեղ էր սկսել սիրել այն՝ իր բոլոր ուժերը նվիրելով Երևանը մեր ժողովրդի արժանի մայրաքաղաքը դարձնելու մեծ գործին:

Լսելով, որ ճարտարապետ Ա. Թամանյանը կազմում է Երևանի նոր նախագիծը, Չարենցը մի անգամ ասաց թերահավատ.

— Ի՞նչ նախագիծ պիտի կազմի նա... Շատ էլ որ խոշոր ճարտարապետ է: Բայց ի՞նչ կապ ունի հայ ճարտարապետության, հայ կուլտուրայի հետ: Նա միշտ ապրել և աշխատել է Հայաստանից դուրս:

Շատ ժամանակ հարկ չեղավ, որպեսզի Չարենցի թերահավատությունը վերածվեր խոր հիացմունքի և ակնածալի զարմանքի մեր հանճարեղ ճարտարապետի նկատմամբ: Թամանյանի առաջին իսկ շենքերի նախագծերը, Ինչպես և այլ շենքերն իրենք, դեռ կիսավարտ, գերեցին մեր մեծ բանաստեղծին:

-Անի...- ասաց նա մի անգամ․- իսկական Անի․․․Թորոս Թորաման միայն թե ավելի ուժեղ։  Այ տղա, տեսնո՞ւմ ես, թե ինչ է նշանակում հանճար: Ինչպես է ըմբռնել մեր դարավոր ճարտարապետության ոգին...

Եվ, մի պահ լռելուց հետո, ավելացրեց.

- Իսկ Հայաստանից դուրս ապրելն ի՞նչ նշանակություն ունի: Մի՞թե մեր Մարտիրոսը նույնպես չի ապրել Հայաստանից դուրս: Բայց ինչպիսի հայկական նկարիչ է նա... Այդպիսին դեռ չենք ունեցել: Ո՛չ Մարտիրոսը, ո՛չ Թամանյանը, ո՛չ Սպենդիարյանը մեղավոր չեն: Մեր մայր հողի վրա մենք չենք ունեցել պետականություն, մայրաքաղաք, մեծ կուլտուրա: Ի՞նչ պիտի անեին նրանք գավառական Երևանում։ Այ, հիմա ուրիշ բան: Երևանը մագնիսի պես դեպի իրեն է ձգում աշխարհով մեկ ցրված մեր լավագույն արվեստագետներին...

Եթե չեմ սխալվում, մեր կուլտուրայի խոշոր վարպետներից միայն Թամանյանն ու Սպենդիարյանն էին, որոնց հետ Չարենցն անձնական ծանոթություն չուներ: Բայց երկուսին էլ նա սիրում էր իր հոգու ամբողջ ուժով և սիրում էր առաջին հերթին նրանց այն արվեստի համար, որ նրանք նվիրաբերում էին Երևանին: Մի օր Չարենցն ինձ ասաց՝ մեծ հայտնագործություն կատարածի պես.

 -Դու գիտե՞ս, որ Թամանյանը մտերիմ է եղել Հովհաննես Թումանյանի հետ:

Հայ ժողովրդի պոեզիայի հանճարի հետ մտերիմ լինելը, նրա կողմից արժեքավորված լինելը մի այնպիսի անխախտ արգումենտ էր Չարենցի աչքում, որ նա սկսեց հիանալ Թամանյանի ոչ միայն ներկա գործունեությամբ, այլև անցյալով: Հետագայում նա ծանոթացավ ճարտարապետի կենսագրությանը և տեսավ, որ Թամանյանն անցյալում ևս կտրված չի եղել հայ կուլտուրայից:

Ինչպես Թամանյանի, այնպես էլ Սպենդիարյանի մահը ցնցող տպավորություն թողեց Չարենցի վրա:

Մի երկու տարի հետո, գարնան մի կիրակի, ես, ըստ իմ հաճախակի դարձած սովորության, գնացել էի շրջելու Երևանի հին թաղամասերը: Վերադառնում էի դեպի կենտրոն, երբ Չայկովսկու փողոցում տեսա Չարենցին, որ գալիս էր դիմացից՝ մեր գրողներից մի քանիսի հետ: Տեսնելով ինձ, նա զվարթ ծիծաղեց՝ կարծես ասելով, որ միանգամայն բնական է իմ այդ թաղամասերից գալը, ապա, համարյա բարկացած, ասաց.

