«Երջանիկ ես, նկարի՛չ, որ Գեղեցիկն ես տեսնում ամենուր։ Քչերին է տրված զգալ անսահմանը հյուլեում»։
Վան Խաչատուր
«Ես փորձում էի լսել աստղերից եկող նրբին ձայները և այդ ձայներից կռահում էի, որ տիեզերքն ամբողջական մի մտածող էություն է, և բոլոր այդ աստղերը բնակեցված են բազմատեսակ բանական արարածներով»։
Արտաշես Հունանյան
Սերնդակից երկու արվեստագետների՝ տիեզերքի ու նկարչի հարաբերությանը, գեղեցիկը տեսնելու կարողության մասին այս խտացումները կարելի է համարել «Ռոսլին» արվեստի հանդեսի նոր՝ աշնանային համարի հիմնական լեյտմոտիվն ու բովանդակային առանցքը։

Տարբեր, սակայն, տիեզերքի ընթերցման ու պատկերման իրենց որոնումների մեջ թերևս մոտեցող արվեստագետները, սերնդակից այլ նկարիչների՝ Նիկոլայ Քոթանջյանի, Ռուբեն Ադալյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Հենրի Էլիբեկյանի և այլոց հետ համարվում են աբստրակտ արվեստի ձևավորողները մեզանում։ Ընդ որում, Ա․ Հունանյանը, Վան Խաչատուրը, Ն. Քոթանջյանը, որորոնց նվիրված հոդվածներ կան ամսագրի այս համարում, նոր ձևի ու բովանդակության որոնումներում չեն սահմանափակվում մշակույթի միայն մեկ բնագավառով։ Նրանք Վերածննդի դարաշրջանի լավագույն ներկայացուցիչների պես նոր խոսքը, կերպն ու միջոցը փնտրում են քանդակի ու ճարտարապետության, գրականության ու գիտության մեջ, փորձում տեսնել գեղեցիկի տարբեր դրսևորումների միասնությունը։

Մասնավորապես նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստի տեսաբան Վան Խաչատուրը հայտնի է իր խիզախ ու ինքնօրինակ ճարտարապետական նախագծերով (Ցեղասպանության հուշահամալիր), ձևավորումներով («Վարդանանք» և «Հայ մշակույթի պատմություն» խճապատկերներ, Մատենադարան), նաև ուշագրավ նկարներով, տեսական հոդվածներով ու բանաստեղծություններով։ Գայանե Պողոսյանի «Վան Խաչատուր․ մտածող արվեստագետը» ակնարկում արվեստագետը ներկայացվում է ոչ միայն որպես ճարտարապետ ու քանդակագործ, այլ նաև որպես տեսաբան։ Անդրադարձ է կատարվում նրա՝ Հայաստանի քարերի ճարտարապետության մեջ օգտագործմանը, գույնի ընտրության նշանակությանը, ճարտարապետական միասնական միջավայրի ստեղծման հարցերն նվիրված հոդվածներին։ Հատկապես շեշտվում է Վան Խաչատուրի ինքնատիպ մտածողությունը, հայ արվեստի ու մշակույթի պատմության խնդիրներին անդրադարձների յուրահատկությունը։

