• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ռոսլին գարնանային․ արվեստի հանդեսի 2026 թ․ առաջին համարը

Ռոսլին գարնանային․ արվեստի հանդեսի 2026 թ․ առաջին համարը

«Ռոսլին» արվեստի հանդեսի նոր՝ գարնանային համարը ամսագրի առաքելությանը հավատարիմ շարունակում է ներկայացնել տարբեր սերունդների հայ արվեստագետներին, մշակութային կարևոր ու արդիական թեմաներ։ Քաղաքական վայրիվերումների, տեղեկատվական աղմուկների, հոգսաշատ օրերի մեջ  ամսագիրը ձգտում է  գույնի, տարածության, հիշողության, գաղափարի և ձևի,  արվեստի տարբերի փորձառությունների համադրությամբ հոգևոր լիցքեր հաղորդել մեր իրականությանը։ Հանդեսի յուրաքանչյուր համար դառնում  է   Հայաստանում ու Սփյուռքում ապրող տարբեր սերունդներիի արվեստագետների ստեղծագործությունները կամրջող միջոց, անցյալի ու ներկայի արվեստի հանդիպման ակտիվ հարթակ ու միջավայր, որն ամեն անգամ ունի թեմակտիկ-գաղափարական որոշակի ուղղվածություն։  

2026 թվականի առաջին համարի առանցքում տարածության ընկալման բազմազանությունն է, մշակութային հիշողության պահպանությունը, անցյալի  ժառանգության վերաիմաստավորումն ու  հայկական արվեստի ինքնության խնդիրները։ 

Ի մասնավորի Սիլվիա Մանուչարյանի ծավալուն անդրադարձը նվիրված է ժամանակակից նկարիչ Գևորգ Միլտոնյանին։«Ազգայինից համամարդկային կամուրջ ստեղծող նկարիչը» ակնարկում հոդվածագիրը Գ․Մելտոնյանին ներկայացնում է որպես արվեստագետ, որի ստեղծագործության հիմքում ընկած է ոչ թե ձևական նորարարությունը, այլ ազգային տարածության հոգևոր վերաիմաստավորումը։ Հեղինակը նկարիչին չի սահմանափակում «բնանկարիչ» կամ «ճարտարապետական միջավայր պատկերող հեղինակ» սահմանումներով։ Նրա արվեստում հայկական եկեղեցիները՝ Կարմրավոր Սուրբ Աստվածածինը, Սասունիկի Սուրբ Խաչը, Մայրավանքը,  նաև Աշտարակի փողոցները, Կոնդի հին տները կամ Սևանի լռությունը վերածվում են մշակութային հիշողության շերտերի։Հեղինակը  նկատում, որ Մելտոնյանը չի ձգտում փաստագրական ռեալիզմի։ Ըստ այսմ էլ՝  նրա պատկերած քաղաքը հիշողության քաղաքն է։ Հին պատուհանները, նեղ փողոցները, ստվերները, շարժվող մարդկային հոսքը դառնում են անցյալի ու ներկայի հարաբերության նշաններ։ Դիմանկարներում՝ «Չավարտված հեքիաթը», «Օրիորդ Մարինան», «Օրիորդ Ծովինարը» նկարչի արվեստը հոգեբանական խորություն է ստանում։  Գ․ Մելտոնյանի նկարները, հատկապես եկեղեցիներ պատկերողները,   երբեք չեն դառնում բացիկային պատկեր կամ ազգագրական մանրամասն, այլ փոխանցում են ինքնահատուկ տպավորություններ ու տրամադրություն։