- Այ տղա, գնանք մի ցույց տուր, թե որոնք են այն փողոցները, որ նկարագրել ես «Զուբեիդա»-ի մեջ:

Ես թեև գալիս էի ճիշտ նույն թաղամասերից, բայց նորից շուռ եկա և քայլեցի նրանց հետ: Ես ցույց տվեցի նրան Ռումմի փողոցը, Դավա 3աթաղը և մի շարք այլ վայրեր, որոնք նկարագրել էի մի երկու ամիս առաջ տպագրած իմ պատմվածքի մեջ: Միաժամանակ ես զարմանում էի իմ մտքում, թե մի՞թե Չարենցը չի տեսել այդ բոլորը: Նայեցի նրա աչքերին և, ինքս էլ չգիտեմ թե ինչից, հասկացա, որ այդ վայրերը ծանոթ են նրան, թեև դրանցից մի քանիսով, ինչպես շուտով պարզվեց, իրոք որ, նա անցնում էր առաջին անգամ։ Նա այդ շրջագայությունը ձեռնարկել էր մասամբ թարմացնելու համար իր տպավորությունները, բայց առավելապես՝ մյուս գրողներին ցույց տալու համար այդ բոլորը:

Դրանից հետո դարձյալ մի քանի անգամ նա ցանկություն հայտնեց շրջել Հին Երևանի թաղամասերով, և մենք երկուսով սկսեցինք շրջել՝ ընտրելով շարունակ նորանոր, դեռ մեզ անծանոթ վայրեր:

Մի անգամ նա կանգ առավ Գետառի ափին և նայեց ակնհայտ հիացմունքով: Դա բոլոր երևանցիներին հայտնի այն նվաղաջուր առվակն էր, որն անցնում էր քաղաքի հին թաղամասերով, խիստ նեղլիկ, քարքարոտ, մի մարդահասակ բարձրության դիք ափերով: Ափերի վրա կանգնած էին միհարկանի կավածեփ տնակներ, նեղլիկ լուսամուտներով՝ դեպի այդ վտիտ առվակը, փոքրիկ դռնակներով և երբեմն նույնիսկ պատշգամբներով... Ի՞նչ կար նայելու այդ պատշգամբներից, երբ հինգ-տասը մետր այն կողմ մյուս ափն էր, երբ ոչ մի ափի վրա չկային անցորդներ, չկար նույնիսկ փողոցի կամ մայթի նման որևէ բան, այլ միայն պատերին քսվող շավիղներ, որոնցով մարդիկ քայլում և մտնում էին իրենց տները...

- Սա ինձ հիշեցնում է Նեապոլը, — բացականչեց Չարենցը:

Ես ապշած նայեցի նրան:

- Այ տղա, սխալ չհասկանաս,— ծիծաղեց նա, — ոչ թե նման է, այլ հիշեցնում է: Խոսքը վերաբերում է կոլորիտի ուժեղությանը...

Եվ իրոք, ևս ինքս էլ առաջին անգամը չէր, որ իմ շրջագայությունների ընթացքում կանգ էի առել այդտեղ և ուրիշ նման վայրերում, լուռ հիացմունքով նայել դարերով խտացած այդ կոլորիտին:

- Նայիր... — ձեռքը մեկնեց առաջ Չարենցը, — ինչպիսի՜ կոլորիտ... Ճիշտ է, աղքատության, հետամնացության կոլորիտ, բայց որքան ուժեղ... Այ, երբ այս տեղերով անցնեն նոր Երևանի փողոցները, այս կոլորիտը, իհարկե, կանհետանա: Ու որպեսզի մենք չափսոսանք դրա համար, հարկավոր է, որ նոր Երևանը նույնպես ունենա իր ուժեղ կոլորիտը, չդառնա անգույն քաղաք․․․

Չարենցը շատ էր սիրում Բելգիայի հանճարեղ բանաստեղծ, քաղաքապաշտ Էմիլ Վերհարնին, սքանչելի թարգմանել էր նրա մի քանի բանաստեղծությունները, որոնք լույս էին տեսել նրա արտասահման գնալուց առաջ, «Մարտակոչ»-ում: Իմանալով, որ ես էլ եմ նրան սիրում պաշտամունքի չափ, նա ուրախացավ

— Վերհարնը քաղաքների երգիչ է, — ասաց նա: Իսկ ո՞ւմ է ավելի հարկավոր քաղաքների երգը, ո՞ւմ են ավելի հարկավոր մեծ քաղաքներ, արդյունաբերություն, տրանսպորտ, քան մեզ՝ գյուղական Հայաստանի բնակիչներիս: Սրանք ի՞նչ քաղաքներ են, որ մենք ունենք․․․ 

Art 365

13.03.2026

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.