«Ռոսլին» արվեստի հանդեսի 2026 թվականի երրորդ համարում նկատելի է երկու փոխլրացնող թեմատիկ ուղղություն․ մի կողմից՝ ուշադրության կենտրոնում է մշակութային ժառանգությունը՝ ճարտարապետներ, նկարիչներ, երաժիշտներ, նրանց ստեղծագործական ուղին և մշակութային միջավայրում ունեցած դերը։ Միաժամանակ հանդեսը փորձում է արվեստի միջոցով անդրադառնալ հասարակական արդի խնդիրներին՝ պատերազմի հիշողությանը, ինքնության որոնմանը, իրականության և երևակայության սահմաններին։ Այս տեսանկյունից կարելի է առանձնացնել հայ ճարտարապետության պատմությանը, հայազգի ճարտարապետների հայրենիքում և արտերկրում գործունեությանը նվիրված նյութերը, թատրոնի հասարակական նշանակությանը, սյուրռեալիզմի գեղագիտությանը և ժամանակակից արվեստի փորձարարական ձևերին նվիրված ուսումնասիրությունները։ Դրանցում արվեստը ներկայացվում է ոչ միայն իբրև գեղագիտական արժեքների ամբողջություն, այլև որպես միջավայր, որտեղ վերաիմաստավորվում են անցյալն ու ներկան, ազգայինն ու համամարդկայինը, անձնական ապրումն ու հավաքական հիշողությունը։

Այս առումով հատկանշական է հանդեսի այս համարը բացող հոդվածի հերոսի՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանի գործունեությունը։ Անուշ Տեր-Մինասյանի «Արտակ Ղուլյան․ բազմատաղանդ և պայծառ անձնավորություն» հոդվածում հայտնի ճարտարապետը ներկայացվում է հայ ճարտարապետական ավանդույթի շարունակականության համատեքստում, անցյալի ժառանգության վերաիմաստավորման ու արդիականության հետ համադրության տեսանկյունից։ Առանձնացվում են նրա գիտական ուսումնասիրությունները հայկական ճարտարապետության, միջնադարյան հուշարձանների և պատմական միջավայրի վերականգնման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվում նրա նախագծած եկեղեցիներին և այլ շինությունների։ Հատուկ ուշադրության են արժանանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան վերականգնման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի տարբեր քաղաքներում իրականացված եկեղեցական նախագծերը։ Հայաստանում Ա. Ղուլյանի նախագծերով կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ՝ Արտաշատի Սուրբ Հովհաննես, Աբովյանի Ս. Հովհաննես, Սևանի Հրեշտակապետաց, Նոր Հաճնի և Նուբարաշենի, Արաբկիրի եկեղեցիները։ Ճարտարապետի ստեղծագործական լեզուն ձևավորվում է ավանդույթի և արդիականության փոխհարաբերության մեջ։ Ա․Ղուլյանի նախագծերում հայկական եկեղեցական ճարտարապետության ճանաչելի ձևերը համադրվում են ժամանակակից ծավալատարածական լուծումների հետ։

Հայ ճարտարապետության պատմության ուշագրավ էջեր են ներկայացվում Աշոտ Հայկազուն Գրիգորյանի՝ Կոստանդնուպոլիս-Ստամբուլի հայ շինարար-ճարտարապետների ներդրմանը նվիրված հոդվածաշարում։ Ի մասնավորի, այս շարքի երրորդ մասում հեղինակն անդրադառնում է 20-21-րդ դարի առաջին կեսի ստամբուլահայ ճարտարապետների գործունեությանը՝ ներկայացնելով նրանց մասնակցությունը բնակելի, հասարակական, արդյունաբերական և քաղաքաշինական նախագծերին, ինչպես նաև պատմական շինությունների վերականգնմանն ու պահպանությանը։
Հոդվածում հիշատակվում են բազմաթիվ ճարտարապետներ, որոնցից են Նշան Յաղուբյանը, Հովսեփ Սարաֆը, Պետրոս Զոբյանը, Ժան Գավրիլոֆը, Նազար Բինաթլին, Դավիթ Այնալը, Զաքարիա Միլդանօղլին, Ալին Փոնթիօղլուն, Սասնուհի Մուշլիանը, Գրիգոր Միլիտոսյանը և այլք։ Նրանց նախագծերի օրինակով ներկայացվում է հայազգի մասնագետների ներդրումը ժամանակակից Ստամբուլի ճարտարապետական դիմագծի ձևավորման մեջ։ Բացի նոր շենքերի նախագծումը, հայ ճարտարապետները ներգրավված են նաև Թուրքիայի հայկական ճարտարապետական ժառանգության վերականգնման աշխատանքներում։ Հոդվածագիրը կարևորում է այն, որ հայ ճարտարապետներից շատերը գիտեն հայերեն, պահպանում են կապը հայկական շրջանակների հետ։ Կապեր կան նաև հայաստանյան ճարտարապետների հետ և դրանց զարգացմամբ և ուսումնասիրությամբ էլ զբաղվում է Հայ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը։

Հայկական ճարտարապետության պատմական ժառանգության պահպանության ու վերականգնման խնդիրներն են ներկայացվում նաև Հառիճավանքին ու Կիրանցավանքին նվիրված նյութերում։ Մասնավորապես, Արա Զարյանն իր «Հառիճավանքի որմնանկարի վերահայտնությունը» հոդվածում ներկայացնում է Հառիճավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Աստվածամայրը մանկան հետ» որմնանկարի ուսումնասիրման և վերականգնման պատմությունը։ Որմնանկարի վերականգնումը պահանջել է երկարատև հետազոտություն, նյութի մանրակրկիտ ուսումնասիրություն և տարբեր մասնագետների հետ համագործակցություն։ Մասնավորապես այս աշխատանքում Ա․ Զարյանը համագործակցել է Քրիստին Լամուրիեի հետ։ Հաջողվել է վերականգնել ու ամրակայել որմնանկարի միայն 35 տոկոսը։ Հոդվածը մտածել է տալիս այն հարցի շուրջ, թե ի՞նչ է վերականգնումն ընդհանրապես։ Վերականգնումը ոչ թե հուշարձանի անցյալի ամբողջական պատկերը կամայականորեն վերակերտելն է, այլ պահպանված պատառիկների հնարավորինս զգույշ ու հոգատար ուսումնասիրությունն ու ամրակայումը։ Որմնանկարը ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություն է, այլև պատմական ժամանակի, կրոնական պատկերացումների և մշակութային միջավայրի վկայություն։ Ըստ այդմ էլ՝ վերականգնամբ զբաղվող մասնագետները պետք է հաշվի առնեն այս բոլոր հանգամանքները։

Մեկ այլ վանքի՝ Տավուշի մարզում գտնվող Կիրանցի որմնանկարներին է նվիրված Տ․ Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը։ Հոդվածում ներկայացվում են վանական համալիրի ճարտարապետական առանձնահատկությունները, որմնանկարների բնույթն ու ոճական յուրահատկությունները․ «Կիրանցավանքը ԺԳ դարի Հայաստանի մշակութային և հոգևոր կյանքի կարևոր հուշարձաններից է, որի ճարտարապետությունը, որմնանկարչությունը և պատկերագրական համակարգը վկայում են միջնադարյան հայկական մշակույթի բազմաշերտ բնույթի մասին: Այն հատկապես կարևոր է հայ-քաղկեդոնական մշակութային ժառանգության ուսումնասիրության համար, քանի որ այստեղ հայկական ճարտարապետական և որմնանկարչության ավանդույթները փոխներգործության մեջ են մտնում բյուզանդական և վրացական եկեղեցական-գեղարվեստական համակարգերի հետ», -ամփոփում է հեղինակը։
Հանդեսի գեղանկարչական բաժնի հոդվածներից մեկը նվիրված է Վաղարշակ և Նանա Արամյանների ստեղծագործությանը։
Գայանե Պողոսյանի՝ Vagharshak and Nana Aramyans: Surreal Metamorphoses («Վաղարշակ և Նանա Արամյաններ․ սյուրռեալիստական կերպարանափոխություններ») հոդվածում հայ արվեստագետների ստեղծագործությունը քննվում է սյուրռեալիզմի տեսական շրջանակում։ Անդրադարձ է կատարվում Վ․Արամյանի ստեղծագործության տարբեր փուլերին, դասական գեղանկարչության և մոդեռնիստական ուղղությունների ազդեցություններին, ինչպես նաև խորհրդային գեղարվեստական միջավայրում սյուրռեալիստական մտածողության դրսևորման առանձնահատկություններին։ Ի թիվս այլ կտավների, առանձնացվում են «Լեդա» և «Ծովափին մերկ կերպար» նկարները, քննվում է դրանցում կանացի կերպարի, վերածննդի, ներքին փոխակերպման և ենթագիտակցական ապրումների խորհրդաբանությունը։ Ուսումնասիրության շարունակության մեջ արվեստաբանի ուշադրության կենտրոնում Վ․ Արամյանի դստեր՝ Նանա Արամյանի արվեստն է։ Հեղինակը ներկայացնում է նրա ստեղծագործական լեզուն, դասական գեղանկարչության և թվային արվեստի համադրությունը, ինչպես նաև սյուրռեալիստական պատկերամտածողության շարունակականությունն ու նոր դրսևորումները։ Հայր և դուստր արվեստագետների ստեղծագործությունների համադրությունը թույլ է տալիս դիտարկել ինչպես գեղարվեստական ժառանգականության, այնպես էլ ինքնուրույն լեզվի ձևավորման խնդիրները։

Նկարչի պատկերային լեզվի ձևավորաման հարցերին, սակայն ոչ թե ստեղծագործական ուղղության, այլ միջավայրի ու բնության հետ հարաբերության տեսանկյունից, անդրադարձ է կատարվում նաև Հասմիկ Սարգսյանի՝ «Իմ գործերը որոշվում են ի վերուստ․ ապարանցի Դյուրերը՝ նա ինքը՝ Արամ Սարգսյանը» ակնարկում։ Հեղինակը նկարչի ստեղծագործությունների յուրահատկությունները պայմանավորում է հայրենի բնությունից ներշնչմամբ։ Առանձնացում և ներկայացվում են նկարչի ինքնադիմանկարները, նատյուրմորտները, հայկական եկեղեցիների պատկերները։

Հանդեսի այս համարի Եռաչափ Խոստովանանք-ի հերոսը Մարտիրոս Բադալյանն է։ Այս հատվածը հետաքրքիր է ոչ միայն նկարչի ստեղծագործական անհատականությունը բացահայտելու, այլև ժամանակակից հայ կերպարվեստի վերաբերյալ մի շարք սկզբունքային հարցեր առաջադրելու տեսանկյունից։ Նյութը ներկայացնում է արվեստագետին միաժամանակ որպես գեղանկարիչ, կոլաժի վարպետ և իրականության նկատմամբ զգայուն անհատականություն։

Մարտին Հուրիխանյանի 1-ին և 2-րդ արարներ-ում նյութը կառուցված է անձնական տպավորության, արվեստագետի հետ երկխոսության և հրապարակախոսական անդրադարձի սկզբունքով։ Արմինե Պետրոսյանի «Արվեստով ոգեշնչված նկարիչը. Մարտիրոս Բադալյան» հոդվածն ավելի համակարգված արվեստաբանական դիտարկում է՝ ուղղված նկարչի կենսագրության, գեղարվեստական մտածողության և ոճական առանձնահատկությունների ներկայացմանը։ Նյութերը լրացնում են միմյանց․ եթե առաջինում Մ․ Բադալյանի արվեստը բացվում է որպես անհատական և հասարակական ապրումների արտահայտություն, երկրորդում՝ որպես ինքնատիպ գեղարվեստական համակարգ, որի ձևավորման մեջ համադրվում են ակադեմիական պատրաստվածությունը, ազգային ավանդույթը և արդիական մտածողությունը։ Առանձին անդրադարձ է կատարվում նկարչի կոլաժային մտածողությանը։ Ըստ Ա․ Պետրոսյանի, կոլաժը Մ․ Բադալյանի համար պարզապես տեխնիկական միջոց չէ։ Այն հնարավորություն է տալիս տարբեր նյութեր, առարկաներ և ժամանակային շերտեր միավորել մեկ գեղարվեստական համակարգում։ Նյութերի անհամատեղելիությունը կամ արտաքին անհարթությունը չի վերացվում, ընդհակառակը՝ դառնում է ստեղծագործության արտահայտչական հնարավորություններից մեկը։

