• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Գրականությունը դպրոցում

Գրականությունը դպրոցում

 Ցավով պետք է արձանագրել, որ օբյեկտիվ՝

 

  • հին, միջնադարյան, նոր ու նորագույն շրջանների գրականության գոնե համառոտ ներկայացման անհրաժեշտություն,
  • նյութի մատուցման եղանակների` դպրոցականների տարիքային առանձնահատկություններով պայմանավորված սահմանափակություն,
  • ընդհանուր անտարբերություն գրական ընթացքի նկատմամբ,

նաև սուբյեկտիվ՝

  • դասագրքերի հեղինակների աշխարհայացք և մեթոդաբանություն,
  • ուսուցիչների սահմանափակ մոտեցումներ
  • ավանդական գործիքակազմ, 

պատճառներով հայ գրականությունը դպրոցական դասագրքերում ներկայացվում է բավական մակերեսային, նոր սերնդին անհասկանալի լեզվով ու ձևերով: Բացի այս, գրականության կենդանի ընթացքի հետ կապը նվազագույն է:

     Նաև ստիպված ենք նշել, որ ինչպես դպրոցներում, այնպես էլ նույնիսկ բուհերում` որոշ մասնագետների շրջանում արհամարհական վերաբերմունք կա ժամանակակից գրականության նկատմամբ, ինչը ոչ այնքան պայմանավորված է գրականության փաստացի որակով, որքան գրականության բնույթի, նշանակության ու գործառույթների վերաբերյալ հնացած պատկերացումներով, հաճախ ուղղակի անծանոթությամբ, զուտ անձնական խնդիրներով ու մեծամտությամբ:

      Այս իրավիճակը շտկելու համար, իմ խորին համոզմամբ, ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների ընդգրկումը դպրոցական ծրագրերում և դասագրքերում բավարար չի կարող լինել: Անհրաժեշտ են ավելի ընդգրկուն ու հետևողական քայլեր գրականության  ընդհանրապես, ի մասնավորի ժամանակակից գրականության նկատմամբ վերաբերմունքը փոխելու ուղղությամբ.

  1.        Անհրաժեշտ է ընդհանրապես վերանայել դասագրքերում գրականության մատուցման կերպն ու լեզուն: Աշակերտներին հնարավորինս մատչելի ներկայացնել ժամանակակից տեսական պատկերացումները գրականության բնույթի ու նշանակության մասին՝ կարևորելով ոչ միայն գրականության ընկալման ավանդական ձևերը,  այլև ընդգծելով գրականության բազմազանությունն ու արժևորման տարբերությունները:
  2.       Ցույց տալ գրականության դերի ու նշանակության հասկացությունների պատմական զարգացումը և գրականության գործառույթների փոփոխությունը ժամանակակից  իրականության մեջ: Հնարավորինս նրբորեն և հիմնավոր օգտագործել   «ազգային», «համաշխարհային գրականություն», «գրականություն» և «ոչ գրականություն», «բարձր», «ցածր», «լավ ու վատ» բնութագրումները: Ներկայացնել գրականությունը որպես զարգացող, հարստացող, հասարա­կական ընկալումների փոփոխության հետ փոփոխվող երևույթ:  Աշակերտը նախ և առաջ պետք է հասկանա, որ գրականությունը շատ բազմազան է ու տարբեր:  Այն որ գրական այս կամ այն ստեղծագործությունը չի հուզում դեռ չի նշանակում, որ այն գրական չէ, կամ եթե խոսում է ոչ թե պատմական կարևոր իրադարձությունների մասին, այլ մարդու ապրումների ու զգացմունքների: Այսինքն թեման կամ ներկայացման ձևը դեռևս գրականության գնահատման պայման չեն:
  3.      Հնարավորության դեպքում թեման մատուցել հիմնվելով գրական տեքստի վերլուծության, այլ ոչ թե դրա ստեղծման միայն արտաքին հանգամանքների` գրողի կենսագրություն, հոգեբանություն, պատմական ու հասարակական հանգամանքներ, ներկայացման վրա:
  4.      Հարցերի միջոցով ձևավորել քննադատական վերաբերմունք ստեղծագործության նկատմամբ: Ճշտել, թե ինչ չափանիշներով պետք է արժևորվի այս կամ այն հեղինակի ստեղծագործությունը: Վերլուծությունը կատարել խուսափելով վերջնական ճշմարտություններ ու պատրաստի բանաձևեր տալուց, հնարավորություն թողնելով աշակերտի ինքնուրույն աշխատանքի համար:       
  5. Եվ ամենակարևորը` հնարավորության դեպքում դասական հեղինակի ստեղծագործությունը կապել արդի գրական ընթացքի հետ: Ներկայացնել գրողի ու նրա ստեղծագործության հնարավոր արձագանքները ժամանակակից գրականության մեջ: Ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների ներկայացմամբ ցույց տալ գրական ավանդույթի շարունակականությունը:
  6. Մյուս կողմից պակաս կարևոր չէ նաև ժամանակակից հեղինակների ակտիվությունը: Անհրաժեշտ է սերտացնել կապերը դպրոցների հետ, կազմակերպել հանդիպում-զրույց-քննարկումներ:

 

       Այս և մի շարք այլ քայլերով, կարծում եմ, հնարավոր կլինի դպրոցականների մեջ հետաքրրքություն առաջացնել կենդանի գրական ընթացքի նկատմամբ, դաստիարակել մեր օրերում ստեղծվող գրականության նոր ընթերցողներ:

Hayk Hambardzumyan

29.03.2022

Հայկն ասաց

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.