• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Գարսիա Մարկեսի Մելկիադեսն ու «Սասնա ծռերի» Մելքսեթ քահանան

Գարսիա Մարկեսի Մելկիադեսն ու «Սասնա ծռերի» Մելքսեթ քահանան

Կոլումբիացի աշխարհահռչակ վիպասան Գաբրիել  Գարսիա Մարկեսի հանրահայտ «Հարյուր տարվա մենություն» 
վեպում որպես գործող անձ հանդես է գալիս սկզբում որպես գնչուների առաջնորդ հիշատակվող, սակայն գնչուներից շատ տարբերովող Մելկիադեսը։ Նա ժամանակ առ ժամանակ հայտնվում է այս վեպի հերոսների աշխարհում, նրանց հրաշքներ ցույց տալիս, ներկայացնում գիտության ու տեխնիկայի նվաճումները.

Երբ նա առաջին անգամ հայտնվեց գյուղում, Խոսե Արկադիո Բուենդիայի տարեկիցն էր թվում: Սակայն եթե վերջինս պահպանել էր իր արտակարգ ուժը և կարող էր ականջներից բռնելով զգետնել ձիուն, ապա գնչուին կարծես հյուծում էր համառ մի ցավ։ Իրականում դա այն բազմաթիվ և հազվագյուտ հիվանդությունների հետևանքն էր, որոնք նա վաստակել էր աշխարհով մեկ թափառելիս: Ինչպես ինքն էր պատմել Խոսե Արկադիո Բուենդիային, երբ նրան օգնում էր աշխատանոցը կահավորելիս, մահն ամենուր կառչում էր նրա փողքերից, բայց չէր համարձակվում վերջին հարվածը տալ: Նա դուրս էր պրծել մարդկային ցեղին պատուհասած բյուր աղետներից ու արհավիրքներից: Պարսկաստանում փրկվել էր պելագրայից, Մալազիական կղզիներում՝ լնդախտից, Ալեքսանդրիայում՝ բորոտությունից, Ճապոնիայում՝ բերի-բերիից, Մադագասկարում՝ սև ժանտախտից, Սիցիլիայում՝ երկրաշարժից և Մագելանի նեղուցում՝ բազմաթիվ կյանքեր խլած նավաբեկությունից: Այդ արտասովոր էակը, որ հավաստիացնում էր, թե տիրապետում է Նոստրադամուսի գաղտնիքներին, մռայլ մարդ էր, թախծի շղարշով պարուրված, ասիական հայացքով, որն ասես իրերի հակառակ կողմն էլ էր տեսնում։ Մեծ ու սև, ագռավի բացված թևերի նման լայնեզր գլխարկ էր դնում և դարավոր բրոնզափառից կանաչած թավշե բաճկոնակ հագնում: Սակայն չնայած իր անսահման իմաստությանը և խորհրդավոր լուսապսակին՝ միս ու արյուն ուներ, հողեղեն բնույթ, որը նրան առօրյա կյանքի մանր-մունր խնդիրների ուռկանն ընկած էր պահում: Նա գանգատվում էր ծերունական տկարություններից, տանջվում ամենաչնչին ֆինանսական անհաջողությունների պատճառով և վաղուց արդեն չէր ծիծաղում, քանզի լնդախտն ատամ չէր թողել բերանում։

Գաբրիել Գարսիա Մարկես, Հարյուր տարվա մենություն(իսպ․ թարգմ․՝ Կառա Չոբանյանի), Երևան, 2018:

Հետաքրքիր է, որ շարունակության մեջ գլխավոր հերոսը նրա  մահվան մասին իմանում է մի «խոժոռադեմ հայից», որը վրան էր խփել այն տեղում, որտեղ միշտ կանգ էր առնում Մելկիադեսը։ Գուցե  Մարկեսի մոգական աշխարհում այդ խոժոռադեմ հայը Մելկիադեսի կերպարային փոխակերպումներից մեկն էր։ 

Թեև վեպի սկզբում ընթերցողն իմանում է, որ Մելկիադեսը մահացել է, սակայն նա ապրում է Մարկեսի վեպի հերոսների՝ Բուենդիաների տարբեր սերունդների հետ։ Իր հավերժականությամբ նաև անվամբ  Մելկիադեսը հիշեցնում է Հին կտակարանի  ամենից խորհրդավոր հատվածներից մեկը․

«Երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին եւ նրա հետ եղած թագաւորներին կոտորելուց, Շաւէի ձորում, այսինքն՝ Թագաւորների դաշտում նրան ընդառաջ գնաց սոդոմացիների արքան: Շաղէմի արքայ Մելքիսեդեկը հաց ու գինի 
հիւրասիրեց նրան, որովհետեւ ինքը բարձրեալ Աստծու  քահանան էր: Նա օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնեալ է 
Աբրամը բարձրեալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը: Օրհնեալ է բարձրեալն Աստուած, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»: Աբրամը նրան տասանորդ տուեց ամէն ինչից»։

Ծննդ․ 14. 17-20 

Աբրահամի ժամանակակից, նրան հաց ու գինի մատուցող, Մելքիսեդեկը Սաղեմի, այսինքն Երուսաղեմի արքան էր։ Այս խորհրդավոր անձը կապվում է Հիսուս Քրիստոսի հետ, համարվում նրա նախօրինակը Հին կտակարանում (Սաղմ. 109:4, Եբր. 7:1-3)։

Եթե Մելքիսեդեկին պատմական անձ, Երուսաղեմի թագավոր են համարում, ապա հացի ու գինու այս հյուրասիրությունը լոկ կերակրելու ու Աբրահամի նկատմամբ հարգանքի նշան է համարվում։ Սակայն Հիսուս Քրիստոսի հետ նույնացման հանգամանքով, հացի ու գինու մատուցումը ընկալվում է որպես անարյուն Պատարագ, որը ուղիղ կապ ունի Սուրբ 
Հաղորդության խորհրդի հետ։ Մելքիսեդեկը (թարգմանաբար՝ արդարության թագավորը) միավորում է աշխարհիկ և հոգևոր իշխանությունները՝ թագավորությունն ու քահանայությունը։ Նա համարվում է երկնային Աստծո քահանա, որը ոչ ծնողներ ունի, ոչ զավակներ, ոչ սկիզբ, ոչ վերջ, այսինքն հավերժական է։ 

Զարմանալիորն այս կերպարը հայտնվում է նաև հայկական ազգային «Սասնա ծռեր» էպոսում․ 

էպոսի մի շարք պատումներում (հատ․ Ա, պատ․ Բ, Ե, ԺԱ, ԺԳ)  հիշատակվում է Մելքիսեթ (Մելքսեթ, Մըլքսեթ, Մելքե-
սեթ) քահանան։ Նրան նույնիսկ առաջնային տեղ են հատկացնում էպոսը բացող ու ողորմիներիում հիշատակվող հերոսների շարքում։ Ինչպես, օրինակ, Մոկացի Խապոյենց Զատիկի պատումում է, ընդ որում, Մելքսեթը հիշատակվում է էպոսի մյուս հե-
րոսներից առաջ, ինչը խոսում է նրա հնության, Ծռերի տոհմում նրա հանդեպ եղած հարգանքի կամ պաշտամունքի մասին․ 

 

«Դառնամ զողորմին տամ Մելքսեթ քահանին. 
Դառնամ զողորմին տամ Սանասարին. 
Դառնամ զողորմին տամ Բաղդասարին. 
Դառնամ զողորմին տամ Մհերին. 
Դառնամ զողորմին տամ Թըռլան Դավթին. 
 (ՍԾ, հատ․ Ա, պատ․ Բ, էջ 59)։ 

 

Հիմնականում Մոկաց պատումների ողորմիներում հիշատակվող այս հերոսը, սակայն, քիչ դեպքերում է գործողություններում հանդես գալիս: Մոկացի Վարդան Մուխսի Բազիկյանի Ժ և ԺԱ պատումներում Մելքեսեթ քահանան Գագիկ թագավորի աղջկան տալիս է ջրի թաս կամ խաչակնքում է ջուրը, որը խմում է Հիլի վանք ուխտի  գնացած աղջիկը և հղիանում։ Հետո քահանան աղջկա հետ գնում է կռապաշտ թագավորի երկիր, ապա որդիների ծննդից հետո նրանց և աղջկա հետ վերադառնում Աղթամար։ Այս պատումներում Մելքիսեթ քահանան մշտապես նրանց կողքին է նաև Սասնո բերդը հիմնելու ժամանակ։ Այլ պատումներում թեև հոգևորականի անունը չի հիշատակվում, սակայն կան նույն գործառույթներով
հանդես եկող քահանաներ ու վարդապետներ, նույնիսկ եպիսկոպոս, որոնք ջուր են տալիս թագավորի աղջկան
ուղեկցում նրան Բաղդադ ճանապարհորդության ժամանակ, հոգ տանում աղջկա և նրա տղաների ազգային-կրոնական ինքնության պահպանման համար, թոնրի վրա մկրտում երկվորյակ հերոսներին, նրանց տարբեր օգտակար խորհուրդներ տալիս։  Մոկացի Հովանի Ե պատումում ողորմիում հիշատակվող Մըլքսեթ քահանան արդեն կոչվում է սուրբ։

Հետաքրքրական է, որ աստվածաշնչյան Մելիքսեդեկ քահանան հաց ու գինի է մատուցում Աբրահաման, ինչը հիշեցնում է մեր էպոսի հերոսների զորավոր աղոթքի առաջին տողը՝ Հացն ու Գինին։

Հաշվի առնելով վերոգրյալը, նաև հացի ու գինու համատեղ հիշատակությունը Հին կտակարանում, հնարավոր է ենթադրել, որ էպոսի առաջին ճյուղում գործող հոգևորականների նախատիպը հինկտակարանյան Մելքիսեդեկն է։ Այսինքն հնարավոր է, որ որոշ վիպասացներ Սասնա ծռերի դյուցազնական տոհմը սկզբնավորված են համարում այս խորհրդավոր կերպարից, որն էլ իր հերթին նեշնչել է Գաբրիել Գարսիա Մարկեսին ստեղծելու իր խորհրդավոր Մելկիադեսին։ 

 

Աղբյուրը՝ Հայկ Համբարձումյան,

Հացն ու գինին․ որսը խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում

և հայ միջնադարյան գրականության մեջ, Երևան, 2024:

Hayk Hambardzumyan

01.02.2026

Հայկն ասաց

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.