• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Սասունցի Դավթի ողբը Մարութա Սուրբ Աստվածածին վանքի հոգևորականների համար

Սասունցի Դավթի ողբը Մարութա Սուրբ Աստվածածին վանքի հոգևորականների համար

«Սասնա ծռեր» Էպոսի և ընդհանրապես ժողովրդական բանահյուսության նկատմամբ խորհրդային բանագիտական գաղափարական  կաղապարների ազդեցությամբ, որով ստեղծվել է նաև հայկական էպոսի 1939 թվականի համահավաք բնագիրը,  ձևավորվել է թյուր կարծիք, որ մեր էպոսում գերիշխում են հեթանոսական շերտերը, քրիստոնեական գաղափարները ընդգծված չեն, չկան  հոգևորականներ և այլն։ Ժամանակակից աշխարհիկացման, քրիստոնեական արժեքների մերժման մեր ժամանակներում չիմացության, գրականության ու էպոսի մակերեսային ընկալման պատճառով, այսօր էլ ժամանակ առ ժամանակ նման կարծիքներ են հնչում։ 

 

Էպոսը քիչ թե շատ խորությամբ ընթերցած յուրաքանչյուր մարդ կարող է տեսնել, որ «Սասնա ծռեր» էպոսի հերոսների կյանքում, ինչպես նաև մինչ օրս Մարութա սարի շրջակայքում ապրող սասունցիների համար կարևորագույն նշանակություն ունի նրանց տեղային գլխավոր սրբությունը՝ Մարութա  Բարձրիկ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այս զորավոր սրբավայրին են հերոսներն իրենց «Հացն ու Գինին» աղոթքն ուղղում, այն աղոթքը որտեղ ի թիվս այլ սրբությունների հիշատակվում է հենց այս վանքը։

Այս եկեղեցին է  հերոսներին ուժ տալիս, պարգևում նաև  պաշտպանիչ Խաչ Պատերազմին կամ Խաչ Պատարագին նշանը։ Այս վանքն ըստ էպոսի կառուցում է Մեծ Մհերը, որն հենց այդտեղ է թաղված։ Նրա   մահից հետո խոնարհված եկեղեցին վերաշինում է Սասունցի Դավիթը, հրավիրում հոգևորականների, այնտեղ Սուրբ Պատարագ են մատուցում, մատաղներ անում և Դավիթը   թագավոր է օծվում։  Իմանալով, որ վանքը վերաշինվել է՝ այսինքն Սասունում սկսվել է պետականության վերականգնման ընթացքը, Մելիքը ուղարկում է իր զորքին, որպեսզի ավիրեն վանքը։ Կոզբադինը գալիս է, խաբում է վանքի  պահապաններին, թե Դավթին սպանել է, և թալանում է եկեղեցին ու սպանում հոգևորականներին․ 

 

Կը սպանի քա̈ռսուն վա̈րդա̈պիտ,

Կը սպանի քա̈ռսուն տերտեր,–   

Կը սպանի լուսարարին։

Կը սպանի քա̈ռսուն ից մեկ պակաս սարկավա̈ք,

Էդ մեկ սարկավագ կը պախկվի լեշիրու տատ (ՍԾ, հատ․ Ա,  պատ․ԻԳ)։

 

Այս հատվածից, նաև վանքի վերաշինման դրվագի երգերից  պարզ է դառնում, որ այստեղ  մեծաթիվ հոգևորականներ են իրենց ծառայությունը բերել Դավթի հրավերով։ Ուշագրավ է, որ եկեղեցու թալանի ու հոգևորականների սպանության ժամանակ  Դավիթը կերուխումով էր զբաղված և էպոսի որոշ տարբերակներում նույնիսկ հեգնում է՝ տեսնելով  սարկավագին։ Սակայն, իմանալով հոգևորականների սպանության մասին՝ Դավիթը սգում է նրանց մահը, ողորմի տալիս և ողբում, որովհետև ինչպես ասացինք, շեն ու գործուն Սուրբ Աստվածածինը էպոսում խորհրդանշում է Սասնո հայոց պետականության վերելքը․

 

Վանք թալնեց, օսկի, արձար հրմեն վերուց,

 Հեդ դարձավ, օր պըդի էրթա Մըսր

Մեգ սարգավաք որ փրկվել էր

Ըդոնք օր կացին, ինք վերուց արնած շորեր

Վազեց դըբա Սասուն, մոդ Դավիթին:

 էգավ էն ժամանակ օր Դավիթն նստեր ի,

Նռան գինին կխմի, լորու միս կուդի:

 Սարկավաք՝ ըսեց.

 «Շադըմ բարին իմ պարոնին,

Նստե խմի նռան գինին,

Կուդի անոշ մսիգ լորուն,

Կասի խաղն մըր պաբերուն։

 Թալնեցին վանք, էլան գացին։

 

Տեսնելով Սարկավագին ու լսելով նրա խոսքը՝ Դավիթը ուշքի է գալիս և ողբում եկեղեցու ու հոգևորականների մահը։ Էպոսի բանավոր տարբերակներում այս կայուն երգային հատվածը բավական տարածված է․

 

Ափսո՜ւս, խազա՜ր ափսուս,

Սպանիցին վարդապիտնիր,

Ինչ վոսկը՛ գավազան կը բռներ,

Քարուզ կը տեր ժողովրդին։

Ափսո՜ւս, խազա՜ր ափսուս,

Սպանիցին քա̈ռսուն տերտեր,

Ինչ վոսկը՛ սըկին բռնած ձեռ՝

Սրբութին կը տեր ժողովրդին։

Ափսո՜ւս, խազա՜ր ափսուս,

Սպանիցին քա̈ռսուն պակաս մեկ տիրացու,

Ինչ ըզոսկը բո̈ւրվառ ձեռ՝

Խունկ կը ծխեր հըռջիվ ժողովրդին(ՍԾ, հատ․ Ա, պատ․ Ե)։

Կամ մեկ այլ պատումում․

 

Աշկեր քոռ պիտեր Դավթին,

Չի տեսներ սպանում եպիսկոպոսին։

Ամեն վախթ քարոզ կը տար հայոց իշխաններին։

Աշկեր քոռ պիտեր Դավթին,

Սպանում չի տեսներ վարդապետներին.

Շբաթ, կիրակի պատարագ կ'անեն հայոց հավատին։

Աշկեր քոռ պիտեր Դավթին,

Սպանում չի տեսներ ավագ սարկավագին.

Ամեն վախթ բուրվառ ման կը տար մըջ ժողովրդին(ՍԾ, հատ․ Բ, պատ․ԺԳ)։

 

Այս երգում տեսնում ենք   էպոսի հերոսների ու այն ստեղծող ժողովրդի վերաբերմունքը Սուրբ եկեղեցու ու հոգևորականների նկատմամբ։ Ուշագրավ է, որ էպոսը ստեղծող ժողովուրդը  և վիպասացները հստակ պատկերացում ունեն եկեղեցական աստիճանակարգության ու եկեղեցու Սուրբ խորհուրդների վերաբերյալ։

 

Խզա՜ր ափսուս, խզա՜ր ափսուս իմ վարդապիտնիր,

Վոր վեղար կը դնեն, քարոզ կը տեն իմ ժողովրդին.

Խզա՜ր ափսուս, զա՜ր ափսուս իմ տերտերնիր,

Վոր պատարագ կ'անեն, օրենք կը տեն իմ ժողովրդին։

Խզա՜ր ափսուս, խզա՜ր ափսուս իմ սարկավագնիր,

Վոր փուրվառ կ'առնեն, խունկ կը ծխեն իմ ժողովրդին(ՍԾ, հատ․ Ա, պատ․ Ը)։

 

Դավիթն այնքան է զայրանում՝ իմանալով հոգևորականների կոտորածի մասին, որ նույնիսկ անիծում է ինքն իրեն, որ չի կարողացել նրանց պաշտպանել․

 

Դավիթ որ կը տիսնա, կ'ըսի խաղով.

«Հայ աշկերս կորներ, մեշքս թոլներ, թիվքերս ոլրվեր»։

Դավիթ ինչըխ ուրին կ'անիծի, սկոն կ'անիծվի.

Աշկեր կը կորնա, մեշք կը թոլնա, թիվքեր կ'ոլորվի(ՍԾ, հատ․ Ա, պատ․ ԺԳ)։

 

Ձենով Հովանն այս տեսնելով՝ Դավթին հիշեցնում զորավոր Սուրբ նշանի մասին․

 

– Բա՛լա, եդ ի՞նչ սև պերիր վեր մեր արևուն,

Քո̈ պերնով քե անիծեցիր,

Ելար կոճ ըմ ինգա̈ր մեջտեղ։

Տո̈ւ ախըր Խաչ Պատրաստին

Ունես վեր քո̈ թեվին.

Իշա Մարութա Պանցր Աստվածածին,

Որ դառնաս առջի Դավիթ,

Խասնես վեր քո̈ դուշմնին, զանես, ցրևես

Շինես Մարութա Պանցրիկ Աստվածածին,

Խասնես քո̈ սրտի մուրազին(ՍԾ, հատ․ Բ, պատ․ԺԶ)։

Դավիթը լսելով հորեղբորը՝ աղոթք է անում և բժշկվում․

 

«Ասաց Դավիթ,–

Կ'շիամ Խացն ու Կինին, Տեր կենդանին,

Կը կանչեմ Մարութա Պանցր Աստվածածին.

Որ Խաչ Պատրաստին խաչվի իմ թևին.

Ես խասնիմ իմ ազգի սաղութնին.

Երթամ, կոխեմ վեր դուշմընին,

Դառցուցեմ մալերն Աստվածածնին,

Որ ինոնք չմնան գերի անորենին.

Նորեն շինեմ  եկեղեցին»։

Ես խոսքերն ասելուն պես, փոխվավ Դավիթ,

Պացվան աչքեր, շիտկվան թիվքեր, սաղցան վոտքեր,

Ու Դավիթ ելավ քանց առաջն էլ զորեղ։

Վեր թռավ, ուր սարից իջավ տակ,

Տեսավ էնտեղ մեկ չինարի ծառ,

Իշաց ուր Խաչ Պատրաստին,

Ձեռն եթալ չինար ծառին,

Քո̈քա̈խան արաց են ծառն ախաղին,

Իդիր վեր ուր թիվին,

Ինգա̈վ ետեվ դուշմնին (ՍԾ, հատ․ Բ, պատ․ ԺԶ)։

 

Խորհրդային անաստված իրականության պայմաններում այս հատվածներն իհարկե չեն ներկայացվել, ուսումնասիրվել ու տարածվել, քանի որ չեն համապատասխանել իշխող գաղափարախոսությանը։  Վերևում բերված հատվածների և ընդհանրապես էպոսի ուշադիր ընթերցումը փաստում է, որ Սասնո դյուցազունների սրբությունները՝ եկեղեցին, տոհմիկ աղոթքը, ծիսական արարողությունները՝ մկրտություն, պսակ, Սուրբ Պատարագ, թագավորական օծում, թաղում և այլն, էպոսի հերոսների համար կաևորագույն հոգևոր նշանակություն ունեն, միաժամանակ ժողովուրդը հավատում է, որ հենց այդ սրբություններին ապավինելով, դրանց արժանի վարքով են հերոսները հաղթանակներ տանում։  

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Art 365

24.10.2025

Հայկն ասաց

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.