Շառլ Բոդլեր (1821–1867), բանաստեղծ, որը ջնջեց գեղեցիկի ու տգեղի դասական պատկերացումների, պոեզիայի բարձր ու ցածր թեմաների միջև սահմանները։ Նա ոչ միայն սիմվոլիզմի հայրն է, այլև մոդեռն առաջին պոետը, ում համար տառապանքն ու անկումը նույնքան գեղագիտական էին, որքան լույսն ու բարությունը։ Ներկայացնում ենք 7 ուշագրավ փաստ նրա մասին․
1. Էպատաժի վարպետը. Բոդլերը ոչ միայն չէր խուսափում հանրային պատկերացումների հետ բախումից, այլև միտումնավոր շոկի էր ենթարկում փարիզյան հասարակությանը։ Մի օր նա իր մազերը ներկում է վառ կապույտ և այդպես զբոսնում էր քաղաքում՝ անցորդների ապշած հայացքների ներքո։ Նա համարում էր և ամեն կերպ հասարակությանը ստիպում էր ընդունել, որ արվեստագետը պետք է տարբերվի ամբոխից իր արտաքինով, վարքով և իհարկե ստեղծագործությամբ։
2. «Սև Վեներան». Բանաստեղծի կյանքի մեծ սերը՝ Ժաննա Դյուվալն էր՝ հայիթիական արմատներով մի դերասանուհի։ Նրանց տասնամյակներ տևած հարաբերությունները լի էին սկանդալներով և դավաճանություններով, բայց հենց Ժաննան դարձավ նրա լավագույն ստեղծագործությունների ներշնչման աղբյուրը։
3. «Չարի ծաղիկների» դատավարությունը. իր հեղափոխական՝ «Չարի ծաղիկները» ժողովածուի լույս ընծայումից հետո՝ 1857-ին, բանաստեղծին մեղադրեցին «հանրային բարոյականությունը վիրավորելու» համար։ Նա ստիպված եղավ տուգանք վճարել և գրքից հեռացնել 6 բանաստեղծություն, որոնք Ֆրանսիայում անտիպ մնացին մինչև 1949 թվականը։
4.Ձախողված ուղևորություն. Ցանկանալով նրա կտրել Փարիզի բոհեմական կյանքից՝ բանաստեղծի մայրն ու խորթ հայրը, 1841-ին նրան ուղարկում են Հնդկաստան։ Սակայն Շառլը ճանապարհի կեսին ընդվզում է վերադառնում Փարիզ։ Այդ չստացված ծովային ուղևորությունը, սակայն, բանաստեղծական էկզոտիկ պատկերների տեսքով հայտնվում է նրա ստեղծագործություններում։
5. Դենդին. Ըստ ժամանակակիցներին Բոդլերը կարող էր ժամերով կանգնել հայելու առաջ։ Նա սիրում էր շքեղություն և ընդամենը մի քանի տարում վատնեց հորից ստացած հսկայական ժառանգության կեսը, ինչի պատճառով կյանքի մնացած մասն անցկացրեց պարտքերի մեջ։
6. Էդգար Ալան Պոյի «եղբայրը». Բոդլերը ֆրանսիացի ընթերցողի համար բացահայտեց ամերիկաց մեծ գրող, դետեկտիվի հայր Էդգար Ալան Պոյին։ Նա Պոյին համարում էր իր «հոգեհարազատ եղբայրը» և տարիներ շարունակ ներշնչվում ու թարգմանում էր նրա գործերը։
7. Անկանոն կյանքը, հոգեկան գերլարված վիճակներին ի վերջո հասցրին նրան, որ կյանքի վերջին տարիներին բանաստեղծը կաթված ստացավ, որի արդյունքում կորցրեց խոսելու ունակությունը։ Ավելի մեծ ողբերգություն ու պատիժ հնարավոր չէր պատկերացնել բանաստեղծի համար։
Տերյանն ու Բոդլերը
Սիմվոլիստ Վահան Տերյանն, իհարկե, չէր կարող չսիրել Շառլ Բոդլերի պոեզիան։ Ավելին Տերյանի Բոդլերից 25 բանաստեղծություն է թարգմանել և ժամանակին դրանք ուղարկել Հովհաննես Թումանյանին՝ տպագրության համար, հետևյալ գրությամբ․
«Մեծարգո պ. Թումանյան,
Ուղարկում եմ այս երկու բանաստեղծությունը և Բոդլերի արձակ բանաստեղծություններից (կատարած) թարգմանություններս: Խոնարհաբար խնդրում եմ ուղարկեք 25 ռուբլի և այս գրվածները զետեղեք «Հորիզոն»-ում, եթե իհարկե հարմար կգտնեք:
Ընդունեցեք ջերմ բարևս:
Ձեր Վահան Տերյան
Վահան Տերյանն իր թարգմանություններում լավագույն փոխանցել է Բոդլերի պոեզիայի հիմնական հասկացություններից մեկը՝ «սփլինը»՝ ձանձրույթն ու տագնապը, որը հոգեհարազատ էր նաև նրա բանաստեղծական խառնվածքին։ Ներկայացնում ենք Բոդլերի նշանավոր «Ալբատրոսը» բանաստեղծությունը՝ Վահան Տերյանի թարգմանությամբ։
ԱԼԲԱՏՐՈՍԸ
Հաճախ զվարճության համար նավաստիներն անգութ
Որսում են ալբատրոսին՝ թռչունին այն հսկա,
Որ անդորր ու անտարբեր նավի հետևից փութ
Ընթանում է վիհերի կապույտին անձնակա։
Հազիվ են նրանք դնում տախտակամածի վրա, —
Եվ ահա երկնի արքան, ամոթից կիսամեռ,
Թևերն իր հսկայական ու սպիտակ, որպես հրա,
Քարշ է տալիս իր կողքին, որպես ծանր թիեր։
Այդ թևավոր թափառիկն ինչքա՜ն է անճոռնի,
Ինչքա՜ն տգեղ է հիմա նա, որ վեհ էր առաջ.
Մեկը ծխամորճով է կտուցը նրա այրում,
Մյուսը կաղալով նմանվում թռչունին անկարաչ։
Պոե՛տ, դու նման ես այդ ամպերի իշխանին,
Որ ծաղրում է նետահար և փոթորկին սիրում.
Բայց երբ երկրի վրա է՝ ամբոխի մեջ չարին,
Հսկա թևերդ քո քայլելուն են խանգարում։