• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հրանտ Մաթևոսյանի Համո Սահյանը

Հրանտ Մաթևոսյանի Համո Սահյանը

Հրանտ Մաթևոսյանը Համո Սահյանին անդրադառնում է տարբեր առիթներով, սակայն առավել ծավալուն երկու նյութերում՝ «Համո Ոսկեբերան Սահյանը» խոսքում և Ջուլիետա Կաժոյանին տրված հարցազրույցում։ Երկուսն էլ եղել են նույն 1994 թվականին, թերևս բանաստեղծի 80-ամյակի առիթով։ Այս նյութերում Հրանտ Մաթևոսյանը Համո Սահյանին մոտենում է որպես մտերիմ մարդու, ավագ գրչընկերոջ, ուսուցչի, գրական առաջնորդի,  ազգային ու մշակութային բացառիկ  երևույթի։ Ըստ Մաթևոսյանի, Համո Սահյանը մի մեծ, ամբողջությամբ չբացահայտված ու գնահատված ֆենոմեն է, որի շուրջ ձևավորվում են թե՛ առանձին անհատների ու գրականության  ինքնագիտակցությունը, թե՛ ազգային  արժեհամակարգը։ Մաթևոսյանի երկու տարբեր  տեքստերի՝ հարցազրույցի ու խոսքի համադրությունը բացահայտում է Սահյանի՝ որպես «աշխարհ ստեղծողի», «լեզու տվողի» և «ազատություն  ձևակերպողի» կերպարը, բայց և շատ ավելին․  

 

Լեզվով օժտող ու համր չթողող, ոսկեբերան Սահյանը

Մաթևոսյանի գնահատման հիմնական առանցքը Սահյանի լեզվաստեղծ և աշխարհաստեղծ առաքելությունն է։ Նա Սահյանին դասում է այն եզակի մեծերի շարքում, որոնք «մեզ համր չեն թողել»․

«Յուրայիններիս առջև երախտագիտության զգացումը բնականանաբար շատ ավելի զորեղ բան է: Ուզում ես դու էլ, քո ազգն էլ, քո ժողովուրդն էլ աշխարհի զորեղների մեջ մի բան ասի: Սահյանի խոսքերով ասած՝ «Աշխարհի այս մեծ համերգի մեջ չհամրանալ»: Ահա, եթե այսօր ես և իմ գործընկերները, գրչեղբայրները համր չենք, ինչ-որ չափով Համո Սահյանի շնորհիվ է: Ինչպես և ինքը համր չեղավ իր ժամանակի մեջ, իր ժամանակի կյանքի առջև, իր նախնիների շնորհիվ, նրանք էլ՝ իրենց նախնիների շնորհիվ»։

Այս բնութագրմամբ  լեզուն  ոչ միայն հաղորդակցության միջոց է, կամ գրականության գործիք, այլ գոյության պայման։ Սահյանն այդ իմաստով դառնում է ազգային խոսքի շարունակողը և վերաստեղծողը։ Մաթևոսյանը հատկապես շեշտում է Սահյանի «աշխարհ ստեղծելու» կարողությունը՝ տարբերելով նրան պարզապես «գեղեցիկ բաներ գրողներից», ինչով ավելի հաճախ գնահատվում է Սահյանը․

«Ինքը թեմա արծարծեց. սա փոքր բան չէ: Կարելի է գեղեցիկ բաներ գրել, կարելի է նաև թյուրիմացաբար կամ փոքր շեղումներով մեծ հռչակվել, բայց դրանք չեն իրական մեծերը: Իրական մեծերը նրանք են, ովքեր իսկապես աշխարհ են ստեղծում: Աշխարհ ստեղծել. «աշխարհ ստեղծող» բառերի հետ չխաղանք…
Աշխարհ են ստեղծում նրանք, ովքեր փիլիսոփայական ստույգ հայեցակետ ունեն, և բոլոր կերպարները, տեխնիկան, անելու կերպը և արածը ծառայում են աշխարհ ստեղծելուն:
Համո Սահյանի բանաստեղծությունը շարվում է մի գծի վրա, որոնք իր աշխարհի սահմանասյուններն են: Հավերժորեն մնալու է բնությունը, բնության առաջ մեր պարտականությունը, մեր ցավը, և հավերժորեն մնալու է ինքը՝ մեր նահապետը:»։

Այս աշխարհը կառուցված է բնության, գյուղական կյանքի, մարդու և հողի փոխհարաբերության խորքային փիլիսոփայության վրա։ Սահյանը բնությունը ոչ թե նկարագրում է, այլ՝ դարձնում է մտածող սուբյեկտ՝

«Նրա ծնունդը, կամ իր բառով ասած զուգհաջորդը՝ բնությունից ելած, քարից ելած, քարի շարունակությունն են. դեպի պոեզիայի, դեպի լույսի, արևի, դեպի կատարելության ձգտող բնության խոսող մասը, իմաստային, ինքն իրեն իմաստավորող մասը: Ինքն է բացել այդ աշխարհը, այդ գեղեցիկ աշխարհը: Ինքն է բացել և մնալու է եզակիորեն անկրկնելի:»։

Մշակութային կամուրջ Սահյանը

Սահյանը եղել է Հրանտ Մաթևոսյանին դեպի  գրականության աշխարհ  առաջնորդողներից մեկը։ 

«Մի խոսքով՝ գրականություն էի գալու:
Այդ տանը, այդ հովտում, այդ երկրում մի մարդ կար, որ ինձ հրավիրում էր գրականություն: Դա առաջին հերթին Համո Սահյանն էր:
Կրկնեմ, որ Պարույրը դեռևս չկար, Մահարին աքսորից չէր եկել: Չարենցը, Բակունցը չկային, չէին վերադառնալու, նրանց սքանչելի հատորները, որ հիմա գրասեղանիս են, դեռ չկային:»։

Սա ոչ միայն անձնական երախտագիտության արտահայտություն է, այլև գրական սերնդի խոստովանություն․ մի ժամանակաշրջանում, երբ Ակսել Բակունցը և Եղիշե Չարենցը արգելված էին, Սահյանն էր կենդանի խոսքի կրողը․

«Սպիտակ մամուլ էինք ստանում… եթե մի բան էր սովորեցնում, առաջին հերթին Համո Սահյանի բանաստեղծությունն էր»։

Այսինքն՝ Սահյանը դառնում է  մշակութային կամուրջ՝ արգելված մեծերից դեպի նոր սերունդ։

 

Պոեզիայի նորոգող Սահյանը

Հրանտ Մաթևոսյանը Համո Սահյանին համարում է ոչ միայն ուղղակի մեր գրականության նշանակալի հանգրվան, այլև՝ վերափոխող ուժ․

«…դարձավ իսկական պոեզիայի նորոգիչ և մեր պոեզիայի փառք»։

Նրա կարևորագույն ներդրումները թեմատիկ նորարարության ասպարեզում են է․ Սահյանն արծարծում է էկոլոգիական, ազգային և գոյաբանական խնդիրներ․

«Խելոք մարդ էր, ճշգրիտ մարդ էր, գյուղի ցավը չէր մոռացել: Ասեմ, որ այսօր ամբողջ աշխարհում և մեզանում հույժ կարևոր թեմաներ, կնճռոտ պրոբլեմներ առաջինն արծարծողը ինքն է եղել: Որ էկոլոգիական հարցերի առաջ այսօր մենք պապանձված չենք՝ որ կորչող բնության, կորչող ազգի, ազգային բնավորության, մեծ մասամբ իր շնորհիվ է»։

Սահյանը, ըստ Մաթևոսյանի, ոչ միայն գրել է, այլև ձևակերպել է խնդիրներ՝ «թեմա արծարծել», ինչը գրականության նորոգության համար վճռորոշ է։

 

Ազատ Սահյանը

Սահյանի ազդեցությունը դուրս է զուտ գրական դաշտից և անցնում է ազգային, հասարակական մակարդակներ։ Մաթևոսյանը նրան տեսնում է որպես «ազատության լեզվի» կրողի, սակայն առանց ճակատային քաղաքական պայքարի.

«Ազատ բառը շատ գործածվեց. հիշենք, որ Ազատը Աստծու հետ և Խոսքի հոմանիշն է. Բանը և Աստված հոմանիշ են, Ազատը երկուսի հոմանիշն է։ Ուրեմն՝ Գրականություն-Ազատություն։ Ազատություն անբանության անասնական կապանքից»։

Սահյանի կերպարը չի սահմանափակվում պայքարող կամ ընդդիմացող բանաստեղծի կարծրատիպերով։ Մաթևոսյանը հարց է տալիս․

«Բռնության դեմ ազատության պայքարի՞ Սահյան։ - Ոչ»։

Ըստ արձակագրի, նրա ուժը այլ տեղում է՝ գոյության հաստատման, լեզվի պահպանման, մարդու արժանապատվության ձևակերպման ազատության մեջ։

Միևնույն ժամանակ, Սահյանը դառնում է ժամանակի բարոյական չափանիշ՝

«Սահյանը եղել է, Սահյան է եղել»։

Այս շեշտադրումը մատնանշում է Սահյանի՝ որպես ինքնաբավ, անշրջանցելի և ազատ ներկայություն հայ իրականության մեջ։

 

Հայրենաստեղծ Սահյանը

Մաթևոսյանի ամենահետաքրքիր գաղափարական խտացումներից մեկը Համո Սահյանի դերի վերարժևորումն է՝  հայրենասեր բանաստեղծից՝  հայրենաստեղծ․ 

«Իր արածը ավելի մեծ է, քան հայրենասիրությունը։ Իր արածը հայրենաստեղծություն է»։

Այսինքն՝ Սահյանը ոչ թե պարզապես գովերգում է հայրենիքը, այլ ստեղծում է այն որպես գեղարվեստական և հոգևոր իրականություն։ Ինչպես ըստ արձակագրի արել է  Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմում։

 

Հակասական Սահյանը

 

Մաթևոսյանը չի իդեալականացնում Սահյանին։ Նա նշում է նրա վաղ շրջանի թերությունները՝ «արևելյան երանգ», «նահանջ», ստեղծագործական տատանումներ։ Սակայն հենց այդ ընթացքն է նրան դարձնում մեծ․

«50 տարեկանում բանաստեղծ չեն դառնում, եզակիների հետ է դա պատահում: 50 տարեկանում բանաստեղծ դարձավ: Առաջին անհաջողություններից հետո խոշորացավ, մեծացավ, դարձավ իսկական պոեզիայի նորոգիչ և մեր պոեզիայի փառք»։

Սահյանի կերպարը կառուցվում է հակասությունների միասնությամբ՝

«Նա գյուղացի էր, բնապաշտ, պահպանողական, արևելքցի, աշուղ - նա քմայքոտ մտավորական էր, արևմուտքցի, հույժ արդիական։ Բայց ո՛չ հույժ արդիական էր, ո՛չ արևմուտքցի, ո՛չ մտավորական, ո՛չ աշուղ, ո՛չ արևելքցի, ո՛չ էլ գյուղացի։ Բնությունից գիր - գրից բնություն, ալտրուիզմից ազգայնականություն և ազգայնականությունից այլասիրություն, այսօրից անցյալ և անցյալից այսօր, բանաստեղծից գյուղացի և գյուղացուց բանաստեղծ երթուդարձն էր Սահյանը, հարատև, անվերջ երթուդարձը»։

Այս շարժունությունն է, որ ըստ Հրանտ Մաթևոսյանի կենսունակ է պահում Համո Սահյանի բանաստեղծությունը և այդպիսին կպահի դեռ երկար։

Ըստ այդմ էլ՝ Հրանտ Մաթևոսյանի ընկալմամբ Համո Սահյանը միաժամանակ՝ լեզու տվող է, աշխարհ ստեղծող, սերունդ ձևավորող, գրականություն նորոգող, ազգային ինքնագիտակցություն կերտող։ Նրա դերը չի սահմանափակվում միայն գեղարվեստական արժեքով․ այն գոյաբանական է։ Այդ պատճառով Մաթևոսյանի համար Համո Սահյանը մնում է ոչ միայն անցյալի մեծություն, այլև ներկայի անհրաժեշտություն․

«Իր զորության… կարիքը ես շատ եմ զգում - «այսօր և վաղը և վաղվա վաղը»։

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Աղբյուրներ՝ Հրանտ Մաթևոսյանի խոսքը Համո Սահյանի մասին, Գրական թերթ 

Համո Ոսկեբերան Սահյանը, www.hrantmatevossian.org

©Հրանտ Մաթևոսյան -բնագրի համար

Hayk Hambardzumyan

14.04.2026

Հայկն ասաց

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.