Արտաշես Հունանյանին նվիրված Օհաննա Էլոյանի դիմանկարում ներկայացվում են 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արվեստի ամենաինքնատիպ դեմքերից մեկի կյանքի ու ստեղծագործության հիմնական հանգրվանները։ Ա․ Հունանյանի առաջին շրջանի ստեղծագործություններում՝ «Հայկական բնապատկերներ»(1957), «Հայ միջնադարյան ճարտարապետական կոթողներ» (1962-1963) ըստ հոդվածագրի տեսանելի են ակադեմիզմն ու ռալիստական գծեր, սակայն 1960-ական թվականներից հետո ստեղծած շարքերում («XX դարի քաղաք, Ճարտարապետական մոտիվներ», «Պատմության քարեր») նկարիչն աստիճանաբար անցում է կատարում աբստրակտ նկարչությանը՝ գտնելով ներշնչման նոր աղբյուրներ հոգևոր աշխարհում ու պատկերավորման նոր ձևեր։ Հետագա տասնամյակներում Արտաշես Հունանյանի ստեղծագործության մեջ արդեն գերակշռում են հոգևոր-քրիստոնեական թեմաները։ Այս նկարները կարող են լինել նրա գրական ստեղծագործությունների, մասնավորապես «Պահպանակ» ծավալուն պոեմի նկարազարդումները։ Այս ստեղծագործության ընթերցումը հնարավորություն կտա գտնելու Ա․ Հունանյանի շատ նկարների մեկնաբանման բանալիներն ու հասկանալ նկարչի ոճային փոխակերպումների տրամաբանությունը։

Նույն կերպ Նիկոլայ Քոթանջյանի արվեստն ավելի լավ հասկանալու համար արվեստաբանն անպայման պետք է կարդա հեղինակի «Գույնը վաղ միջնադարյան հայ գեղանկարչության մեջ․ 6-7-րդ դարի հուշարձանների վերլուծություն»(1979) ուսումնասիրությունը։ Հենց այս գրքի ընթերցումով ներշնչված է արվեստաբան Էլլեն Գայաֆջյանը սկսում է Ն․Քոթանջյանի արվեստին ծանոթությունը և նրան նվիրված իր՝ «Նշումներ Նիկոլայ Քոթանջյանի մասին հուշերից» ակնարկը։ Նկարիչն իր ուսումնասիրության մեջ ներկայացնում է գույնի հետազոտության բոլորովին նոր մեթոդ, որը թույլ է տվել բացահայտելու վաղմիջնադարյան հայ նկարչության ինքնատիպության գաղտնիքը։ Ռոսլինյան ակնարկում Ն․ Քոթանջյանը ներկայացվում է իր միջավայրով, ուսումնառության ու ստեղծագործական ընթացքի անդրադարձներով, նաև մանկավարժական գործունեությամբ։ Հոդվածում բավական մանրամասն ներկայացվում են Ն․ Քոթանջյանի և Վահրամ Գայֆեճյանի հարաբերությունները, վերջինիս նվիրված պատկերագրքի հրատարակությունն ու ցուցահանդեսի կազմակերպումը։ Ներկայացնելով նկարչի գեղանկարները և գրաֆիկական որոշ աշխատանքներ՝ Է․ Գայֆեճյանը հատկապես շեշտում է Ն․ Քոթանջյանի զարմանալի հմտությունը պարզ բնանկարը կամ կենցաղային տեսարանները որոշակի տեսանկյան ու գույների ընտրությամբ վերածել տպավորիչ գեղարվեստական պատկերի։

Առարկայական աշխարհի, մասնավորապես պատուհանների ու վարագույրների ինքնահատուկ պատկերմամբ և ոչ միայն, աչքի է ընկնում նաև Զառա Մալոյանի հոդվածի հերոսի՝ Վարոս Շահմուրադյանի նկարչությունը։ Վաղամեռիկ նկարիչը, որի ստեղծագործական ակտիվ շրջանն ընդամենը տասը տարի է տևել (1967-1977 թթ․) նշանակալի ներկայություն է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գեղանկարչության մեջ։ Վ․ Շահմուրադյանի աշխատանքներում գերակշռում են բնապատկերներ ու ինտերիեր պատկերող նատյուրմորտները։ Նկարչի ստեղծագործություններին բնորոշ է նաև որոշակի թատերայնությունը, որը շեշտվում է կոմպոզիցիաները շրջանակող բեմական վարագույրներ հիշեցնող դետալներով։Նրա հայտնի աշխատանքներից են՝ «Թիթեռ», «Բեռլինյան ինտերիեր», «Սոնատ։ Աշուն, գարուն կտավները»։ Վերջինս զարդարում է նաև «Ռոսլինի» աշնանային համարի շապիկը։

