...հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև ամբարտավանությունը և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին՝ երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, ծննդական միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ, մարմնով փառահեղ, սովորություններով աննման, խորհրդակցությամբ մեծ, հավատով ուղիղ, հուսով համբերող, սիրով անկեղծ, ուսուցանելիս անձանձրույթ։
Մովսես Խորենացի, Պատմություն հայոց, գիրք Գ, գլուխ ԿԷ
Այսպես է բնութագրում է իր ուսուցիչ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին Պատմահայր Մովսես Խորենացին։ Այսօր ուսուցիչներին բնութագրելիս ավելի հաճախ նշում ենք մասնագիտական գիտելիքների, մանկավարժական մեթոդների, հաղորդակցության հմտությունների կամ աշակերտի նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին: Հին ու միջին դարերում այլ բնութագրիչներ կային։ Փոխվել են բնորոշիչները, բայց ուսուցչի իդեալը թերևս չի փոխվել։ Այն ձևավորվել Հին Հունաստանում, ապա հունական գիտելիքի ու փիլիսոփայության շնորհիվ տարածվել ժամանակի քաղաքակիրթ աշխարհում։
Հին հունական փիլիսոփայության մեջ, նաև Մեսրոպ Մաշտոցի կերպարի խորենացիական բնութագրումներում ուսուցիչը նա չէ, ով ինչ-որ բան գիտեր և այդ գիտելիքը փոխանցում էր ուրիշին, այլ նա, ով մարդ է ձևավորում։
Paideia․ կրթությունը, որը մարդ է ձևավորում
Հին հունական կրթության առանցքային հասկացություններից մեկը՝ պեդիա-ն (παιδεία) էր։
Պեդիա-ն-ն մարդու ձևավորման, դաստիարակության և մշակութային ամբողջացման գաղափարն էր։ Այն ընդգրկում էր լեզուն, գրականությունը, երաժշտությունը, ֆիզիկական դաստիարակությունը, փիլիսոփայությունը, վարքը և հասարակական կյանքի համար անհրաժեշտ գիտելիքները։
Պլատոնի «Պետություն» կոթողային աշխատությունում կրթությունը ներկայացվում է որպես մարդու հոգու ուղղորդում առ ճշմարտություն։ Կրթությունը մարդուն նոր տեղեկություններ հաղորդող, կամ եղածն ավելացնող չէ․ այն փոխում է մարդու հայացքի ուղղությունը։
Պլատոնի հայտնի քարանձավի այլաբանության մեջ, այրում նստած մարդը սկզբում տեսնում է պատի վրա ընկած ստվերները, ապա կրթությունը նրան ստիպում է շրջվել դեպի լույսը։ Այստեղ հատկապես կարևոր է ուսուցչի դերը․ նա աշակերտի փոխարեն չի տեսնում ճշմարտությունը, այլ օգնում է նրան շրջվել և ինքնուրույն տեսնել։ Ըստ այդմ էլ՝ հունական պեդիա-յի հիմքում դրված է այլ սկզբունք․
Կրթել նշանակում է ոչ միայն գիտելիք տալ, այլ փոխել մարդու՝ աշխարհը տեսնելու կարողությունը։
Նա, ով սովորեցնում է
Եվ այս ճանապարհի գլխավոր գործող անձը ուսուցիչն է՝ διδάσκαλος-ը, հունարենից բառացի թարգմանությամբ ՝ նա, ով սովորեցնում է։ Հին հունական աշխարհում ուսուցչի կերպարը տարբեր ընկալումներ ուներ։ Գոյություն ունեին ուսուցման տարբեր ավանդույթներ, դպրոցական ուսուցիչներ, երաժշտության և մարմնամարզության ուսուցիչներ, հռետորության վարպետներ, փիլիսոփայական դպրոցների առաջնորդներ։
Եվ այս ամենի մեջ առանձնանում էր հին աշխարհի ամենամեծ ուսուցիչներից մեկը՝ Սոկրատեսը։ Ուսուցանելով ամենուր, նա իրեն չի ներկայացնում որպես պատրաստի գիտելիքի տարածող։ Նրա «դասը» հիմնված էր երկխոսության վրա։ Այստեղից էլ ծնվում է սոկրատեսյան ուսուցման ամենակարևոր առանձնահատկությունը՝ հարցը։
Հարցն ու «մանկաբարձը»
Սոկրատեսի ուսուցման մեթոդը սովորաբար կապվում է երկու հունական հասկացությունների հետ՝ հարց (ἔλεγχος - elenchos) և մանկաբարձություն (μαιευτική - maieutike)։
Էլենխոսը-ը կարելի է հասկանալ որպես հարցաքննության, քննության կամ փաստարկների ստուգման մեթոդ։ Սոկրատեսը զրուցակցին հարցերի միջոցով հասցնում է այն կետին, որտեղ վերջինս ստիպված է վերանայել իր համոզմունքները։
Ուսուցումն այստեղ սկսվում է ոչ թե «Ես գիտեմ, իսկ դու չգիտես» հարաբերությունից, այլ՝
«Եկեք միասին քննենք՝ արդյոք այն, ինչ կարծում ենք, իսկապես այդպես է»։
Ըստ այդմ էլ՝ սոկրատեսյան տիպի ուսուցչի առաջին մեծ դասն է՝ սովորեցնել մտածել, ոչ թե միայն հիշել։
Պլատոնի «Թետետոս կամ Գիտելիքի մասին» երկխոսության մեջ Սոկրատեսն իրեն համեմատում է մանկաբարձի հետ։
Հունարեն մայեվտիկե (μαιευτική — maieutike) բառը կապված է մանկաբարձության հետ։ Սոկրատեսի պատկերացմամբ՝ ինքը մարդկանց մեջ գիտելիք չի «տեղադրում»։ Նա օգնում է, որ զրուցակցի մտքում ձևավորվող միտքը ծնվի։
Սոկրատեսյան ուսուցիչը պատրաստի պատասխաններ չի տալիս, այլ հարցերով, երկխոսությամբ և հակասությունների բացահայտմամբ օգնում է աշակերտին ինքնուրույն հասնել մտքին։
Ժամանակակից մանկավարժական եզրաբանությամբ սա կարելի է անվանել սովորողի ակտիվության սկզբունք, բայց Սոկրատեսն այդ գաղափարը ձևակերպել է ավելի քան երկու հազար տարի առաջ։
Ուսուցիչը ոչ թե մտքի տերն է, այլ մտքի ծննդին օգնողը։
Ինչո՞ւ է պետք գիտելիքը
Հունական կրթության մյուս առանցքային հասկացությունն է արետեն (ἀρετή — arete) էր, որը նշանակում է առաքինություն, գերազանցություն, մարդու լավագույն կարողությունների դրսևորում։ Հետևաբար կրթության վերջնական նպատակը միայն «շատ բան իմանալը» չէ, այլ՝
Ի՞նչ մարդ ես դառնում այն ամենից հետո, ինչ սովորել ես։
Սոկրատեսյան փիլիսոփայության մեջ գիտելիքը կապված է բարոյական կատարելագործման հետ։ Իսկ Սոկրատեսի աշակերտ Պլատոնի ուսմունքում՝
կրթությունը պետք է ձևավորի ոչ միայն գիտուն, այլև արդար մարդ։
Կրթությունը Հայաստանում՝ ազգային ու մշակութային ինքնության պահպանություն
Հայաստանում կրթությունը բոլոր ժամանակներում, սկսյալ գրերի գյուտից՝ ոչ միայն անհատի հոգեմտավոր զարգացման խնդիր է, այլև մշակութային ու ազգային ինքնության պահպանության միջոց։ Եվ այս համատեքստում, իհարկե, բոլոր ժամանակներում մեր առջև հառնում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը։
Մաշտոցի աշակերտ ու վարքագիր Կորյունն իր ուսուցչին ներկայացնում է որպես սովորող ու որոնող մարդ։ Նա գնում է տարբեր երկրներ, հանդիպում գիտուն մարդկանց, ուսումնասիրում գրային համակարգեր, իր աշակերտների հետ կազմակերպում կրթական գործը։ Այս տեսանկյունից Մաշտոցի կերպարում տեսնում ենք մի սկզբունք, որը շատ մոտ է պայդեիա-ի գաղափարին.
Ուսուցիչը պետք է ինքն էլ շարունակի սովորել։
Մաշտոցը հանդես է գալիս որպես դպրոցներ կազմակերպող, աշակերտներ հավաքող և նրանց գիտելիքի տարբեր կենտրոններ ուղարկող ուսուցիչ։ Նրա գործունեության արդյունքում կրթությունը տարածվում է Հայաստանի տարբեր գավառներում։ Այս իմաստով կարելի է ասել.
Այբուբենից հետո Մաշտոցի ստեղծած կարևորագույն «գործիքը»՝ աշակերտների միջոցով շարունակվող կրթական գործն է։
Մեսրոպ Մաշտոցի իր տպավորիչ բնութագրման մեջ Մովսես Խորենացին, ուսուցչին նկարագրում է մի շարք հատկանիշների համադրությամբ.
«Գոյր տեսլեամբ հրեշտակական, մտօք ծննդական, բանիւք պայծառ, գործովք ժուժկալ, ... հաւատով ուղիղ, յուսով համբերող, սիրով անկեղծաւոր, ուսուցանելով անձանձրոյթ»։
Այստեղ պատմիչը տալիս է ուսուցչի իդեալի գրեթե ամբողջական բանաձև, որը շատ գծերով մոտենում է հին հունական պատկերացումներին․ ո՞վ է Մեսրոպ Մաշտոցն ու ուսուցիչն ընդհանրապես՝
«մտօք ծննդական»՝ ստեղծագործ և միտք ծնող։
«բանիւք պայծառ»՝ հստակ, լուսավոր խոսքով։
«Գործովք ժուժկալ»՝ կարգապահ և համեստ։
«Յուսով համբերող»՝ համբերատար։
«Սիրով անկեղծաւոր»՝ անկեղծ սիրող։
Եվ վերջում՝ ամենակարևոր մանկավարժական բնորոշումը.
«ուսուցանելով անձանձրոյթ» — ուսուցանելիս չձանձրացող, չհոգնող։
Այստեղ Մաշտոցը արդեն ոչ միայն գրերի ստեղծող է։ Նա ուսուցիչ է իր վարքով, խոսքով, համբերությամբ և աշխատանքի շարունակականությամբ։Նա չի հոգնում սովորեցնելուց։
Եվ ծնունդ է տալիս մի ամբողջ սերունդ ու շարժում։ Կորյունը նրա աշակերտն էր և դարձավ նրա առաջին կենսագիրը։ Եզնիկ Կողբացին դարձավ թարգմանիչ և աստվածաբան։ Եղիշեն՝ պատմիչ ու աստվածաբան։ Մովսես Խորենացին՝ հայոց պատմության մեծագույն հեղինակներից մեկը։ Այսպիսի համակարգը շատ մոտ է հին հունական փիլիսոփայական դպրոցների տրամաբանությանը, որտեղ ուսուցիչը ստեղծում էր ոչ միայն լսարան, այլև մտավոր ավանդույթ։
Սոկրատեսը ստեղծեց այնպիսի աշակերտներ, որոնց միջոցով նրա գաղափարները հասան հետագա դարերին։
Պլատոնը ստեղծեց Ակադեմիա։
Արիստոտելը՝ Լիկեյոն։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերեն կրթության և գրավոր մշակույթի մի ամբողջ ավանդույթ։