Հայ ժամանակակից գեղանկարչությունը ներկայացվում է նաև Դանիել Վարուժան Հեճինյանի ստեղծագործական դիմանկարում և Գոշ Սարգսյանի հետ հարցազրույցում։
Արվեստաբան Արթուր Ավագյանի՝ Դանիել Վարուժան Հեճինյանի նվիրված՝ «Խաղաղության նկարիչ» հոդվածում ներկայացնում է նկարչի արվեստի թեմատիկ և ոճական բազմազանությունը՝ ընդգծելով նրա ստեղծագործություններում խաղաղության, պատմական հիշողության, մարդկային տառապանքի և բարոյական պատասխանատվության թեմաները։ Դ․Հեճինյանի արվեստում պատմական իրադարձությունները չեն մնում զուտ որպես փաստագրական նյութ․ դրանք վերածվում են բարոյական և գեղագիտական խորհրդածության։ Նրա ստեղծագործություններում կարևոր տեղ ունեն հայկական ինքնության, անկախության, հայրենիքի և Սփյուռքի կապերի, ինչպես նաև ցեղասպանության հիշողության թեմաները։

Գոշ Սարգսյանի «Սևից հետո՝ հող» (After Black: Earth, 2026) ստեղծագործությանն է նվիրված Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի «Զրոյի, նյութի և ժամանակի միջև» խորագրով հարցազրույցը։ Այն ներկայացնում է ժամանակակից արվեստի փորձարարական հնարավորությունները։ Զրույցը ծավալվում է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտի համագործակցության համատեքստում, անդրադարձ է կատարվում քաղաքապետարանի մշակութային նախագծերին, արվեստաբանական գրքերի հրատարակության աջակցության ծրագրերին։
Շարունակութայն մեջ զրույցն արդեն ծավալվում է «Սևից հետո՝ հող» աշխատանքի շուրջ։ Հեղինակն այստեղ օգտագործել է հող, չմշակված վուշ, բնական փայտ և կտավ։ Նյութերի ընտրությունն այստեղ ոչ միայն տեխնիկական որոշում է, այլև ստեղծագործության գաղափարական նպատակադրման արտահայտություն։ Հողը ներկայանում է իր նյութականությամբ՝ առանց ամբողջությամբ վերածվելու պատկերային նշանի, իսկ կտավն ու շրջանակը սահմանում են այն տարածքը, որտեղ նյութը կարող է դիտարկվել որպես արվեստի առարկա։

Աննա Ասատրյանի՝ հանդեսի այս համարում տեղ գտած մյուս հարցազրույցի հերոսուհին Յանա Մեերզոնն է։
Пространство видимости: Яна Меерзон о театре изгнания, политике и поиске дома («Տեսանելիության տարածությունը․ Յանա Մեերզոնը՝ արտաքսման թատրոնի, քաղաքականության և տան որոնման մասին») հարցազրույցի առանցքում են թատրոնի հասարակական գործառույթի, քաղաքականության հետ նրա հարաբերության և ժամանակակից մշակութային միջավայրում ունեցած դերի հարցերը։ Յ․ Մեերզոնի դիտարկումներում թատրոնը ներկայացվում է ոչ միայն որպես բեմական արվեստ, այլև որպես տարածք, որտեղ հնարավոր է վերաիմաստավորել իրականությունը, ձևավորել ժամանակավոր հանրություններ և ստեղծել քննադատական երկխոսության պայմաններ։
Զրույցում քննարկվում է նաև թատրոնի ազդեցության սահմանների խնդիրը։ Կարո՞ղ է այն փոխել հասարակական կարծիքը, թե՞ առավել հաճախ արձագանքում է արդեն գոյություն ունեցող համոզմունքներին։ Այս հարցը կարևոր է հատկապես քաղաքական թատրոնի համատեքստում, երբ գեղարվեստական արտահայտությունը փորձում է արձագանքել պատերազմներին, միգրացիոն ճգնաժամերին, սոցիալական անհավասարությանը և այլ արդիական խնդիրների։

Արվեստի և իրականության, մասնավորապես գրականության և իրականության հարաբերությունների շուրջ խորհրդածելու հնարավորություն է Հայկ Համբարձումյանի «Ագռավաքարի առաջ․ թշնամուն որոնելիս, ինչպես Փոքր Մհերը, Հրանտ Մաթևոսյանը և Լևոն Խեչոյանը» էսսեն։ Այստեղ անորոշ թշնամու կերպարի գաղափարի շուրջ համադրվում են հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի», և ժամանակակից հայ գրականության մի շարք առանցքային հարցեր՝ թշնամու կերպար, պատերազմի հիշողություն, մարդու գոյաբանական ճգնաժամ և այլն։
Էսսեում Ագռավաքարը դառնում է ոչ միայն էպոսի աշխարհագրական կամ առասպելական տարածք, այլև խորհրդանշական սահման՝ անցյալի և ներկայի, հերոսական գործողության և անգործության, հույսի և փակուղու միջև։ Հոդվածի գլխավոր հարցը վերաբերում է ոչ այնքան նոր Դավթի որոնմանը, որքան թշնամուն ճանաչելու և իրականությունը հասկանալու կարողությանը։

«Նա մեր ժողովրդական երգերը դարձրեց գոհարներ, և դրանով զարդարեց հայ ժողովրդի լուսավոր ճակատը», -գրում է Մարտիրոս Սարյանը Թաթուլ Ալթունյանի մասին։ «Ռոսլինի» այս համարի հոբելյանական բաժնում Դավիթ Ղազարյանի անդրադարձն է Թաթուլ Ալթունյանին՝ նվիրված նրա ծննդյան 125-ամյակին։ Հեղինակի ուշադրության կենտրոնում են երաժշտի կենսագրական ուղին է, նրա դերը ազգային երաժշտական մշակույթի ձևավորման և զարգացման գործում։ Թաթուլ Ալթունյանի ստեղծագործական գործունեությունը դիտարկվում է հայկական երգչախմբային արվեստի պատմության համատեքստում։ Ընդգծվում են նրա երաժշտական մտածողությունը, կազմակերպչական ունակությունները և ազգային երաժշտական ավանդույթը մասնագիտական բարձր մակարդակով ներկայացնելու ձգտումը։ Այս կարևոր առաքելությունն էլ տասնամյակներ շարունակ իրականացնում էր Թ․ Ալթունյանի հիմնադրած Հայկական ժողովրդակն երգի-պարի պետական անսամբլը։
Հոբելյանական մեկ այլ նյութ էլ նվիրված է արվեստաբան, արվեստի պատմաբան Արարատ Աղասյանի ծննդյան 70-ամյակին։ «Վաստակի գնահատանք» ակնարկում ներկայացվում է Արարատ Աղասյանի գիտական և կազմակերպչական գործունեության նշանակությունը հայ կերպարվեստի ուսումնասիրության գործում։
«Ռոսլին» արվեստի հանդեսը լույս է տեսնում մեկենասությամբ Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների։
Ամսագրի նոր համարի ամբողջական էլեկտրոնային տարբերակը կարող եք ընթերցել այստեղ