Արվեստաբան Ռոզա Ստեփանյանի՝ Փարավոն Միրզոյանին նվիրված հոդվածում արդեն առաջնային են դիմանկարներն ու բնապատկերները։ Ի մասնավորի, ներկայացվում են նկարչի վերջին տարիներին ստեղծված մի շարք նկարներ, որոնց թվում՝ «Պուշկինը Հայաստանում» և «Վահան Տերյան» գեղանկարները։ Արվեստաբանը ընդգծում է, որ Ա․ Պուշկինին պատկերող նկարում առաջնային է ոչ այնքան ռուս դասականի կերպարը, որքան հայկական բազմերանգ բնապատկերը, որը ներշնչում է բանաստեղծին։ Այս և վերջին շրջանում ստեղծված մի շարք դիմանկարներ, բնապատկերներ ու նատյուրմորտներ ներկայացվել են Օրենբուրգ քաղաքում կազմակերպված ցուցահանդեսում, որն ուղեկցվել է նաև կատալոգի հրատարակությամբ։ Ըստ հոդվածագրի, ցուցահանդեսի կազմակերպիչներին ու այցելուներին հատկապես գրավել է նկարչի ինքնահատուկ գունազգացողությունը, հայկական բնապատկերների թարմությունն ու գունագեղությունը, պատկերավորման ձևերի դասականությունը։

Հայկական առինքնող ավանդական բնապատկերների կողքին նոր սերնդի հայ նկարիչները բերում են քաղաքի ռիթմը, առօրեականության գույնն ու պոեզիան։ Արվեստաբան Օվսաննա Քարամյանի անդրադարձը նվիրված է Արթուր Հովհաննիսյանին։ Արթուրի նկարներին բնորոշ են սյուժետայնությունը, ոճական բազմազանությունը, դետալայնութունն ու որոշակի վերացարկվածությունը միաժամանակ։ Ըստ արվեստաբանի, Ա․ Հովհաննիսյանի բնապատկերները հեռու են ավանդական ռոմանտիկական բնանկարչությունից և նորովի ու տպավորիչ են ներկայացնում ուրբանիստական թեմաները, մարդկանց ու փոփոխվող ժամանակի շունչը։

«Ռոսլին» հանդեսի այս համարի «Եռաչափ խոստովանանք» բաժնի հերոսը նկարիչ Հովնան Սևոյանն է։ Մարտին Հուրիխանյանի և Հռիփսիմի Վարդանյանի հարցազրույց-դիմանկարի երեք արարներում նկարիչը ներկայացվում է ոճի փոփոխությունների, կայացման առանձնահատկությունների, ժանրային բազմազանության համատեքստում։
Հ․ Սևոյանի թեմատիկ կոմպոզիցիաները, գյուղական կյանքի տեսարանները, քաղաքային-երևանյան շարքի նկարներն ու մանևրիզմի շնչով ստեղծված խորհրդանշական գործերը ըստ արվեստաբան Հ․ Վարդանյանի փաստում են նրա ներկապնակի ոճային բազմազանությունը, նուրբ դիտողականությունը, կյանքի ռիթմը որսալու հմտությունը։

