«Ռոսլին» արվեստի հանդեսի նոր համարը առանձնանում է թեմատիկ բազմաշերտությամբ և միևնույն ժամանակ՝ ներքին բովանդակային-գաղափարական ամբողջականությամբ։ Համարի նյութերը կարելի է միավորել մշակութային հիշողության, ազգային ինքնության գեղարվեստական պատումների, արդիականի ու պատմականի երկխոսության թեմատիկ շրջանակներում։

«Սա իմ ճիչն է` սրտաճմլիկ և սոսկալի: Մի հանգույց, որ բացվել է հոգուս մութ խորության մեջ, և ես զգում եմ նրա ներքին հանգստությունը: Թեկուզ այս ուղին լի է մթությամբ և ոլորապտույտներով, միևնույն է այլ ելք չեմ տեսնում»:

Արվեստագետ Մարկոս Գրիգորյանի այս խոստովանությունն արտացոլում է նրա արվեստի զարգացման նոր փուլը․ 1959-1960-ական թթ․ նկարիչը «Աուշվիցի դարպասը» շարքից հետ սկսում է ստեղծագործել հողով ու ծղոտով։ Արվեստաբան Միշել Ալավերդյանի «Մի կտոր հող, հազար ողբերգություն» հոդվածը նվիրված է Մարկոս Գրիգորյանի 100-ամյակին։ Հեղինակը ներկայացնում է արվեստագետի կյանքն ու ստեղծագործությունը՝ որպես մշակութային սահմանների հաղթահարման լավագույն օրինակ՝ ընդգծելով հողի՝ որպես նյութի և տարողունակ խորհրդանշանի առանցքային դերը նրա ստեղծագործություններում։ Մ․ Գրիգորյանի արվեստը մեկնաբանվում է ոչ միայն գեղարվեստական, այլև պատմամշակութային հիշողության տեսանկյունից՝ որպես անձնական և ազգային փորձառության գեղարվեստական մարմնավորում։ Միաժամանակ շեշտվում է Մարկոսի ոչ միայն տարբեր նյութերն համադրելու, այլև անձնականն ու ընդհանրականը, ազգայինն ու համամարդկայինը միավորելու տաղանդն ու բացառիկ վարպետությունը։

Կարելի՞ է արդյոք Մարկոս Գրիգորյանի «հողիային» որոնումները զուգահեռել մեր էպոսի վերջին ճյուղի հերոսի՝ Փոքր Մհերի՝ ոտքի տակ ամուր հողի փնտրումներին․ գուցե։ Մհերն էլ անցյալի ու ներկայի խզումների մեջ, ոտքի տակ հաստատ հող չզգալով՝ իր տեղն ու ժամանակն է փնտրում, ինչպես թերևս յուրաքանչյուր մեծ արվեստագետ։ «Սասնա ծռեր» ազգային դյուցազնարգությունը մշակութային հիշողությունն արտացոլող ազգային ինքնության կարևորագույն պատումներից է։ Էպոսի նոր գեղարվեստական վերաիմաստավորմանն է նվիրված արվեստաբան Աննա Ասատրյանի հոդվածը, որի համար որպես խորագիր են ընտրված նոր ներկայացման եզրափակիչ երգի տողերը՝ «Ծուռ Դավիթը պիտի հաղթի, պիտի բերի հաղթությունը հայոց երկրի»։ Էպոսագետ Հայկ Համբարձումյանի էպոսի նոր գրական մշակման և «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խմբի երաժշտության հիման վրա ստեղծված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան դիտվում է որպես Էպիկական մշակութային հիշողության արդիականացման, ազգային տարողունակ մշակութային կոդերի ակտիվացման հաջողված փորձ։ Նոր ներկայացումը ցույց է տալիս, որ ազգային Էպոսը միայն փառավոր անցյալի ու առասպելական-պատմական ժամանակների մասին չէ, այլև ներկայի․ այն կենդանի ու գործուն հոգևոր ու մշակութային զորավոր տեքստ է, որը շարունակում է ապրել, արվեստի տարբեր միջոցներով՝ ստանալով արտահայտության նոր ու ոգեշնչող դրսևորումներ։

Մշակույթի պատմությունը վերաիմաստավորվում և իր յուրահատուկ արտահայտությունն է գտնում քաղաքային ճարտարապետական հիշողության տարբեր շերտերում, մասնավորապես շքամուտքերի նախագծերում ու դեկորատիվ հարդարանքում։ Այս ուշագրավ թեմային է նվիրված Գայանե Պողոսյանի՝ «Խորհրդային Երևանի շքամուտքերի ճարտարապետությունն ու դեկորատիվ հարդարանքը» ուսումնասիրությունը։ Առաջին հայացքից առօրյա և աննկատ ճարտարապետական դեկորները, հստակ գործառնականություն ունեցող դետալներ են, որոնք հոդվածում դիտարկվում են, որպես յուրահատուկ կամուրջներ՝ անցյալի ու ներկայի միջև։ Դրանք ծագելով կամ ներշնչված լինելով հայկական ավանդական ճարտարապետությամբ՝ ներկայացնում են նաև ժամանակի գեղագիտական լեզուն, ճաշակը և վերածվում սոցիալական հիշողության փոքր, բայց խոսուն կրիչների։ Շքամուտքը միայն դեկորատիվ տարր ու անցման համար նախատեսված ճարտարապետական դետալ չէ, այլ ժամանակի ճարտարապետության, նաև առանձին ճարտարապետների ինքնահատուկ ձեռագրի արտահայտություն։

Երևանի քաղաքային ճարտարապետական-քանդակային մշակույթի թեման շարունակվում է «Կոմիտասի անվան պանթեոնի հուշարձանները» հոդվածում։ Ռուզաննա Միքայելյանի անդրադարձում հայ մեծերի պանթեոնը բացահայտվում է ոչ միայն որպես հիշատակի տարածք, այլ որպես կերպարվեստի յուրահատուկ բացօթյա թանգարան՝ հավաքական մշակութային հիշողության ինքնահատուկ միջավայր։ Ըստ հոդվածագրի, յուրաքանչյուր հուշարձան ներկայացնում է մշակութային գործչին և որոշակիորեն շոշափում ու արտացոլում նրա գործունեության շրջանակը, ստեղծագործական յուրահատկությունները։ Այսինքն, ըստ էության արտացոլում ժողովրդի հավաքական մշակութային հիշողության մեջ առկա նրա պատկերը, կամ նաև ստեղծում է այդ պատկերը։

Թիֆլիսի քաղաքաշինական հորինվածքն ու պատկերը անհնար է պատկերացնել առանց հայ ճարտարապետների նախագծած շենքերի, շինությունների, ստեղծած հուշարձանների։ 19-րդ դարի վերջերից մինչ 20-րդ դարի առաջին կես հայ ճարտարապետների թիֆլիսյան գործունեությանն է նվիրված Աշոտ Հայկազուն Գրիգորյանի անդրադարձը։
«Հայերի ճարտարապետական ներդրումը Թիֆլիսում կարելի է բաժանել երկու մասի. առաջին` երբ հայ գործարարների և մեծահարուստների պատվերներով նախագծվում և կառուցվում են տարաբնույթ շենքեր և շինություններ, և երկրորդ՝ երբ այդ շենքերը կառուցվում են հատկապես հայ ճարտարապետների կողմից: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ Թիֆլիսի հայ համայնքի գեղագիտական ընկալումներն ու մոտեցումները ուղղակի ներգործություն են ունենում քաղաքի գեղարվեստական կերպարի վրա», -նշում է հեղինակը։
Հոդվածը բացում է մշակութային փոխազդեցությունների կարևոր ու ուշագավ էջեր՝ ցույց տալով հայկական ստեղծագործական ներկայությունը Թիֆլիս-Թբիլիսիի բազմամշակութային միջավայրում և դրա ազդեցությունը քաղաքի ճարտարապետական դիմանկարի ձևավորման վրա։ Միաժամանակ այս անդրադարձը մտածել է տալիս, արդյո՞ք կա հայկական արվեստի ազգային որոշակի ոճ, գուցե ընդհանուր գիծ կամ գծեր, որոնք կապում են Թիֆլիսում հայերի կողմից ստեղծված բազմազան կառույցները։

Ազգային ոճի խնդիրները, թիֆլիսյան միջավայրի մշակութային ազդեցությունները որոշակիորեն արծարծվում են նաև արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանի՝ «Հմայակ Բդեյանի «Վերակերտված խեցեգործություն» հոդվածում։ Խեցեգործ Հ․ Բդեյանն իր մասնագիտական կրթությունը ստացել է Թբիլիսիում, սակայն որպես կիրառական արվեստի վարպետ կայացել Երևանում։ Հ․ Բդեյանի խեցեգործական աշխատանքներում կավի միջոցով, գեղանկարչության համադրությամբ, հաճախ մեդեռնիստական ձևերով վերակերտվում են ավանդական պատումները, բայց նաև ժամանակակից փակ ու բաց միջավայրերի ռիթմը։ Լինի Մատենդարանում, թե ակադեմիական թատրոնի ձմեռային այգում, արվեստագետը կարողանում է նրբությամբ զգալ միջավայրի պահանջներն ու ստեղծել համապատասխան բարձրակարգ աշխատանքներ։

Ամսագրի այս համարի գեղանկարչական անդրադարձները նույնպես որոշակիորեն արտացոլում են մշակությաին հիշողության երանգները, կամ մեխանիզմները։ Մարգարիտա Քամալյանի «Վալմարի ինքնանկարները» հոդվածում հիշողությունն ու փորձառությունը անձնավորվում են նկարչի ինքնանկարներում։ Պատկերի այս տեսակը դառնում է արվեստագետի ինքնության վերակառուցման տարածք, որտեղ նկարչի հայացքը ուղղվելով ներս՝ արտացոլում է նաև ժամանակը։ Ինքնանկարը այստեղ կենսագրական արձանագրում լինելով հանդերձ, իրականության յուրահատուկ պատկեր է, մշակութային հիշողության մի փոքրիկ դրվագ, որտեղ անհատական ճակատագիրը միահյուսված է դարաշրջանի գեղարվեստական լեզվին ու միտումներին։

Զառա Դիլանյանի և Հռիփսիմե Վարդանյանի «Եռաչափ խոստովանանք»-ում Վահագն Գալստյանն է, նրա նկարչությունը ու «վերացական մտորումներ»-ը։ Վ. Գալստյանը ներշնչվում է հայրենի բնությամբ, նախասիրած ժանրը բնանկարն է, թեև վերացական պատկերներ նույնպես կան։ Ըստ արվեստաբանների նկարիչը գեղարվեստական որևէ որոշակի ուղղության չի հետևում, սակայն նրա նկարներում կարելի է տեսնել տարբեր ներշնչումներ ու հղումների հնարավորություն տվող մանրամասներ։

Արվեստաբան Մարինա Ստեփանյանն այս անգամ անդրադարձել է գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյանի՝ Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցադրությանը։ Ըստ արվեստաբանի, անտեսելով կամ ծանոթ չլինելով մոդեռնիստական ու պոստմոդեռնիստական «գայթակղություններին», նկարիչը ստեղծում է ինքնօրինակ պատկերներ՝ խորը, զգայական, բազմագույն ու բազմաձև։

Հանդեսի այս համարն անդրադառնում է նաև հայկական կինոյի ամենից նշանավոր դեմքերից մեկի՝ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին։ Հրաչյա Բալոյանի ծավալուն ակնարկը ներկայացնում է մեծ ռեժիսորի կյանքի ու ստեղծագործության հիմնական ուրվագծերը։ Այն ամսագրի «մշակութային հիշողություն» առանցքին հաղորդում է կինեմատոգրաֆիկ շեշտադրում։ Հենրիկ Մալյանն այստեղ ներկայանում է որպես ռեժիսոր, որը մշակութային մտածողություն է ձևավորել։ Նրա ֆիլմերը դիտարկվում են որպես ժամանակի բարոյական և գեղագիտական ուղենիշերի ու կոդերի բացառիկ արձանագրումներ։

Մարտին Հուրիխանյանի էսսեն այս անգամ նվիրված է Մանուել Ադամեանին և նրա ետմահու լույս տեսած «Ալֆան և Օմեղան» բանաստեղծական ժողովածուին։ Հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարվում նաև Մ․ Ադամեանի հասարակական-մշակութային գործունեությանը։

«Ռոսլինի» այս համարն ամփոփվում է ամսագրի գործընկեր, մեր՝ «Аrt365» մշակութային կայքին նվիրված ակնարկով, որտեղ ներկայացնում ենք մեր գործունեության հիմնական նպատակներն ու ընթացիկ ծրագրերը։

«Ռոսլին» արվեստի հանդեսը լույս է տեսնում մեկենասությամբ Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների։
Ամսագրի նոր համարի ամբողջական էլեկտրոնային տարբերակը կարող եք ընթերցել այստեղ։