Գայանե Պողոսյանի անդրադարձը թեև սկսվում է Երևանի պետական համալսարանի բակում Անանիա Շիրակացու արձանի աննկատ ներկայության մասին դիտարկմամբ, սակայն ավելի մեծ ընդգրկում ունի․ այն նվիրված է նկարիչ, քանդակագործ Արամիկ Ղարիբյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Այստեղ նկարիչը ներկայացվում է իր բարդ ներաշխարհով՝ տագնապներով, լռությամբ, հոգևոր դիմադրությամբ ու որոշակի օտարվածությամբ։  Արամիկի բնանկարներում՝ «Աշտարակ», «Ալավերդի», «Սևան», նատյուրմորտներում ու դիմանկարներում  մուգ երանգները  դեկորատիվ դերով չեն սահմանափակվում․ դրանք ստեղծում են ներքին լռության, երբեմն նաև հոգևոր բախումների միջավայր։ Սևերը, մոխրագույնները, խուլ կարմիրները կամ խամրած կապույտները նրա նկարներում դառնում են հակասական հոգեվիճակների արտահայտիչներ։ Ա․ Ղարիբյանի արվեստը հասկանալու բանալիներից մեկը հենց գույնի հոգեբանական գործառույթի ընկալումն է։ Հեղինակը նկատում է, որ նկարիչը հաճախ խուսափում է կերպարների վերջնական հստակեցումից։ Դեմքերը երբեմն կարծես լուծվում են լույսի կամ ստվերի մեջ, մարմինները կորցնում են նյութական ծանրությունը։ Սա պարզապես գեղանկարչական հնարք չէ։ Այդ անավարտությունը հոգեկան անկայունության,  ճեղքված ինքնության նշանն է։

Ամսագրի նկարչական բաժնում ընդգրկված է նաև Մարգարիտա Քամալյանի «Արևն իմ մեջ» հոդվածը։  Հոդվածում  անդրադարձ է կատարվում նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի՝ 2025 թվականի նոյեմբերին կայացած ցուցահանդեսին, նաև ներկայացվում են նրա ստեղծագործության հիմնական առանձնահատկությունները։ Ի մասնավորի, հոդվածագիրը  փորձում է հասկանալ, թե որտեղից է գալիս այն ներքին լույսը, որն այնքան ուժեղ կերպով ներկայանում է Հռիփսիմե Մարգարյանի նկարներում և դառնում նրա արվեստի հիմնական ճանաչելի հատկանիշը։

Հանդեսի այս համարում մեծ տեղ են գրավում քանդակագործությանն ու ճարտարապետությանը նվիրված նյութերը։ Շարունակելով ամսագրի նախորդ համարներում սկսած հայ ճարտարապետների միջազգային աշխատանքներին նվիրված շարքը՝ Աշոտ Հայկազուն Գրիգորյանն այս անգամ ներկայացնում  Օսմանյան կայսրության, ի մասնավորի Կոստանդնուպոլսի հայ ճարտարապետական հետքը։Հեղինակի հիմնական նպատակը հայ միջնադարյան ճարտարապետության ազդեցությունների և ընդհանրությունների բացահայտումն է՝ հատկապես Միմար Սինանի ստեղծագործության հետ համեմատությամբ։ Ա․ Գրիգորյանը խուսափում է պարզունակ «ազդեցությունների պատմությունից»։ Նա չի փորձում մեխանիկորեն ապացուցել, թե այս կամ այն տարրը «փոխառված» է հայկական ճարտարապետությունից։ Փոխարենը հեղինակը խոսում է կառուցվածքային մտածողության, տարածական լուծումների և ճարտարապետական աշխարհընկալման մասին։ Հեղինակը ցույց է տալիս, որ հայկական ճարտարապետության մեջ ձևավորված կենտրոնագմբեթ համակարգը ոչ միայն տարածաշրջանային առանձնահատկություն էր, այլև ազդեցիկ ու ինքնատիպ ճարտարապետական մոդել։ Սելիմիե մզկիթի, Սուլեյմանիեի և հայկական միջնադարյան եկեղեցիների միջև անցկացվող զուգահեռները հոդվածում ներկայացվում են ոչ թե արտաքին նմանությունների, այլ տարածական տրամաբանության մակարդակով։  Հոդվածում ճարտարապետությունը չի դիտարկում որպես զուտ ինժեներական երևույթ։ Այստեղ ճարտարապետական ձևը կապված է աշխարհընկալման հետ։Հեղինակը հիշատակում է Բյուզանդիայում, ապա Օսմանյան կայսրությունում գործունեության ծավալած հայ  ճարտարապետների և վարպետների՝ Տրդատից մինչ Պալյաններ ու նրանց ժամանակակիցներ՝ ընդգծելով այն մեծ ներդրումը, որ հայ ճարտարապետական միտքն ունեցել է Օսամանյան կայսրությունում։

 

Հայկական եկեղեցական ճարատարապետության թեման որոշակիորեն շարունակվում է Տեր Հեթում քահանա Թարվերդյանի հոդվածում։ Այն  նվիրված է հայկական միջնադարյան որմնանկարչության ուշագրավ նմուշների, որոնք պահպանվել են  Հաղբատի վանքի Սուրբ Նշան եկեղեցում։ Որմնանկարը պարզապես գեղեցիկ  պատկեր չէ, այն հստակ գործառույթներ ունի։ Կարևոր է պատկերի տեղը, խորհրդաբանությունն ու ծիսական նշանակությունը։ Հոդվածագիրը մանրամասն ներկայացնում է Սուրբ Նշան եկեղեցու որմնանանկարները՝ ընդգծելով հայկական եկեղեցական որմնանկարչության ինքնատիպությունը։ 

Քանդակագործ Արա Սարգսյանի Գյումրիում արված աշխատանքների  առանձնահատկություններին է նվիրված Օհաննա Էլոյանի անդրադարձը։ Քանդակագործը  Գյումրիում ստեղծել է մի շարք կարևոր մոնումենտալ և հուշակոթողային գործեր, որոնք առանձնանում են իրենց ազգային կերպարայնությամբ, պլաստիկական խստությամբ և ներքին ուժով։ Ամենանշանավոր աշխատանքը, անկասկած, «Մայր Հայաստան» հուշարձանն է, որը դարձել է ոչ միայն Գյումրու, այլև հայկական մոնումենտալ արվեստի խորհրդանիշներից մեկը։ Քանդակը առանձնանում է խստացված ծավալներով, ներքին լարվածությամբ և հերոսական հանգստությամբ։ Գյումրու հետ կապված կարևոր աշխատանքներից են նաև նրա բազմաթիվ դիմաքանդակներն ու հուշարձանային նախագծերը։ Արա Սարգսյանի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունեն ազգային մտավորականներին ու մշակույթի գործիչներին նվիրված գործերը։ Նրա դիմաքանդակները չեն սահմանափակվում արտաքին նմանությամբ․ դրանք փորձում են փոխանցել մարդու ներքին  ուժը։ Այդ պատճառով նույնիսկ փոքրածավալ գործերում պահպանվում է մոնումենտալ մտածողությունը։ Բացի մոնումենտալ աշխատանքներից հոդվածագիրը ներկայացնում է նաև քանդակագործի բեմանկարչական փորձառությունը՝ «Նապոլեոնի արշավանքը», «Աչքը» և «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացումներում։ 

Մշակութային ժառանգականության  գաղափարն ընկած է «Ժառանգված լույսը» հոդվածի հիմքում։ Արվեստաբան Հռիփսիմե Վարդանյանը անդրադառանում է քանդակագործ Սողոյան ընտանիքի  ստեղծագործության առանձնահատկություններին։ Հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես մեկ  ընտանիքի ներսում շարունակվում է քանդակագործական մտածողությունը, ձևի հանդեպ վերաբերմունքը և մոնումենտալ արվեստի ավանդույթը։ Հոդվածում ներկայացվում են ոչ միայն Ֆրիդ Սողոյանի, այլ նաև նրա որդիների՝ Վահեի  և Միքայելի  ստեղծագործական ուղիները։ Ֆրիդ Սողոյանը ներկայացվում է որպես մոնումենտալ քանդակի խոշոր ներկայացուցիչ, որի արվեստը ձևավորվել է Գյումրիի  մշակութային միջավայրում։ Ֆ․ Սողոյանի  արվեստին բնորոշ են խոշորացված ծավալները, ներքին լարվածությունը և կերպարների մոնումենտալ հանդարտությունը։ Թեմատիկ առումով քանդակագործի համար կարևոր են  հիշողության, պատերազմի, ժողովրդի պատմական ճակատագրի ու 1988 թ․ ավերիչ երկրաշարժի թեմաները։ Վահե Սողոյանը ներկայացվում է որպես ժամանակակից պլաստիկական մտածողությամբ քանդակագործ, որի աշխատանքներում պահպանվում է հոր արվեստին բնորոշ կառուցվածքային խստությունը, սակայն ավելանում է ավելի ազատ  լեզուն։ Միքայել Սողոյանի  ստեղծագործություններում ավելի մեծ տեղ ունեն հոգեբանական և կերպարային լուծումները։ Նա աշխատում է ինչպես մոնումենտալ, այնպես էլ կամերային քանդակի ոլորտում։ Երեք քանդակագործների ձեռագրերը յուրահատուկ ձևով արտահայտվում է  նրանց համատեղ աշխատանքներով, որոնցից են «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» և «Վերածնունդ» հուշարձանները Գյումրիում,  «Մայր-երկիր» («Հայաստան») հուշարձանը Վաշինգտոնում։  

 

Մշակութային հիշողության ու ժառանգականության թեմաներն առանցքային են նաև Մարտին Հուրիխանյանի «Եռաչափ խոստովանանք» բաժնում։ Այստեղ հարցազարույցի, ապա նաև գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանի ակնարկի միջոցով ներկայացվում է իրավաբան, հավաքորդ, արվեստաբան ու նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանը։ Ինչպես նախորդ հոդվածում էր այս նյութերում նույնպես ընդգծվում է, որ արվեստը փոխանցվում է ոչ միայն կրթությամբ, այլ նաև ընտանեկան և մշակութային փորձառությամբ։ Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ հարցազրույցում խոսվում է նրա ստեղծագործական միջավայրի, ընտանեկան հիշողությունների և մտավորականի ձևավորման ընթացքի մասին։ Նշվում է, որ հավաքորդությունը  նրա համար միայն անցյալի պահպանում չէ, այլ հայ մշակույթի նկատմամբ հոգատարություն։ Հարցազրույցում անդրադարձ կա Նարեկի ինքնատիպ  գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներին, նաև  «Կըռ» վիպակին, որտեղ կարևոր տեղ ունեն քաղաքային միջավայրը, արժեքների անկումը և հիշողության թեման։ 

Հարցազրույցը լրացնող Հրազդան Թոքմաջյանի ակնարկում  խոսվում է Նարեկի գեղանկարչական ասելիքի ու ինքնատիպ ձեռագրի, նրա մշակութային-թանգարանային նշանակալի գործունեության մասին։ 

Մշակութային արժեքների  պահպանության խնդիրը իր մեկ այլ արտահայտությունն է գտնում ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանի՝ «Գիտելիքի պահոցից դեպի թվային ապագա հոդվածում»։ Հեղինակը կարևորում է  թվայնացման, արխիվների պահպանման և ժամանակակից տեխնոլոգիական միջավայրում գիտելիքի փոխանցման հարցերը։ Խոսվում է այնպիսի արդիական հարցի մասին, թե  ինչպես են գրադարանները, թանգարանները և արխիվային հավաքածուները փոխում իրենց գործառույթը թվային դարաշրջանում։ Ներկայացվում է ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գործունեությունն ու ծրագրերը։ Նշվում է, որ գրադարանը ոչ միայն գրքերի պահպանման տարածք է, այլ նաև գիտելիքի հասանելիության և մշակութային հիշողության փոխանցման կենտրոն։ Հոդվածում հիշատակվում են ձեռագրերի, պարբերականների և հին հրատարակությունների թվայնացման ծրագրերը, ինչպես նաև թվային շտեմարանների ստեղծման աշխատանքները։ Հեղինակը քննարկում է նաև թվայնացման երկակի բնույթը․ մի կողմից թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պահպանել և հանրամատչելի դարձնել մշակութային ժառանգությունը, մյուս կողմից՝ առաջանում են տվյալների պահպանման, հեղինակային իրավունքի և թվային միջավայրի արագ փոփոխության խնդիրներ։

 «Ժպիտների սերմնացանը» հոդվածը ներկայացնում է Հարություն Չալիկյանի ստեղծագործական ուղին և հատկապես նրա գործունեությունը հայկական երգիծանկարչության ու ծաղրանկարի ոլորտում։ Նյութի կենտրոնում Չալիկյանի կերպարային մտածողությունն է՝ հիմնված ոչ թե սուր քաղաքական երգիծանքի, այլ մարդկային բնավորությունների,  յուրահատուկ կերպարների և մեղմ հումորի վրա։Նյութը հատկապես ընդգծում է նրա երկարամյա աշխատանքը հայկական մամուլում և մշակութային միջավայրում։Չալիկյանի աշխատանքներում կարևոր դեր ունի գծի ճշգրտությունը և կերպարի հիմնական առանձնահատկությունների խտացված փոխանցումը։ Մի քանի շտրիխով նա կարողանում է ստեղծել ճանաչելի դեմք և բնավորություն։

Արվեստաբան Աննա Ասատրյանի հարցազրուցային էջի հերոսն այս անգամ արվեստաբան, դրամատուրգ, թատերագետ Ալեքսանդր Չեպալովն է։ Հարցազրույցում արծարծվում են Խորհրդային և հետխորհրդային թատերական միջավայրի, Ա․ Չեպալովի կայացման ու գործունեության, նրա ուսուցիչների նաև հայ մշակույթի հետ ունեցած հարաբերությունների թեմաները։ Ի մասնավորի Ա․Չեպալովը կարոտով ու հիացմունքով է պատմում իր  «հարազատների»՝ հայ մշակույթի երևելի մարդկանց՝  Արամ Խաչատրյան, Ալեքսանդր Մելիք-Փաշաև, Սրբուհի Լիսիցյան, Գոհար Գասպարյան, Պավել Լիսիցյան,  Ռոման Բալայան,  Բարսեղ Թումանյան մասին, որոնց հետ առնչվել է իր գործունեության ընթացքում։

 

Հանդեսի այս համարում իր թեմատիկ ուղղվածությամբ առանձնանում է պատմաբան  Միքայել Բադալյանի՝ «Էթիունի համադաշնության հոգևոր համակարգերը․ կենաց ծառ․ իմաստաբանություն և խորհրդաբանություն հոդվածը»։ Այն վերաբերում է Հայկական լեռնաշխարհի հնագույն  խորհրդանշանային համակարգերին, մասնավորապես՝ հնագույն հավատալիքներին, մասնավորապես Կենաց ծառի րհրդանիշներին և դրանց պատկերագրական արտահայտություններին։  Մասնավորապես քննվում է Էթիունյան կամ Լճաշեն-մեծամորյան մշակույթը։ Հեղինակը համադրում է հնագիտական, դիցաբանական և պատկերագրական տվյալները՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես են արևի, ծառի, խաչաձև կառուցվածքների և շրջանաձև նշանների պատկերները պահպանվել տարբեր մշակութային շերտերում,  ինչ խորհրդաբանություն ունեն և արևային և տիեզերաբանական ինչ պատկերացումներ են փոխանցում։ 

«Ռոսլին» արվեստի հանդեսը լույս է տեսնում մեկենասությամբ Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների։

Ամսագրի նոր համարի ամբողջական էլեկտրոնային տարբերակը կարող եք  ընթերցել այստեղ։

Hayk Hambardzumyan

23.05.2026

Հայկն ասաց

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.