Արվեստի հանդեսի քանդակագործական-պատմական բաժնում տեղ են գտել Հակոբ Սիմոնյանի «Հայկական լեռնաշխարհի պղնձեքարի շրջափուլի քանդակը» ուսումնասիրությունն ու Արա Մարտիրոսյանի ամերիկահայ քանդակագործ Հայկ Բադիկյանին նվիրված դիմանկարը։
«Հայկական լեռնաշխարհի մանր պլաստիկայի նմուշների արվեստաբանական վերլուծությունները կարևոր հիմք են վերծանելու մեր հեռավոր նախնիների հոգևոր մշակույթի յուրահատկությունները, նրանց աշխարհընկալումները, կրոնական պատկերացումները և ծեսերը: Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ զարգացման նույն մակարդակում գտնվող պարզունակ հասարակությունները, որոնք ապրել և ստեղծագործել են միմյանցից զգալի հեռավորությամբ, կարող էի ունենալ մշակութային ընդհանուր գծեր, կիրառական արվեստի ընդհանուր ձևեր և մոտիվներ», -գրում է Հակոբ Սիմոնյանը։
Այս մեկնակետով էլ արվեստաբանը ներկայացնում է Պատմական Հայաստանի տարբեր վայրերում գտնված քանդակներն ու արձանիկները՝ ընդգծելով դրանց ծիսական նշանակություն ու դրա հարաբերությունները գեղագիտական հնագույն պատկերացումների հետ։ Հատկապես առանձնացվում են պտղաբերությունն ու առատությունը խորհրդանշող կանանց արձանիկները, որոնք որոշ ընդհանրություններ ունենալով այլ տարածաշրջանների նմանատիպ քանդակների հետ, այդուհանդերձ, ներկայացնում են Հայկական լեռնաշխարհի կանանց էթնիկ յուրահատկություններն ու դրանց կերտման ինքնատիպությունը։

Վան քաղաքում ծնված Հայկ Բադիկյանը սովորել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում, ապա իր վարպետությունը կատարելագործել Փարիզում։ Ուշագրավ է, որ Հ․ Բադիկյանի «Դիանայի որսը» քանդակը բարձր է գնահատել Օգյուստ Ռոդենը։ Վերադառնալով ԱՄՆ՝ քանդակագործը հիմնականում հեղինակել է նշանավոր դարձած հանրային հուշարձաններ, որոնք դարձել են իրենց տեղակայման վայրերի այցեքարտերը։

«Ռոսլինի» այս համարի երաժշտական բաժնում Ալեքսանդր Չեպալովի «Երաժշտությունը ունակ է շատ բան անել, նույնիսկ վերակառուցել աշխարհայացքը» խորագրով հարցազրույցն է՝ նվիրված Գերմանիայի Գերա քաղաքի թատրոնի երաժշտական ղեկավար Ռուբեն Ղազարյանի հետ։
Գյումրու մշակութային կյանքը լուսաբանող Լևոն Լաճիկյանի անդրադարձն այս անգամ նվիրված է «Վարդուհի» արվեստի դպրոցին, որը հիմնադրվել է 2015-ին բարերարությամբ բժիշկ Հովհաննես Օյունջյանի։ Հեղինակը ներկայացնում է արվեստի դպրոցի գործունեության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները։

Հանդեսի այս համարի խմբագրական էսսեի բաժնում Վրեժ Առաքելյանի «Յակուլովյան Խաղադրույքներ» ուշագրավ էսսեն է։ Ինչպե՞ս որոշակի տարածություն ու միջավայր, հատկապես քաղաքը, կերտում է արվեստագետին, ինչպե՞ս է փոխվում նա ու նրա արվեստի ընկալումը ժամանակի ու տարածության մեջ։ Նշանավոր նկարիչ ու արվեստի տեսաբան Գեորգի Յակուլովը այս էսսեում ներկայացվում «փոխարքայանիստ Թիֆլիսի» ու «Ռուսիո անծայրածիր դաշտավայրերի», նաև Երևանի ու Փարիզի իրական ու հոգևոր տարածքներում, ներշնչումների ազդեցությունների ու ազդումների, հոգևոր ընթացքների, վերելքների ու վայրէջքների մեջ։

«Ռոսլին» արվեստի հանդեսը լույս է տեսնում մեկենասությամբ Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների։
Ամսագրի նոր համարի ամբողջական էլեկտրոնային տարբերակը կարող եք ընթերցել այստեղ։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան