Որքան յուրահատուկ ու արտասովոր են էպոսների ու առասպելների հերոսները, նույնքան էլ արտասովոր ու հրաշալի են նրանց գործողությունների հետ կապված իրերն ու պարագաները, մասնավորապես զենքերը:
Բացի ավանդական-պատմական զենքերը՝ թուրը, գուրզը, դաշույնը, տեգը, էպոսներում՝ մասնավորապես «Սասնա ծռերում» կան արտասովոր զենքեր՝ կենցաղային ու բնական առարկաներ, որոնք հերոսների վիպական կյանքի ինչ-որ մի դրվագում վերածվում են զենքի։ Այսպես, մեր դյուցազներգության մեջ Քեռի Թորոսը, Ձենով Հովանը և Սասունցի Դավիթը կռվում են քոքահան արված ծառերով, Փոքր Մհերը թշնամիների հետ հաշվեհարդար է տեսնում ոսկորներով, երբեմն քարերով, Սանասարն ու Բաղդասարը վիշապին հաղթում են կլոր քարերով, Դավիթը ցանկանում է կռվի գնալ կրակխառնիչով, թշնամիները Դավթին սպանում են գութանի խոփով և այլն։ Այս պարագները և դրանց հետ կապված մոտիվները տարբեր ընթերցումների ու մեկնաբանությունների հնարավորություն են տալիս։ Մասնավորապես ծառերը որպես զենք օգտագործելը էպիկական ուշագրավ մոտիվ է, որը համեմատական ուսումնասիրությունների ու բազմազան ընթեցումների հնարավորություն է տալիս:
Ա․ Ծառը խաղի միջոց ու սպանության գործիք
Ծառերի հետ կապված մոտիվները հայկական էպոսի ամենատարածված ու կայուն մոտիվների շարքին են դասվում: Սա վկայում է այն մասին, որ դրանք հիշատակվում են ոչ թե կենսապայմանների ու բնական միջավայրի թելադրանքով, այլ ավելի հին առասպելական-վիպական արմատներ ունեն: Բարդու և այլ ծառերի հետ կապված մոտիվները մեծ հաճախականությամբ իրացվում են հատկապես Դավթի ճյուղում: Նախ, Դավթի մանկության տպավորիչ դրվագներից մեկը՝ Մսըրում կամ Սասունում ճկված բարդու ծառի վրայից երեխաներին նետելն է: Դավիթը երեխաներին հրավիրում նստել, ճկված ծառին, ապա բաց թողնում ծայրը։ Երեխաները թռչում ենք երկինք ու վայր թափվում, վնասվում կամ սպանվու [Սասնա ծռեր, 1936, 1018-1019]:
Ճկված ծառով այս խաղը պատումներում նաև «տրնգոզա» է կոչվում: Որոշ դեպքերում այս խաղի միջոցով քեռիներին է սպանում Փոքր Մհերը:
Ճկված բարդու ծառով այս խաղը հիշատակվում է նաև հայկական ժողովրդական հեքիաթներում, մասնավորապես Օշականում գրառված՝ «Նաչար-Օղլի» հեքիաթում, որտեղ թագավորի տղան նույն կերպ վարվում է երեխաներին հետ[ՀԺՀ, 1959, 162]: Այս մոտիվը նաև հիշեցնում է հունական առասպելաբանության «Սոճի ճկող» մականունով հերոսի՝ Սինիսի մասին զրույցը[Ապոլլոդորոս, 2017, 164]:
Հունական առասպելաբանության այս մոտիվը գրեթե նույնությամբ հանդիպում է Փոքր Մհերի ճյուղում. մեր էպոսի վերջին հերոսը այս ձևով վրեժխնդիր է լինում հոր սպանության համար [Սասնա ծռեր, 1944, 43]: Հայ-իրանական «Ռոստամ-Զալ» վեպում նույնպես նմանատիպ դրվագ կա[Ռոստամ-Զալ, 2021, 135]։ Այս մոտիվը «պատերազմական» չենք կարող համարել, այլ թերևս գործ ունենք հերոսի ահռելի ուժը ներկայացնող պատկերի, գուցե նաև պատանիների նվիրագործման ծեսերի հետ կաված որոշակի պատկերացման հետ:
Բ. Ծառը՝ զենք
Էպոսում տարածված միջադեպ է այն, երբ Դավիթը պառավից պահանջում և ստանում է թոնրի կրակը խառնելու համար նախատեսված անթրոցն ու հետապնդում վանքը թալանած Կոզբադինին [Սասնա ծռեր, 1936, 187]։ Ուշագրավ է, որ այս հատվածում Դավիթը թեև վերցնում է խաչերկաթը, բայց Կոզբադինի ասքարներին կոտորում է սպնդրի, այսինքն՝ բարդի ծառով։ Էպոսի շատ տարբերակնորում կարելի է հանդիպել բարդի կամ չինարի ծառով թշնամիների, հատկապես Կոզբադինի կամ այլ հարկահանների դեմ կռվելու մոտիվը։ Դավթից բացի, մեր էպոսում բարդի ծառով կռիվ է գնում նաև մեկ այլ հերոս, իր ծռությամբ Դավթին նմանվող Քեռի Թորոսը: Այս մոտիվն իրացվում է մասնավորապես Գարեգին Սրվանձտյանցի գրառած առաջին տարբերակում:
Աղա՜, Քեռի Թորոս լսեր է զըդունց կռիվ,
Քաշեր է մեկ բարդի ծառ,
Դրեր է վըր փիջին, ու եկավ։
Ինք կայներ է ձուրու գլխուն,
Ու ըդունք ձուրու մեջ կռիվ կ’ենեն։
Որն որ կը փախնու, վեր կ’ելնե.
Դավիթ կը բոռա. – Քեռի՛ Թորոս,
Դու ծորե, ես ծորթփեմ [Սասնա ծռեր, 1944, 29]:
Սակայն ուշագրավ է, որ Քեռի Թորոսին կռվելիս մենք գրեթե չենք տեսնում: Նա թուր ունի, որը սակայն ավելի շատ գուշակության համար է: Երբ թրի սայրը ժանգոտում է, նշանակում է, որ Դավիթը վտանգի մեջ է և օգնության կարիք ունի: Պատումներից մեկում նա ծառով կռվի գնալը բացատրում է իր երդմամբ.
Ես երթում եմ երե, սուր իմ ձեռ չառնեմ,
Մե բարդի քոքհան կ'ենեմ,
Մսրա Մելիքի թախտ ու թաճ խավսրեմ գետնու խետ,
Տղեն կ'առնիմ կ'իգամ [Սասնա ծռեր, 1951, 666]:
Դավթի դեպքում, ծառի օգնությամբ վարվող մարտի տեսարան, այդուհանդերձ, իրացվում է: Չինարի ծառով Դավիթը հաշվեհարդար է տեսնում վանքն ավիրած Կոզբադինի նկատմամբ [Սասնա ծռեր, 1936, 510]։ Քոքահան արված չինարի ծառը հիշատակվում է նաև հայկական ժողովրդական «Թափագյոզի հեքիաթում», որտեղ այն միաչքանի դևի զենքն է[ՀԺՀ, 1962, 361]: Հոմերոսի «Ոդիսականի» կիկլոպ Պոլիփեոսին ու նրա հետ կապված դիպաշարը հիշեցնող այս մոտիվը կրկին փաստում է, որ ժողովրդական մտածողության մեջ ու բանավոր ավանդույթում հսկայամարմին, տարօրինակ ու ուժեղ հերոսների հետ կապված մոտիվները տարբեր ժանրերում շատ ընդհանրություններ ունեն և նույնիսկ սիրելի հերոսը կարող է անճոռնի արտաքինով ու դիվական գծերով ներկայացվել՝ կապված այս կամ այն առարկայի գործածության ու տարածված մոտիվի հետ:
Պատումներում բարդին որպես զենք է օգտագործում նաև Ձենով Հովանը, երբ օգնության է հասնում կռվի ժամանակ շփոթված Դավթին և նրան կռվի դաս տալիս: Այս դրվագում նշվում է նաև զոհերի թիվը [Սասնա ծռեր, 1936, 1063]: Քոքահան արված ծառով կռվի մոտիվը մեծ հաճախականությամբ իրացվում է հայ-իրանական «Ռոստամ Զալ» վեպում, օրինակ դրանով կռվում է Ղաթըլ Ղահրամանը և այլ հերոսներ [Ռոստամ-Զալ, 2021, 108]:
Այսպիսով
Ծառերի օգտագործումը կարող է խորհրդանշել հերոսի կապը բնության կամ շրջակա միջավայրի հետ՝ ցույց տալով, որ դյուցազունների զորությունը տարածվում է նաև բնության ուժերի վրա։ Ծառերը քոքահան անելը ընդգծում է հերոսների մեծ ուժն ու լրացնում նրանց դյուցազնական կերպարը։ Էպիկական պատումի գեղարվեստական պատկերավորման աշխարհում այն դիտարկելի է որպես վիպական չափազանցություն։ Մոտիվի ավելի հին առասպելաբանական ընթերցման համատեքստում հերոսի այսպիսի վարքը կարող է խորհրդանշել նրա կապը անտառի, բնության ուժերի հետ և լինել նախնական բնապաշտական, գուցե տոտեմիստական պատկերացումների արտահայտություն։ Հերոսը ուժ է ստանում նաև ծառից: Դավիթը ծառը որպես զենք օգտագործում է այն ժամանակ, երբ ժառանգաբար նրան փոխանցվելիք թուրը դեռ անհասանելի է: Այսինքն՝ նա դեռ չի կայացել որպես զինվոր ու արժանի ժառանգ: Այս դեպքում դրվագը կարելի է դիտարկել որպես Դավթի նվիրագործման ծեսի մի բաղադրիչ: Նաև հնարավոր է ենթադրել, որ այս մոտիվները շատ հին պատկերացումների մնացուկ են, այն ժամանակների, երբ մետաղական զենքերը դեռևս հայտնագործված չէին և հերոսները կռվում էին ձեռքի տակ եղած միջոցներով։
Վիպական չափազանցություն լինելով հանդերձ, մեր էպոսում ծառով կռիվը ընդգծում է հերոսների խիզախությունը, բայց առավելապես ծռությունը։ Պատահական չէ, որ այս մոտիվները մեծ մասամբ կապված են էպոսի երկու ընդգծված ծուռ հերոսների՝ Քեռի Թորոսի ու Դավթի հետ։
Ամփոփելով կարելի է նշել, որ հերոսները ծառով կռվում են միայն Մելիքի զորքերի կամ Կոզբադինի դեմ, բայց ոչ երբեք Մելիքի, քանի որ Մելիքը թագավոր է, կամ հավասարազոր դյուցազուն և նրա հետ կարելի է կռվել միայն նրա դիրքին ու էպիկական հերոսների պատերազմական վարքականին համապատասխան զենքերով։
Գրականություն
Ապոլլոդորոս, Դիցաբանական գրադարան /հին հունարենից թարգմ., առաջաբ. և ծանոթագ․` Գ. Մուրադյանի և Ա. Թոփչյանի/, Երևան, «Անտարես», «Սարգիս Խաչենց-Փրինտինֆո», 2017, էջ 496։
Հայ ժողովրդական հեքիաթներ, հատոր 1, Երևան, «ՀՍՍՌ ԳԱ հրատ․», 1959, էջ 670:
Հայ ժողովրդական հեքիաթներ, հատոր 3 Երևան, «ՀՍՍՌ ԳԱ հրատ․», 1962, էջ 671:
Ռոստամ-Զալ. հայ-իրանական վեպ, Երևան, «ՀԱԳ հրատ․» 2021, էջ 372:
Սասնա ծռեր, հ. Ա., Երևան, «Հայպետհրատ», 1936, էջ 1256:
Սասնա ծռեր, հ. Բ, մաս Ա, Երևան, «Հայպետհրատ», 1944, էջ 404։
Սասնա ծռեր, հ. Բ, մաս Բ, Երևան, «Հայպետհրատ», 1951, էջ 1004:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան