Արվեստը հիշողություն է․ այս միտքը որպես ընդհանրացում կարելի է ընտրել «Ռոսլին» արվեստի հանդեսի 2026 թվականի ամառային համարի նյութերի համար։ Եփրեմ Սավայանի դիմանկարներից մինչև Պալյանների կառուցած Ստամբուլը, Ալեքսեյ Լիդովի մշակութային հիշողության տեսությունից մինչև Վահան Արծրունու արվեստի մասին մտորումները, Հենրիկ Մամյանի ձևավորած գրքերից մինչև Ռուդոլֆ Խաչատրյանի դիմանկարները․․․։ Ամսագրի այս համարն անընդհատ վերադառնում է հիշողության գաղափարին․ արվեստը ոչ միայն գեղագիտական երևույթ է, այլև պատմության, ինքնության և ժառանգության պահպանման միջոց։ Եվ պատահական չէ, որ հանդեսի այս համարի կազմին՝ Եփրեմ Սավայանի Կոմիտասի դիմանկարն է. mեծ երաժիշտը, բանագետն ու երաժշտագետը մշակութային հիշողության մարմնացումն է։
Այս դիմանկարի հեղինակին է նվիրված Գայանե Պողոսյանի «Եփրեմ Սավայան. հոգեբանական դիմանկարի մոռացված վարպետը» ուսումնասիրությունը։ Հոդվածագիրը վերականգնում է խորհրդահայ գեղանկարչության ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին՝ սկսած մանկության տարիներից։ Ծնվելով Կարսի Բեռնա գյուղում՝ ապագա նկարիչը ցեղասպանությունից հետո հայտնվում է Ալեքսանդրապոլի որբանոցում։ Արխիվային նյութերի, մամուլի հրապարակումների, ընտանեկան հիշողությունների միջոցով ընթերցողը ծանոթանում է նկարիչ Եփրեմ Սավայանին և նրա ապրած ժամանակաշրջանի մշակութային միջավայրին։ Ընդ որում, նկարիչը ներկայացվում է ոչ թե որպես խորհրդահայ պաշտոնական արվեստի հերթական ներկայացուցիչ, այլ նախևառաջ որպես հոգեբանական դիմանկարի վարպետ։ Ըստ Գ․ Պողոսյանի, արտաքին նմանությունը նրա համար երբեք ինքնանպատակ չէր. նրա՝ Կոմիտասի, Հովսեփ Օրբելու, Նիկոլայ Տոկարսկու, Գաբրիել Սունդուկյանի, Խաչատուր Եսայանի, Վարդան Սավայանի, Հովհաննես Թումանյանի և Զորավար Անդրանիկի դիմանկարները մարդու ներաշխարհի, խառնվածքի և հոգեբանական վիճակի բացահայտման փորձեր են։ Ուշադրության արժանի են նաև նկարչի այլ նկարներ՝ «Ռոստովի գրավումը խորհրդային զորքերի կողմից» համատեղ մեծածավալ կոմպոզիցիան, «Գնդի զավակները», «Քուրդ կոլտնտեսուհի Քուբարի դիմանկարը», «Լուսաբեր Ղազարյանի դիմանկարը», ինչպես նաև գյուղական միջավայրին նվիրված բնանկարները։

Վերջերս Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ լույս է տեսել «Մարտին Կարո Միքայելյան» եռալեզու պատկերագիրքը։ Նոր հրատարակության մասին խմբագրական հաղորդումից բացի, արվեստի այս համարում նկարիչ, արվեստաբան Մարտին Միքայելյանին են նվիրված երկու հոդված ու տարբեր անդրադարձներ, որոնցով ուրվագծվում է նկարչի դիմանկարը։

Ի մասնավորի, Երվանդ Տեր-Խաչատրյանը ներկայացնում է Մարտին Միքայելյան արվեստաբանին ու նկարչին, լրագրողին ու խմբագրին։ Հոդվածագիրը ընդգծում է արվեստաբանի մշակութաբանական լայն հայացքը, նյութի իմացությունը, երևակայությունը, հայ կերպարվեստը համաշխարհային արվեստի զուգահեռներում քննելու կարողությունը։ Իսկ որպես նկարիչ, Ե․ Տեր-Խաչատրյանը Մարտին Միքայելյանի արվեստում գնահատում է ռեալիզմը․
«Իր կտավների փոքրադիր մակերեսը ընկալվում է իբրև մի պատուհան, որից այն կողմ դիտողին երևում է մաքուր, գեղեցիկ, հստակ ու լվացված մի աշխարհ։ Երևում են զգացական վայրեր, ուր բնությունը շնչում է մեղմությամբ։
Այդ նկարներում իշխում է աշխարհը, իրերը, մարդկանց զգացմունքային ջերմությամբ տեսնելու կերպը և բնության հավերժական խորքին հաղորդակցվելու ձգտումը։ Աշխարհը տեսնելու ռեալիստական կերպը նկարչին հնարավորություն է տալիս իր պատկերներով խոսելու հավերժական թեմաների ու նյութերի մասին․․․», - գրում է Ե․ Տեր Խաչատրյանը։

Զեփյուռ Թառայանի «Լուսավոր միջավայր» ակնարկում շեշտվում է Մարտին Միքայելյանի գույնի բացառիկ զգացողությունը, պարզ թվացող պատկերների ստեղծման վարպետությունը։ Արվեստաբանը վերլուծում «Դեպի Երուսաղեմ», «Հուշ», «Մեկուսացում», «Ջավախք», «Ծառեր և թփեր» և մի շարք այլ կտավներ՝ ցույց տալով նկարչի արվեստի յուրահատկությունը՝ մանկական թվացող պատկերների կերտման բնատուր, ոչ սովորովի կամ նմանակող վարպետությունը։ Զ․Թառայանը շեշտում է նկարչի ձգտումը դեպի անիրականը, պահի հոգեվիճակի ու զգացողության անմիջական արտահայտության կերպը, սրանցով էլ պայմանավորված նրա կտավների փոքր չափերն ու դրանց ստեղծման արագությունը։

Գեղանկարչության թեման ամսագրում շարունակվում է հայ գեղանկարչության մեկ այլ վարպետի նվիրված՝ արվեստաբան Հռիփսիմե Վարդանյանի ծավալուն հոդվածով։ «Ռուդոլֆ Խաչատրյան. կամրջով քայլողն ու նույն ինքը՝ կամուրջը» ակնարկում հեղինակը փորձում է բացահայտել այն հարթությունը, որտեղ Ռուդոլֆ Խաչատրյանը կապում է ավանդույթն ու արդիականությունը, հայկական մշակութային փորձառությունն ու համաշխարհային արվեստի լեզուն։ Անդրադարձ է կատարվում արվեստագետի տարբեր շրջանների ստեղծագործություններին՝ դիմանկարներին, խորհրդանշական կոմպոզիցիաներին և գրաֆիկական աշխատանքներին։ Հեղինակը ընդգծում է, որ նկարիչն իր գծանկարներում ազդվել է Վերածննդի վարպետներից, նաև Երվանդ Քոչարի արվեստից, ստեղծելով «Տարածական նկարչություն» հասկացությունը։ Նկարչի կայացման համար նշանակալի է եղել մի տեսիլ, որը նրա ուսուցիչ Երվանդ Քոչարը բնութագրել է որպես «Աստծո պատկեր»։ Ե․ Քոչարը առաջիններից էր, որ գնահատեց երիտասարդ նկարչի տաղանդը, տեսնելով նրա առաջին մատիտանկարները՝ «Բնորդը», «Ծալքավոր կտորեղեն», «Հնամաշ կոշիկ» և այլն։ Ըստ արվեստաբանի, հետագայում նկարիչը անցնում է «բաց ձևերի», հարում կուբիզմի ու սյուրռեալիզմի։ Հոդվածում առանձնացվում են հատկապես դիմանկարները։ Դրանք ապահովելով արտաքին նմանությունը, բացահայտում են մարդու ներքին լռությունը, հոգեբանական լարվածությունը և ճակատագիրը։ «Ինքնանկար», «Քարվան Բաշի», «Աբու-Լալա Մահարի», «Ուխտավորը», «Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը», «Արմեն Ջիգարխանյան․ ներկայացումից առաջ» և այլ գործերի մեկնաբանություններում հեղինակը ցույց է տալիս, որ մարմինը Խաչատրյանի արվեստում երբեք անատոմիական խնդիր չէ, այլ հոգեբանությունն արտահայտելու լեզու։ Ժամանակագրորեն ներկայացնելով Խաչատրյանի ստեղծագործությունները՝ հոդվածագիրը ընդգծում է, որ անկախ նկարների տեսակից ու ժանրից նրա արվեստը միասնական ստեղծագործական համակարգ է։ Այդ համակարգում միավորվում են տարբեր ժամանակաշրջանների գործերը՝ իրականության դիտարկումից մինչև մետամորֆոզների աշխարհ, դիմանկարի հոգեբանական խորությունից մինչև տարածության խորհրդանշական դերակատարումը։ Նրա արվեստը կարծես կամրջում է հայ միջնադարյան մանրանկարչության գունային զգացողությունը, եվրոպական մոդեռնիզմի փորձառությունը և այդ ամենն արտահայտվում է խորապես ինքնատիպ գեղանկարչական լեզովով։

Ռուդոլֆ Խաչատրյանի հատկապես գրականությունից ներշնչված պատկերների հետ որոշակի ընդհանրություններ են դրսևորում Հայաստանի ժողովրդական նկարիչ, գրքային գրաֆիկայի մեծ վարպետ Հենրիկ Մամյանի ինքնատիպ նկարազարդումները։ Լիանա Ախինովա-Հարությունյանի անդրադարձում նկարիչը դիտարկվում է հայ գրաֆիկական արվեստի պատմության համապատկերում։ Նրա ձևավորումների շնորհիվ մեծ զարգացում է ապրել գրքային գրաֆիկան և նկարազարդման արվեստը։ Ըստ հոդվածագրի, Հ․Մամյանի համար գիրքը երբեք պարզապես տեքստի կրող չի եղել։ Նրա ձևավորման մեջ միասնաբար են հանդես գալիս շապիկը, տիտղոսաթերթը, տառատեսակը, պատկերազարդումները և էջի կոմպոզիցիան։ Այս ամբողջությունը հեղինակը բնորոշում է որպես «գեղարվեստական անսամբլ», որտեղ յուրաքանչյուր տարր ենթարկվում է միասնական գաղափարի։ Առանձին անդրադարձ է կատարվում նկարչի ձևավորած գրքերին՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ»-ի ռուսերեն հրատարակությանը, Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի», Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմների նկարազարդումներին։ Դրանց ձևավորման մեջ, ըստ հոդվածագրի, նկարիչը կարողացել է գրաֆիկական միջոցներով շարունակել դրամատիկական գործողության ներքին ռիթմը։ Առանձին ուշադրության է արժանանում նաև նրա վարպետությունը ցինկոգրաֆիայի տեխնիկայում, որը խորհրդային տարիներին պահանջում էր բացառիկ մասնագիտական հմտություն։

Այս համարի գեղանկարչական մեկ այլ անդրադարձ նվիրված է նկարիչ Էդիկ Վարդանյանին։ Մարիաննա Գևորգյանը նկարչի արվեստը ներկայացնում է իրականության և հեքիաթի հարաբերությամբ։ Ըստ հեղինակի, նկարչի կտավները գունավոր հեքիաթներ են հիշեցնում։ Վառ գույների համադրություններով ու երևակայության խաղով է ստեղծված Սերգեյ Փարաջանովի դիմանկարը, որը Է․ Վարդանյանի լավագույն գործերից է։

Հանդեսի այս համարում շարունակվում է Աշոտ Հայկազուն Գրիգորյանի՝ Կ․Պոլսում հայ ճարտարապետական հետքի մասին ուսումնասիրությունը։ Հոդվածի առանցքում Պալյանների տոհմն է, որի մի քանի սերունդներ շուրջ մեկ դար եղել են սուլթանական արքունիքի գլխավոր ճարտարապետները։ Սակայն հոդվածը չի սահմանափակվում կենսագրական տեղեկություններով։ Գրիգորյանը ցույց է տալիս, թե ինչպես են հայկական ճարտարապետական ավանդույթները ներթափանցել կայսերական ճարտարապետության մեջ՝ ձևավորելով Բոսֆորի այսօր արդեն անբաժանելի համարվող համայնապատկերը։
Հոդվածում մանրամասն վերլուծվում են Պալյանների նախագծած կարևորագույն կառույցները՝ Դոլմաբահչեի, Չրաղանի, Բեյլեր Բեյի պալատները, Օրթագյուղի մզկիթը, ինչպես նաև մի շարք այլ կառավարական շենքեր, զորանոցներ, պալատական համալիրներ ու հասարակական կառույցներ։ Հեղինակը հետաքրքիր անդրադարձ է կատարում նաև այդ շինությունների շրջակա միջավայրի կազմակերպմանը՝ պարտեզներին, շատրվաններին, դեկորատիվ լուծումներին, որոնք ամբողջացնում էին ճարտարապետական անսամբլները։

Անուշ Տեր-Մինասյանի «Մի քանդակի պատմություն» հրապարակումը նվիրված է ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի կիսանդրու ստեղծման և տեղադրման պատմությանը։ Հոդվածում ներկայացվում է քանդակագործ Սամվել Ղազարյանի ստեղծագործական մոտեցումը, պատմվում է կիսանդրու տեղադրման ընթացքը, ինչպես նաև ընդգծվում է այն խորհրդանշական հանգամանքը, որ Ալեքսանդր Սահինյանի կիսանդրին տեղադրվել է հենց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։

Քանդակագործ Սարգիս Բաբայանին է նվիրված այս համարի «Եռաչափ խոստովանանքը»։ Մարտին Հուրիխանյանի վարած հարցազրույցում և Տաթևիկ Համբարձումյանի ակնարկում ներկայացվում է քանդակագործ Սարգիս Բաբայանը։ Ակնարկի երեք մասերն արդեն իրենց վերնագրերով մատնանշում են քննարկվող թեմաների շրջանակները՝ «Խնդիրը բարձրացրած հարցերի հնչեղության ու ծավալայնության մեջ է», «Երբ օրենսդիրը դու ես», «Երբ ցավն ու փորձությունը դառնում են լուսավորման ու սրբացման նախապայման»։
«Մեր կյանքում եղած դժվարություններն ու բարդություններն Աստծուց, աստվածայինից հեռանալու հետևանք են, աստվածաշնչյան պատվիրանները չկատարելու, դրանց չհետևելու, խոտոր ճանապարհով գնալու արդյունք: Հոգևոր արժեքների սերմանումը մարդուս մեջ պիտի ներդրվի նրա առաջին իսկ քայլերից: Ես չեմ ասում, թե հրաժեշտ տանք աշխարհիկ կյանքին: Ես ասում եմ` արատավոր երևույթների դեմն առնենք»,-նշում է Սարգիս Բաբայանը։

Տ․ Համբարձումյանի անդրադարձում, արվեստը դիտարկվում է որպես արվեստագետի ներքին ամրության ու հոգևոր առանցքի դրսևորում։ Ս․ Բաբայանի քանդակները դիտարկվում են որպես բազմաշերտ, կենսական ու մշակութային փորձառության բովով անցած գործեր։ Դրանք համադրում են անցյալի պատմական փորձառությունն ու արտահայտության նոր ձևերը։

Մշակութային ժառանգության թեման առանցքային է Տեր Հեթում քահանա Թարվերդյանի «Մշակութային հիշողության պահապանը. Ալեքսեյ Լիդով» հոդվածում։ Այն ներկայացնում է արևելաքրիստոնեական արվեստի պատմության ու բյուզանդական պատկերագրության հայտնի հետազոտող Ա․ Լիդովին, նրա ստեղծած իերոտոպիայի տեսությանը։ Արվեստաբանի ուսումնասիրությունները կարևոր են բյուզանդական արվեստի, եկեղեցական տարածքների, սրբավայրերի և մշակութային հիշողության խնդիրների լուսաբանման առումով։ Հոդվածագիրը անդրադառնում է Ա․ Լիդովի հիմնարար աշխատություններին՝ «Նոր Երուսաղեմներ. սրբազան տարածությունների իերոտոպիա և պատկերագրություն» (2009), «Տարածական սրբապատկերներ. պերֆորմատիվը Բյուզանդիայում և Հին Ռուսիայում» (2011), նրա կազմակերպած չորս սիմպոզիումներին` «Կրակի և լույսի իերոտոպիա» (2013), «Սուրբ ջուրը իերոտոպիայում և պատկերագրությունում», «Սրբազան լեռներ», ինչպես նաև «Օդ և երկինք» նախագծին, հայկական, վրացական, պատկերագրությանը, Կոսովոյի սերբական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված գործունեությանը։

Հանդեսի գրական բաժնում Կարո Վարդանյանի անդրադարձն է Ստեփան Ալաջաջյանին։ Գրականագետը ներկայացնում է ճանաչված գրողի հիմնական ստեղծագործություններին՝ հրատարակված Հայաստանում և ԱՄՆ-ում։ Ըստ հոդվածագրի, թեև ընդունված է, որ արձակագրի ստեղծագործության հիմնական թեման ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի ճակատագիրն է, սակայն նրա գործերում մեծ տեղ է զբաղեցնում նաև խորհրդային իրականության պատկերն ու քննադատությունը։ Այս և այլ կարևոր թեմաներ ու խնդիրներ արծարծվում են Ս․ Ալաջաջյանի հրատարակության պատրաստվող հուշագրության հինգ հատորներում։ Այս գրքերը հնարավորություն կտան նորովի բացահայտելու արձակագրի ստեղծագործության գաղափարական աշխարհը, ավելի լավ հասկանալու նրա գեղարվեստական ժառանգությունը, ծանոթանալու նրա հայտի ժամանակակիցների մասին անհայտ պատմությունների։

Համարի երաժշտագիտական մասում Մարիաննա Մանուչարյանի անդրադարձ-հարցազրույցն է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու գործունեությանը։ Հարցազրույցը վերածվում է արվեստի, մշակույթի, հասարակության և ժամանակի մասին մտորումների։ Վ․ Արծրունին խոսում է ստեղծագործական ազատության, մշակութային տարածքների կորստի, արվեստի, պատասխանատվության և ժամանակակից մարդու հոգևոր վիճակի մասին։ Առանձնապես ուշագրավ են նրա դիտարկումները ավանդույթի վերաբերյալ։ Նա նշում է, որ հաճախ հայ հասարակությունը սեփական արժեքները գնահատում է միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն վտանգված կամ կորցրած են լինում։ Այդ համատեքստում հիշատակվում է նաև Կոմիտասի օրինակը՝ որպես մշակութային արժեքի ուշ ճանաչման խորհրդանիշ։ Վ․ Արծրունու համար բեմը պարզապես համերգային տարածք չէ, այլ ժամանակը չափելու յուրօրինակ միավոր։

«Ռոսլին» արվեստի այս համարի Հաստատություն բաժնում ուրվագծվում է Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի «Հայորդյաց տուն» սոցիալ-կրթական կենտրոնների գործունեությունը։ Դրանք դիտարկվում են որպես հայկական մշակութային և ազգային ինքնության պահպանման կարևոր օջախներ։ատմում է ոչ միայն կրթական ծրագրերի, այլև այն համայնքային կյանքի մասին, որն այսօր ձևավորվում է այդ կենտրոններում։ Հոդվածում ընդգծվում է, որ մշակույթը չի պահպանվում միայն թանգարաններում։ Այն շարունակվում է այնտեղ, որտեղ երեխան սովորում է ի՛ր լեզուն, ի՛ր երգը, ի՛ր ժողովրդի ու եկեղեցու պատմությունը։
«Ռոսլին» արվեստի հանդեսը լույս է տեսնում մեկենասությամբ Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների։
Ամսագրի նոր համարի ամբողջական էլեկտրոնային տարբերակը կարող եք ընթերցել այստեղ։